Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոսը)

Կյանքից հեռացել է Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը

2067
(Թարմացված է 12:11 01.04.2021)
Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում։ Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Կյանքի 82–րդ տարում այսօր մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար  Կոմանդոսը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց իր ընկերներից գնդապետ Արա Մուրադյանը։

Արկադի Տեր-Թադևոսյանը մահացել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում։ Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ մայրաքաղաք Թբիլիսիում։

Նա Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։

1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 

1992 թվականի մայիսին 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

2067
թեգերը:
գեներալ, Մահ, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս)
Շուռնուխ. արխիվային լուսանկար

«Տաքություն ունեի, մեռնում էի». Փաշինյանի այցից հետո շուռնուխցուն բերման են ենթարկել

2
ՀՀ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, թե ինչ գործի շրջանակներում է բերման ենթարկվել Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, թե ինչպես են ոստիկանության Սյունիքի բաժնի աշխատակիցները ՀՀ քննչական կոմիտե բերման ենթարկում առողջական խնդիր ունեցող շուռնուխցուն, որը ներկայանում է Արարատ Աղաբեկյան անուն–ազգանունով։

50-60 տարեան տղամարդը տեսանյութում ոստիկաններին հայտնում է, որ բարձր ջերմություն ունի, թոքաբորբով հիվանդ է ու տնից դուրս գալիս դեղերը չի վերցրել։

«Այս ամեն ինչի հետ ես ի՞նչ կապ ունեմ, չեմ հասկանում։ Մինչև էդ էլ տանը տաքություն ունեի, մեռնում էի։ Էսօր էլ պիտի կորոնայի թեստ հանձնեի»,– քննիչներին ասում է տղամարդը։

Տեսանյութում երևում է, որ բերման ենթարկվող քաղաքացին դժվարությամբ է շնչում ու չի կարողանում կանգնել կամ ուղիղ նստել աթոռին։

Չնայած դրան, ոստիկանները նրան բաժանմունք են բերում ձեռնաշղթաներով։

Տեսանյութը նկարահանող կինը ոստիկաններին ներկայանում է որպես իրավապաշտպան ու պահանջում, որ նրանք շտապօգնություն կանչեն։

ՀՀ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Արարատ Աղաբեկյանը բերման է ենթարկվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին և 3-րդ և 316 (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածի 1-ին մասով ՔԿ–ում հարուցված քրեական գործի շրջանակներում։

Թե քրեաիրավական ինչ կարգավիճակ ունի շուռնուխցի տղամարդը, ՔԿ–ում առայժմ չեն հստակեցնում։

2
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Պուտինին, Բայդենին, Մակրոնին և այլոց

262
(Թարմացված է 13:37 22.04.2021)
ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել երկու տասնյակից ավելի երկրների, միջազգային կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Լիբանանի, Հունաստանի նախագահներին, Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, Նիդեռլանդների, Բելգիայի, Շվեդիայի թագավորներին և այլոց: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահներին, խորհրդարաններին, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներին՝ Հայոց ցեղասպանությունը տարբեր ձևաչափերով ճանաչելու, դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայոց ցեղասպանության ճանաչումը, Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը, Ձեր հրամանագրով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը ևս մեկ անգամ ընդգծում են Ֆրանսիայի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ռուսաստանի և անձամբ Ձեր ջանքերը: Ցեղասպանության ճանաչումը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիրը, Պետական դումայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում են Ռուսաստանի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղած նամակում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել 2019թ. ԱՄՆ կոնգրեսի զույգ պալատների որոշումը և մասնավորապես նշել. «Հայաստանում մեծ գոհունակությամբ ընդունեցինք 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որին հաջորդեց ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է ճանաչել մարդկության դեմ իրականացված հանցագործությունը. «Մենք համոզված ենք, որ ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Ակնկալում ենք, որ Դուք կվերահաստատեք պատմական արդարությունն առաջ մղելու և նոր ցեղասպանությունները կանխելու Ձեր հանձնառությունը»:

Նամակներում Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:

262
թեգերը:
Ջո Բայդեն, Էմանուել Մակրոն, Վլադիմիր Պուտին, Արմեն Սարգսյան, Հայաստան
թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
Ըստ թեմայի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի շարք կուսակցությունների ղեկավարների
Արմեն Սարգսյանը նկարել է Արարատ լեռը. Վրաստանի նախագահը լուսանկար է հրապարակել
Արմեն Սարգսյանը Թբիլիսիում պատմել է` ինչի մասին է խոսել վրացի գործընկերների հետ