Ֆուտբոլի հավաքալան, 1971 թվական

Չվաճառվող հավատարմություն. ինչպես «ամենահայ ուկրաինացին» երկրորդ կյանք տվեց «Արարատ-73»-ին

367
(Թարմացված է 13:25 05.12.2017)
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը պատմում է լեգենդար «Արարատ-73»–ի կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոյի մասին։

Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը պատմում է լեգենդար «Արարատ-73»-ի կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոյի մասին։

Սերգեյ Բոնդարենկոյին «ամենահայ ուկրաինացի» էին անվանում։ Ալեքսանդր Կովալենկոյի պես նա էլ լիովին ձուլվել էր հայկական մշակույթին ու կենցաղին և այսօր էլ ռուսերեն է խոսում հայկական ընդգծված շեշտադրությամբ։

Ինչ լեգենդ ասես, որ չէին պատմում նրա մասին։ Հզոր հարված ուներ։ Ասում էին, որ մի անգամ նույնիսկ ցանցն է պատռել, մի ուրիշ անգամ էլ նրա հարվածից մարզաձողն է ընկել… Չի բացառվում։

Բացի այդ, ասում են, որ նա լալիս էր, երբ ստիպված էր լինում որևէ խաղ բաց թողնել. կարևոր չէ` պատճառը մարզիչի մարտավարական նկատառումներն էին, թե տարրական վնասվածքը։

Ֆուտբոլային դպրոցում սկսեց պարապել մարզիչ Չալիկյանի մոտ և շատ շուտով հայտնվեց «Արաքս» գործարանի թիմում, որը հանդես էր գալիս Հայաստանի առաջնությունում։ «Արարատի» այն ժամանակվա մարզիչ Արտյոմ Ֆալյանը տղային շատ շուտ նկատեց, և 1966 թվականին 18-ամյա Սերգեյը հայտնվեց իր կյանքում միակ թիմում, որի կազմում հանդես եկավ խորհրդային ֆուտբոլի բարձրագույն լիգայում։ Ի դեպ, ընդամենը երկու տարի անց նա սպորտի վարպետ դարձավ։

Իսկ այն ժամանակ` 1966 թվականի օգոստոսին, նրա ուրախությանը չափ չկար։ Սերգեյ Բոնդարենկոն հիշում է, որ դա ընտանեկան տոն էր, որը սահուն կերպով անցավ դպրոց. և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները անասելի հպարտ էին, որ իրենց շրջանավարտներից մեկը արժանացել է սիրելի և միակ «Արարատի» կազմում հանդես գալու պատվին։

Առաջին գնդակը խփել է Ալմա-Աթայի «Կայրաթի» դարպասին, երբ Ֆալյանը Զանազանյանի փոխարեն դաշտ մտցրեց նրան։ Եթե հիշենք վիճակագրությունը, ապա այսպիսի տեսք կունենա. 1967-ից 1981 թվականներին Սերգեյ Բոնդարենկոն թիմի հիմնական կազմում էր։ ԽՍՀՄ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով «Արարատ» ակումբի ռեկորդակիր էր (392 խաղ)։ Թիմի կազմում` 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն, 1971 թվականի ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թվականների ԽՍՀՄ գավաթակիր։ Խաղացել է ԽՍՀՄ երիտասարդական և օլիմպիական հավաքականների կազմում (4 խաղ), դարձել միջազգային կարգի սպորտի վարպետ։

Մեծ թիմի գրեթե բոլոր մարտավարական սխեմաները կառուցվում էին նրա` հենակետային կիսապաշտպանի միջոցով, քանի որ պաշտպանությունը կապում էր հարձակման հետ։ Բոնդարենկոն չէր խնայում իրեն մարզումների ժամանակ, զարգացնում էր ոչ միայն իր ֆիզիկական տվյալները, որով Աստված առանց այդ էլ շնորհել էր նրան, այլև այդ մարտավարական կառուցվածքը, խորանում էր մարզչական ծրագրերի մեջ, որոնցում միշտ առաջատար դիրք է զբաղեցրել։ Հատկապես, երբ եկավ Նիկիտա Սիմոնյանը։

