Գյուղ

Հայի ու հին ընկերության շնորհիվ ուղևորներն ուկրաինական ճարպը վայելեցին տնական օղիով

123
(Թարմացված է 00:09 05.11.2017)
Դմիտրի Պիսարենկո
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարեկնոն մի զվարճալի դեպք է նկարագրել հայրենակիցների կյանքից, որոնք 90-ականներին մանրածախ առևտրով էին զբաղվում։

Ի տարբերություն խորհրդային կինոկատակերգության կերպարների ու ընդհանուր առմամբ ռուսաստանցիների, Հայաստանում ամեն շաբաթ բաղնիք չեն գնում, բայց սիրում են ընկերների կամ բարեկամների տանը հավաքվել մի սեղանի շուրջ։ Ու մանղալի մոտ խմած ավանդական մի թաս օղին ու խորովածի առաջին կտորներն անպայման քննարկումներ են ծնում կամ լուսավորում են հիշողությունը` վերհանելով անցած-գնացած պատմությունները։ Հենց այդպես եղավ նաև անցած կիրակի։

Պատմողն այսօր կաշվե իրերի վարպետ է, իսկ 90-ականներին Ուկրաինա ու Լեհաստան էր գնում-գալիս և մանր առևտրով զբաղվում։ Տաք խորովածի ու սառը օղու ազդեցության տակ նա հիշեց՝ ինչպես մի անգամ Լեհաստանի ճանապարհին, Արևմտյան Ուկրաինայի ինչ-որ կորած վայրում նրանց ավտոբուսը սկսեց փչանալ ու վերջնականապես կանգնեց։ Վարորդն ակտիվորեն փորձեց ուշքի բերել շարժիչը, բայց ոչինչ չստացվեց։ Որոշ ժամանակ անց ուղևորների ուտելիքի պաշարները սկսեցին վերջանալ, ու կամավորների խումբը, որի կազմում էր նաև մեր հյուրը, որոշեց հասնել հեռվում նշմարվող գյուղ ու սնունդ հայթայթել։

Նրանք քայլեցին կիզիչ արևի տակ, և երբ հասան առաջին տան մոտ ու դուռը թակեցին, սարսափելի ծարավ էին։ Ծանրամարմին տանտերը դուրս եկավ, հանգիստ լսեց եկվորներին ու ուշադիր ուսումնասիրեց։ Հյուրերի ոչ սլավոնական արտաքինը նրա մոտ տրամաբանական հարց առաջացրեց՝ որտեղի՞ց են նրանք։ Խումբը ինտերնացիոնալ էր։ Երկուսը թաթար էին Ստավրոպոլից, մեկը՝ ադըղեն Կրասնոդարից, բայց երբ հերթը հասավ մեր հերոսին, տանտիրոջ աչքերը փայլեցին, երբ լսեց Հայաստանի անունը։ Նրանց հրավիրեց այգում դրված սեղանի մոտ, նկուղից հանեց թթուն, ճարպը, տնական օղու շիշն ու սև հացը։ Ասաց, որ հիմա կտաքացնի պահածոյացված խոզի միսն ու կխաշի կարտոֆիլը ։

Առաջին բաժակից հետո տանտերը պատմեց, որ ավելի քան քսան տարի առաջ խորհրդային բանակ է զորակոչվել։ Ծառայել է Մուրմանսկում, որտեղ նրա մտերիմ ընկերը եղել է Համլետ Հարությունյանը Ստեփանավանից։ Ճիշտ է` ԽՍՀՄ փլուզումից հետո նրանց կապն ընդհատվել է, բայց հանդիպելու հույսը չի կորցրել։ Մեր հերոսի շնորհիվ նա իր սիրելի ընկերոջ կարոտն առավ ու նրան առատ ուտելիքով ճանապարհեց։ Այսպես, հայաստանցի զինակցի հետ հին ընկերությունն օգնեց կերակրել Արևմտյան Ուկրաինայում մոլորված ավտոբուսի ուղևորներին, որոնք դեռ երկար ժամանակ ստիպված էին սպասել փչացած մեքենայի մեջ։ Եվ միայն մեր հերոսը բավարարվեց ճարպով բրդուճով, մյուսները վայելեցին նաև տնական օղու համը. հյուրընկալ տղամարդը նրանց մի ամբողջ տակառ էր նվիրել։

123