Հարություն Մարության

Ցեղասպանության ճանաչման հարցում ո՞րն է մեր միակ «զենքը». Հարություն Մարությանի ակնկալիքը

92
(Թարմացված է 18:51 23.04.2021)
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է` ինչպես կարող ենք հասնել Ցեղասպանության ճանաչմանը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Վերջին իրադարձություններից, մասնավորապես, արցախյան 44–օրյա պատերազմից հետո Թուրքիան կարծես ավելի է թևավորվել, և առաջիկա տարիների համար չկան նախադրյալներ, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման կգնա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։

«Թուրքիան ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո, շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը` մեզ հետ խոսելով պայմանների լեզվով։ Թուրքիան որևէ կերպ չի փոխել իր մոտեցումները»,–ասաց Մարությանը։

Նրա խոսքով` այս պարագայում միայն ու միայն միջազգային ճնշումը կարող է Թուրքիային ստիպել, որ ճանաչի Ցեղասպանությունը։ Մարությանը նշում է, որ բացի միջազգային կառույցների, հանրության հետ աշխատելուց, Հայաստանն այլ «զենք» չունի։ Հենց միջազգային կառույցների հետ համագործակցությամբ էլ, ըստ նրա, պետք է պայքարենք պատմական արդարության և մեր խախտված իրավունքների վերականգնման համար։

Այս համատեքստում Մարությանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը` հույս հայտնելով, որ համանախագահները կակտիվանան Թուրքիայի հարցում իրենց գնահատականներում։

«Կարծում եմ` միջազգային կառույցները համարժեք չեն արձագանքում Թուրքիայի քայլերին։ Ես ավելին եմ ակնկալում։ Սակայն մյուս կողմից` դա ժամանակ պահանջող գործընթաց է, և պետք է անընդհատ շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»,–ասաց Մարությանը։

Հարցն այն է, որ Ցեղասպանության վերապրողներից արդեն գրեթե մարդ չի մնացել, իսկ նրանք, ովքեր դեռ ողջ են, ինչ–որ բան պատմել ի վիճակի չեն։ Հենց այս իսկ պատճառով էլ, ըստ Մարությանի, պետք է նախ վերապրողների ձեռքի տակ եղած տեսագրություններն աշխարհով մեկ տարածել, բացի այդ, վերապրողների ժառանգների հուշերը նաև հավաքագրել, ներկայացնել։

Մարությանը նշեց, որ «Շոա» հիմնադրամը լավագույն օրինակ է. դեռ 1994-ին Սթիվեն Սփիլբերգը հիմնեց հիմնադրամը, որտեղ հավաքագրվել են Հոլոքոստի շուրջ 52 վերապրածների և այլ ականատեսների տեսանյութային վկայություններ, և իր տեսակի մեջ այն աշխարհի ամենամեծ արխիվներից է:

Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Wall Street Journal

Ուստի, ըստ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի` պետք է մենք էլ աշխատանք տանենք միաժամանակ գիտության, մշակույթի և դիվանագիտության ոլորտներում, որպեսզի միջազգային կառույցներն ու հանրույթը ճնշում գործադրեն Թուրքիայի վրա։

Մարությանն անդրադարձավ նաև Ադրբեջանի տարածքում հայտնված հայկական մշակութային ժառանգությանը` ասելով, որ հետազոտական աշխատանք պետք է արվի։

«Մենք անգլերեն հոդվածներ ենք հրապարակում, բայց ավելի շատ քայլեր պետք է արվեն։ Հիմա ուզում ենք գիտական հարթության մեջ այդ հարցը դիտարկել և լուծումներ առաջարկել։ Այսինքն` կարծում ենք, որ պետք է ինֆորմացիան շատ ավելի լայն տարածում ունենա հենց գիտական հրապարակումների միջոցով»,–ասաց Մարությանը։

Նա նշեց նաև, որ այս ամենին զուգահեռ, պետք է նաև դեօկուպացիայի խնդիր դրվի։

Հավելենք, որ վաղը` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։

Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան

92
թեգերը:
Հայաստան, Հարություն Մարության, Թուրքիա, Հայոց ցեղասպանություն, Ցեղասպանություն
Ըստ թեմայի
ՄԱԿ-ը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին լուրը
Հայ արվեստագետները հիշեցրել են Ցեղասպանության ու կարմիր կակաչներով պատերազմի մասին
Բաքվում հայտարարել են, որ կտրուկ կդատապարտեն ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում
Արխիվային լուսանկար

267 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

8
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 267–ով և դարձել 220217: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8124 մարդ, կատարվել է 1026974 թեստավորում, առողջացել են վարակվածներից 206752-ը: Գրանցվել է մահվան 4291 դեպք (+19)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը՝ 1050։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

8
թեգերը:
Մահ, հիվանդ, համավարակ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Moderna»-ն ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ
Դավիթ Բաբայանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և լուսանկար հրապարակել
«Արդյունքը լավ է»․ Պուտինը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին
Արխիվային լուսանկար

Ընտրություններին մասնակցող ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը. ՄԻՊ

13
(Թարմացված է 10:36 13.05.2021)
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքի ու ատելության տարածումը։ Այդ մասին նշված է ՀՀ մարդու պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում. կիրականացվեն ուսումնասիրություններ, բողոքների ու դիմումների քննարկում Պաշտպանի իրավասությանը վերաբերող հարցերով:

«Ընտրական իրավունքի երաշխավորումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար ուղղություններից է: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը:

Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։

Այս նպատակի համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերից է ապահովել վիրավորանքի, հայհոյանքի ու ատելության բացառումը, երկրում համերաշխության մթնոլորտի երաշխավորումը:

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները, հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը ցույց է տալիս, որ արդեն սոցիալական ցանցերում ակտիվացել են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն ավելացնում են լարվածությունը:

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքը իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ կապ:

Պաշտպանի աշխատակազմում կգործի աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում:

Քվեարկությանը օրը Պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն աշխատելու են վաղ առավոտից՝ 24 ժամյա ռեժիմով: Աշխատանքային խմբի ներկայացուցիչները կգործուղվեն այն մարզեր կամ համայնքներ, որտեղ չկան մարզային ստորաբաժանումներ։

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116‑100:

13
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
ԱԺ–ն երկրորդ անգամ չընտրեց Փաշինյանին. Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների
Արտահերթ ընտրությունները կանցկացվեն առանց գրիչների. ԿԸՀ–ն հաստատեց նոր քվեաթերթիկի ձևը
Հայտնի է` երբ կմեկնարկի ԱԺ ընտրությունների քարոզարշավը. ԿԸՀ–ն հաստատեց ժամանակացույցը