ՆԱՏՕ–ի գագաթաժողովը Բրյուսելում

Խելագար Էրդողանը, կամ ՆԱՏՕ–ի անդամները դուրս կգա՞ն միմյանց դեմ

222
(Թարմացված է 22:47 03.04.2018)
Մերձավոր Արևելքում իրադարձությունների անկանխատեսելի զարգացումը բազում, նախկինում անսպասելի գործընթացների կատալիզատոր է դառնում։ Դրանցից մեկը ՆԱՏՕ-ի ներսում խնդիրների ու հակասությունների զարգացումն է։

Թեև թվում է` ՆԱՏՕ-ն անզուսպ կերպով ընդլայնվող ռազմական դաշինք է, բայց չի բացառվում, որ ընդլայնումը կարող է փոխարինվել սեղմվելով։ Խոսքն, իհարկե, հյուսիսատլանտյան դաշինքի փլուզման կամ դրա ինքնաոչնչացման մասին չէ, սակայն ձևաչափի ու մասնակիցների կազմի փոփոխությունն իրատեսական է։ Առաջին հերթին դա կապված է Միացյալ Նահանգների վարած քաղաքականության և հատկապես վերջին տարիներին Թուրքիայի պահվածքի հետ։

ԱՄՆ-ը դեպի Իրան հերթական խաչակրաց արշավանքին է պատրաստվում, սակայն մեծ հավանականություն կա, որ այդ արշավանքում նա միայնակ կլինի։ Շատ մասնագետներ համամիտ են, որ ԱՄՆ-ի` Իրանի հետ հերթական «միջուկային գործարքից» հետ կանգնելը նրա համար նույնիսկ ձեռնտու կլինի, քանի որ Թեհրանը գաղափարախոսական հաղթաթղթեր կստանա։ Եվրոպական մայրաքաղաքների մեծ մասն անցել են այն փուլը, երբ նրանց դժգոհությունը լուռ էր ու ավելի շատ տրտունջի էր նման, և արդեն բացահայտորեն ասում են այն մասին, որ համաձայն չեն հակաիրանական պատժամիջոցների հետ։

Հնարավոր է, միայն Լոնդոնը ինչպես միշտ սկսի հնազանդորեն ձայնակցել Վաշինգտոնին` հին երգի նոր մշակված կատարման ժամանակ, մնացածը եթե ակտիվորեն դեմ չարտահայտվեն, ապա դժվար թե աջակցեն այսպիսի նախաձեռնություններին։ Սակայն հնարավոր է, այս ամենը անդրադառնա դաշինքի ներքին հարաբերությունների վրա։ Ոչ մի ճակատագրական բան տեղի չի ունենա, բայց վատ նստվածքը կմնա։

Այդ նստվածքը խորանում է նաև Թուրքիայի անկանխատեսելի պահվածքի պատճառով, որը ՆԱՏՕ-ի փոքրասիական ֆորպոստն է։ Այդ երկրի ցուցադրական մտերմացումը Ռուսաստանի հետ, ռուսական զենքի ձեռք բերումը ոչ մի կերպ չի կարող ազդել կազմակերպության ներսում սերտ կապերի վրա։ ԱՄՆ-ն ոչ միայն լուռ հետևում է Թուրքիայի ղեկավարության քաոսային շարժմանը, այլև կամաց-կամաց գործնական միջոցառումներ է ձեռնարկում` մեկ ինքանթիռներն է հանում ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ավիաբազայից, մեկ էլ, ինչպես հայտնում է Hurriyet-ը, այնտեղի սպառազինության պահոցն «այլ երկիր» է տեղափոխում։

Հինգշաբթի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հրաման տվեց երկրի զորքերը տեղաբաշխել սիրիական Մանբիջում այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Թուրքիան Աֆրինում ամենևին էլ ահաբեկչության դեմ չէր պայքարում, այլ պարզապես օկուպացնում էր այն։ Ամեն ինչ այնքան լուրջ է, որ Անկարայում Ֆրանսիայի դեսպանին հրաման է տրվել Էրդողանին հասցնել Ելիսեյան պալատի որոշումը։ Այլ հարց է, ինչի են ընդունակ ֆրանսիական զորքերը և ինչ հրաման կստանան, սակայն ՆԱՏՕ-ի երեք անդամենրի առճակատման տեսական հնարավորությունը ավելի հավանական է դարձել։

Էրդողանի խելահեղ պահվածքը ՆԱՏՕ-ի ևս մեկ գործընկերոջ` Հունաստանի նկատմամբ արդեն վաղուց է անցել բոլոր սահմանները։ Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը արդեն ուղղակիորեն հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «խելագարևվել է»։ «Դուք չեք կարող պատասխանել խելագարին», — հայտարարել է նա` մեկնաբանելով Թուրքիայում կալանավորված երկու հունական նավերի հետ կապված պատմությունն ու Էգեյան ծովի ջրային տարածքում այդ երկրի սադրիչ պահվածքը։

Ու եթե ֆրանսիացիները չհամարձակվեն Թուրքիայի հետ առճակատման գնալ, ապա հույները` կորցնելով համբերությունը, կարող են նաև հարվածել Էրդողանին։ Նույնիսկ չեմ ուզում մտածել` ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։

Էրդողանը, որը կարծես շանտաժից բացի քաղաքական խաղի այլ միջոցներ չգիտի, չի շտապի դուրս գալ ՆԱՏՕ-ից. ի՞նչ անհրաժեշտություն կա սպանել հավին, որը, թեկուզ և ոսկեջրած, բայց ձու է ածում։ Եվ արդեն հարց է առաջանում, թե ի՞նչն է լավ հենց ՆԱՏՕ-ի համար` կորցնել Թուրքիան, կամ թույլ տալ նրան անորոշ ժամանակով մնացածին շանտաժի ենթարկել` այդպիսով ապակայունացնելով ներքին իրավիճակը։

Իսկ այդ ապակայունացումը կարող է շատ վտանգավոր լինել և արդեն ոչ միայն դաշինքի համար։ Շատ վատ կլինի, եթե հանկարծ թուրքական զորքերը մարտի դուրս գան ֆրանսիական զորքերի դեմ։ Մակրոնն ասես անսպասելի հիշել է 250 տարվա վաղեմություն ունեցող ֆրանսիական զենքի հզորության մասին։ Էրդողանը կարող է ստուգել` որքանով է այն այսօր հզոր, սակայն դժվար թե ստուգման արդյունքը ուրախացնի ֆրանսիական կողմին։

Իսկ եթե, ալլահը չանի, պատահական կամ ոչ այդքան պատահական թուրքական ու ամերիկյան զորամասերը բախվեն, ապա վտանգի աստիճանը մի քանի անգամ կաճի։ Եվ դա արդեն լրիվ այլ պատմություն կլինի, որից հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական առումով ինքնաբավ անդամները կարող են որոշակի եզրակացություններ անել։

222
Ըստ թեմայի
«Էրդողանը մարդասպան է». Ֆրանսիայում հայերն ու քրդերը միավորվել են Թուրքիայի նախագահի դեմ
Ճյուղ Էրդողանի համար. փակուղուց դուրս գալու ելքը Ռուսաստանն է, այն էլ` Հայաստանով
Թրամփի սերը հույների հանդեպ կամ ընդդեմ թուրքերի,և ինչու է կարմրել Թուրքիայի հյուպատոսարանը
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

356
(Թարմացված է 11:48 05.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

356
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Հանրահավաքի մասնակից

Ատելի և սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է բերում, մյուսին՝ անհանգստություն

72
(Թարմացված է 21:26 04.03.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ փոխվել է բոլորիս արտաքինը։ Այո, մեր արտաքինի անքակտելի մասն է դարձել դիմակը, որն օգնում է քողարկել մեր արտաքինը։ Ճիշտ է, մեր հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ակամա հարց է ծագում՝ իսկ ինչու եմ ես դիմակ դնում։
Այդ ատելի ու սիրելի դիմակը, որը մեկին հոգեկան հանգստություն է պարգևում, մյուսին՝ անհանգստություն

Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։

Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։

Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։

Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։

Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։

Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

72
թեգերը:
հանրահավաք, մատուցող, դիմակ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

26
(Թարմացված է 12:53 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

26
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի