ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված Անվտանգության
խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Սյունիքում կսկսվի «Հյուսիս–հարավի» շինարարությունը, որը կկապվի Իրանի հետ։ Մեր գլխավոր խնդիրը այժմ կոմունիկացիաների բացումն է մեր հարևանների հետ։ Ռուսաստանի հետ մենք ունենք միայն մեկ կապող ցամաքային ճանապարհ, որի գործունեությունը կախված է եղանակային պայմաններից, ինչը մարտահրավերներ է ստեղծում», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանը այս նոր իրավիճակում պետք է գնահատի այն հնարավորությունները, որ կան շրջափակումը վերացնելու առումով, և փոխի իր դիրքը մարտահրավերների նկատմամբ։
«Մյուս կողմից պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի կենսական շահերի հաշվին, այլ հակառակը` պետք է այդ գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը՝ իհարկե նաև պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության», – նշել է վարչապետը
Փաշինյանը վստահ է, որ պետք է կայացվեն որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի ու Արցախի երկարատև ու կայուն զարգացումը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
«Ցեղասպանության տարրեր եղել են Արցախյան պատերազմի օրերին` խոսքը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունների, ռմբահարումների մասին է։ Բացի այդ, խաղաղ բնակչությանն իրենց բնակավայրերից արտաքսումը նույնպես ցեղասպան դրսևորում է»,–ասաց Մարությանը։
Նա հավելեց նաև, որ պատերազմի առաջին օրվանից փորձել են կապվել իրենց գիտական գործընկերների հետ, և շուրջ 160 նամակներ են ուղարկել ցեղասպանության թանգարաններ, գիտական կենտրոններ։ Որոշ կենտրոններից արձագանքներ եղել են, որոշները լռել են։
Մարությանի խոսքով` բացի այդ, պատերազմը ցույց տվեց, որ մենք օտար լեզվով մեր գիտական նյութերը ներկայացնելու խնդիր ունենք։ Հենց դրա հետ կապված էլ 2022-ին գիտաժողով կանցկացվի, որը կանդրադառնա այն թեմային, թե ինչպես է պետք դասավանդել Հայոց ցեղասպանության թեման։ Մարությանը նշեց` այստեղ աշխատելու և մտածելու տեղ կա։
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի քաղաքականությունը փոխելու փորձ չի եղել. Մարության
Նա հայտնեց նաև, որ թանգարան–ինստիտուտի ներքին ռեսուրսներով խումբ են բացել, որը կուսումնասիրի արցախյան հիմնահարցը, Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Փափազյանը դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գերծանր քաշային կարգի կիսաեզրափակչում Փափազյանը փայլուն հաղթանակ է տարել Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալել է մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մարտը:
«Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ասել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ: