«Մաքսիմ Գորկի»

Կհասնի՞ արդյոք զբոսանավը Բաքու, որի վրա հանգստացել է Միկոյանը

268
(Թարմացված է 11:13 21.01.2018)
Տիեզերքի խորքերից ստացվող անհասկանալի ռադիոազդանշանների շարքը տակնուվրա է անում գիտական հանրությանը։ Դիտարկվում են տարբեր վարկածներ՝ նեյտրոնային աստղերի պայթյունից մինչև այլմոլորակայինների գործունեության հետևանք։

Երկրի վրա․ անցած տարվա ամռանն Ադրբեջանի դատարանը ռուս բլոգերին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման ծանր հանցագործությունների համար։ Բլոգերին պատժել էին, որ նա առանց Բաքվի իմացության այցելել էր Արցախ։ Ավելի ուշ նրան ազատ էին արձակել։

Երկնքում․ մեր օրերում Բաքվի օդանավակայանում հարկադրված վայրէջք էր կատարել չինական ավիաուղիների ինքնաթիռը, որը Պեկինից մեկնում էր Թբիլիսի։ Ինքնաթիռում հինգ հայ է եղել` Հայաստանի երեք քաղաքացի և երկու հայրենակից ԱՄՆ-ից։ Նրանց նկատմամբ արտառոց ոչ մի բան եղել, բացի հարևանների զուսպ հետաքրքրությունից։

Ծովում․ Ադրբեջանը պատրաստվում է գնել «Մաքսիմ Գորկի» ջերմանավը, որը հայտնի է որպես «Ստալինի զբոսանավ»։ Հավաստի ապացույցներ չկան, որ ժողովուրդների հայրը լողացել է դրա վրա, բայց հայտնի է, որ զբոսանավի վրա հանգստացել է Ստալինի համախոհ Անաստաս Իվանովիչ Միկոյանը։ Այնուամենայնիվ, օրակարգում դրված չէ նավը՝ որպես Ադրբեջանի սեփականություն գնելու հարցը։

Ի վերջո, այդ նավի վրա, որը կառուցվել է Ներքին գործերի կոմիսարիատի նախագծով, ժամանակ են անցկացրել Մոլոտովը, Կագանովիչը և նույնիսկ Բերիան, այնպես որ շատ թե քիչ լոյալ մոտեցման դեպքում զբոսանավում հայկական հետք կարելի է չտեսել։

Երկու խոսք հենց զբոսանավի մասին։ Պրոլետարիատի մեծ գրող Մաքսիմ Գորկիի անունով կոչված նավը կառուցվել է 1934թ-ին Նիժեգորոդի «Կարմիր Սորմովո» նավաշինարանում, ունի շուրջ 70 մետր երկարություն, 30 մետր լայնություն և այդ ժամանակների համար ռեկորդային արագություն է զարգացրել՝ 30կմ/ժ։

Ինչու՞ այն այլևս պետք չէ մոսկովյան նավագնացությանը։ Շահագործման արժեքը չափազանց բարձր է։ Մոսկվայի գետային շոգենավագնացությունը հույս ունի 20 մլն ռուբլի ստանալ այժմ որպես ռեստորան օգտագործվող նավի համար։ Ադրբեջանի ինչի՞ն է պետք այդ նավը, չգիտենք և չենք խառնվի հարևանի ներքին գործերին։ Խոսակցությունն այլ բանի մասին է։ Դիմակայությունը մի քիչ մեղմացնող, հազիվ որսալի ազդանշանների մասին, որոնք կոտրում են հակասությունների շերտը։ Երկրի վրա, երկնքում և ծովում։

Իսկ հիմա որոշակի մարզաշխարհի մասին։ Եվրոպական բասկետբոլում Հայաստանին և Ադրբեջանին չեն բաժանել․ նրանք նույն ենթախմբում հանդես են գալու Ավստրիայի, Սան Մարինոյի, Ալբանիայի և Մոլդովայի հետ։ Այս կապակցությամբ բողոքներ չեն եղել ոչ մի կողմից։ Սա սպորտ է։

Զբոսանավը, որի վրա հանգստացել է Միկոյանը, գնել-չգնելու հարցը կոմերցիա է, իսկ զանգեզուրյան հնաբնակների վարկածից հրաժարվելը` ծիծաղելի։ Նրանք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանի ներկա նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, ծնվել է ոչ թե Նախիջևանում, այլ Հայաստանի Սիսիանի շրջանի գյուղերից մեկում։

268
Իլհամ Ալիևն ու Զաքիր Հասանովը. արխիվային լուսանկար

Ինչո՞ւ հենց հիմա սրեցին իրավիճակը. հակառակորդին թերագնահատել, միֆերին հավատալ չի կարելի

11
(Թարմացված է 22:01 15.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Իրոք անհասկանալի է, թե ինչու հանկարծ Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց սրել իրավիճակը սահմանին։ Ամենատարածված վարկածը՝ շեղել ադրբեջանցիների ուշադրությունը տնտեսական դժվարություններից։ Էստեղ ճշմարտության հատիկ կա։

 

Ադրբեջանում փող կա, ուղղակի շարքային քաղաքացուն չի հասնում

Տեսեք։ Այնքան էլ մեծ ուշադրությամբ չենք հետևում Ադրբեջանում տիրող իրադրությանը։ Իսկ դա վտանգավոր է։ Հակառակորդի վերաբերյալ պատրանքներ տածելը միշտ վտանգավոր է։ Շատ լավ գիտեք մեզ մոտ շրջանառվող միֆը՝ արդբեջանական նավթը սպառվում է։ Ու տվյալներ ենք բերում՝ նավթի արդյունահանումը Ադրբեջանում տարեցտարի կրճատվում է՝ տասը տարի առաջ տարեկան ավելի քան 50 միլիոն տոննա էին վաճառում, հիմա ընդամենը 40 միլիոն։

 

Այս թվերը միանգամայն համապատասխանում են իրականությանը, սակայն բացարձակ որևէ կապ չունեն նավթի պաշարների կրճատման հետ։ Ավելին՝ 3 տարի առաջ արևմտյան առաջատար նավթային ընկերությունները նոր պայմանագիր կնքեցին Ադրբեջանի հետ, որը պատմական են անվանում։

​Սա կրտսեր Ալիևի պատմականն էր։ Հոր պատմականը 94 թվականին էր։ Հենց որ պատերազմն ավարտվեց, 8 երկրների 13 ընկերություններ Ադրբեջանի հետ կնքեցին, այսպես կոչված, Դարի գործարքը, որից մեր հարևան երկիրը մինչև հիմա ստացել է ֆանտաստիկ եկամուտ՝ 125 միլիարդ դոլար։

Նավթը թույլ տվեց Ադրբեջանին զարգանալ չտեսնված ու չլսված տեմպերով։ Հիշո՞ւմ եք` մենք մի ժամանակ՝ Երկրորդ նախագահի օրոք, հպարտանում էինք մեր երկնիշ աճով։ Ու գերադասում էինք լռել, որ Ադրբեջանում այդ նույն ժամանակ աճը մերինից մոտ երկու անգամ ավելի էր։

Շվեդիայի պատմության աղմկահարույց քրգործը. վարչապետին սպանողը մասնակցել է հետաքննությանը

Իրենք ասում էին՝ չկա ողջ աշխարհում մեկ այլ երկիր, որն այսքան արագ զարգանա, ու միանգամայն ճիշտ էին ասում։ Կառուցեցին հոյակապ ճանապարհներ, կամուրջներ, երկնաքերներ, հսկայական քանակությամբ զենք գնեցին։ Երկրորդ Դուբայի տպավորություն ստեղծելու համար նաև սկսեցին միջազգային միջոցառումներ հյուրընկալել՝ Եվրոպական առաջին օլիմպիական խաղեր, Ֆորմուլա 1, Եվրատեսիլ…

Բայց փողը վերևում մնաց, ներքև չիջավ։

​Վերջերս մի այսպիսի գնահատական տեսա արևմտյան լրատվամիջոցներից մեկում։ Բաքու այցելած հեղինակը փաստում է.

«Ադրբեջանը մի փոքր անսովոր է։ Իրականում Ադրբեջանը հին չէ, բայց նոր էլ չէ։ Իսլամական չէ, բայց աշխարհիկ էլ չէ։ Եվրոպական չէ, բայց ոչ էլ ասիական է։ Մի առանձնապես գեղեցիկ չէ, բայց տգեղ էլ չէ։ Առաջինը, ինչը շատ շուտ այստեղ հասկանում ես՝ Ադրբեջանը շատ փող ունի։ Բայց այդ փողը չի հասել մինչև սոցիալական շերտերի ստորին մակարդակը»։

​Այ հենց այս հակասական պատկերն է թույլ տալիս կա՛մ վարդագույն լույսով ներկայացնել ադրբեջանական իրականությունը, կա՛մ մռայլ գույներով նկարագրել այն՝ ըստ ցանկության։

Ասենք՝ ուզում եմ ապացուցել, որ իրավիճակը Հայաստանում ավելի բարվոք է, քան Ադրբեջանում։ Օբյեկտիվ հիմքեր կան, ու փաստերն աղավաղելու կարիքը չունեմ։ Ի՞նչն է բնորոշում մարդու կենսամակարդակը։ Միշտ ասել եմ՝ եկամուտներին նայեք, մնացածը երկրորդական է։ Իսկ միջին աշխատավարձն այսօր Հայաստանում ավելի բարձր է, քան Ադրբեջանում։ Շատերը պաշտոնական տվյալներին չեն հավատում, բայց ուրիշ հավաստի աղբյուր չկա, իսկ մեր պաշտոնական տվյալներով` հայաստանցու միջին աշխատավարձը տատանվում է 400 դոլարի շրջակայքում, որոշ դեպքերում` այդ 400 դոլարը գերազանցում է։ Ադրբեջանում ավելի ցածր է, 400-ին չի հասնում։

​Այսքանը այսօրվա մասին, որը մեզ համար ինչ-որ չափով շահեկան է։ Հիմա վաղվա մասին։​ Կարող եք ասել՝ բայց աշխարհում հիմա բոլորովին նոր տեխնոլոգիաներ են զարգանում, որոշ երկրներ արդեն հայտարարել են՝ մինչև այսինչ թվականն այլևս բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաներ չենք ունենալու և այլն։

Ավելին ասեմ՝ դժվար է կանխատեսել ոչ միայն այն, թե ինչ է կատարվելու առաջիկա տարիներին աշխարհում, այլև առաջին հերթին հենց Ադրբեջանն է անկանխատեսելի։ էնպիսի բաներ են կատարվում, որ ուղղակի զարմանում ես։

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

Ընդամենը մի օրինակ։ Ադրբեջանի Գրողների միության շենքում մի սրճարան կար՝ կոչվում էր ուղղակի «26»։ Մի քանի տարի առաջ անձամբ քաղաքապետը եկավ ու փակեց, պատճառաբանելով, թե սրճարանը «26» է կոչվել Բաքվի 26 կոմիսարների պատվին, իսկ կոմիսարների ղեկավարը հայազգի Ստեփան Շահումյանն էր։

Ու գիտե՞ք, թե ինչ է ասել սրճարանը փակելիս։ Հայտարարել է՝ «Ստեփան Շահումյանի նման դաշնակցականները ավերեցին մեր երկիրը»։

Պատկերացնո՞ւմ եք՝ Ստեփան Շահումյանը՝ դաշնակցական։ Բայց բոլոր դեպքերում՝ հակառակորդին թերագնահատել չի կարելի, առավել ևս` անվերապահորեն հավատալ տարածված միֆերին՝ որքան էլ դրանք գայթակղիչ թվան։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

11
թեգերը:
Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են
Դուք միգուցե պարտություն կկրեք, բայց կհաղթանակեն ձեր դավանած սկզբունքները
Մելիս Բաբայանն իր էկզոտիկ այգում

Ամենաֆանտաստիկ երազում չէի տեսնի, որ նախագահը հյուր կգա, կամ հարավամերիկյան այգի Տավուշում

1766
(Թարմացված է 09:01 15.07.2020)
Սահմանամերձ Այգեձոր գյուղում 79-ամյա Մելիս պապիկն իր ձեռքերով դրախտային, էկզոտիկ այգի է ստեղծել, որը տեսնելու համար Երևանից Շամշադին է հասել նույնիսկ երկրի նախագահ Արմեն Սարգսյանը։

Մի քանի մետրանոց փարթամ արմավենիներ, երկու հարյուրից ավելի դափնու ծառեր, հսկայական ագավաներ, մուշմուլայի, ավոկադոյի ծառեր, կիվիի թարմաներ, բանանենիներ ու այլ՝ մեզ համար անսովոր ծառեր։ Կզարմանաք, բայց սա շամշադինցի Մելիս Բաբայանի այգին է։

Президент Армен Саркисян и губернатор Тавуша Айк Чобанян посетили жителя села Айгедзор Тавушской области Мелса Бабаяна в его саду
© Photo : provided by Mels Babayan
ՀՀ նախագահը հյուր է գնացել Մելիս Բաբայանին

Եթե որոշեք ձեր ընկերներից մեկին անսովոր անակնկալ մատուցել, կարող եք նրա աչքերը փակել ու Մելիս պապի այգի տանել։ Նա զարմանքից քար կկտրի՝ ինչպես կարելի էր Երևանից երեք ու կես ժամում մեքենայով Աֆրիկա կամ Հարավային Ամերիկա հասնել։ Շամշադինի Այգեձոր գյուղը երկրի վրայի դրախտի հասցեն է։

«Բիձեքն» էլ կարող են մի քիչ խենթ լինել

Մելիս պապու դրախտային այգու սկիզբը դափնու ծառերը դրեցին։ «Սովորական թոշակառու եմ, այգեպան եմ ու մեղու եմ պահում»,- ինքն իր մասին համեստորեն ասում է պապիկն ու ավելացնում, որ իր մեծ երազանքն էր այգում այնպիսի ծառեր աճեցնել, որ ամբողջ տարին կանաչ լինի։ Հիմա իր դրախտային  այգում 2 հարյուրից ավելի դափնիներ են աճում։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

«Մի փոքր խենթություն է. բիձեքն էլ կարող են խենթ լինել»,- կատակում է Մելիս պապն ու շարունակում պատմել, թե ինչպես շամշադինյան մի կտոր հողը հարավամերիկյան տեսք ձեռքբերեց։

Բարձրակարգ «հյուրանոց» մեղուների համար, կամ գորիսեցի պապիկի հնարամտությունը

Քանի որ ամեն տարի Մելիս պապիկը ծովափնյա հանգստի էր մեկնում, վերադարձին իր հետ տարբեր էկզոտիկ բույսերի տնկիներ էր բերում։ Կիվին Այգեձորում «իրեն գտավ», ասում է՝ անցյալ տարի 40-45 կգ բերք է տվել՝ և՛ իրենց ընտանիքի պահանջարկն է բավարարել, և՛ վաճառել են։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

Ըստ Մելիս պապի՝ հայկական կիվին շուկայում շատ ավելի «հարգված է», քան՝ ներմուծվողը։ Ամենից շատ զարմացավ, երբ տնկված բանանենիները ծաղկեցին ու պտուղ տվեցին։ Բանանները փոքր են, բայց համով շուկայում վաճառվողին չեն զիջում։ Մի խուրձ բանան էլ անցյալ տարի քաղեց ու իր տուն հյուր եկած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին նվիրեց։

Երբ հյուրդ երկրի նախագահն է

«Մի օր զանգ ստացա, ներկայացան, թե նախագահի գրասենյակից են։ Ասացին՝ վաղը նախագահը մեր տուն է գալու, այգիս տեսնի»,- իր պատմությունը սկսում է Մելիս պապն ու ավելացնում, որ այդ ժամանակ շինարարություն էին անում, տարածքը մի քիչ թափթփված էր։Դե նախագահն ամեն օր քո տուն չի գալիս։ Մի ամբողջ գիշեր Մելիս պապն ու տիկինը՝ Մելանյան, չքնեցին, որ հավաքեն, կարգի գցեն ամեն ինչ։ Ու իսկապես՝ հաջորդ օրը նախագահն անձամբ եկավ։ Ոչ թե գյուղ էր եկել այցի և այդ ընթացքում Մելիս պապի տուն եկավ, այլ՝ հենց Մելիս պապի տուն։

Президент Армен Саркисян и губернатор Тавуша Айк Чобанян посетили жителя села Айгедзор Тавушской области Мелса Бабаяна в его саду
© Photo : provided by Mels Babayan
ՀՀ նախագահն ու Տավուշի մարզպետը հյուր են գնացել Մելիս Բաբայանին

«Ես էլ էի զարմացած։ Չեմ էլ հասկանում, թե որտեղից էր իմացել իմ ու իմ այգու մասին։ Իրեն էլ ասացի՝ իմ ամենաֆանտաստիկ երազում չէի պատկերացնի։ Հետո էլ թղթակիցներ եկան, նախագահի այցի մասին հարցրին, ես էլ ասացի՝ մի բիձա երկու ստից ծառ է դրել, այդքան բան»։

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

Մելիս պապն ասում է՝ նախագահը մոտ երկու ժամ իրենց տանը մնաց, դրանից գրեթե մեկ ժամը սեղանի շուրջն անցկացրին։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

«Իրար գովում էինք»,- կարճ ու կոնկրետ իրենց զրույցը բնութագրում է Մելիս պապն ու չի մոռանում ավելացնել, թե ինչքան լավ տպավորություն է նախագահն իր վրա թողել։

Էլի կրակում են

«Մի տեսակ բթացել ենք, կրակոցի ձայնը ոնց որ սովորական լինի։ Լսում ենք, եթե ուրիշ զենքից են կրակում կամ էլ շատ են կրակում»,- վերջին օրերի կրակոցների մասին է պատմում Մելիս պապը։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

Ձեր տունն ու այգին սահմանից հեռո՞ւ են հարցիս ի պատասխան Մելիս պապը ծիծաղում է՝ Շամշադինի սահմանամերձ գյուղերում սահմանից հեռու կամ էլ ապահով դիրքում տուն չկա։ Նույնիսկ երբեմնի շրջկենտրոն Բերդն էլի ապահով չէ։ Հիշում է 93-94թթ.-երը։ Այդ տարիներին իրենք Բերդի բնակելի շենքերից մեկում էին ապրում։ Գրադը երկու անգամ հենց իրենց շենքին է հարվածել։

«Հետքերը հիմա էլ կան, դիմացի գարաժները լրիվ մաղ են։ Որ խփում էին, ամբողջ շենքը ծխով էր լցվում, խեղդվում էինք, բաղնիքներում թաքնվում էինք, հետո երեսներս պնդացրած դուրս էինք գալիս»,- հիշում է պապը։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

Երբ նոր տուն տեղափոխվեցին, առաջին գործերից մեկը դարձավ «բունկերի» կառուցումը։ Հաստ պատերով բետոնե կառույց է,  տանիքին էլ այնքան հող է լցրել, որ վարդակակաչներ է աճեցնում։ Երկաթե նեղ դուռ է դրել, որ եթե գրադը հենց առջևում էլ պայթի, ներսում գտնվողները չվնասվեն։ Հպարտությամբ ասում է՝ միայն ավիահարվածը կարող է ազդել։ Առայժմ որպես պահեստ են օգտագործում և Աստծուն աղոթում, որ անհրաժեշտ չլինի «բունկերն» այլ նպատակով օգտագործել, քան տանձ ու խնձոր պահելն է։

