Օդանավակայան

Պարտադիր պայման է կամովին ներկայանալը. կառավարությունը համաներում է ՀՀ վերադարձողներին

241
(Թարմացված է 13:02 04.05.2021)
Կառավարության նախագծի համաձայն` համաներում կհայտարարվի 27 տարին լրացած շարքայինների և 35 տարին լրացած պահեստազորային սպաների համար, որոնք խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ վարժական հավաքից։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկել է շտապ կարգով ընդունել «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» նախագիծը։

Խորհրդարանի որոշմամբ` նախագծի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 3 ժամ հետո։

Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանն այսօր ԱԺ–ում ասաց, որ նախագծի նպատակը զինծառայությունից խուսափած անձանց Հայաստան վերադառնալու հնարավորություն ընձեռելն է, որպեսզի նրանք իրենց ավանդը ներդնեն երկրի տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտները զարգացնելու համար։

«Նախագծի նպատակն է նաև հետպատերազմական հետևանքների հնարավորինս մեղմումը և մարդասիրության ու համերաշխության սկզբունքների դրսևորումը»,– ասաց փոխնախարարը։

Նախագծով նախատեսվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորային սպաների` պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ վարժական հավաքից խուսափած քաղաքացիների համար։ Հովհաննիսյանը, սակայն հայտնեց, որ կառավարությունում որոշել են օրենքը տարածել նաև դրա ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպաների նկատմամբ։

Պատգամավորները նաև հետաքրքրվեցին, թե ինչպես են զորակոչից խուսափելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիները վերադառնալու Հայաստան։

«Նախագծում որպես պայման նշված է անձանց կամովին ներկայանալը։ Հետևաբար անձը պետք է ներկայանա համապատասխան մարմիններ, և համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո համաներումը կիրառվի»,– ասաց փոխնախարարը։

Նշենք, որ արդարադատության նախարարության տվյալներով՝ օրենքի ուժ ստանալուց հետո համաներում կստանա ավելի քան 5000 հետախուզման մեջ գտնվող ու 124 դատապարտված անձ։

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը, Sputnik Արմենիայի եթերում անդրադառնալով համաներման առաջարկին, ասել էր, որ այս նախագիծը բացառապես նախընտրական շրջանի տրամաբանության մեջ տեղավորվող քաղաքական քայլ է, բայց պետությանը ոչ մի օգուտ չի բերելու։

Ըստ նրա`ժամանակին կար այլ օրենք, որով զինծառայությունից խուսափողներին պատասխանատվությունից ազատում էին միայն կոնկրետ, շատ մեծ գումար վճարելու պայմանով, և եթե մի կողմից բանակը համալրման խնդիր ուներ, սակայն մյուս կողմից էլ գոնե գումար էր մտնում պետական բյուջե, ու այդ միջոցները կարելի էր օգտագործել պայմանագրային զինծառայողներ ներգրավելու համար։

241
թեգերը:
զորակոչ, ԱԺ, համաներում, Հայաստան
Ազգային ժողովի նիստ

Ընտրական օրենսգիրքը փոփոխվեց միաձայն

0
Նախագիծը մշակած «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները մեկ անգամ ևս նշեցին, որ այս փոփոխությունները չեն կիրառվելու սպասվող արտահերթ ընտրությունների ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը: Այն ընդունվեց 81 կողմ ձայնով:

Փաթեթով առաջարկվում է նվազեցնել ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի չափը: Գործող օրենքով կուսակցությունների դեպքում այն 10 միլիոն դրամ է, առաջարկվում է դարձնել 7,5 մլն, դաշինքի դեպքում՝ 15 մլն դրամ:

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, դաշինքի դեպքում, եթե այն կազմված է 2 կուսակցություններից, 7 տոկոսից բարձրանում է 8 տոկոս: Երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 տոկոս, իսկ 4 եւ ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս:

Փոխվում է նաև քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը: Առաջնահերթ կոալիցիա ձևավորելու հնարավորություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել: Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար, և նրանք համաձայնություն ունեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ։

Այժմ պատգամավորների նվազագույն թիվը 105 է (101+չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ)։ Նման նվազագույն թիվ է հավաքվում, եթե որևէ կուսակցություն կամ դաշինք հաղթում է ընտրություններում ՝ հավաքելով ձայների 50-ից 66 տոկոսը։

Եթե կուսակցությունը հավաքում է ավելի քան 66 տոկոս ձայն, ապա ընդդիմությանը տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց պատգամավորները խորհրդարանում կազմեն առնվազն մեկ երրորդը։ Եթե հաղթած կուսակցությունը հավաքում է ավելի քան 50 տոկոս, բայց 54 տոկոսից պակաս, նրանց տալիս են լրացուցիչ մանդատներ, որպեսզի կարողանան հավաքել մինչև 54 տոկոս ձայն՝ նույնիսկ բացակա կամ գործուղված պատգամավորների դեպքում խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար։

0
Աննա Հակոբյան

Քննությունը կպարզի` ինչպես է Աննա Հակոբյանը հայտնվել հրամանատարական կետում

25
(Թարմացված է 19:25 07.05.2021)
Քննչական կոմիտեն մերժել է հավելյալ տեղեկություն տրամադրել` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի` հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննչական կոմիտեում քննություն է տարվում։ Այս մասին հայտնել է ՔԿ–ն «Փաստինֆոյի» գրավոր հարցմանն ի պատասխան` մերժելով տեղեկատվության տրամադրումը` պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։

Աննա Հակոբյանը, պատերազմի օրերին գտնվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարական կետում և այնտեղից հետևել ռազմական գործողություններին, երբեմն նաև միջամտել։ Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելը պաշտոնապես հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե իր ընտանիքի անդամը բարոյահոգեբանական աջակցություն էր ցուցաբերում հրամանատարությանը։

Հիշեցնենք` «Wargonzo» տեղեկատվական նախագիծը, որն արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում ակտիվորեն լուսաբանում էր իրադարձությունները, անդրադարձել էր նաև հետպատերազմական տեղեկատվական արտահոսքերին և հայտնել, որ իրենց ծրագրի ղեկավար Սեմյոն Պեգովին զանգահարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` խնդրելով պատասխանել Վլադիմիր Սոլովյովի այն հաղորդմանը, որտեղ ռուսաստանցի հրատարակիչ, «News Media» հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը հայտարարել է, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատերազմի օրերին Արցախում մասնակցել է ռազմական խորհրդի նիստերին և դրանցից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել գեներալ Մովսես Հակոբյանի հետ:

Ավելի ուշ գեներալն ասուլիս էր հրավիրել և ասել, որ ինքը Աննա Հակոբյանի հետ միջադեպ է ունեցել, քանի որ նրան հորդորել է չմիջամտել բարձրաստիճան ծառայողների որոշումներին կամ քննարկումներին։

25
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Աննա Հակոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատրաստվելով պատերազմի` մենք հակառակորդին դրդել ենք պատերազմի. Փաշինյան
Իմ կողմից նշանակված 2 պաշտոնյա արդեն բանտում են. Փաշինյանը ողջունեց նոր բացահայտումները
Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին