ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Բաքվում ՌԴ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ դեսպանատան մամուլի կցորդ Դենիս Ապաշկինը:
Բլոգերի գործով քննությունը շարունակվում է, դեսպանատունը մշտական կապի մեջ է Լապշինի փաստաբանի հետ:
«Այս տարվա մարտի 15-ին դեսպանատան հյուպատոսական աշխատակիցները հերթական հանդիպումն են անցկացրել Բաքվի N1 քննչական մեկուսարանում պահվող Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի հետ։ Նրա առողջական վիճակը բավարար է: Քննությունը շարունակվում է: Լապշինի փաստաբանի հետ դեսպանատունը գտնվում է մշտական կապի մեջ»,- հայտնել է նա:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի դիմումի համաձայն ձերբակալվել է Մինսկում, 2016 թվականի դեկտեմբերի 15-ին։ Նա արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:
2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում: