ՀՀ ՊՆ շենք

Ադրբեջանցիների հետ բանակցությունները կշարունակվեն վաղը. ՀՀ ՊՆ

317
(Թարմացված է 21:49 15.05.2021)
Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայ–ադրբեջանական բանակցությունները կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ 

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ բանակցությունները կշարունակվեն վաղը` մայիսի 16-ին, ժամը 14։00-ին։ Այս մասին tեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։

Այսօր տեղի ունեցած բանակցությունները, ինչպես արդեն հայտնել ենք, որևէ արդյունք չեն տվել։

«Ադրբեջանցիների հետ բանակցություններում հայկական կողմն ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար առանց որևէ նախապայմանի հեռանալ Հայաստանի տարածքներից և վերադառնալ իրենց ելման դիրքեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ՀՀ զինված ուժերը, կարևորելով իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ևս մեկ անգամ հայտարարում են, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են։

Ի դեպ, բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

Նշենք, որ Սյունիքում սահմանային միջադեպին առնչվող բանակցությունները սկսել էին ժամը 15-ից։ Այն կոորդինացնում էր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ 

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Երեկ` մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

317
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան, բանակցություն, ադրբեջանցի
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (161)
Ըստ թեմայի
Ժոնաթան Լաքոտը յուրահատուկ ձևով է արձագանքել սյունիքյան դեպքերին
Սյունիքում բանակցություններն սկսվել են. դրանք կոորդինացնում է Ռուստամ Մուրադովը
Սյունիքում ճանապարհը փակած անձանցից 8-ը բերման են ենթարկվել, 1-ը` ձերբակալվել
ՀՀ–ն բարձր է գնահատում միջազգային գործընկերների ջանքերը Սյունիքի հարցով. հայտարարություն
Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին Այվազյանը պատմել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին
Շտապօգնության ավտոմեքենա

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 15-ամյա տղա է մահացել

19
(Թարմացված է 23:36 16.06.2021)
Վարորդը տղային վրաերթի է ենթարկել հետընթաց կատարելու ժամանակ։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Նշվում է, որ ժամը 13:45-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 15-ամյա Սարգիս Թ.-ին։ Վերջինիս տեղափոխել են «Վեդի» բժշկական կենտրոն, սակայն տղան արդեն մահացած է եղել։ Սարգիս Թ․-ն ապրում էր Արարատի մարզի գյուղերից մեկում։

Ողբերգական վթար Ոսկետափ գյուղում․ տուժածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Դեպքի վայրում քննիչի կատարած զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Մահվան ելքով ավտովթար Տավուշում. մեքենան բախվել է գազատար խողովակին ու կողաշրջվել

19
թեգերը:
Մահ, տղա, Վրաերթ, Հայաստան
Արխիվային լուսանկար

Նախընտրական կարգախոսների մեսիջները. ինչի՞ վրա են շեշտը դնում քաղաքական ուժերը

36
(Թարմացված է 23:02 16.06.2021)
Sputnik Արմենիան փորձագետի հետ վերլուծել է նախընտրական մրցապայքարի առաջնորդների կարգախոսներն ու քարոզարշավը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանի քաղաքական ուժերն արդեն մեկ շաբաթից ավելի է` զբաղված են նախընտրական քարոզարշավով։ Ոմանք արդեն օգտագործել են ամենաուժեղ հաղթաթղթերը` իրենց վրա սևեռելով ընտրազանգվածի ուշադրությունը, մյուսները կենտրոնացել են բացառապես «բակային քարոզի» վրա և չեն խառնվում աշխարհի մեծերի «փոխհրաձգությանը»։

Բացարձակապես բոլոր կուսակցություններն ու դաշինքները ժամանակ և ուժ չեն խնայել` հորինելու քարոզչական հետաքրքիր «հնարքներ» և կարգախոսներ։ Թեև ոչ բոլորի մոտ է դա լավ ստացվել։

Sputnik Արմենիան PR ոլորտի փորձագետ Աստղիկ Ավետիսյանի հետ փորձել է վերլուծել վեց առաջնորդների կարգախոսներն ու վարած քարոզարշավը։

«Հետպատերազմական շրջանում տրամադրության անկում և որոշակի ապատիա է նկատվում։ Նման իրավիճակում դժվար է հասարակությանը կարգախոսներով գործողության մղել։ Չէ՞ որ կարգախոսի նպատակը այնպիսի ուղերձ հղելն է, որը կհիշվի և գործողության կմղի», – նշեց փորձագետը։

