AstraZeneca

«Սպուտնիկ V»-ին վստահում են. Ավանեսյանն ու Ավինյանն ասացին` ինչու են ընտրել «AstraZeneca»

91
(Թարմացված է 18:31 28.04.2021)
Անահիտ Ավանեսյանն ու Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվեցին։ Երկուսն էլ պատվաստումից հետո ասացին, որ իրենց լավ են զգում։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. «AstraZeneca»-ով պատվաստվելու ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հենց դրա մասին են տարածվում սուտ լուրեր։ Պատվաստվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Պաշտոնական տվյալների համաձայն` «AstraZeneca»-ով պատվաստված 200 մլն անձանցից ընդամենը մի քանի տասնյակ մարդկանց մոտ են կողմնակի բարդություններ առաջացել։ Այժմ շատ ակտիվորեն տարածվում է թմրամիջոցների մասին մանիպուլյատիվ տեղեկատվություն, և մենք որոշեցինք մեր օրինակով ցույց տալ, որ դա որակյալ պատվաստանյութ է»,–ասաց նա։

Ավինյանը հավելեց նաև, որ ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակի ձեռքբերման համար բանակցություններն ընթացքի մեջ են։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասածին, թե Հայաստանին 1 մլն դեղաչափ է անհրաժեշտ`Ավինյանը նշեց` պայմանավորվածությունն ուժի մեջ է։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ընտանիքի՝ քրոջ և ամուսնու հետ նույնպես պատվաստվեց «AstraZeneca»-ով` ասելով, որ բնակչության շրջանում դեղամիջոցի նկատմամբ վստահություն չկա:

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից առաջ պե՞տք է թեստ հանձնել. պատասխանում է նախարարությունը

«Մեր քաղաքացիները վստահում են ռուսական «Սպուտնիկ- V» պատվաստանյութին, իսկ «AstraZeneca»-ի հետ կապված նրանք հարցեր ունեն։ Անկեղծ ասած, սկզբում նույնիսկ չէինք ուզում հրապարակել, թե որ պատվաստանյութն ենք ընտրել, քանի որ դրանք բոլորն էլ որակյալ են և արդյունավետ»,–ասաց նախարարը։

Ավինյանն ու Ավանեսյանը նշեցին, որ պատվաստումից հետո իրենց լավ են զգում։ Երկրորդ դոզան նրանք կստանան 2 ամսից:

91
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, Սպուտնիկ V, «AstraZeneca» պատվաստանյութ, Անահիտ Ավանեսյան, Տիգրան Ավինյան
Ըստ թեմայի
Արցախ է ուղարկվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Հայաստան է ներկրվել «Սպուտնիկ- V» պատվաստանյութ` նախատեսված 14 000 անձի համար
Հայտնի է` որ պատվաստանյութով կպաստվաստվի Հայաստանի առողջապահության նախարարը
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին

184
(Թարմացված է 00:35 13.05.2021)
ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային, բայց կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Սյունիքում կատարվածն իր բնույթով դիվերսիոն անցում է։ Այսպես է գնահատել ադրբեջանական ԶՈւ գործողությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի մասին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշեցրել է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր` ըստ էության, փորձ անելով պարփակել Սև լիճը:

«Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ, և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում:

«Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»,–ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ՀՀ–ն որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվի այս պահին առկա իրավիճակն ու հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները:

Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա և պարտադրել իր պահանջները

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է, և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: «Ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

184
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Իշխանասար, Սյունիք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին 
Արման Թաթոյանը Սյունիքում

Սյունիքում ադրբեջանական զինվորներին նկատել է հովիվը, որին հետո սպառնացել են. Արման Թաթոյան

247
(Թարմացված է 23:57 12.05.2021)
Այս ամենը մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի, իսկ ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Սյունիքում ադրբեջանական զինվորականներին նկատել է Գորիս համայնքի Վերիշեն գյուղի հովիվն իր մակատեղիից, որտեղ պահվում են կենդանիներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով այսօր Սյունիքում տեղի ունեցած դեպքերին։

Այսօր լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Ահազանգերով նշվել է, որ հովվի մակատեղին գտնվում է բնակիչների կողմից օգտագործվող արոտավայրի տարածքում՝ Սև լճից դեպի Վերիշեն բնակավայրն ընկած տարածքում. Սև լիճը գտնվում է ՀՀ տարածքում: Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին»,–նշվածէ ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Դրանից բացի, ինչպես սահմանային բնակիչները, այնպես էլ համայնքային մարմինները Թաթոյանին վստահեցրել են, որ Սև լիճն իրեն հարող արոտավայրերով խորհրդային տարիներից սկսած` գտնվել է Հայաստանի տարածքում: Բնակիչների ու համայնքային մարմինների գնահատմամբ՝ ադրբեջանական զինվորականները Սև լճից անգամ առաջացել են մի քանի կիլոմետր քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ և տեղակայվել այդ վայրերում:

Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները հաստատում են, որ Սև լճին հարակից վայրերն անփոխարինելի նշանակություն ունեն սահմանային բնակավայրերի բնակիչների համար: Հարցն այն է, որ այդ տարածքներն օգտագործվում են որպես արոտավայրեր, ինչպես նաև այդ վայրերից են գոյանում հարակից համայնքների խմելու և ոռոգման ջրային պաշարները:

Խոսքը մասնավորապես Տեղ, Սիսիան, Գորիս համայնքների, այդ համայնքների Խնածաղ, Վաղատուր, Խոզնավար, Վերիշեն և մյուս բնակավայրերի մասին է:

Թաթոյանն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունեն նրանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների արարքները բացահայտ սարդանք են ՀՀ բնակչության նկատմամբ:

Նշվում է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանն այս հայտարարությունը կուղարկի միջազգային մարմիններին՝ արձանագրելով, որ այս ամենը մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի, իսկ ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

247
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Իշխանասար, Արման Թաթոյան, Սյունիք
Ըստ թեմայի
Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին