ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի– Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միացավ ԱՄՆ Կոնգրեսին և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` ընդգծելով, որ տեղի ունեցածը այլևս երբեք չպետք է կրկնվի: Մենք անկեղծորեն երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նվիրվածության, եռանդի և բարոյական կամ ցանկացած այլ աջակցության միջոցով իրականացրին դա և նպաստեցին արդարության վերականգնմանը: Դուք և Ձեր թիմը մշտապես բարձրաձայնել եք, որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բարբարոսությունը ցեղասպանություն էր: Ձեր արժեքներին հավատարիմ մնալով՝ արեցիք ամեն ինչ` հասնելու Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և հիշատակմանը: Շնորհակալություն, տիկին խոսնակ»,–գրել է ՀՀ նախագահը:
Հիշեցնենք` ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իր հերթին հայտարարեց, որ խորապես վշտացած է իր ամերիկյան գործընկերոջ հայտարարությամբ։