Սակայն, անկախ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ թվաքանակից, դրանց մեծամասնությունը հիմնականում նմանատիպ անուններ և կարգախոսներ են կիրառում։ Դա դժվարացնում է ընտրությունը հատկապես նրանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել։

Տիգրան Արզաքանցյանը դատարանում կվիճարկի ԿԸՀ-ի որոշումը

Բացի այդ, կարգախոսը պետք է դրական ուղերձ ունենա, ոգեշնչի և խթանի, սակայն քաղաքական ուժերի հիմնական մասի կարգախոսները փրփուրներից կախվելու տպավորություն են թողնում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` «Ապագա Կա՛ Ապագա»

Բուն «ապագա» բառը դրական նշանակություն ունի, իսկ նրա կրկնակի կիրառումն ամրապնդում է ազդեցությունը։ Սակայն տվյալ դեպքում խնդրահարույց է այն, որ այս կարգախոսը վերցրել է մի կուսակցություն, որն ասոցացվում է պատերազմում պարտություն կրելու, պետական կառավարման և տնտեսության մեջ ձախողելու հետ։ Հաշվի առնելով երեք տարվա կառավարումը և բոլոր այդ գործոնները, ապագայի հետ սեփական կուսակցությունը նույնականացնելն ընտրողների հետ շփման խոչընդոտներ է ստեղծում։ Այս համատեքստում կարգախոսը կարելի է դիտարկել որպես խորամանկ հնարք, որը թույլ է տալիս չխոսել այսօրվա մասին, գնահատականներ չտալ անցյալում մնացած աշխատանքին, բայց խոստանալ ապագա։

Միևնույն ժամանակ, կուսակցությունը կրկին շեշտը դնում է իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վրա, որը միայնակ է վարում ողջ նախընտրական քարոզարշավը։ Ինչպես և հեղափոխության ժամանակ, նա իրեն ներկայացնում է որպես ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ, շարունակում մնալ ընդդիմադիրի կերպարում, քննադատել նախորդներին։ Սակայն այս անգամ ագրեսիայի չափաբաժինն էապես ավելացել է, իսկ բառապաշարը` կոշտացել։

Նման հռետորաբանությունը կարող է գրավել հասարակության որոշ հատվածի ուշադրությունը` հիմնականում այն մարդկանց, որոնք վերլուծությամբ իրենց ուղեղը չեն ծանրաբեռնում։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը նախապատվությունը տալիս է խառը լսարանին և զանգվածային ելույթներին, ինչը պակաս արդյունավետ է սեփական ուղերձը տեղ հասցնելու տեսանկյունից։

«Հայաստան» դաշինք` «Դեպի ուժեղ Հայաստան»

Կարճ և հիշվող կարգախոս։ Նույնականացվում է դաշինքի առաջնորդի կերպարի, նրա վարքագծի և բառապաշարի հետ։ Քաղաքական ուժի կարգախոսի ուղերձն ու իմիջը լիովին համահունչ են։ Բացի այդ, այն լրացնում է սլաքի տեսքով դաշինքի խորհրդանիշը, որը ցույց է տալիս շարժում կամ ուղղություն, կամ ուժի մասին խոսող «մեծ»–ի նշան։ Քարոզարշավում բոլոր տարրերը լրացնում են միմյանց և ընտրողին փոխանցում սեփական ուղերձը։

Անկախ նրանից, որ քարոզարշավը տանում են դաշինքի բոլոր առաջնորդները, հիմնական շեշտը դրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, որն ասոցացվում է որոշումներ կայացնող և առողջ ապրելակերպ վարող կայուն, ուժեղ մարդու կերպարի հետ։

Նա վճռական և ուժեղ մարդու հեղինակություն ունի, ինչն արդիական է անվտանգության խնդիրների ֆոնին։ Ավելին, նա զսպվածություն է ցուցադրում, նրա հռետորաբանության մեջ «ներվ» չկա, սակայն հաճախ կատակում է և դրանցով պատասխանում իրեն «փողոցային բանավեճերի» մեջ ներքաշելու փորձերին։ Այս ամենը գրավում է ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող ընտրազանգվածին։

Դաշինքը գրագետ է աշխատում նաև թիրախային լսարանի հետ, առանձին հանդիպումներ կազմակերպում տարբեր պրոֆեսիոնալ խմբերի հետ և նրանց հասանելի լեզվով զրույցներ վարում։

«Պատիվ ունեմ»` «Ուղղի՛ր մեջքդ: Կպնե՛նք գործին: Որ ապրե՛նք»

Բավական երկար և դժվար հիշվող կարգախոս։ Այնքան էլ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ նկատի ունի քաղաքական ուժը, որն է նրա հիմնական ուղերձը, բայց արդեն նախընտրական քարոզարշավը լրացնող տեսահոլովակներում բացահայտվում են հասցեատերն ու ուղերձի նպատակը։ Կարգախոսում խոսակցական բառ է օգտագործվում (կպնենք), ինչն այնքան էլ բնորոշ չէ քաղաքական այդ ուժին, և դա դիսոնանս է առաջացնում։ Բացի այդ, այստեղ կուսակցության առաջնորդների հետ նույնականացում չկա, ինչը ևս այնքան էլ լավ չի անդրադառնում ընդհանուր արդյունքի վրա։

Սա միակ ուժն է, որի ցուցակը գլխավորում է մի մարդ, իսկ քարոզարշավը տանում մեկ ուրիշը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումն ուժեղացնում է քաղաքական ուժի դիրքերը, քանի որ նրա համախոհների թիվը խիստ գերազանցում է վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի համախոհների թիվը։ Վերջինիս վարկանիշն էապես իջել է ԱԱԾ տնօրենի` պաշտոնից հեռանալուց հետո։

Ի դեպ, Սերժ Սարգսյանը նոր կերպարով է ներկայացված։ Նա ավելի էմոցիոնալ է, կիրառում իրեն ոչ բնորոշ բառապաշար, որն ավելի մոտ է փաշինյանական հռետորաբանությանը։ Նա հարմարվում է ընտրազանգվածին, սակայն ոչ միանշանակ է ընկալվում լուռ զինվորականի իմիջով Սարգսյանի ավելի զուսպ «տարբերակի» համախոհների կողմից։

Հայ ազգային կոնգրես` «Լրջանալու պահը»

Կարգախոսն ահազանգում է սպառնալիքի և նրա մասշտաբների մասին ու փոխանցում իրավիճակի ողջ լրջությունը, սակայն գործողության չի մղում և քաղաքական ուժի հետ ասոցիացիա չի ստեղծում, հետևաբար քիչ արդյունավետ է։

Սակայն քաղաքական ուժի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ այն միանգամից է ասոցացվում, քանի որ արտացոլում է երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրա կարծիքը, իսկ բուն արտահայտությունը բազմիցս հանդիպել է քաղաքական գործչի հոդվածներում և վերլուծություններում։

 Բնականաբար, քարոզարշավն իրականացնում է ինքը` Լևոն Տեր–Պետրոսյանը, թեև մեդիահարթակներում հայտնվում են նաև նրա կուսակիցները։ Առաջին նախագահը շարունակում է մնալ իմաստուն առաջնորդի իր դերում։ Նա իր հավատարիմ հետևորդներն ու համախոհներն ունի, որոնք նրան կարծիքների առաջնորդ են համարում։ Նա, ինչպես միշտ, մի փոքր գոռոզ է, քննադատում է երկու հակամարտող կողմերին, սակայն այս անգամ նա ավելի անկեղծ է, իրեն որոշակի անկեղծություններ է թույլ տալիս, որոշակի «խաղաքարտեր» բացում, որոնց մասին նախկինում չէր խոսի։ Բացի այդ, նա ասոցացվում է հաղթանակի հետ (Արցախում), և դա օգտագործվում է նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Լուսավոր Հայաստան»` «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր»

Արդյունավետ կարգախոս է հատկապես չկողմնորոշված քաղաքացիների վրա ազդելու համար։ Կուսակցությունն արագ կողմնորոշվեց լարվածությունը հաշվի առնելով, ու շեշտը դրեց համերաշխության վրա, ինչը կգնահատեն երկրում լարված իրավիճակից հոգնած ու կայունություն տենչող ընտրողները։ Կուսակցությունը ոչ միայն իրեն դուրս է բերում հիմնական առաջնորդների հետ հակամարտությունից, այլև ստեղծում երրորդ` իր համար շահավետ ուղի։

Կուսակցությունն ապակենտրոնացած նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Մեդիա տիրույթում ներկայացնում է բազմաթիվ անձանց, քարոզը տարվում է միանգամից մի քանի ուղղություններով և փոքր խմբերով, ինչն արդյունավետ կերպով նրանց ուղերձը կհասցնի հասցեատիրոջը։ Բացի այդ, կուսակցությունն ուշադրություն է հրավիրում իր առաջնորդ Էդմոն Մարուքյանի վրա, որը բոլոր թեկնածուներից տարբերվում է իր զսպվածությամբ և դասական քաղաքական գործչի կերպարով։

