Գորիս–Կապան ավտոճանապարհ

ՀՀ իշխանությունը չի բացահայտում Ադրբեջանի հետ «գաղտնի» պայմանավորվածության տեքստը

1072
(Թարմացված է 11:19 24.03.2021)
ՀՀ իշխանությունը մինչ այժմ հասկանալի կերպով չի բացատրել, թե Սյունիքի հարցում ինչ են պայմանավորվել Հայաստանն ու Ադրբեջանը։ Sputnik Արմենիան 8 հարցում է ուղարկել ու խնդրել տեքստ տրամադրել:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի -Sputnik. Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության տեքստը, որը վերաբերում է Սյունիքի մարզի ճանապարհների առանձին հատվածների անվտանգության ապահովմանը, թաքցնում են հասարակությունից:

Sputnik Արմենիան դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին և մի շարք նախարարությունների՝ խնդրելով լույս սփռել այդ «համաձայնագրի» վրա։

Ստացված պատասխանները ներկայացնելուց առաջ հակիրճ նկարագրենք իրադարձությունների զարգացման ժամանակագրությունը։

Ժամանակագրություն

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարություն ստորագրեցին Արցախում հրադադարի հաստատման մասին։ «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմերը, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

Սակայն շուտով պարզ դարձավ, որ հայ զինծառայողներն ու կամավորները հրահանգով հետ են քաշվում նաև Սյունիքի մարզին սահմանակից Արցախի Քաշաթաղի շրջանից։

2020-ի դեկտեմբերի 18-ին Sputnik Արմենիայի նկարահանող խումբն ականատես եղավ, թե ինչպես են Կապան քաղաքի անմիջական հարևանությամբ «գծում» փաստացի սահմանը։ Ոչ մի խելամիտ բացատրություն չհնչեց, թե ինչու են զորքերը բերվում խորհրդային (ենթադրաբար) սահման։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, օրինակ, հայտարարեց, որ փաստաթղթերի (առանց հստակեցման` թե որ)  հիման վրա բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման/սահմանագծման շուրջ։

Իսկ բառացիորեն մեկ շաբաթ անց Փաշինյանը զարմացրեց միանգամայն հակառակ հայտարարությամբ. «Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող գործընթացները չի կարելի սահմանազատում և սահմանագծում համարել» ։

Կարճ ժամանակ անց ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ ռուս սահմանապահները ՀՀ Սյունիքի մարզի Ադրբեջանին սահմանակից ավտոճանապարհի խնդրահարույց հատվածներում կապահովեն անվտանգությունը: Սակայն ոչինչ չասվեց ո՛չ փաստաթղթի ստորագրման, ո՛չ էլ հայկական զորքերի նախկին դիրքերից դուրս բերման պատճառների մասին։

Ի վերջո, 2021–ի հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ սահմանապահ զորքերի տեղակայման (ինչը չի նշանակում սահմանագծում կամ սահմանազատում) ու անվտանգության համար հիմք են ընդունվել 1975-1976 թթ. 50 000 մասշտաբով քարտեզները։

Նույն օրը Փաշինյանը խոստովանեց, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին հրաման է տվել ՀՀ զինված ուժերին հեռացնել նախկինում ազատագրված տարածքներից, «բայց դրան որոշակի գործընթացներ են նախորդել»: Ընդ որում, նա ասաց, որ Սյունիքից «ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել, քանի որ Սյունիքի ներկայիս տարածքը գրանցված է «Հայաստանի վարչական բաժանման մասին» 2010 թվականի օրենքով:

Սյունիքի վերաբերյալ «ուրվական» փաստաթուղթը

Հերթական սկանդալը` Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված, ծագեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «գաղտնի հուշագրի» հրապարակման կապակցությամբ։

Опубликованный в сети текст меморандума об организации безопасности движения по дорогам Горис - Давид-Бек и Капан - Чакатен
© Photo : Telegram / "Армения в цифрах"
Համացանցում հրապարակված Գորիս-Դավիթ-Բեկ և Կապան – Ճակատեն ճանապարհահատվածներում երթևեկության անվտանգության կազմակերպման հուշագրի տեքստը

Երկու էջ տեքստում (առանց ստորագրությունների ու կնիքների) նշված էր, թե իբր «Հայկական կողմը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին դուրս է բերում իր զինված կազմավորումներն Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի ու Կուբաթլուի շրջանների տարածքից»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փորձեց հերքել այդ հայտարարությունը` նշելով, որ առանց ռուսական միջնորդության որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, բայց արդյունքում պատահաբար խոսեց «Գորիս- Դավիթ- Բեկ հատվածի վերաբերյալ պայմանավորվածության մասին, քանի որ այնտեղ ճանապարհը վիճելի տեղերով է անցնում»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը փորձեց հղկել փոխվարչապետի ասածը՝ հղում անելով դեկտեմբերին արված հայտարարությունը։  Բովանդակության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ չեն ներկայացվել։

Մարտի 3-ին Ավինյանը հերթական անգամ խուսափեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք գոյություն ունի Ադրբեջանի հետ ստորագրված առանձին փաստաթուղթ Սյունիքի մարզում սահմանազատման վերաբերյալ:

Իշխանության պատասխանները մեր հարցումներին

Պարզաբանելու համար, թե ինչի մասին են պայմանավորվել կողմերը, Sputnik Արմենիան հարցումներ է ուղարկել ՀՀ վարչապետի, փոխվարչապետների աշխատակազմերին, պաշտպանության նախարարությանը, ԱԱԾ-ին, ԱԳՆ-ին, արդարադատության նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդրելով Սյունիքի վերաբերյալ փաստաթղթի/պայմանավորվածության /հուշագրի տեքստը տրամադրել։

Վարչապետի աշխատակազմ

Ձեր հարցումը վերահասցեագրվել է Պաշտպանության նախարարություն, որտեղից էլ կստանաք պատասխանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

Ի պատասխան Ձեր՝ 08.03.2021 թ-ի հարցման, հայտնում ենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Ձեր կողմից նշված՝ Գորիս-Դավիթ Բեկ / Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի վերաբերյալ պայմանավորվածությունների մասին հրապարակային մեկնաբանությունները հիմնված են ՀՀ Պաշտպանության նախարարության՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի հայտարարության վրա։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կամ նրա գրասենյակը չեն հանդիսանում Ձեր կողմից մատնանշված և հայցվող տեղեկատվության տնօրինողը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Ի պատասխան Ձեր՝ 08.03.2021 թ-ի հարցման, տեղեկացնում ենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նրա գրասենյակը չեն հանդիսանում Ձեր կողմից հայցվող տեղեկատվության տնօրինողը։

ԱԳՆ

Ի պատասխան Ձեր հարցման (ՀՀ ԱԳՆ մուտքագրվել է 09.03.2021 թ.), հայտնում ենք, որ նման փաստաթուղթ արտաքին գործերի նախարարությունում առկա չէ։

ԱԱԾ

Ի պատասխան Ձեր կողմից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված հարցման, հայտնում ենք, որ վերջինիս մեջ նշված բովանդակությամբ փաստաթուղթ ՀՀ ԱԱԾ-ում առկա չէ։

Արդարադատության նախարարություն

Ի պատասխան Ձեր՝ 2021թ. մարտի 8-ի թիվ Մ/13073-2021 գրության, հայտնում եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ են՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ), իսկ տեղեկատվություն տնօրինող են տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը չի հանդիսանում Ձեր կողմից հայցվող տեղեկատվության՝ Գորիս-Դավիթ Բեկ/Կապան-Ճակատեն ճանապարհատվածների անվտանգությանը վերաբերող եռակողմ փաստաթղթի տնօրինող, ուստի չի կարող տրամադրել սույն փաստաթղթի տեքստը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Տեղեկացնում ենք, որ Ձեր հայցած տեղեկատվությունը դուրս է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիազորությունների շրջանակից։

Պաշտպանության նախարարություն

ՊՆ–ն (առայժմ) չի կարող պատասխանել մեր հարցմանը, որն ուղարկվել է մարտի 8-ին և տեղեկացրել, որ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։ Մենք կհրապարակենք այն ստանալուց հետո.

Ամենայն հավանականությամբ, վերոնշյալ փաստաթուղթը/ համաձայնագիրը/ հուշագիրը / պայմանավորվածությունը խորհրդարանում վավերացում չի պահանջում (չնայած ընդդիմությունը դրանում կասկածում է)։ Հաստատ է մի բան ՝ այն թաքցնելը տարբեր ենթադրություններ է ծնում։

1072
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Եռակողմ հայտարարություն, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան, սահմանապահ, Դելիմիտացիա, Սահման, Դեմարկացիա, Սյունիք, Հայաստան
Ըստ թեմայի
Սյունիքում ադրբեջանցիների` ավտոմեքենայից կատարված նկարահանումը հին է. ԱԱԾ-ի պարզաբանումը
Սահմանապահ զորքերը Սյունիքում լուծում են իրենց խնդիրները. ԱԱԾ
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքի անվտանգության հարցը
ՀՀ նախագահի պատվին պաշտոնական ընթրիք է տրվել

Անչափ հաճելի է գտնվել բարեկամ Վրաստանում. ՀՀ նախագահի պատվին պաշտոնական ընթրիք է տրվել

71
(Թարմացված է 22:47 15.04.2021)
Ընթրիքի ընթացքում նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի՝ Վրաստանի նախագահի նստավայրում ապրիլի 15-ի երեկոյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Официальный ужин в честь президента Армении Армена Саркисяна и госпожи Нуне Саркисян от имени Президента Грузии Саломе Зурабишвили (15 апреля 2021). Тбилиси
© Photo / official site of the President of RA
ՀՀ նախագահի պատվին պաշտոնական ընթրիք է տրվել

Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, հարգանքի ու փոխվստահության վրա խարսխված հայ-վրացական միջպետական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարներին:

Официальный ужин в честь президента Армении Армена Саркисяна и госпожи Нуне Саркисян от имени Президента Грузии Саломе Зурабишвили (15 апреля 2021). Тбилиси
© Photo / official site of the President of RA
ՀՀ նախագահի պատվին պաշտոնական ընթրիք է տրվել

Հայաստանի նախագահն իր խոսքում նշել է, որ անչափ հաճելի է գտնվել հարևան և բարեկամ Վրաստանում: Արմեն Սարգսյանի խոսքով՝ դարերի խորքից եկող հայ-վրացական հարաբերությունները պայմանավորված են մի կողմից՝ մեր ազգերի ստեղծարար ոգով, հոգևոր ու մշակութային ընդհանրություններով, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկու քրիստոնյա ժողովուրդների՝ սեփական ինքնությունը պահպանելու և տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու անհրաժեշտությամբ:

«Համատեղ պատմությունն ու մշակույթը բացառիկ հարստություն են, որը պետք է գնահատել, պահպանել ու փոխանցել սերունդներին։ Այսօր էլ մեզ միավորող պատմական, մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունները և համանման արժեհամակարգով ապագայի վերաբերյալ տեսլականն ամուր հիմք են ամենատարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու և երկկողմ հարաբերությունները նոր նախաձեռնություններով համալրելու համար: Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ Վրաստանում բնակվող հայ համայնքին, որը հանդիսանալով վրաց հասարակության ներդաշնակ բաղկացուցիչ մասը և իր ներդրումն ունենալով Վրաստանի զարգացման գործում, միաժամանակ ամուր կամուրջ է Հայաստանի և Վրաստանի միջև»,– ասել է ՀՀ նախագահը:

Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում առկա ձեռքբերումների պահպանումը, զարգացումն ու խորացումը ենթադրում են ամենօրյա հետևողական աշխատանք և ջանքեր բոլոր ուղղություններով: Եվ Հայաստանի և Վրաստանի նախագահները պետք է հետամուտ լինեն, որ իրենց համեստ ներդրումն ունենան այդ գործում։

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսի է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Նրան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Դավիթ Զալկալիանին։ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

71
թեգերը:
Սալոմե Զուրաբիշվիլի, Արմեն Սարգսյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ են քննարկել Հայաստանի ու Վրաստանի նախագահները. հանդիպման մանրամասները հայտնի են
Չի լինի տևական խաղաղություն առանց արցախյան հիմնահարցի արդար կարգավորման. Սարգսյան
Արմեն Սարգսյանը նկարել է Արարատ լեռը. Վրաստանի նախագահը լուսանկար է հրապարակել
Վրաստանի և Հայաստանի նախագահները

Արմեն Սարգսյանը նկարել է Արարատ լեռը. Վրաստանի նախագահը լուսանկար է հրապարակել

360
(Թարմացված է 22:20 15.04.2021)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը յուրօրինակ ձևով է գրառում կատարել Վրաստանի հյուրերի պատվո մատյանում։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Facebook–ի իր էջում մի լուսանկար է հրապարակել, որում երևում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը Վրաստանի հյուրերի պատվո մատյանում։

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրառումը հյուրերի պատվո մատյանում: Ես վստահ եմ, որ այս այցի արդյունքներն ավելի կամրապնդի հայ և վրացի ժողովուրդների կապը, սերտ, բարեկամական հարաբերությունները, և դա կլինի հօգուտ մեր ապագա սերունդների»,–լուսանկարին կից գրել է Վրաստանի նախագահը:

Արմեն Սարգսյանի գրառում ամբողջությամբ չի երևում, բայց հասկացվում է, որ նա իր գոհունակությունն է հայտնում Զուրաբիշվիլիին Վրաստան հրավիրելու հրավերի համար, իսկ գրառման վերջում Արարատի պատկերն է, որի տակ գրված է. «Ջերմ բարևներ Հայաստանից»։

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսի է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Նրան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Դավիթ Զալկալիանին։ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

360
թեգերը:
Սալոմե Զուրաբիշվիլի, Վրաստանի Հանրապետություն, Արմեն Սարգսյան, Հայաստան

Ամերիկացիները պատրաստվում են ակտիվանալ Արկտիկայում

0
(Թարմացված է 00:11 16.04.2021)

ԱՄՆ-ն ձգտում է կրճատել իր հետ մնալը Ռուսաստանից Արկտիկայում։ Օրերս Ցամաքային զորքերն Անդրբևեռային տարածքի համար ռազմական տեխնիկայի մշակման պայմանագիր են կնքել Oshkosh Defense կոնցեռնի հետ՝ սինգապուրյան ST Engineering-ի և BAE Systems-ի հետ համագործակցությամբ։ Պարզվել է, որ նման տիպի ժամանակակից մեքենաներ ամերիկացիներն ուղղակի չունեն, իսկ եղածներն էլ վաղուց հնացած են։ Ավելի մանրամասն՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Կառուցել մինչև հունիս

Արկտիկան լուրջ մարտահրավեր է ցանկացած բանակի համար։ Գերցածր ջերմաստիճաններ, սառցաբեկորներ, լողացող սառցալեռներ, ենթակառուցվածքների բացակայություն, բարդ լոգիստիկա, երկարատև բևեռային գիշեր՝ այս ամենը մեծապես բարդացնում է խոշոր ռազմական խմբավորման տեղակայումը:

Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ն, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, բավարար ուշադրություն չի դարձրել այդ տարածաշրջանին, ուստի այսօր Պենտագոնի տրամադրության տակ միայն մի սարքին սառցահատ կա՝ Polar Star-ը։ Ռուսաստանն այդ տիպի ավելի քան 40 նավ ունի։ Բացի այդ, ամերիկացիներն այնտեղ փաստացի ռազմակայաններ չունեն։

Ցամաքային զորքերի համար ևս տեխնիկան չի բավականացնում, որն ի վիճակի կլիներ բևեռային բարդ պայմաններում բեռներ ու զինծառայողներին տեղափոխել։

