ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Նամակը, ըստ Թաթոյանի, վերաբերում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխություններին՝ կապված ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորման կարգի փոփոխության հետ:
Բարբարա Բերնաթը Արարատ Միրզոյանին հորդորում է պահպանել պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը:
«Բաց նամակում նշված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը լայնորեն ճանաչվել է միջազգային լավագույն փորձ, և իրենք այն առաջարկում են այլ երկրների՝ կանխարգելման ազգային մեխանիզմներ հիմնադրելիս: Բարբարա Բերնաթը նշել է, որ հենց այս և անկախության մյուս երաշխիքներն են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դարձրել են այսքան ուժեղ և վստահելի գործընկեր խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարում»,- հայտնում է Թաթոյանը:
Բաց նամակում նաև անդրադարձ է արվել այն հարցին, որ փոփոխություններն արվել են առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ պատշաճ խորհրդակցության կամ քննարկման։ Նա առաջարկել է ապահովել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հետագա քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի հետ ամբողջական խորհրդակցությամբ։
Հիշեցնենք, ավելի վաղ Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը ևս բաց նամակով դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձ է և կոչ է արել պահպանել այն:
Կառավարության ընդունած որոշմամբ` առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որով էլ ամրագրված է, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի կարող ցածր լինել նախորդ տարվա բյուջեով հատկացված չափից։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 13-ին հայտարարեց, որ կառավարությունը փորձում է վերացնել ՄԻՊ–ի անկախությունը:
Ֆիննախի պարզաբանումները պարզապես բարի ցանկություններ ու խոստումներ են. ՄԻՊ
Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:
Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցնի պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Ավելին, առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրական ռիսկ, որ դա կհանգեցնի միջազգային «A» կարգավիճակից զրկելուն:
Սա իր հերթին մեխանիկորեն կզրկի պաշտպանին, օրինակ, ՄԱԿ-ի կառույցներում ելույթներ ունենալու, միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում ընտրելու և ընտրվելու հնարավորությունից։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրդյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։
Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:
Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:
Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։
Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։
Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։
Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարական ներկայացրեց։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հեռանկարներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` ըստ պաշտոնական հաղորդագրությունների` Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ նախորդ նիստն անցկացվել էր մարտի 30-ին։