ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Սարքերը կօգնեն COVID-19-ով հիվանդներին։
«Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցողների բուժման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հիշեցնում են, որ համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ակտիվորեն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Այս աջակցությունը ևս տրամադրվում է COVID-19-ի համավարակին ուղղված ԵՄ արձագանքման շրջանակում։ Դեռ 2020 թվականին ծրագրի շրջանակում տրամադրված 100 թթվածնի խտացուցիչները բաշխվել են COVID-19 սպասարկող հիվանդանոցներին՝ օգնելով հարյուրավոր հիվանդների։
Բժիշկը հերքել է կորոնովիրուսի դեմ պատվաստման միջոցով բնակչության «չիպավորման» միֆը
Բացի այդ, տրամադրվել են նաև 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոցներ, 20 էլեկտրասրտագրության սարք և 11 պացիենտի մոնիտոր։ Ազգային լաբորատորիաներին տրամադրվել է 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։ Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվեն 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։