Դրա համար պիտանի միակ քարշակ-ամենագնացները շվեդական երկշղթա-թրթուրավոր Bandvagn 206-ներն են, որոնք սպառազինության մեջ ներառվել են Small Unit Support Vehicle նշումով (SUSV` ստորաբաժանումների աջակցության փոքր մեքենա)։ Սակայն այս տեսակի առաջին մեքենաները հոսքագծից դուրս են եկել դեռ 40 տարի առաջ և վաղուց արդեն չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Բանակը որոշել է թարմացնել արկտիկական տեխնիկան և մրցույթ է հայտարարել ColdWeather, All-Terrain Vehicle (CATV, ամենագնաց սառը կլիմայի համար) ծրագրի շրջանակում։ Պենտագոնը պատրաստ է հեռանկարային քարշակի մշակման, կառուցման և փորձարկումերի վրա 2021 ֆինանսական տարում 6,6 միլիոն դոլար ծախսել, ևս 9,25 միլիոն՝ 110 միավոր CATV-ի վրա։

Այնուհետև պարկը կմեծացնեն՝ հասցնելով 163 ամենագնացի։ Նախատիպերը սպասվում են հունիսի 14-ին։ Օգոստոսից մինչև դեկտեմբերի վերջ՝ փորձարկումներ Ալյասկայի զինափորձարանում։ Հաղթողին կընտրեն 2022 թ․-ի ֆինանսական տարում։

Չորս տարբերակ

Սպասվում է, որ CATV-ն կներկայացեն 4 տարբերակով։ Ընդհանուր նշանակության ամենագնացը պետք է տեղավորի ոչ պակաս, քան 9 զինվոր, վարորդին չհաշվաց, ինչպես նաև երեք օրվա ինքնավար գործողությունների համար սարքավորումներ և պաշարներ ունենա։

Ռուսական հրթիռակիրները 8-ժամանոց թռիչք են իրականացրել Արկտիկայի ջրերի վրայով․ տեսանյութ

Սանիտարական տարբերակը՝ բժշկական սարքավորումներով, նախատեսված է երկու բժշկի, երկու պառկած և չորս թեթև վիրավոր մարդկանց համար։ Հրամանատարական ամենագնացը կհագեցնեն կապի և զորքերի կառավարման ժամանակակից միջոցներով։ Եվ վերջապես, բեռնակիր տարբերակը՝ նախատեսված խոշոր չափերի ռազմական սարքավորումները մեծ հեռավորություններ տեղափոխելու համար։

«Այդ մեքենաները կկարողանան խնդիրների լայն շրջանակ լուծել ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում, այլ տեխնիկայի համար անանցանելի տեղանքում»,-լրագրողներին պատմել է ԱՄՆ բանակի սպա, CATV ծրագրի պատասխանատու Թիմ Գոդդեթը։-Նրանք պետք է առանց խնդիրների տեղաշարժվեն սառույցի վրայով, հաղթահարեն ջրային պատնեշները, հեշտությամբ բարձրանան բարձունքները, լինեն հեշտ սպասարկվող և խնայողաբար ծախսեն վառելիքը»։

Մրցույթի մասնակիցները հենվում են նախորդ մշակումներ վրա։ Oshkosh-ը և ST Engineering-ը որպես հիմք են վերցրել Bronco 3 երկշղթա քարշակը։ Այդ մեքենան արդեն ավելի քան 20 տարի բրիտանական բանակի սպառազինության կազմում է, մասնակցել է Աֆղանստանի մարտական գործողություններին։

Bronco 3-ն ունի հակագնդակային զրահապատում, աշտարակ՝ գնդացրով, V-աձև հիմք, որը նվազեցնում է վնասը ականի վրա պայթելու դեպքում։ Ամենագնացը ջրային պատնեշները հաղթահարում է հինգ կմ/ժ արագությամբ։

BAE Systems-ը նորարարություն կառաջարկի Beowulf երկշղթա քարշակի հիման վրա, որը հիմնականում նույնն է, ինչ Bronco 3-ն ու SUSV-ը, բայց ավելի մեծ բեռնատարողություն ունի։

Հասնել Ռուսաստանին

Մեկ ամիս առաջ հրապարակված «Արկտիկական ռազմավարության» մեջ ամերիկացիները բացեիբաց հայտարարել են տարածաշրջանում Մոսկվային ու Պեկինին դուրս մղելու ցանկության մասին։ Պենտագոնին հատկապես մտահոգում է Ռուսաստանը, որի տրամադրության տակ է աշխարհի ամենամեծ սառցահատ նավատորմը, հյուսիսային լայնություններում ռազմակայանների ցանցը և առանց էքստրեմալ ցրտի պայմաններում աշխատելու ընդունակ տեխնիկայի մեծ զինանոցը։

Հաղթանակի շքերթներին միշտ մասնակցում են հայրենական ՀՕՊ համակարգերի արկտիկական մոդիֆիկացիաները․ փոքր հեռահարության «Тор-М2ДТ» զենիթահրթիռային համակարգը, զենիթային հրթիռահրանոթային «Панцирь-СА»-ն, ինչպես նաև ապահովման մեքենաների հատուկ տարբերակներ։

Արկտիկական տարածաշրջանի համար գրեթե ամբողջ ցամաքային տեխնիկան հավաքված է ДТ-30 «Витязь» երկշղթա թրթուրավոր ամենագնացների հիման վրա, որին չի վախեցնում անգամ ամենասարսափելի ցուրտը (մինչև -55 աստիճան)։ Որոշ մոդիֆկացիաներ կարող են կտրել-անցնել ջրային պատնեշները, ինչը Հյուսիսային բևեռում սառույցների մշտական կուտակման պայմաններում նկատելիորեն ավելացնում է շարժունակությունը։ Նոր «Панцирь»-ներն ու «Тор»-ը ծածկում են 2015թ․-ի Արկտիկայում տեղակայված հեռահար զենիթահրթիռային С-400 համակարգերի տեղակայման շրջանները։

Բացառիկ զինանոց ունի նաև Ցամաքային զորքերի առաջին լիարժեք արկտիկական միավորումը՝ 80-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը, որը տեղակայված է Մուրմանսկի մարզի Ալակուրտտի ավանում: Ցրտադիմացկուն հետևակը յուրացնում է, մասնավորապես, ТРЭКОЛ բարձր անցանելիության ձնաճահճագնացները, որոնք տեղաշարժվում են գերցածր ճնշման հսկայական անվադողերով անիվների վրա։ Այդպիսի մեքենաներն անգամ ընդհատուն տեղանքով ընթանում են առանց արագությունը նվազեցնելու։

Արդեն փորձարկել են․ Ռուսաստանն անսովոր զենքով կպաշտպանի հյուսիսային տարածքները

Բացի այդ, 80-րդ բրիգադի մարտիկներն ունեն «Урал» և КамАЗ լիաքարշ բեռնատարներ, որոնք հարմարեցված են ծայրահեղ սառնամանիքներին, ТТМ-1901 «Беркут» ձնագնացներ՝ ջեռուցվող խցիկով, օդային բարձիկով մոտորանավակներ, ինչպես նաև շների և եղջերուների լծվացքներ:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին լծվացքները կարևոր դեր են խաղացել Անդբևեռյան հատվածի պաշտպանության գործում։ Շներով և եղջերուներով նշանակված վայր էին հասցնում զինամթերքն ու անձնակազմը։ Կենդանիներն անցնում են այնտեղով, որտեղով տեխնիկան չի կարողանում անցնել։ Բացի այդ, արկտիկական բրիգադի համար մշակում են տանկերի, ՀՄՄ-ների և ուղղաթիռների հատուկ մոդիֆիկացիաներ, մասնավորապես՝ Ми-8АМТШ-ВА՝ ուժային սարքավորումների հիմնական ագրեգատների ջեռուցման համակարգով:

0
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան, Արկտիկա
Ըստ թեմայի
Ուղիղ սպառնալիք Ռուսաստանին. ի՞նչ է Պենտագոնը կառուցում Ալյասկայում
Վլադիմիր Պուտինը պատվավոր կոչում է շնորհել Արթուր Չիլինգարովին
ՌԴ-ն Սուեզի ջրանցքին փոխարինող է գտել․ ի՞նչ հեռանկարներ ունի Հյուսիսային ծովային ուղին