ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաղթահարել է Գուդաուրի լեռնադահուկային զբոսավայրի մերձակայքում գտնվող, 3 հազար 170 մետր բարձրություն ունեցող գագաթը 79-ամյա լեգենդար ալպինիստ Լև Սարկիսովի («Ձնե հովազ») ուղեկցությամբ, հայտնում է Sputnik Գրուզիան։
Լեռնագնացությունն իրականացվել է «Սահմանադրությունը բոլորինն է» արշավի շրջանակում։ Այն նախատեսված էր անցկացնել Վրաստանի Սահմանադրության օրը` օգոստոսի 24-ին, սակայն միջոցառումը հետաձգվել էր Բորժոմի անտառներում բռնկած հրդեհի պատճառով։
Նախագահի հետ արշավին մասնակցել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռակվիաշվիլին և նախագայի` միջազգային հարցերով քարտուղար Թենգիզ Պխալաձեն։
Նշվում է, որ Սարկիսովը բազմաթիվ ալպինիստներ է դաստիարակել Վրաստանում։ Նա եղել է Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռակվիաշվիլու, ինչպես նաև Վրաստանի նախագահի մարզիչը, որը երիտասարդ տարիներին հետաքրքրվել է լեռնագնացությամբ։ Սարկիսովին «Ձնե հովազ» են անվանում։ Այս տիտղոսը շնորհում են ալպինիստներին նախկին ԽՍՀՄ-ի յոթ հազար մետր բարձրություն ունեցող բոլոր հինգ լեռնագագաթները նվաճելու համար։
1999 թվականին Գինեսի ռեկորդների գրքում նա նշված է որպես աշխարհի ամենաբարձր գագաթը` Էվերեստը, բարձրացած ամենատարեց մարդ։ Սարկիսովը 4 անգամ բարձրացել է Արարատի գագաթը և հայկական եռագույնը պարզել այնտեղ։