Նախքան բացատրելը, թե «ինչո՞ւ», պատասխանենք «ո՞վ» հարցին։ Անուշավան Աղաֆոնի Արզումանյանը համաշխարհային էկոնոմիկայի ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջին տնօրենն էր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, խորհրդային ղեկավարության առաջին դեմքերի երկար տարիների խորհրդատուն և 1972-1976 թվականներին Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Գրիգորի Աղաֆոնի Արզումանյանի ավագ եղբայրը։
Նախքան գիտությամբ զբաղվելը, ավագ Արզումանյանը կուսակցական աշխատանքով էր տարված, այդ բնագավառում լուրջ հաջողությունների էր հասել։ Ստալինյան բռնապետության տարիներին այդ փաստն առավել հետաքրքիր էր ՆԳԺԿ–ին. իսկ ինչպե՞ս բավարարել հետաքրքրությունը, եթե ոչ մարդուն բանտ նետելով։
Ստորև կներկայացնենք ակադեմիկոսի զարմիկ Գագիկ Արզումանյանի հավաքած և հրապարակած փաստաթղթերի հիման վրա ստացված տեղեկությունը։
Անուշավան Արզումանյանին ձերբակալել են 1937 թվականին Թբիլիսիում, այնուհետև Հայաստանի ՆԳԺԿ–ի պահանջով նրան Երևան էին ուղարկել։ Ձերբակալության հիմքը մատնությունն էր։ Մատնության հիմքով կազմած տեղեկանքից. «Հետաքննությունը պարզել է, որ Արզումանյան Անուշավանը Հայաստանի հակախորհրդային նացիոնալիստական աջտրոցկիստական կազմակերպության անդամ է և ակտիվ հակախորհրդային աշխատանք է տանում։
Հաշվի առնելով այն, որ Արզումանյանը չի ճանաչել իր մեղքը, իսկ գործով Արզումանյանի հակահեղափոխական գործունեությունը դատարանում հաստատող այլ վկաներ չկան, «№ 12 981 քննչական գործը ենթակա է ուղարկելու ԽՍՀՄ միության ՆԳԺԿ Հատուկ խորհրդակցության լսմանը»։
ՆԳԺԿ–ի Հատուկ խորհրդակցությունը` «մարմինների» կողմից հորինված և Ստալինի կողմից հաստատված արտադատարանային ատյան է, որը ճամբարներ ուղարկելու, իսկ ավելի ուշ նաև մահապատժի ենթարկելու իրավունք ուներ։ Եթե ընդունենք, որ այն ժամանակ դատական ատյանները ևս, ըստ էության, պատժող մարմինների տարատեսակ էին, ապա Հատուկ խորհրդակցությունում հայտնվածներին 100-ից 99–ին հատուկ ռեժիմի ճամբարներ կամ գնդակահարություն էր սպասվում, ինչը գրեթե նույն բանն էր։ Անուշավան Արզումանյանը հայտնվեց այդ աներևակայելի մեկ տոկոսի մեջ. նրան ազատ արձակեցին։
Բայց ոչ միանգամից։ Հետաքննությունը մոտ 2 տարի ընթանում էր։ Ամբողջ ընթացքում ձերբակալվածը պնդում էր`ես մեղավոր չեմ։ Նրան ասում էին` մասնակցել ես, անդամ էիր, վնասում էիր։ Իսկ նա կրկին իրենն էր պնդում։ Նրան նույնը` հակախորհրդային, հակահեղափոխական, ազգի թշնամի։
Պատկերացրեք. 33 տարեկան երիտասարդն ընկնում է բոլորին և ամեն ինչ աղացող Ստալինյան բռնապետության ռեժիմի մսաաղացի մեջ։ Ինչ կամքի ուժ պետք է ունենա մարդը, որ հասկանալով, որ «կապացուցեն» և կգնդակահարեն, չկոտրվի
1938 թվականի դեկտեմբեր։ Ձերբակալվածին հայտարարում են հետաքննության ավարտի մասին, մեղադրանք առաջադրում։ № 12 981 գործի վրա Արզումանյանի ձեռքով գրված է. «Հետաքննության գործի նյութերին ծանոթացել եմ և անձամբ կարդացել։ Լրացումներ չունեմ, բացի Կ.–ի նամակի վերաբերյալ իմ բացատրությունից (խնդրում եմ կցել գործին)։ Մեղադրանքի հետ համաձայն չեմ։ Ա.Արզումանյան»։
Թող «համաձայն չէ»։ Համաձայն չլինողներին պատին են դեմ տալիս, ճիշտ նույն կերպ, ինչպես և համաձայն լինողներին։ Եվ ի՞նչ։
Ինչպես նշում է Արզումանյանի զարմիկը, նրա հորեղբայրը «հայտնվել էր Եժովի գնդակահարության և ԽՍՀՄ ՆԳԺԿ նոր «արդար» ղեկավար Բերիայի գալուստի նեղ լուսանցքում»։ Եվ այդ ամենն այն ժամանակվա հետաքննական մարմիններում չարաշահումների ստալինյան «արձագանքի» և քաղաքական հոդվածներով մեղադրվողների գործերն ուսումնասիրելու անհրաժեշտության ֆոնին։ Սակայն ամենակարևորն Արզումանյանն անձամբ է արել. եթե նա մի փոքր թուլություն ցուցաբերեր, հետաքննությունն իր շանսը բաց չէր թողնի»։