Սա միակ կուսակցությունն է, որն ունի իր գույնը` մանուշակագույն։ Այն ընտրությունների համար որևէ նոր բան չի հորինում, այլ օգտագործում է իր բոլոր լծակներն ու ռեսուրսները` փոխելու ինչ–որ բան. թեկուզ փոքր քայլերով։ Այնուամենայնիվ, քաղաքական ուժը փորձում է կրեատիվ լինել։ Դրա առաջնորդը նախքան քարոզարշավի մեկնարկը սկսեց հարցազրույցներ անցկացնել, իսկ նախընտրական քարոզարշավի ամենաթեժ պահին մի տեսահոլովակ հայտնվեց, որը գրագողության կասկած առաջացրեց։

«Բարգավաճ Հայաստան»` «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն»

Կուսակցության կարգախոսը շատ երկար է և կուսակցության կամ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ասոցիացիա չի ստեղծում։ Այն դժվար է հիշել և չի կարող խթանել, որ քվեարկեն հենց այդ կուսակցության օգտին։

Այս անգամ ԲՀԿ–ն որոշել է հետևել միտումներին և խաղարկել անվտանգության հարցը, սակայն դա հակառակ ազդեցությունն ունի։ Կուսակցության նախորդ կարգախոսն («Մեր խոսքը գործ է») ավելի արդյունավետ էր և լրացնում էր Գագիկ Ծառուկյանի կերպարը` որպես իր խոսքի տեր մարդ։

Նախընտրական քարոզարշավը բավական կայուն է անցնում, անցնցում և առանձնացվող պահերով։ Հիմնական շեշտը դրված է Ծառուկյանի ելույթների վրա, որոնք անդրադառնում են անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացումների թեմաներին։ Նախապատվություն է տրվում զանգվածային միջոցառումներին, որտեղ ավելի շատ են հույզերը, սակայն ավելի քիչ` հասցեատիրոջը մեսիջը հասցնելու արդյունավետությունը։

Հատկանշական է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ նախընտրական քարոզարշավին մասնակցում են ՀՀ բոլոր երեք նախագահները, թեև նրանցից մեկը` Սերժ Սարգսյանը, ընտրություններին չի մասնակցում։ Ընտրություններին նաև ռեկորդային թվով քաղաքական ուժ է մասնակցում` 21 կուսակցություն և 4 դաշինք։ Տարբեր գնահատականներով` ընտրազանգվածի շուրջ 40-45 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե ում է տալու իր ձայնը, ինչը նախընտրական քարոզարշավի արդյունքն ավելի անկանխատեսելի է դարձնում։

«Ուշքի եկեք, հայրենիք ենք կորցնում». Սպիվակովան խոսել է Հայաստանի ճակատագրի մասին

36
թեգերը:
«Պատիվ ունեմ» դաշինք, «Հայաստան» դաշինք, կարգախոս, Ընտրություններ, քարոզարշավ
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել
«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից`արքաների դամբարանի մոտից և ներկայացրեց իրենց նպատակը
Եվգենի Սատանովսկի

«Էրդողանը կայսրություն է կառուցում». Սատանովսկին` Շուշիում Ադրբեջանի հետ հռչակագրի մասին

0
(Թարմացված է 23:54 16.06.2021)
Փորձագետի խոսքով` Թուրքիայի նախագահը այդ նպատակին հասնելու համար երկու գործիք է օգտագործում` պանթյուրքիզմն ու քաղաքական իսլամը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ Թուրքիան` Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ, նոր կայսրություն է կառուցում, և Շուշիի հռչակագիրը հերթական քայլն է այդ ճանապարհին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Քրդողանն ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելեց սկզբում Վարանդա (Ֆիզուլի), այնուհետև Շուշի, որտեղ կայացավ երկկողմ համաձայնագրի ստորագրումը (համագործակցության մասին հռչակագիր)։

Սատանովսկու կարծիքով` փաստաթղթում ամեն ինչ գրված է ուղիղ ձևով, ներառյալ պաշտպանական հարցերը։

«Ադրբեջանն ու Թուրքիան ներկա պահին դաշնակիցներ են։  Իհարկե ստորագրումը Շուշիում խորհրդանշական լուրջ ազդակ է։ Էրդողանը բավական լուրջ ծրագրեր ունի հետխորհրդային տարածքի, հատկապես թյուրքական աշխարհի երկրների, ինչպես նաև Ռուսաստանի թյուրքաբնակ շրջանների նկատմամբ։ Նա երբեք դա չի թաքցրել և չի թաքցնում։ Ահա այդ ծրագրերն էլ իրականացնում է», – ասաց Սատանովսկին։

Էրդողանը թուրքական նոր կայսրություն ստեղծելու երկու գործիք ունի։ Առաջինը` պանթյուրքիզմն է, երկրորդը` քաղաքական իսլամը, որը նա օգտագործում է թյուրքական աշխարհից դուրս տարածաշրջաններում։ Դրանցում պանթյուրքիզմը տարածված չէ։

Հետխորհրդային տարածքում այս գործիքին զգուշությամբ են վերաբերվում։ Դա նկատելի էր մասնավորապես Թուրքմենստանի ղեկավարության դիրքորոշման մեջ։

«Էրդողանը նոր կայսրություն է կառուցում, մենք տեսնում ենք դա նաև Շուշիի հռչակագրով», – նշեց Սատանովսկին։

Ադրբեջանն այդ ձևաչափում հանդես է գալիս որպես նավթի ու գազի աղբյուր, որպես բավական կարևոր և տարողունակ շուկա։ Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա դա պայմանական հասկացություն է։ Եթե դրա վրա տնտեսական ներուժի, ռազմական հնարավորությունների տեսանկյունից ազդեցություն կա, ապա այստեղ խնդիր չի առաջանում։

Հյուպատոսություն Շուշիում, Հայաստանի հետ աշխատելու առաջարկ. ինչ է ասել Էրդողանն Արցախում

Արդյո՞ք թուրքական ծրագրերը համապատասխանում են ադրբեջանականին` Սատանովսկին չգիտի։ Մինչ օրս նա այդ առիթով ոչինչ չի լսել Ադրբեջանի ղեկավարությունից։

«Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին առնվազն հաղթանակ է ապահովել արցախյան պատերազմում», – ասաց Սատանովսկին` նշելով, որ «Բաքուն գրավելու» մասին Ստեփանակերտից հայտարարություն անողներն անկարող եղան։

Առաջացած հարցերը պետք է ուղղել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ միայն։ Արցախը կռվում էր ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ Թուրքիայի` գեներալիտետի, անօդաչուների, սիրիացի վարձկանների։ Եթե չլինեին ռուսական զորքերը, հայկական Արցախից նույնիսկ հետքը չէր մնա։

Իմաստ չունի այսօր կանխատեսել, թե ինչ կլինի 4.5 տարի հետո, երբ Արցախում ռուս խաղաղապահների 5-ամյա մանդատն ավարտին կմոտենա։ Հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ նույնիսկ մեկ տարի անց։

«Հայկական կողմը հստակ ժամանակահատված ունի մինչ այն պահը, երբ ինչ-որ բան կարող է պատահել», – նշեց Սատանովսկին։

Ըստ նրա, շատ բան կախված է նրանից, թե այդ ընթացքում ինչ կհասցնի անել Հայաստանը, ուժեղանալու, վերակառուցվելու, ներկայիս իրավիճակից դուրս գալու համար։

Սատանովսկին կարծում է, որ կարելի է շարունակել ուրախանալ «ԱՄՆ դեսպանատան չափերով և ժողովրդավարություն խաղալ»` զբաղվելով փողոցային պոպուլիզմով, ինչպես արվել է վերջին տարիներին։ Սակայն դրա արդյունքում  հակառակորդի զորքերը կարող են հայտնվել Երևանում:

«Ալիևն ու Էրդողանը Շուշի են գնում, Փաշինյանը խոսում է մեր դրոշն այրելու մասին». Սաղաթելյան

Հիշեցնենք, որ 44-օրյա արցախյան պատերազմի արդյունքում ադրբեջանական ԶՈւ–ն գրավեց Շուշին։ Դրանից հետո մարտական գործողությունները դադարեցվեցին` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի  առաջնորդների կողմից նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության համաձայն։

0
թեգերը:
պանթուրքիզմ, Իլհամ Ալիև, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Շուշի, Արցախյան պատերազմ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Այցելություն Շուշի առանց «Գորշ գայլերի». արդյոք «Ստամբուլն» Էրդողանի համար գերեզման կդառնա
Թուրքիան իրականացնում է պանթյուրքիստական ծրագրերը. Սաֆրաստյանը` Շուշիի համաձանագրի մասին
Նոր օրենք՝ Արցախում. Շուշիին ու բռնազավթված մյուս տարածքներին կշնորհվի հատուկ կարգավիճակ