Ավտոմեքենաներ

Կառավարությունը խթանում է ավտոմեքենաների վաճառքը Հայաստանում

107
(Թարմացված է 11:29 29.04.2021)
Կառավարությունն ընդունեց ավտոմեքենաների երկրորդական շուկան զարգացնելու միտում ունեցող օրինագծերի փաթեթը, որով առաջարկում է նվազեցնել ավտովաճառողներից գանձվող հարկերը, իսկ գնորդներին ապահովում է գործարքների ավելի քաղաքակիրթ պայմաններ։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի կառավարությունը որոշել է Հայաստանում աշխուժացնել ավտոմեքենաների` 2019թ–ից ի վեր լճացման մեջ գտնվող առևտուրը։ Այդ նպատակով մշակվել է օրենսդրական նախագծերի մի ամբողջ փաթեթ, որն այսօր հավանության արժանացավ կառավարության հերթական նիստում։

«Այս պարագայում խոսքը օգտագործված ավտոմեքենաները նորով փոխարինելու համակարգի մասին է։ Աշխարհում լայնորեն տարածված է, երբ մարդիկ իրենց մեքենաները հանձնում են ու որոշակի գործարքի արդյունքում ստանում նոր մեքենա։ Մենք մեր ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ մեր գործող հարկային համակարգն այս պրոցեսի համար նպաստավոր չէ և չի շահագրգռում, որ այդ շուկան զարգանա»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` օրենքների փոփոխությունների դեպքում ոչ միայն կպարզեցվի հին ավտոմեքենան նորով փոխարինելու գործընթացը, այլև կթարմանա ավտոմեքենաների պարկը։

Օրինագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանում ներդնել աշխարհի զարգացած երկրներում արդեն վաղուց լայնորեն կիրառվող Trade-in համակարգը, որի օգնությամբ քաղաքացիներն իրենց օգտագործված ավտոմեքենաները հանձնում են տվյալ մակնիշի արտադրողի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչին ու դրա փոխարեն գնում նորը` վճարելով գնային տարբերությունը։ Ներկայացուցիչն էլ հետագայում վերանորոգում է օգտագործված ավտոմեքենան ու վերավաճառում` շահավետ պայմաններով շահույթ ստանալով։

«Այսօր գործող օրենքով հին ավտոմեքենան նորով փոխարինելու դեպքում գնորդը ստիպված է լինում ԱԱՀ վճարել ավտոմեքենայի ամբողջ արժեքի 20%-ի չափով, իսկ նոր կարգավորումներով ընդամենը գնային տարբերությունից պետք է վճարեն»,– ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` հավելելով, որ առաջարկվող կարգը տրամաբանական է, քանի որ Հայաստանում այսօր շահագործվող բոլոր ավտոմեքենաների համար դրանց ամբողջ արժեքի համար ԱԱՀ արդեն մեկ անգամ վճարվել է։

Կառավարությունն առաջարկում է նաև, որ այս գործառույթն իրականացնելու համար ընտրվեն հատուկ ընկերություններ, որոնք կառավարությունից լիցենզիա կստանան։

Այդ նոր կարգին հարմարվելու նպատակով գործադիրն առաջարկում է օրենքին իրավական ուժ տալ միայն 6 ամիս հետո։

Հիշեցնենք` 2015-2019թթ–ին Հայաստանում ավտոմեքենաների ներկրումն ու վաճառքը բավական մեծ չափերի էր հասել ԵԱՏՄ–ի տրամադրած արտոնյալ պայմանների շնորհիվ, ինչի արդյունքում ներկրման հարկը, ի տարբերություն ԵԱՏՄ անդամ այլ երկրների, Հայաստանում անհամեմատ ավելի ցածր էր։

Պաշտոնական տվյալներով` միայն 2019թ–ին Հայաստան է ներկրվել 159 000 մեքենա, որոնց մեծ մասը վերավաճառվել ու արտահանվել է ԵԱՏՄ երկրներ։ Իսկ շուրջ 40 000–ն առ այսօր մնում է Հայաստանում, ու փորձ է արվում դրանք վաճառել արդեն ներքին շուկայում։