Ժամանակին գաղտնի փաստաթղթից. «Քննչական մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում գործի նյութերին, մեղադրանքները չեն արձանագրվել։
Վերընշվածի հիման վրա կարծում են, որ Արզումանյանի մեղքը գործի նյութերով ապացուցված չէ, այդ իսկ պատճառով գործը ենթակա է վերադարձի` լրացուցիչ հետաքննության համար»։
Եվ այստեղ ամենահետաքրքիրն է սկսվում։ Գիշերը Արզումանյանին դուրս են բերում բանտախցից։ Մտածելով, թե գնդակահարության են տանում` նա հրաժեշտ է տալիս ընկերներին և նրանց թողնում իր փոխնորդ շորերը։ Պետը, որի մոտ բերում են նրան, հայտարարում է. «Կարող եք գնալ, դուք ազատ եք»։ Եվ այստեղ Անուշավան Արզումանյաննա ասում է. «Ես կմնամ բանտում այնքան ժամանակ, մինչև ինձ չվերադարձնեն ձերբակալության ժամանակ խլած կուսակցական տոմսը։ Բանտապետը, կարելի է ասել, մի իրավիճակում էր հայտնվել, որը սովորաբար հիմար են անվանում։ Ի՞նչ անել։ Զանգահարում են, ում պետք է և ուր պետք է։ Ով պետք է կարգադրություն է անում` վերադարձրե՛ք, և Արզումանյանը բանտից դուրս է գալիս։
Հարց, որից խուսափել չի լինի. արժե՞ր արդյոք չդավաճանել մի կուսակցության, որն իր միլիոնավոր որդիներին բանտախուց էր նետել։ Պատասխանը կարելի է գտնել արձակ և բանաստեղծական տեսքով։
Գրող-ճամբարավոր Անատոլի Ռիբակով. «Այդ մարդիկ կուսակցությանն իրենց նվիրվածությունն ավելի վեր էին դասում սեփական մարդկային արժանապատվությունից և դրա համար դաժան պատասխան տվեցին։ Նրանք հավատում էին հզոր գաղափարին և շարունակում էին հավատալ, երբ գաղափարն արդեն սպառել էր իրեն։ Դա նրանց մոլորությունն էր։ Մոլորությունը, սակայն ոչ հանցագործությունը»։
Բանաստեղծ Նիկոլայ Կլյուև. գնդակահարվել է 1937 թվականին. «Դուք մեզ այգիներ էիք խոստանում ժպտացող ու հեռավոր երկրում։ Այդ ձայնին եկանք. ժանտախտ, խեղանդամություն, սպանություն, սով և անառակություն»։
Հ.Գ.
Հայաստանի կառավարության նախկին ղեկավար Արզումանյան կրտսերի և այս հոդվածի հեղինակի չհրապարակված հարցազրույցից։
– Գրիգորի Աղաֆոնովիչ, ձեր եղբայրը, ԽՄԿԿ ԿԿ անդամ է, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, երկրի բարձրաստիճան ղեկավարությանը մոտ կանգնած անձ։ Անձամբ ձեզ օգնո՞ւմ է դա։
– Իհարկե։ Եղբայրությունը միշտ և բոլորին է օգնել։ Ականավոր Օրբելիներին, Ալիխանյաններին, Գալոյան եղբայրներին, Կարեն և Կամո Դեմիրճյաններին, վերջապես։ Այստեղ չկա եղբոր ծառայողական դիրքի չարաշահում։ Իսկ միմյանց հաջողություններով և վաստակներով հպարտանալը` կա, այդ հարցում մեզ մոտ ամեն ինչ լավ է…
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։
ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։
Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։
Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։
Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:
«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։
Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։
Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։
Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։
Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։
«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:
Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։
Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել
«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։
Երեկ գնացել էինք Երևանի ամենամեծ ու ամենահայտնի մոլերից մեկը։ Դռան մոտ կանգնած աշխատողը շատ սիրալիր ասում է՝ խնդրում եմ, բարձրացրեք ձեր դիմակը։ Իրոք, ինչ մեղքս թաքցնեմ, իջեցրել էի շատ պարզ պատճառով. հենց որ բարձրացնում եմ դիմակս, ակնոցս ինձ հասկացնում է՝ այլևս ոչինչ չես տեսնելու։ Սուտ է ասում, երբ պնդում է, թե ոչինչ չեմ տեսնելու, մի կերպ այնուամենայնիվ նայում եմ ու, ով զարմանաք, նկատում, որ ոչ միայն հաճախորդների կեսն է առանց դիմակի, այլև դիմակ չունեն նաև վաճառողներից ոմանք։ Կներեք էլի, եթե դուք նույնիսկ ձեր աշխատողներին չեք կարողանում ստիպել դիմակ կրել, ինձ ինչու եք տանջում։
Լավ, անցանք։ Բայց դիմակ դնողների տաժանակիր կյանքի մասին պատմելուց առաջ ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք շատ էլ ուրախ են, որ դիմակ են դնում։ Ինտրովերտներն են, այսինքն` նրանք, ովքեր խուսափում են շփումներից, լավ չեն զգում, երբ ինչ-որ մեկը չափում է իրենց ոտքից գլուխ։ Վերջապես այն մարդիկ, որոնց դիմակը շատ որոշակի ազատություն է պարգևում։ Օրինակ` մատուցողները, որոնք առաջ ստիպված էին ժպտալ հաճախորդի երեսին նույնիսկ այն ժամանակ, երբ նա թեյավճար էլ չէր թողնում, իսկ հիմա հանգիստ կարող են ոչ միայն չժպտալ, այլև դեմքը ծռմռել. միևնույնն է` ոչ ոք չի տեսնի։
Ի դեպ, դիմակն այսօրվա հանրահավաքային Երևանում կարելի է օգտագործել նաև քաղաքական նպատակով՝ գնալ հակառակ ճամբարի միտինգին և հեգնական ժպտալ հերթական բանախոսի ճոռոմ ու բովանդակազուրկ ելույթի ժամանակ. էլի ոչ ոք չի նկատի։
Բայց դառնանք պատմությանը, որովհետև դիմակ դնելու ավանդույթը շատ հեռվից է գալիս։ Դիմակից եք բողոքում, այնինչ շատերը այն հագուստի մի մասի կամ զարդի են վերածում, իրենց անունն են վրան գրում։ Բա պատկերացրեք, որ մարդիկ այս նուրբ, թեթև ու բավական էժան դիմակների փոխարեն հակագազ հագնեին։ Իզուր էլ ծիծաղում եք՝ դրա պես մի բան եղել է։ Եթե հիշում եք, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառվեցին մահաբեր նյութերը՝ քլորը և մանանեխի գազը։ Այդ փորձը հաշվի առնելով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց հակագազեր բաժանել ոչ միայն զինվորականներին, այլև խաղաղ բնակչությանը։ Եվ Երկրորդ աշխարհամարտից մի քանի տարի առաջ 35 միլիոն անգլիացի արդեն հակագազ ուներ։ Ճիշտ է, իշխանություններն անխտիր բոլորից չէին պահանջում կրել այդ հակագազները, բայց, օրինակ, ոստիկանները և այն հերթապահները, որոնք շրջում էին փողոցներում, անպայման պիտի հակագազով լինեին։ Պատկերացնո՞ւմ եք՝ գիշերով տուն վերադառնալիս հանդիպեիք։
Եվ քանզի Առաջին համաշխարհային պատերազմի մասին խոսեցինք, չենք կարող չհիշել այսպես կոչված «իսպանկան», որի զոհերի թիվը չես համեմատի կորոնավիրուսից մահացածների թվի հետ՝ մոտ 50 միլիոն մարդ ողջ աշխարհում։
Հիվանդության տարածմանը խիստ նպաստեց այն հանգամանքը, որ զինվորները պատերազմից վերադառնում էին ընդհանուր վագոններով և բեռնատարներով ու տարածում վարակը նախ կայարաններում, իսկ այնտեղից էլ գրիպը անարգել գրավում էր քաղաքների բնակելի թաղամասերը։
Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ
Ու քանի որ սկզբում խոսեցինք այն մարդկանց մասին, որոնց համար դիմակը անհարկի ուշադրությունից խուսափելու միջոց է և որոնք երնեկ են տալիս, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հնարավորինս երկար պահպանի դիմակը դնելու համընդհանուր պարտադրանքը, վերջում ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, որոնք ժամանակին դեմքը դիմակով էին ծածկում ճիշտ հակառակ նպատակով՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ինչպե՞ս։ Ասենք թե ես միջակ ընդունակությունների տեր մի մարդ եմ, որը հանրության ուշադրությունն է տենչում։ Օդակայանից դուրս գալիս անպայման դիմակ եմ դնում, որ բոլոր դիմավորողները սկսեն գուշակել՝ առնվազն փոխվարչապետն է, որը չի ուզում, որ իրեն ճանաչեն։ Այսինքն` հասնում եմ նպատակիս՝ գրավում եմ բոլորի ուշադրությունը։ Ախ, այդ կորոնավիրուսը ստիպեց բոլորին դիմակ դնել, և ուզում ես` փոխվարչապետ եղիր, ուզում ես` նույնիսկ վարչապետ, միևնույնն է` հիմա արդեն վրադ ուշադրություն դարձնող չկա։
Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։



