Բողոքի ակցիա

«Ճակատագրական ձվերն» ու գնաճը. կկայանա արդյո՞ք բողոքի ակցիան

108
(Թարմացված է 22:05 12.01.2018)
Ռուբեն Գյուլմիսարյան
2017թ–ի աշնանը և Ամանորի տոներից առաջ, ինչպես ցանկացած այլ տարվա ընթացքում, Հայաստանում գնաճը հասել է գագաթնակետին։ Եվ եթե մենք` առատ ուտելիքով Նոր տարին նշելու անհասկանալի պարտավորությամբ, վարժվել ենք նախատոնական գնաճին, ապա դրան նախորդ գնային տատանումներն ուղղակի զայրացրել են շատերին։

Հիմա խոսքը գնաճի պատճառների մասին չէ. այդ հարցը թող տնտեսագետները լուծեն։ Թեև սովորական քաղաքացու կարծիքով, որը մի քիչ գլուխ է հանում տնտեսական գործընթացներից և հետևում երկրում տեղի ունեցող իրադարձություններին, գնաճն ավելի շատ պայմանավորված է սուբյեկտիվ և ավելի քիչ օբյեկտիվ գործոններով։

Պարզ ասած` նրանք, ումից կախված է դա, մի հիանալի առավոտ արթնացել են և որոշել, որ ապրանքները, որոնք առաքում են տեղի շուկա, էժան են, դա լավ չէ և պետք է բարձրացնել գները։ Իսկ, քանի որ ընդարձակ հայկական հոգու համար 1-3 տոկոսը հավելում չէ, գնաճը սկսել է հաշվվել տասնյակ տոկոսներով։

Որոշակի օղակներ պնդել են, որ այդ ամենը կապված է ԵԱՏՄ–ի և Մաքսային Միության Հայաստանի անդամակցության հետ. իբր վերանայել են հարկերը, ակցիզները և սակագները, այդ պատճառով էլ ամեն ինչ թանկանում է։ Իսկ ահա, եթե մենք մտնեինք ԵՄ, եթե չեն էլ ասել, ապա ենթադրել են, ապա ամեն ինչ իսկույն կվաճառվեր ծիծաղելի ցածր գներով։

Բայց բանն այն է, որ ակնհայտորեն սպեկուլյատիվ գնաճը սկսվել է նախքան նոր տնտեսական մեխանիզմների գործնականում կիրառվելը։ Դրանք հիմա էլ ամբողջությամբ գործարկված չեն, բայց մենք կրկին ներխուժում ենք մասնագետների իրավասության դաշտ։ Ուստի ամեն ինչին նայենք այլ անկյունից։

Ժողովուրդը փնթփնթում էր, բայց հսկայական հերթի մեջ կանգնում սուպերմարկետում, հատկապես մսամթերքի և երշիկեղենի բաժիններում։ Տորթերն ու կարկանդակները պատվիրում էին կես ամիս առաջ, մեծ քանակությամբ ոգելից խմիչքներ գնում. մի խոսքով` սովորականի նման, և նույնիսկ փնթփնթոցը դուրս չի եկել միջին դեցիբելների շրջանակից։

Բայց գներն այս անգամ շատ են աճել, այն աստիճան, որ նույնիսկ իշխանությունները, որոնք օլիմպիական հանգստությամբ են վերաբերվում նման երևույթներին, մտահոգության նշաններ են ցույց տվել, և երկրի նախագահն անձամբ խորհրդակցություն է գումարել այդ առիթով։