«Ես մեր մյուս երեխաների նման նվիրված էի ֆուտբոլին և մեր «Արարատին», առանց որի չէի պատկերացնում կյանքս։ 1968 թվականին սպորտի վարպետի կոչում ստացա, այնուհետև ինձ հավաքական հրավիրեցին։ Խաղի և մարզումների նկատմամբ ունեցած վերաբերմունքն օգնեցին ինձ լավ հանդես գալ և՛ «Արարատի» կազմում, և՛ ԽՍՀՄ հավաքականի կազմում», — հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Բոնդարենկոն։

Նա համոզված է` նաև հայ երկրպագուները լրացուցիչ գործոն հանդիսացան, որ «Արարատն» այն տարիներին ֆենոմենալ խաղ ցուցադրեց, կռվեց երկու ճակատում և հաղթանակ տարավ ինչպես երկրի առաջնությունում, այնպես էլ ԽՍՀՄ գավաթի համար պայքարում. «Մենք հիանալի թիմ ունեինք, բոլորը բացառապես հաղթանակի էին ձգտում` լավագույն արդյունքներ ցույց տալով ինչպես սեփական հարկի տակ, այնպես էլ ուրիշների դաշտում, և մեզ, իհարկե. շատ օգնեցին մեր հարազատ «Հրազդան» մարզադաշտի պատերն ու հավատարիմ երկրպագուները»։

Երբ պատասխան խաղին մասնակցելու համար Երևան ժամանեց «Բավարիան», խաղադաշտ դուրս գալիս Ֆրանց «Կայզեր» Բեկենբաուերը թեթև շոկ ապրեց հանդիսատեսի քանակից. Մարդիկ նստած էին անցումներում, աստիճաններին, ճաղաշարերի, մերձակա տների տանիքների վրա։ Բեկենբաուերը այն ժամանակ ասաց Զանազանյանին, եկեք, արագ խաղանք` 0։0, ու տուն գնանք։

Սերգեյն առանձնահատուկ նշում է Նիկիտա Սիմոնյանի դերը. նա մեծ ֆուտբոլիստ ու տաղանդավոր մարզիչ է։ «Արարատ» գալով` կարողացավ բարձրացնել թիմի ինքնագնահատականը, խաղացողներին ուղղորդել դեպի հաղթանակ։

Նրա կարևորագույն գծերից մեկն այն էր, որ շատ բարյացակամ և ընկերասեր վերաբերմունք ուներ ֆուտբոլիստների նկատմամբ։ «Սիմոնյանի հետ շատ հեշտ է աշխատել, նրա շնորհիվ է, որ մենք աճել ենք ֆուտբոլի դաշտում։ Պայքարել մինչև վերջին վայրկյանը։ Ահա այս խաղաոճը ձեռք բերեց մեր թիմը», — պնդում է Բոնդարենկոն։

Նրան հրավիրում էին Միության տարբեր ակումբներ, հատկապես ջանքեր էին գործադրում Ուկրաինայում։ Բոնդարենկոն լքեց «Արարատը» միայն մեկ անգամ, երբ Արտյոմ Ֆալյանը տեղափոխվեց «Զենիթ» որպես մարզիչ և համոզեց Սերգեյին գնալ իր հետ։ Բոնդարենկոն ասում է, որ երկու շաբաթ դիմացավ, որից հետո գաղտնի, Ֆալյանին ոչինչ չասելով, վերադարձավ Երևան։

Արտյոմ Գրիգորևիչը, հավանաբար, նեղացել է, բայց Բոնդարենկոն հույս ունի, որ մարզիչը նրան հասկացել է ։ Չէ՞ որ հավատարմությունն այնքան հազվադեպ ու արժեքավոր բան է։

1980-ականների վերջին Հայաստանից շատերն էին մեկնում, Սերգեյ Բոնդարենկոն ԱՄՆ մեկնեց։ Այսօր նա Լոս Անջելեսում սեփական դպրոցն ունի, որտեղ հիմնականում մարզվում են հայ տղաները։ Դպրոցը կոչվում է «Արարատ-73». Բոնդարենկոն երբեք չի կարողանա հրաժեշտ տալ իր կյանքի միակ թիմին։

367
Грусть

Ինչպես հայերը պատրաստվեն COVID-19–ի երկրորդ ալիքին. փորձառու մարդկանց խորհուրդներ

230
(Թարմացված է 00:45 10.07.2020)
Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի, կարանտինի և ինքնամեկուսացման դժվարությունների մասին, ինչպես նաև ներկայացնում այն մարդկանց խորհուրդները, որոնք գիտեն` ինչպես է մարդը գոյատևում, երբ մնում է ինքն իր հետ։

Կորոնավիրուսի, այսպես կոչված, «երկրորդ ալիքը» կլինի՞, թե՞ բախտներս կժպտա։ Կարծես թե առաջին տարբերակն է լինելու։ Այդ մասին են վկայում բազմաթիվ վարակաբանները, փորձագետներն ու նույնիսկ հասարակ դիտորդները։ Ի՞նչ են ասում նրանք։

Լսում ենք. Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկո. «Կորոնավիրուսը կվերադառնա աշնանը»։

WMA բժիշկների համաշխարհային արհմիության նախկին ղեկավար, պրոֆեսոր Լեոնիդ Էյդելման. «Սուր շնչառական վիրուսային վարակի սեզոնային դրսևորմամբ սրված նոր տիպի կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի բռնկմանը պետք է սպասել նոյեմբեր–դեկտեմբերին»։

Բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վիկտոր Զուև. «Երբ համավարակի անկում նկատվի, COVID-19–ի վարակիչ հատկությունը մի փոքր կնվազի, իսկ երկրորդ ալիքը կսկսվի հոկտեմբերից»։

Ստացվում է, որ թուլանալը դեռ վա՞ղ է։ Այո՛։ Այնտեղ, որտեղ շտապել են կարանտինը չեղարկել, կորոնավիրուսն արդեն վերադարձել է` չսպասելով աշնանը, և ստիպված են դարձյալ խիստ միջոցներ ձեռնարկել։ Նախկինից էլ խիստ։

Սինգապուրցի գիտնականը կանխատեսում է, որ առաջիկայում նոր կորոնավիրուսի բռնկում է լինելու

Իտալական Վենետոյում (Վենետիկ) կորոնավիրուսով վարակված, սակայն ստացիոնար բուժումից հրաժարված բնակիչներին ազատազրկում է սպառնում։

COVID-19–ի հետ կապված իրավիճակի բարդացման պատճառով Սերբիայի նախագահը խոստանում է Բելգրադում պարետային ժամ սահմանել։ Այդ պատճառով բողոքի ակցիաները չեն դադարում։

Եվ այսպես շարունակ։ Ասածս ի՞նչ է։ «Կորոնայի» առաջին ալիքն ամբողջությամբ չմարելով` աշնանը կամ սպասվող ձմռան սկզբին կարող ենք հայտնվել երկրորդի հարվածի տակ, և այդ ժամանակ ինքնամեկուսացման կամ հարկադիր մեկուսացման խստացումներն ավելի սարսափելի պատկեր կստանան։ Խիստ կարանտինը կվերադառնա, և դա որևէ լավ բան չի խոստանում։

Այդ «պատժամիջոցը»՝ մեկուսացումը, ինչպես արդեն գիտենք, ամենաբարդն է մեզ համար․ բակերը, ընկերները, հարևանները, նարդին, սուրճը, մանղալը, գրկախառնություններ-համբույրները և խիստ հայկական «ջիգյարի» այլ արտահայտումները՝ ամեն բան գրողի ծոցն է գնում և վճռական հակասության մեջ է մտնում չորս պատերի մեջ փակված մնալու հեռանկարի հետ։ Դե, սովոր չենք, չենք կարողանում, չենք ցանկանում․․․

Իսկ այժմ՝ նրանց մասին, ովքեր կարողանում են, գիտեն և անգամ հաճույք են ստանում դրանից։ Օգտակար կլինի իմանալ հնարավոր տհաճություններից առաջ։

Աշխարհում բազմաթիվ մասնագիտություններ և սիրողական զբաղմունքներ կան, որոնք տևական ժամանակ հասարակությունից հեռու ապրելու ունակություն են ենթադրում՝ երկրաբաններ, տիեզերագնացներ, միայնակ ճանապարհորդներ, սուզանավերի նավաստիներ, էլ չասենք նրանց մասին, ովքեր նստած են ճաղերի հետևում։

Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

Օրինակ` գործարար Վարդա Ա․-ն, որը տնտեսական հոդվածով անազատության մեջ էր հայտնվել։ Բանտախցում նստած է եղել գրեթե մեկ տարի, այն էլ` մենախցում։ Վարդան Ա․-ն չի հասկանում նրանց, ովքեր չեն կարողանում իրենք իրենց հետ մենակ մնալ․ միայնության մեջ ավելի լավ ես մտածում, ավելի արագ ես լուծումներ գտնում, կոնֆլիկտների ավելի քիչ առիթներ կան։ Թեև բանտը, իհարկե, քաղցր բան չէ, ավելին` առանձնանալու վատագույն վայրն է։

Կարող ես մենակության զգացողությունը «վայելել» ոչ միայն բանտախցում, այլև տիեզերքում։ Քանի որ մենք սեփական տիեզերագնացներ դեռ չունենք, հիշենք ռուս տիեզերագնացներին։ Տիեզերագնաց-փորձարկող Ալեքսանդր Միսուրկինի խոհերից․ «Փոքրիկ, փակ տարածքում երկար ժամանակ միևնույն մարդկանց հետ ծանր է ապրել, բայց պետք է հասկանալ, որ կայանի ներսում անվտանգ է, իսկ եթե դուրս գաս, կմեռնես, չէ՞ որ դրսում վակուում է»։

COVID-19-ի հետ համեմատությունը ակամա է ծնվում․ ինքնամեկուսացումը չարիք չէ, այլ բարիք, իսկ համաճարակաբանորեն ոչ բարենպաստ տարածություն դուրս գալը վտանգավոր է յուրաքանչյուրիս և մեր մտերիմների համար։ Տիեզերագնացը նաև նշում է, որ փակ տարածության մեջ շատ կարևոր են մարդկանց միջև հարգալից և փոխվստահելի հարաբերությունները։

Բնակարանի չորս պատերի մեջ երկար ժամանակ մենակ մնացած մարդկանց մասին․ այստեղ տեղին է հիշել հայտնի ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովի խորհուրդները։ Առավելագույն ժամանակը, որ նա անցկացրել է ինքն իր հետ, 222 օր է՝ զբոսանավով շուրջերկրյա ճամփորդություն կատարելու ընթացքում, առանց նավահանգիստներ մտնելու և առանց բջջային հեռախոսների. 1990թ․-ին դրանք դեռ չկային։

Հայտնի ճանապարհորդը հաստատում է գործարար-բանտարկյալի կարծիքը․ «Մենակությունը շուրջդ դիտելու, ինքդ քո մեջ նայելու հնարավորություն է տալիս»։

Բայց նույն այդ Կոնյուխովը Esquire ամսագրին տված հարցազրույցում խոստովանում է․ «Գիտարշավների ժամանակ ձանձրանալու, տաղտուկին տրվելու ժամանակ չկա, պետք է աշխատես, դու ունես նպատակ, դրան հասնելու միջոցներ, հեռանկարները հստակ են և հասկանալի։ Այդ առումով, իհարկե, օվկիանոսում ավելի հեշտ է, քան Մոսկվայում ինքնամեկուսացման մեջ»։

Կոնյուխովը, իհարկե, չգիտի, որ Երևանում շատ ավելի դժվար է ինքնամեկուսացած լինել, փոխարենը մենք գիտենք։ Եվ երևի սկսում ենք գիտակցել, որ փորձությունների շրջանում ամենավատ բանը մենակությունը չէ․ ամենավատը ձեռքերը ծալած նստելն է։

Իսկ մինչ այդ կորոնավիրուսի երկրորդ ալիքը թափ է առնում։ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում՝ Լուգո գավառում, դրա պատճառով կրկին կարանտին են հայտարարել։ Լուգոն արդեն երկրորդ մարզն է Իսպանիայում, որտեղ կրկնակի կարանտին է։ Հուլիսի 4-ին նույնը տեղի ունեցավ ավելի քան 200 հազար բնակչություն ունեցող Սեգրիայում (կատալոնական Լյեյդա գավառ)։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին ալիքն անգամ դեռ չի ավարտվել։ Պատրաստվել է պետք։