Աշխարհի կենտրոնն Այգեձորն է

Երևանում էլ տուն ունեն։ Ուսանող թոռնիկներն են այնտեղ մնում, ինքն էլ գնում, գալիս է։ Հարևանները սպասում են Մելիս պապի գալուն, որ շախմատային պարտիան շարունակեն, այսքան տարի անց էլ՝ առիթը բաց չեն թողնում ողջ մնացած կուրսընկերներով հանդիպելու համար։ Գործերը վերջացնում է թե չէ, հետ գնալու ժամանակն է։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

«Ասում են՝ երեխայի բնավորություն եմ ձեռքբերել։ Դե հիմա, ես էլ էդպիսին եմ։ Կրակում են, չեն կրակում, կապ չունի՝ տունս Այգեձորում է, ոնց բոլորը, էնպես էլ՝ մենք»,- ասում է պապն ու խնդրում խոսքերը ճիշտ հասկանալ, բարձրագոչ չհամարել։ Ասում է՝ այն, ինչ ինքն է զգում, արտերկրում ապրող հայերին է բնորոշ, որ կարոտում են իրենց տունն ու տեղը։ Իսկ ինքը գյուղում լինելով՝ շրջապատից չի հագենում։

«Մեկ-մեկ ասում են՝ հեռու եք, ասում եմ՝ դուք եք հեռու, մենք հեռու չենք։ Էս էլ իմ աշխարհի կենտրոնն է»։

Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш
© Photo : provided by Mels Babayan
Մելիս Բաբայանի էկզոտիկ այգին

Զրույցի վերջում առաջարկում է վաղն առավոտյան 9:15 տեղի քահանա Տեր Աբելի Facebook-ի ուղիղ եթերին միանալ։ Ասում է՝ ամեն առավոտ աղոթում են աշխարհի ու Հայաստանի խաղաղության համար։ Իրենց՝ երկինք ուղարկվող աղոթքի ձայնն ավելի բարձր է, քան սահմանի մյուս կողմից հնչող կրակոցները։

1766
թեգերը:
Սահման, կրակոց, Շամշադին, Արմեն Սարգսյան, պապիկ, Այգի, Տավուշ
Ըստ թեմայի
Մեկուսացման օրերին քարից ծնվեց ժողովրդի պահապան հրեշտակը. գյուղի տված բնական կրթությունը
Ապագան Հայաստանի հետ կապող ֆրանսահայ գործիչը. ով է Ալֆորվիլի նոր փոխքաղաքապետ Մարդիրյանը
Ինչպես ջայլամները մտան հայերի խոհանոց, սկսեցին «խնամել» մաշկը. մի գործարարի պատմություն
Արման Թաթոյան

Ադրբեջանը կիրառել է մարդուն խոշտանգող ու անվերականգնելի վնաս հասցնող հրետանային արկեր. ՄԻՊ

0
ՄԻՊ-ը հայտարարեց, որ մասնագետների հետ ուսումնասիրելու են նաև այդ զինատեսակների՝ միջազգայնորեն արգելված լինել-չլինելու հարցը:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Մովսես գյուղի հարևանությամբ Ադրբեջանի կողմից հուլիսի 12-ին իրականացրած հրետակոծությունների մասին առաջին ահազանգը ՀՀ ՄԻՊ գրասենյակը ստացել է կրակոցների մեկնարկից րոպեներ անց: Այս մասին Տավուշի մարզում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ես, իհարկե, անմիջապես հրատապ հարցմամբ դիմեցի ՀՀ պաշտպանության նախարարին, մենք ունեցանք քննարկում, նախարարը հաստատեց և մենք սկսեցինք մեր միջազգային գործընկերներին զեկույցներ ներկայացնելու ուղղությամբ աշխատանքներ տանել»,- ասաց Թաթոյանը:

Ավելի ուշ պաշտպանն ու նրա աշխատակազմը մեկնեցին Տավուշ ու դիտարկումները արեցին հրետակոծության ենթարկված Բերդ քաղաքում:

«Այստեղ հրետակոծության էր ենթարկվել «Տավուշ տեքստիլը», ինչպես նաև Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղը: Պետք է ասեմ, որ սա հատկապես մտահոգիչ ու խիստ դատապարտելի է, որովհետև «Տավուշ տեքստիլն» արտադրում է բժշկական դիմակներ: COVID-19-ի պայմաններում հարցն ակնհայտ մարդասիրական դաշտում է ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանը նշեց` քանի որ բնակչության հետ շփումներից պարզ է դարձել, որ հակառակորդը կիրառել է ԱԹՍ-ներ, դա մեզ հիմք է տալիս պնդելու, որ ադրբեջանական կողմը նախապես տեղյակ է եղել, որ այդտեղ ոչ ռազմական օբյեկտ է, և այն էլ՝ առողջապահական դիմակներ արտադրող: Իսկ քանի որ հրետակոծությունը տեղի է ունեցել ցերեկային ժամին, դա իր հերթին հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը թիրախային հարվածներ հասցնելու մասին է։ 

«Մեր դիտարկումներով` ակնհայտ էր վտանգը՝ անմիջական վնաս պատճառելու քաղաքացիական բնակչության կյանքին ու առողջությանը»,- ասաց Թաթոյանը:

Ինչ վերաբերում է գյուղերի ուղղությամբ արձակված արկերին, Թաթոյանը շեշտեց, որ կիրառվել են այնպիսի հրետանային արկեր, որոնք ներսից պայթում են, բեկորների վերածվում ու կարող են կյանքի ու առողջության համար ակնհայտ վտանգ ներկայացնել:

«Դրանք ունեն նաև մարդուն խոշտանգման ու անվերականգնելի վնաս հասցնելու հատկություններ»,- ասաց պաշտպանը:

Նման արկերից մեկը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում բնակելի տունը վերածել է փլատակների:

ՄԻՊ-ը հայտարարեց, որ մասնագետների հետ ուսումնասիրելու են նաև այդ զինատեսակների՝ միջազգայնորեն արգելված լինել-չլինելու հարցը:

Իսկ Չինարիում բնաելի տան բակում ընկած չպայթած արկը, Թաթոյանի խոսքով, հնարավորությւն կտա ավելի մանրամասն ուսումնասիրելու կիրառված արկերի ողջ տեսականին:

Մեկ այլ տուն արկի պայթյունի հետևանքով ամբողջությամբ հրդեհվել է:

Թաթոյանը շեշտեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, հայկական տարածքում բնակավայրերին մոտ ռազմական կրակակետեր երբևէ չեն տեղադրվում, ուստի Ադրբեջանը խաղաղ բնակչության նկատմամբ իր ոտնձգությունները չի կարող ներկայացնել իբրև պատահականության հետևանք:

Թաթոյանը հիշեցրեց, որ հայկական կողմն արդեն Ադրբեջանի գյուղերի անմիջական հարևանությամբ տեղակայված նման կրակակետերի կադրեր է հրապարեկել ու հիշեցրեց, որ նույն գործելակերպին ականատես է եղել նաև 2016թ.-ին Արցախի շփման գծի հարևանությաբմ գտնվող ադրբեջանական գյուղերում:

«Դրանով փորձ է արվում Հայաստանի հնարավոր պատասխանի դեպքում ցույց տալ, թե քաղաքացիական բնակչությանը վնաս է հասցվում»,- ասաց Թաթոյանը՝ նշելով, որ հարցն այս դիտակետից ևս ներկայացնելու է միջազգային կառույցներում:

Պաշտպանը նշեց, որ մի քանի միջանկյալ զեկույցներ միջազգային կառույցներին արդեն ուղարկվել են: Նախատեսվում է առաջիկայում ավելի մանրամասն փաստերով նոր համապարփակ զեկույցներ ներկայացնել:

0