Չգիտեմ, թե ինչպիսի իրական հետևանքներ կունենա այդ միջոցառումը, բայց Սարգսյանի այս մտքի հետ չի կարելի չհամաձայնել. «Նրանք, ովքեր պատասխանատու են գնաճի համար Հայաստանում, այո՛, պետք է մշտապես կանխատեսում անեն և հավաստիացնեն բոլորին, որ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները կատարվելու են, որ, այո՛, մի ապրանքատեսակ թանկացել է, մի ծառայություն էժանացել է: Երբ որ մենք դա չենք անում, այս բացը լրացնում են ուրիշները: Եվ շատ-շատերը, որոշ դեպքերում մասնագիտական ունակությունների, մյուսները տեղեկատվության պակասի պատճառով, երրորդները այլ հանգամանքներով պայմանավորված, փորձում են ինչ-որ կերպ իրավիճակը լարել: Նորից եմ կրկնում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ այստեղ նստածներս, իրավունք ունենք ամբողջական պատճառների մասին ստույգ տեղեկատվություն ունենալու»։

Իսկ հիմա պարզենք, թե ինչպես են վերաբերվել գների տագնապալի թռիչքին նրանք, ովքեր անհայտ պատճառներով իրենց «ընդդիմություն» են անվանում։ Ոչ մի կերպ չեն վերաբերվել կամ գրեթե ոչ մի կերպ։ Ամեն դեպքում, մամուլում երկու-երեք հոգու շարքային վրդովմունքից հետո ոչինչ չի հիշվում։ Միաժամանակ, ոչ մի խորհուրդ չի տրվել ճգնաժամից դուրս գալու համար, նույնիսկ ոչ մի մոտավոր ծրագիր, որն օգտակար է խնդրի լուծման համար։

Թեև ոչ. մեղավոր եմ։ Ահա «Ելք» դաշինքը երթ է կազմակերպում թանկացման դեմ` մեգաֆոններով զբոսանքը քաղաքում, հավանաբար, նման երևույթների դեմ պայքարի գործուն մեթոդ է։

Երթը, ստացվում է, մեթոդ է, իսկ ահա խորհրդարանական ամբիոնը, որից կարող է օգտվել «Ելքը», մեթոդ չէ։ Կազմակերպիչներին, երևում է, ոգեշնչել են Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունները, որոնք, ինչպես գրել են որոշ ԶԼՄ–ներ, առաջացել են «ձվերի թանկացման» պատճառով։ Հնարավոր է` իրանական ձվերը որոշ առումով «ճակատագրական» են, եթե, իհարկե, մոռանանք ԱՄՆ–ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի գործոնի մասին։ Իսկ այդ գործոնը կարող է պատճառաբանվել ձվերով և Պարսից ծոցի ափին արմավի վատ բերքով։

Հունվարի12–ին լրագրողների հետ հանդիպմանը Ինովացիոն ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասել է. «Անհրաժեշտ է ճիշտ օգտագործել ունեցած հնարավորությունները, և տնտեսական խնդիրների լուծման ծրագրեր առաջադրել Ազգային Ժողովում, այլ ոչ թե մայրաքաղաքի փողոցներում»։

Եվ հավելել. «Թանկացման դեմ պայքարում նման ոճը հիշեցնում է Դոն Կիխոտի պայքարը հողմաղացների դեմ։ Իրականում, դա ընդամենը քաղաքական դիվիդենդներ հավաքելու փորձ է, այլ ոչ թե խնդիրն արմատապես լուծելու»։ Մարգարյանի հետ նույնպես կարելի է համաձայնել։

Երթը կօգնի լիցքաթափվել, բայց չի լուծի խնդիրը։ Եվ այդ երթը, ինչպես նաև փողոցները վերանվանելու արդեն մոռացված արշավն ընդամենը առերևույթ են արվում, որպեսզի մի քիչ բարձրանան մարդկանց աչքում, որոնք իսկապես իրենց վրդովմունքն արտահայտելու տեղ չունեն, բացի շրջապատից, որտեղ նրանց ոչ ոք չի լսում։

Մեզ մոտ Իրանի սցենարը չի կրկնվի, գոնե` հիմա։ Կազմակերպվող երթերը ոչինչ չեն փոխի. իրական գործերը չեն արվում այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն ավարտվել է և զգալի ժամանակ է անցել։ Հենց այնպես, հանկարծ մի բան չլինի։

Արդեն ուշ է և անիմաստ։ Եթե ուղղակի ուզում եք զբոսնել, դա չի արգելվում։

108