230
թեգերը:
քաղբանտարկյալ, տիեզերագնաց, վարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Գիտնականներին հաջողվել է գտնել կորոնավիրուսի թույլ կողմերը
Կորոնավիրուսի կարող է վտանգավոր լինել սրտի համար. ռուս գիտնական
Գիտնականները կանխատեսո՞ւմ էին համավարակի բռնկումը
Մոսկվա

«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

151
(Թարմացված է 23:26 09.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Բոլորը գիտեն, որ ժամանակին համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի դեմ մահափորձ է կատարվել, բայց ոչ բոլորը գիտեն, որ այդ մարդու մահից հետո էլ ահաբեկիչները նրան հանգիստ չեն թողել։
Վլադիմիր Լենին. «մահափորձեր» մահվանից հետո

Վերջին դեպքը տեղի է ունեցել 1973 թվականի սեպտեմբերի 1-ին։ Հիմա աշնան առաջին օրը երեխաներն ուր են գնում՝ դպրոց։ Իսկ այն ժամանակ` Սովետի օրոք,  Մոսկվայի դպրոցներում սովորող երեխաներին ոչ միայն դպրոց էին տանում, այլ նաև Լենինի դամբարան։ Էդպիսի ավանդույթ կար։

Երբ դպրոցներից մեկի աշակերտներն այդ օրը մտնում էին դամբարան, նրանց հետևից ներս մտավ նաև մի տղամարդ։ Բոլորը կարծեցին, թե ուսուցիչն է, այնինչ այդ մարդը բոլորովին այլ մտադրություն ուներ. նա հագուստի տակ պահել էր պայթուցիկ սարքը։ Երբ մոտեցավ սարկոֆագին, որտեղ գտնվում էր Լենինի մարմինը, իրար միացրեց երկու լարերը ու պայթյուն որոտաց։ Ինքը կտոր-կտոր եղավ, զոհվեց։ Նրա հետեւից քայլող զույգը, որը Աստրախան քաղաքից էր եկել, երեխաներից չորսը ծանր վնասվածքներ ստացան։

​Իսկ Լենինի մարմինը չտուժեց։ Որովհետև սարկոֆագը պատված էր զրահապատ ապակիով։ Ինչու էր զրահապատ։ Որովհետև նման դեպք նախկինում էլի էր եղել։ Մոտ հիսունհինգ տարի առաջ՝ էլի սեպտեմբերի սկզբին, Լիտվայի Կաունաս քաղաքի բնակիչ ոմն Կրիսանովը էլի պայթուցիկ սարք էր գործի դրել դամբարանի ներսում, պայթյունն ավելի թույլ էր, բայց ինքը նույնպես զոհվել էր։

​Սակայն դա էլ բոլորովին առաջին դեպքը չէր։ Տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ փորձել են վնասել Լենինի մարմինը։ 1934 թվականին մի տղամարդ իր հետ զենք էր բերել և փորձել կրակել Լենինի դիակի վրա։ Նրան շրջապատող մարդիկ խոչընդոտել են, ի վերջո նա ինքնասպան է եղել։ Գոնե այս դեպքում շարժառիթը հայտնի է՝ մարդը հուսահատ քայլի էր դիմել։ Քաջ գիտակցում էր, որ ողջ չի մնալու և գրություն էր թողել` պատմելով, որ աշխատում է հեռավոր մի սովխոզում, որտեղ աղաղակող անօրինականություններ են տեղի ունենում։ Ինքը բազմիցս այդ մասին ահազանգել է, նամակներ է գրել Կրեմլ, բայց արձագանք չի ստացել և ի վերջո որոշել է գոնե նման ձևով գրավել խորհրդային իշխանության ուշադրությունը։ Ասում են` նրա այդ գրությունը հայտնվել է Իոսիֆ Ստալինի սեղանին, առաջնորդը կարդացել է և կարգադրել այն հանձնել արխիվ։ Ու վերջ։ Այսինքն` այդ մարդու հուսահատ քայլն էլ որևէ արդյունք չի տվել։

​Իսկ Լենինի մարմնի նկատմամբ ոտնձգությունները շարունակվեցին նաև Ստալինի մահվանից հետո։ 1959 թվականին մի մարդ մուրճ էր իր հետ բերել ու հարվածել սարկոֆագին։ Ապակին բավական պինդ էր, միայն ճաքեց։ Մեկ տարի անց՝ 1960-ին, մի տղամարդ  անսպասելիորեն թռավ սարկոֆագի վրա, ոտքով հարվածեց. այս անգամ ապակին ջարդվեց, Լենինի դեմքը վնասվեց։ Ժամանակավորապես փակեցին դամբարանը։

Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում

​Բայց խնդիրը մնում է։ Ռուսաստանի իշխանությունները, ինչպես ժողովուրդն է ասում, կրակն են ընկել՝ չեն կարողանում վերջնականապես կողմնորոշվել դամբարանի հարցում։ Հասարակությունում տիրող տրամադրություններն էլ տարբեր են։ Երեք տարի առաջ անցկացրած հարցումների համաձայն՝ կարծիքները բաժանվել են երեք՝ գրեթե հավասար մասերի՝ 31 տոկոսը կողմ է, որ ոչինչ չփոխվի, ու Լենինի մարմինը մնա դամբարանում, 32 տոկոսը գտնում է, որ առաջնորդին պետք է թաղել Կրեմլի պատի մոտ, 29 տոկոսն էլ համաձայն է, որ նրա աճյունն ամփոփվի Սանկտ Պետերբուրգի գերեզմանատներից մեկում։ Ի դեպ, ըստ BBC-ի, այժմ ողջ աշխարհում կա Լենինի 3260 արձան, գերակշիռ մասը՝ 2800-ը, իհարկե, Ռուսաստանի տարբեր բնակավայրերում է։ Բայց ըստ նույն աղբյուրի` Հայաստանում էլ մնացել է Լենինի 4 արձան, Վրաստանում դրանք երկուսն են։ Երկու արձան էլ Նորվեգիայում կա ։ Մեկն էլ՝ Ճապոնիայում։

Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին

​Կազանում գործում է նաև գիշերային ակումբ, որը կոչվում է Լենին։ Դրա տերը բացատրել է՝ ոչ մի գաղափարական ենթատեքստ չկա, ուղղակի Լենինը հայտնի անուն է, ինչպես հիմա են ասում՝ բրենդ։ Մի անգամ մի տարեց, թոշակառու կին էր եկել, ուզում էր մտնել, անվտանգության աշխատակիցներն ասել էին. «Մայրիկ, ախր դու ինչ գործ ունես, սա գիշերային ակումբ է»։ Խեղճ կինն էլ խոստովանել էր. «Ես էլ կարծում էի, թե Լենինի երկրպագուների ակումբն է»։

151
թեգերը:
ԽՍՀՄ, Մոսկվա, դամբարան, մահափորձ, Վլադիմիր Իլյիչ Լենին
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»
«Բանտում մարդիկ մերն են, Լենինն էլ է դատվել». Վարդան Ղուկասյանը պատրաստ է «նստել»
Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատություն

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են

0
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցնում է, որ անհանգստանալու պատճառ չկա։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Այս պահին թեստերի դրական արդյունքներ ունեն 10 սաներն ու 5 աշխատակիցները։ Բացառությամբ 1 աշխատակցի, որը շաքարային դիաբետ ունի և գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է։ Անհանգստանալու առիթ չկա»,-ասաց նա` ավելացնելով, որ այս պահին հոսպիտալացված հիվանդ չկա:

Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ինչպես վարակը տարածվել հաստատությունում։

«Հիմա գրեթե արդեն անվերահսկելի է։ Հնարավոր չէ ասել, թե որտեղից է տարածվել»,– նշեց նա։

Այս պահին հաստատությունում անհրաժեշտ քայլեր են իրականացվում հակահամաճարակաբանների հետ։

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կառավարության որոշմամբ լուծարվեց հունիսի 25-ին: Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Հաստատության շահառու հանդիսացող 80 երեխաներից այս պահին հաստատությունում գիշերում են 21-ը: Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում էին մնացել միայն հունվարին լուծարված «Թռչունյան տան» սաները: Բոլորն ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ):

0