քրեական հեղինակություն, աղմկոտ սպանություն, երևան, erevan, spanutyun
Սպանություն Աբովյան փողոցում

Վերջին 15 տարվա ընթացքում Երևանում կատարված ամենաաղմկոտ սպանությունները

400
(Թարմացված է 10:09 03.06.2021)
Հունիսի 2-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը ցնցեց հայ հասարակությանը։ Sputnik Արմենիան հավաքել է վերջին տարիներին քաղաքի կենտրոնում և շրջակայքում տեղի ունեցած ամենաաղմկահարույց սպանությունների պատմությունները։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. 50-ամյա Հովհաննես Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել օրը ցերեկով. անհայտ անձը խլացուցիչով հրազենից կրակել է նրա վրա հենց Աբովյան փողոցում։ Հանցագործը շենքերի բակերով փախել է հանցանքի վայրից։ Սպանության դրդապատճառն առայժմ հայտնի չէ։ Տեղի ունեցածի շատ վարկածներ կան, բայց հիմնականն այն է, որ գնդակը նախատեսված է եղել ոչ թե Վարդանյանի, այլ ռուսաստանցի գործարար Ռաֆայել Մարդոյանի համար, որի թիկնապահն էր սպանվածը։ Քրեական գործ է հարուցվել։

Ընթերցողին հիշեցնենք, թե ուրիշ ինչպիսի աղմկահարույց սպանություններ են տեղի ունեցել վերջին 15 տարվա ընթացքում։

Քրեական հեղինակության սպանությունը

2019թ․-ի հուլիսի 2-ին քրեական հեղինակություն Անդրանիկ Հարությունյանը (Մասիվցի Անդիկը) հրազենից սպանվել էր Նոր Նորք վարչական շրջանում՝ 5-րդ Մասիվի շենքերից մեկի բակում։ Սպանության մեջ մեղադրվում է 32-ամյա չեչեն տղամարդ, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մասիվցի Անդիկի սպանությունից մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 13-ին, Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանվեց 40-ամյա մարզիկ Աշոտ Բոլյանը։ Լուրեր էին պտտվում, որ հենց Բոլյանն էր կազմակերպել Անդիկի սպանությունը՝ ֆինանսական անհամաձայնությունների պատճառով։ Սակայն ավելի ուշ այդ լուրերը հերքվեցին։ Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել, քննությունը շարունակվում է։

Ոչ կարամելային կրքեր

Նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը սպանվել է 2018թ․-ի հոկտեմբերի 6-ին, Նորք Մարաշի ռեստորաններից մեկում։ Սպանության վայրում հայտնաբերվել է «Բերետտա» ատրճանակ։ Ավելի ուշ պարզվել է, որ այն պատկանում է նախկին խորհրդարանական Հարություն Կարագյոզյանին (Կարամելի Հարութ)։ Պատգամավորն անվանական զենքը ստացել էր 2001թ․-ին, այն ժամանակվա վարչապես Անդրանիկ Մարգարյանի կարգադրությամբ։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, ոստիկանությունը հայտնաբերեց Կարագյոզյանի մարմինը՝ գլխի հրազենային վնասվածքով։ Նախնական վարկածով` նա ինքնասպանություն էր գործել։

Քննությունը որպես կոնֆլիկտի հիմնական պատճառ դիտարկում է ունեցվածքի շուրջ վեճը։

Արյունոտ «մարտաֆիլմ» Վերնիսաժի մոտ

2017թ․-ի սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի մոտ օրը ցերեկով զինված հարձակում տեղի ունեցավ հինգ քաղաքացու վրա։ Ալավերդու բնակիչ Գագիկ Մոսինյանը սպանվեց, իսկ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը (առավել հայտնի է որպես Ալավերդցի Վահագ) մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց։

Մինչդատական վարույթի ընթացքում պարզվեց, որ Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և Ռաֆիկ Խաչատրյանը նախապես պայմանավորվել էին սպանել Վահագն Աբգարյանին, ինչպես նաև նրան ուղեկցող Մոսինյանին և ևս երեք թիկնապահների՝ վրեժխնդիր լինելու նպատակով:

Սպանության պատճառը, ինչպես պարզվեց, քրեական հաշիվներն էին. Լոռու մարզի Ալավերդի քաղաքում գործող երկու քրեական խմբավորումների ղեկավարները՝ հեռավոր ազգականներ Վահագն Աբգարյանն ու Տարոն Աբգարյանը, ոխերիմ թշնամիներ էին դարձել։ Խմբավորումները մի քանի տարի շարունակ պայքարում էին միմյանց դեմ։ 

Ալավերդցի Վահագնը թալանել է իր բարեկամին, մայրը սպառնացել է ոչնչացնել որդու զոհին

Հանցագործները դարանակալել էին հյուրանոցի կենտրոնական մուտքի մոտ և իրենց զոհին սպանել Թուֆենկյան հյուրանոցից դուրս գալու պահին։ Սպանության մեղադրանքով ձերբակալվել է մեկ մարդ, ևս երկուսը հետագայում հայտնաբերվեցին Վրաստանի տարածքում։

Վրեժ լուծելով բանկիրից

2015թ.-ի նոյեմբերի 24-ին Վարդանանց փողոցում սպանվեց բանկի իրավաբանական վարչության 32-ամյա պետ Հովհաննես Աթաբյանը: Նրա վրա կրակել էր 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը՝ իրեն պատկանող հրացանից։ Մարդասպանը հաջորդ օրը ներկայացավ ոստիկանություն և խոստովանական ցուցմունք տվեց։

Ըստ բաց աղբյուրների՝ Պողոսյանը հանցանքի վայր է եկել իր ՎԱԶ 2107 ավտոմեքենայով, որը սովորաբար որպես տաքսի էր քշում։ Նա սպասել է Աթաբեկյանին, վեց անգամ կրակել նրա վրա, այնուհետև հրացանը թաքցրել բեռնախցիկում և փախել։ Պողոսյանն «Անելիք» բանկի հաճախորդ էր հանդիսանում և բանկի հետ ունեցվածքային վեճեր ուներ։ Նա բազմիցս հանդիպել էր Աթաբեկյանի հետ, վերջին հանդիպումը սպանությունից մի քանի ժամ առաջ էր եղել։

Պողոսյանին սպանության մեղադրանք է առաջադրվել։ Դատական քննությունը շարունակվում է, հաջորդ նիստը նշանակված է այս տարվա հուլիսին։

«Պատվի հարցը»

2009թ․-ի փետրվարի 3-ին սեփական բնակարանի աստիճանահարթակում դիմացից գլխին արձակված կրակոցով սպանվեց ՀՀ փոխոստիկանապետ, 33-ամյա գնդապետ Գևորգ Մհերյանը։

Եվ չնայած իսկույն ևեթ գործ հարուցվեց, այն այդպես էլ չբացահայտվեց, քանի որ մարդասպանի անձը շարունակում է անհայտ մնալ։ Լուրեր էին պտտվում, որ սպանությունը կապված էր Մհերյանի մասնագիտական գործունեության հետ, սակայն ո՛չ պատվիրատուները, ո՛չ կատարողը մինչև օրս չեն հայտնաբերվել։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց այս գործի քննության հետ կապված «չարաշահումների» մասին։ Գևորգի հայրը վստահ է, որ իրավապահ մարմիններն ուզում էին ծածկել իր որդու սպանության գործը։

Բիզնես գզվռտոց

2009թ․-ի մայիսի 21-ին Խորենացի փողոցում՝ «Ոսկու աշխարհ» խանութի մոտ, անհայտ տղամարդը հրեց-գցեց Մարտունու բնակիչ Մասիս Նիկոյանին (ծնվ․ 1969թ․-ին) և մի քանի անգամ կրակեց նրա գլխին, կրծքին և փորին։ Տեղում հայտնաբերվեց չորս պարկուճ և մեկ գնդակ։ Նիկոյանը տեղափոխվեց հիվանդանոց, նրան մի քանի անգամ վիրահատեցին, բայց կյանքը փրկել չհաջողվեց։

Ըստ բաց աղբյուրների՝ նրան հիվանդանոց է հասցրել տաքսիստ Հրանտ Մուշեղյանը, որը պատմել է, որ տղամարդը չի ճանաչել իր վրա կրակողին։ Տեղեկություններ կային, որ Նիկոյանին սպանել են իր բիզնեսի պատճառով (պարարտանյութերի ներմուծում), բայց գործարարի հարազատները չեն հաստատել դրանք։

Քրեական գործ հարուցվեց, որը, սակայն, կարճվեց, քանի որ կրակողի անձն այդպես էլ չհաջողվեց բացահայտել։

30 հազար դոլար՝ սպանության համար

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարի որդին՝ 26-ամյա Սեդրակը, կրակոցով սպանվեց 2006թ․-ի հունիսի 22-ին։ Պատահական կրակոցից սպանվեց նաև երեք երեխաների մայր Կարինե Սարգսյանը։

Այն ժամանակվա դատախազ Աղվան Հովսեփյանն ասում էր, որ սպանությունը վրեժի հողի վրա է տեղի ունեցել։ Սպանվածի հայրը՝ Վահան Զատիկյանը, իբրև թե «ժամանակին յուրացրել էր թաղի խանութներն ու կրպակները»։

Որպես պատվիրատու նշվում էր Ստեփան Հակոբյանի՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (հայտնի է «Լեդի Հակոբ» մականվամբ) եղբորորդու անունը։ Սպանությունը կատարել էր Արմեն Առուշանյանը՝ չորս հանցակիցների մասնակցությամբ։ Սպանության համար 30 հազար ԱՄՆ դոլար էր ստացել։ 2011թ․-ին ձերբակալվեց նաև հետախուզության մեջ գտնվող Ստեփան Հակոբյանը։

Մարդասպանը վրիպե՞լ է. Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության նոր վարկածը

400
թեգերը:
քրեական հեղինակություն, Քրեական գործ, Երևան, Սպանություն
Ըստ թեմայի
Արմավիրում կատարված սպանությունից հետո խուզարկել են Դոն Պիպոյի բնակարանը
Սպանություն օրը ցերեկով՝ մայրաքաղաքի կենտրոնում. ուշագրավ կադրեր սպանության վայրից
Մինասյանների ընտանիքի դաժան սպանությունը. ողջ մնացած դուստրը մանրամասներ է պատմել
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակով

Լենինի նման` «պլոմբած» վագոնով․ Սկակովը խոսել է Սյունիքի «ճանապարհային միջանցքի» մասին

248
(Թարմացված է 23:28 24.06.2021)
Ռուս փորձագետը վստահ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանից Նախիջևան մարդկանց ավտոմոբիլային երթևեկության կամ տեղափոխման մասին հիմա խոսք անգամ լինել չի կարող։

Հայաստանի Սյունիքի մարզով անցնող հնարավոր տրանսպորտային միջանցքը կարող է ենթադրել միայն բեռների տեղափոխում երկաթուղով և ոչ ավելին։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։ 

Заместитель директора по развитию Института востоковедения РАН, кандидат исторических наук Александр Скаков беседует с корреспондентом Sputnik Армения
© Sputnik / Andranik Ghazaryan
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը և Sputik Արմենիայի լրագրող Դավիթ Գալստյանը

 

Սկակովի կարծիքով ՝ այս փուլում Ադրբեջանը ձգտում է ամրապնդել անցած պատերազմի արդյունքները։ Սակայն ապագայում Բաքուն ձգտելու է էլ ավելի շատ բան ստանալ՝ ռուս խաղաղապահների դուրսբերում և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն։

«Եվ, իհարկե, մտադիր է ստանալ ճանապարհը (Սյունիքի տարածքով,– խմբ․)։ Դա առավելագույնն է, ինչ նա ուզում է։ Բայց այն, ինչ ուզում է և այն, ինչ արդյունքում կստանա, իհարկե, տարբեր բաներ են»,-ասաց Սկակովը։

Մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որի մասին այդքան հաճախ են խոսում Բաքվում, փորձագետը նշեց, որ Սյունիքի մարզով հիմա միայն բեռների տեղափոխում է հնարավոր:

«Միայն տրանսպորտային միջանցք և ուրիշ ոչինչ։ Բեռնափոխադրումներ երկաթուղով։ Դա անել կարելի է։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Լենինը Մոսկվա գնում։ «Պլոմբած» վագոնով։ Միայն այդպես։ Ոչ մի ուղևորափոխադրության, որևէ այլ բանի շարժման (օրինակ՝ ավտոմեքենաների) մասին խոսք անգամ լինել չի կարող։ Դա ակտուալ չէ»,-վստահ է Սկակովը։ 

Դրա հետ մեկտեղ նա չի կարծում, որ դա չի հանգեցնի Հայաստանի ինքնիշխանության կրճատման. միջանցքի անվտանգության համար պատասխանատու կլինեն ռուս սահմանապահները։

Գուցե ապագայում այդ ճանապարհը լիարժեք գործարկվի, բայց դա կլինի 50 տարի հետո, երբ նոր սերունդներ կմեծանան, իսկ առայժմ նման բան չի կանխատեսվում։ Ընդ որում, այս հարցում իրավիճակի բարենպաստ զարգացումն ուղղակիորեն կախված է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից։

«Վաղ թե ուշ կբարձրացվի Ղարաբաղի ապագայի հարցը, բայց հիմա բոլորն ուզում են դնել այն հեռավոր դարակում և այսօր այդ մասին չմտածել»,-նկատեց փորձագետը։

Նա վստահ է, որ ռուս խաղապահներն Արցախում կմնան ոչ թե 5 տարի, այլ շատ ավելի երկար՝ 15, 20, գուցե անգամ 30 տարի։ Թեև Բաքվում, իհարկե, դա ոմանց դուր չի գա։

«Զուտ տերմինի խնդիր է». Մհեր Գրիգորյանը` Ադրբեջանի հետ միջանցք բացել–չբացելու մասին

«Երբ բարձրացվի կարգավիճակի հարցը, հարկ կլինի ինչ-որ ուրիշ լուծումներ փնտրել։ Հասկանալի է, որ Ղարաբաղի հնարավորություններն արդեն այն չեն, ինչ պատերազմից առաջ, և տարածքների փոխանակումը կարգավճակի հետ արդեն անհնար է։ Բայց կարող է ինչ-որ այլ խաղ լինել։ Մասնավորապես, երկու համաշխարհային պատերազմներից հետո կիրառվում էր այնպիսի գաղափար, ինչպիսին է «կոնդոմինիումը (համատեղ տիրապետում,– խմբ.)»,-ասաց Սկակովը։

Այսինքն, ըստ Սկակովի, երեք կողմերը կարող են պատասխանատու լինել որևէ տարածքի համար։ Ղարաբաղի դեպքում որպես նման երկրներ կարող են հանդես գալ, օրինակ, Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը (առանց Թուրքիայի, իհարկե)։

Պատմության մեջ նման հակամարտությունների կարգավորման դեպքեր եղել են։ Այս համատեքստում նա օրինակ բերեց անցած հարյուրամյակի 90-ական թվականներին օսերի և ինգուշների միջև առկա հակամարտությունները, ինչպես նաև հիշեցրեց Չեչնիայի իրադարձությունների մասին։ Հիմա այդ շրջաններում իրավիճակը կայուն է։

«Հուսով եմ, որ այստեղ էլ կհաջողվի կարգավորել հարաբերությունները։ Բայց դրա համար, առաջին հերթին, տարիներ կամ տասնամյակներ են հարկավոր, և երկրորդ՝ ինչ-որ մեկը, ով կկարողանա անել դա «վերևից»։ Ուղղակի կօգնի մարդկանց հաշտվել, միասին ապրել։ Եթե դա կկարողանա անել Ռուսաստանը՝ շատ լավ։ Կկարողանա՞ դա անել ԱՄՆ-ն։ Կասկածում եմ»,-ասաց Սկակովը։

Եթե երկու երկրների կառավարությունների մակարդակով համաձայնություն լինի, գործընթացն ավելի հեշտ կընթանա։

«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ–ն չի քննարկելու. Մհեր Գրիգորյանը` իրանցի նախարարին

Ինչ վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժմանը Գեղարքունիք և Սյունիք, ապա այս թեման, ըստ փորձագետի, նոր չէ. սահմանագծման խնդիրն առկա է ողջ հետխորհրդային տարածքում: Այդպիսի խնդիր կա Ռուսաստանի և Վրաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև։

«Մի կիլոմետր այս կողմ, մի կիլոմետր այն կողմ։ Այդ ամենը անելը դժվար չէ, բայց Բաքվի համար դա առևտուր անելու, իր խաղադրույքները բարձրացնելու ևս մեկ առիթ է»,-ասաց Սկակովը։

Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաև հայ գերիների վերադարձին հայրենիք։ Ադրբեջանը փորձում է Հայաստանից լրացուցիչ զիջումներ ստանալ ամեն տեղ, որտեղ դա հնարավոր է։

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից գտնվում են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել հայկական տարածքների հաշվին: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի մերձակայքում։ Պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում պետական սահմանի տարբեր հատվածներում։ Մայիսի 25-ին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող է զոհվել:

Ուրեմն մենք էլ ենք և՛ Նախիջևանում, և՛ Ադրբեջանում միջանցք ունենալու. ԱԽ քարտուղար

248
թեգերը:
երկաթուղի, Թուրքիա, Ադրբեջան, Ճանապարհ, Մեղրի
Ըստ թեմայի
ՀԱԿ–ը խոսում է Մեղրիից Ռուսաստան միջանցք ունենալու մասին. Տեր-Պետրոսյան
Սահմաններ բացելը` խնդրեմ, բայց ոչ սուվերեն տարածք կամ միջանցք․ Մարուքյան
ՀՀ կառավարությունը չի քննարկելու միջանցքային որևէ տրամաբանություն. Փաշինյան
Իլհամ Ալիև

Թաթոյանը Էրդողանի կնոջ ու Ալիևի խոսակցության տեսանյութը ուղարկել է միջազգային կառույցներին

297
(Թարմացված է 23:04 24.06.2021)
ՄԻՊ–ը շեշտում է, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Faecbook-ի իր էջում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը` մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին:

Նշենք, որ Թաթոյանը հրապարակել էր այն տեսանյութը, որում զրուցում են Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը։

Տեսանյութում Էրդողանի կինը հարցնում է Իլհամ Ալիևին՝ ունե՞ն արդյոք գերիներ, ինչին վերջինս պատասխանում է՝ այո, քիչ–քիչ փոխանակելու ենք ականների քարտեզների հետ։

«Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար: Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ: Նամակներում ցույց է տրված` ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին»,–գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով`այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և իրենց ուսումնասիրությունների արդյունքների վրա:

Ռազմագերիներով Ադրբեջանը լուծել է մի քանի խնդիր. Սուրենյանցը` քարտեզի և զորակոչի մասին

Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների մարդկային ապրումների մասին:

Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ:

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ադրբեջանական կողմը 15 հայ զինվորականի վերադարձրեց Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։

Հավելենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։ Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում դեռ ավելի քան 200 հայ գերի կա։

Նոյեմբերի 9-ից հետո պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ ենք տվել. Նիկոլ Փաշինյան

297
թեգերը:
Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Արցախ, քարտեզ, Իլհամ Ալիև
Ըստ թեմայի
«Իշխանությունը վա բանկ է գնում». քաղտեխնոլոգն անդրադարձել է քարտեզի դիմաց գերիներ բերելուն
Աղդամը շատ շուտով կռազմականացվի․ Շահնազարյանը՝ ականապատ տարածքների քարտեզների մասին
«Ադրբեջանին վերադարձվել են ոչ բոլոր քարտեզները»․ Նիկոլ Փաշինյան
ՄԻԵԴ–ը չի ընդունել Ադրբեջանի` ականապատված տարածքների քարտեզների վերաբերյալ գանգատը
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

47
Կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Նիկոլ Փաշինյանի` ընդդիմադիրների հետ հաշտության առաջարկի մասին։
«Պողպատե մանդատ» և հաշտության մեկնած ձեռք. կհաջողվի՞ Փաշինյանին համախմբել ընդդիմադիրներին

Ընդդիմադիր ճամբարի և գործող իշխանության միջև համերաշխ գործակցությունը գրեթե անիրատեսական է, քանի որ ընդամենը օրեր առաջ միմյանց բնութագրում էին «դավաճան», «կապիտուլյանտ», «թալանչի», «մարդասպան» բառերով ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կոնֆլիկտների կառավարման մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։ 

«Չեմ պատկերացնում, որ այդպիսի համագործակցություն մենք կտեսնենք ապագայում, չնայած խորհրդարանական դիվանագիտության հարթակում այն ինչ-որ ձևով հնարավոր է, բայց երկու ճամբարների միջև համերաշխություն չի կարող լինել»,- ասաց նա։

Նրա կարծիքով` Փաշինյանի հայտարարությանը պետք է հաջորդեին կոնկրետ գործողություններ, որոնք գոնե մինչ այս պահը տեսանելի չեն, իսկ դրանց բացակայության դեպքում հաշտության հայտարարությունը այդպես էլ կմնա օդում։

«Ինքը պետք է փոխի իր ամբողջ հռետորաբանությունը, որը չի կարող անել, իր ընտրազանգվածը սպասում է, որ ինքը պետք է պողպատ ցույց տա»,- ընդգծեց մասնագետը։ 

Նրա խոսքով` եթե նույնիսկ ինչ-որ պահի կողմերն իրար հաշտության ձեռք մեկնեն, հաջորդ ընտրություններում երկու քաղաքական ուժերի ընտրազանգվածն էլ զգալի կկրճատվի, քանի որ ընտրողների մի մասը սպասում է «պողպատե մանդատի» գործարկմանը, մյուսները`«նախկինների» աշխատանքին։ 

«Հեռանում եմ, քանի որ Շուշին ինձ համար դժգույն քաղաք չէր». Աղբալյանն ազատման դիմում է գրել

Միաժամանակ` հատկապես ընդդիմադիր թևում գրեթե համոզված են, որ հաջորդ արտահերթ ընտրությունները «յոթ սարի հետևում չեն»։

«Եթե նստեն, սկսեն բանակցել կարող է և այդքան դժվարությամբ ձեռք բերած 21-22 տոկոս ձայներն էլ կորցնեն, բայց քանի որ իրենք համոզված են, որ նոր ընտրություններ լինելու են, հետևաբար նման քայլի չեն գնա»,- ասաց Հարությունյանը։

Նշենք, որ հունիսի 22–ից Նիկոլ Փաշինյանն ընդունում է խորհրդարան չանացած կուսակցությունների ղեկավարներին։

Նա արդեն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, նորաստեղծ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքից՝ Լևոն Շիրինյանին և Արման Բաբաջանյանին, Սամվել Բաբայանին, ՔՈ վարչության անդամ Սուրեն Սահակյանին, նաև Տիգրան Ուրիխանյանին՝ «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի ղեկավար, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, Տիգրան Արզաքանցյանին, Դավիթ Սանասարյանին։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկխոսության կոչ էր արել բոլոր «սեգմենտներին», որոնց հետ մինչ այդ բանավեճ է ունեցել։ Այս հրավերը որոշ ուժեր, օրինակ, «Ազգային ժողովրդական բևեռը» և Կարին Տոնոյանի «5165» շարժումը, մերժել են:

Կադրային ջարդեր լինելու են, մեզ տվեք կադրային ջարդն անելու մանդատը. Փաշինյան

47
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Նիկոլ Փաշինյան