Բանն այն է, որ Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետի ավարտի հետ ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը 2020թ–ի հունվարի 1-ից ավելացավ` 10%-ից դառնալով 30-50%, որից հետո Հայաստան ավտոմեքենա ներկրելը, առավել ևս վերաարտահանելը դարձավ ոչ շահավետ։

107
թեգերը:
կառավարություն, Նիկոլ Փաշինյան, ավտոմեքենա, Հայաստան
Ըստ թեմայի
Հաղթահարել ենք վատագույնը, բայց դեռ չենք կարող խոսել ամբողջական վերականգնման մասին. Քթոյան
ԵԱՏՄ–ում նախագիծ են մշակում պարենի դեֆիցիտի դեմ արագ պայքարելու համար
Բյուջեի կատարողականի բեմականացումը, կամ բոլորը մեղավոր են, բացի իրական պատասխանատուից
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին

184
(Թարմացված է 00:35 13.05.2021)
ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային, բայց կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Սյունիքում կատարվածն իր բնույթով դիվերսիոն անցում է։ Այսպես է գնահատել ադրբեջանական ԶՈւ գործողությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի մասին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշեցրել է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր` ըստ էության, փորձ անելով պարփակել Սև լիճը:

«Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ, և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում:

«Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»,–ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ՀՀ–ն որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվի այս պահին առկա իրավիճակն ու հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները:

Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա և պարտադրել իր պահանջները

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է, և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: «Ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

184
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Իշխանասար, Սյունիք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին 
Արման Թաթոյանը Սյունիքում

Սյունիքում ադրբեջանական զինվորներին նկատել է հովիվը, որին հետո սպառնացել են. Արման Թաթոյան

248
(Թարմացված է 23:57 12.05.2021)
Այս ամենը մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի, իսկ ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Սյունիքում ադրբեջանական զինվորականներին նկատել է Գորիս համայնքի Վերիշեն գյուղի հովիվն իր մակատեղիից, որտեղ պահվում են կենդանիներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով այսօր Սյունիքում տեղի ունեցած դեպքերին։

Այսօր լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Ահազանգերով նշվել է, որ հովվի մակատեղին գտնվում է բնակիչների կողմից օգտագործվող արոտավայրի տարածքում՝ Սև լճից դեպի Վերիշեն բնակավայրն ընկած տարածքում. Սև լիճը գտնվում է ՀՀ տարածքում: Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին»,–նշվածէ ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Դրանից բացի, ինչպես սահմանային բնակիչները, այնպես էլ համայնքային մարմինները Թաթոյանին վստահեցրել են, որ Սև լիճն իրեն հարող արոտավայրերով խորհրդային տարիներից սկսած` գտնվել է Հայաստանի տարածքում: Բնակիչների ու համայնքային մարմինների գնահատմամբ՝ ադրբեջանական զինվորականները Սև լճից անգամ առաջացել են մի քանի կիլոմետր քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ և տեղակայվել այդ վայրերում:

Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները հաստատում են, որ Սև լճին հարակից վայրերն անփոխարինելի նշանակություն ունեն սահմանային բնակավայրերի բնակիչների համար: Հարցն այն է, որ այդ տարածքներն օգտագործվում են որպես արոտավայրեր, ինչպես նաև այդ վայրերից են գոյանում հարակից համայնքների խմելու և ոռոգման ջրային պաշարները:

Խոսքը մասնավորապես Տեղ, Սիսիան, Գորիս համայնքների, այդ համայնքների Խնածաղ, Վաղատուր, Խոզնավար, Վերիշեն և մյուս բնակավայրերի մասին է:

Թաթոյանն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունեն նրանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների արարքները բացահայտ սարդանք են ՀՀ բնակչության նկատմամբ:

Նշվում է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանն այս հայտարարությունը կուղարկի միջազգային մարմիններին՝ արձանագրելով, որ այս ամենը մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի, իսկ ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

248
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Իշխանասար, Արման Թաթոյան, Սյունիք
Ըստ թեմայի
Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին