Ուղիղ երկու տարի է անցել 2016թ-ի ապրիլին ադրբեջանական ագրեսիայի փորձից հետո։ Երբ ադրբեջանական կողմը ցանկացավ դադարեցնել կրակը, թվում էր` պաշտոնական Բաքվի հռետորությունը գոնե մի քիչ կհանդարտվի։ Բայց արի ու տես, որ ապշերոնյան օստապները կրկին սկսել են անհեթեթություններ դուրս տալ, և որքան շատ են դուրս տալիս, իրավիճակն այնքան անհուսալի է թվում։
Սակայն երբ խորամուխ ենք լինում, թե ինչպիսի հայտարարություններ են անում Հայաստանից արևելք ընկած պետական կազմավորման պաշտոնյաները, ինչպես են դրանք անում և երբ, ակնհայտ է դառնում, որ այդ ամենն ասվում է ներքին սպառման համար։ Փորձեմ հիմնավորել այս ենթադրությունը։
Մինչև հիմա` արդեն երկու տարի անց, հարևան վայ-ռազմատենչները 2016թ-ի ապրիլին իրենց ագրեսիան անվանում են «պատասխան գործողություններ», «հակահարված»։ Ինչից ելնելով, չէ՞ որ այդ պաշտոնյաները հերթ են կանգնում, որպեսզի բարձրանան աթոռակի վրա և կարդան հանձնարարված բանաստեղծությունը…. ներեցեք, խոսքն այն մասին է, թե ինչպես փառապանծ ադրբեջանական բանակը մի վայրկյանում կազատագրի «բռնազավթված տարածքները», իսկ Հայաստանը կհավասարեցնի հողին։ Դե թող այդպես էլ անվանեին ապրիլյան իրադարձությունները, օրինակ` «ազատագրական արշավ», ո՞վ է նրանց խանգարում։
Բայց ոչ։ Հենց «պատասխան գործողություններ»։ Ինչու՞։ Ահա թե ինչու։
Երկու պատճառ կա։ Առաջինը` ադրբեջանական հարձակման լիակատար ձախողումը, որի միակ ձեռքբերումը դարձավ Լելե թեփե բարձունքը, որը, անկասկած, տերերը հետ կվերադարձնեին, եթե ագրեսորները խաղաղություն չխնդրեին ։ Իսկ ակնհայտ, նույնիսկ անսպասելի ձախողումը «հարձակում» անվանելը, համաձայնեք, հավասարազոր է կապիտուլյացիա ստորագրելու։
Բայց կա նաև ուրիշ պատճառ, որը, թերևս, ավելի կարևոր է, քան առաջինը։ Ապրիլյան պատերազմի արդյունքներն Ադրբեջանի հասարակությանը ներկայացվում են որպես «հաղթանակ», իսկ եթե հաղթանակ են տարել, ուրեմն պետք է շարունակեն թափահարել բռունցքները։ Բայց արտաքին լսարանի համար, հատկապես նրանց համար, ովքեր իրավասու են այս հարցերում, մանրամասն գիտեն ամեն ինչի մասին և օբյեկտիվ տեղեկություն ունեն, ապրիլյան ռազմական գործողությունը բնութագրվում է որպես «պատասխան միջոց» կամ հակահարված։
Այստեղ ամեն ինչ պարզ է. Ադրբեջանում հիանալի հասկանում են, որ արտաքին խաղացողները (հնարավոր է` բացառությամբ Թուրքիայի) կարծում են, որ այդ երկրին պետք չէ «վերականգնել տարածքային ամբողջականությունը», քանի որ ոք ոչ ոտնձգություն չի կատարում դրա հանդեպ։ Արցախը հայտարարել է իր անկախության մասին բոլոր օրենքների և կանոնների համաձայն, որոնք գործել են այդ որոշումն իրագործելու պահին, իսկ Ադրբեջանի տարածքի նկատմամբ ոչ ոք ոտնձգություն չի կատարել։
Պաշտոնական Բաքուն հասկանում է, որ ոչ մի իրավունք չունի Արցախի դեմ ագրեսիայի միջազգային համատեքստում, ավելին, Արցախն այդ առումով լիովին իրավունք ունի պաշտպանվելու։ Նման միջազգային դիրքորոշումն առավել վառ արտահայտվել է այն ժամանակ, երբ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին։
Լրագրողը հարցրել է նախարարին, թե ինչպես կվարվի Ռուսաստանը, եթե Ադրբեջանն անցկացնի, ինչպես նա է արտահայտվել, «հակաահաբեկչական գործողություն»։ Լավրովը պատասխանել է, որ դա Ադրբեջանի ներքին գործը չէ, իսկ քանի որ պատասխանը հնչել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի շուրթերից, ապա կարելի է չկասկածել, որ նման դիրքորոշման են հարում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ մտնող մյուս երկրները` ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
Ահա այդ պատճառով էլ տեսանելի ապագայում պաշտոնական ապշերոնցիները 2016թ-ի իրենց ագրեսիան կանվանեն հայկական առասպելական սադրանքների «պատասխան»։ Հայկական կողմը կարիք չունի սադրանքներ կազմակերպելու, Հայաստանին դա պարզապես պետք չէ։ Գուցե ոչ տեսանելի ապագայում իրերը կոչեն իրենց անուններով, և հենց այդ ժամանակ էլ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը գուցե ավարտվի։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։
ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։
Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։
Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։
Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:
«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։
Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։
Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։
Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։
Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։
«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:
Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։
Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել
«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։
Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։
Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։
Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։
Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։
Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։
Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։



