Արթուր Սարգսյան

Սիսիանի համայնքապետը ձերբակալվել է

189
(Թարմացված է 12:51 16.07.2021)
Ըստ ՀՀքննչական կոմիտեի` Արթուր Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Կալանավորվել է հուլիսի 15–ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)», - ասաց նա:

Հիշեցնենք`հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը։

Սիսիանի համայնքապետը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել է Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Գլխավոր դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդություն էր ներկայացրել Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու թույլտվության համար։ Հանձնաժողովը երեկ բավարարել էր միջնորդությունը։

189
թեգերը:
կալանավորել, Սիսիան, Հայաստան
Президент Армен Саркисян на встрече с императором Японии Нарухито

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր կազմակերպած ընդունելությանը և զրուցել նրա հետ

5
Ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի ու Լեհաստանի նախագահները, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքսը, Մոնակոյի արքայազնը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը Ճապոնիայում է գտնվում աշխատանքային այցով, կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կազմակերպած պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերական պալատում առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ:

Նա շնորհավորել է կայսր Նարուհիտոյի և հանձնիս նրան՝ Ճապոնիայի ժողովրդին՝ համավարակով պայմանավորված այս բարդ իրավիճակում ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար:

Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ճապոնական հարաբերություններին, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի պահպանման կարևորությանը։

5
Սաիդ Խատիբզադե

Թեհրանը պատրաստ է հաշտեցնել Երևանին ու Բաքվին

14
(Թարմացված է 11:55 24.07.2021)
Իրանական կողմը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգություններով, ինչպես նաև զինծառայողների վիրավորվելու ու զոհվելու դեպքերով:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին կայուն խաղաղության հաստատելու հարցում։ ԻԻՀ պետական լրատվական IRNA գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։

Նա ափսոսանք է հայտնել երեք հայ զինծառայողների վիրավորվելու, ադրբեջանցի զինվորականի մահվան և փոխհրաձգությունների վերաբերյալ:

Խատիբզադեն կողմերին զսպվածության կոչ է արել` հայտարարելով երկու երկրների միջև սահմանային վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում Խատիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրների հաշտեցմանը։

Հիշեցնենք` հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային վնասվածքներ էին ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայողներ։

Նույն օրը` ժամը 23:00-ի սահմանում, Երասխի տարածքում Ադրբեջանը ԱԹՍ–ով ՀՀ տարածք մուտք գործելու փորձ է արել։ Ըստ ՀՀ ՊՆ–ի` ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը:

14
թեգերը:
Սահման, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները ինժեներական ակտիվ աշխատանքներ են իրականացնում Շուռնուխում. Հակոբ Արշակյան
Երասխում Հայաստանի զինված ուժերի կոշտ արձագանքն անսպասելի էր Ադրբեջանի համար. փորձագետ
Ադրբեջանի սադրիչ քայլերը նոր սպառնալիք են ստեղծում Հայաստանի և Արցախի համար. Փաշինյան