ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող լուրերն այն մասին, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում»։
«Տեղեկությունը բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սահմանազատման խնդրին։
«Սիրելի հայրենակիցներ, հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։
Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ անմենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին»,–գրել է նա։
Նա այս «անպատասխանատու գործողությունները» համարում է անձնական վիրավորանք իր և Տավուշի ժողովրդի հասցեին և խոստանում անձնապես հետամուտ լինել, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն։
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ համայնքում սահմանազատման աշխատանքներ տեղի չեն ունեցել։
«Ժողովրդի շրջանում լուրեր է տարածվել, թե ադրբեջանցիները եկել են դրոշ են դրել, մարդկանց ասել են անասնագոմերն ազատեք, իբրև հանդիպել են բնակիչների, համայնքի ղեկավարի հետ։ Նման բան չկա։ Ոչ ոք իմ կամ բնակիչների չի հանդիպել, դրանք կեղծ տեղեկություններ են։ Ինձ փոխանցել են, որ համայնք ռուս զինվորականներ են եկել, բայց ես նրանց անձամբ չեմ հանդիպել»,-ասաց նա։
Մարզպետարանը հերքում է` Սյունիքի Նոր Առաջաձորի ջրատարը ադրբեջանցիները չեն քանդում
Հավելենք, որ սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր տարածում էին այն տեղեկությունը, որ Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բարխուդարլու տեղանքում արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում։ Նրանք վրդովվել էին, որ լրատվականները չեն անդրադառմում խնդրին ։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Կորոնավիրուսից մահացել է նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ավելի հայտնի «Ճոյտ» մականվամբ։ Տեղեկությունը հայտնում է aravot.am–ը։ Նա 58 տարեկան էր:
Վերջին երկու օրերին կորոնավիրուսը բարդացրել էր նրա առողջական վիճակը, նա հիվանդանոցում էր։
Հակոբ Հակոբյանը ծնվել և ապրել է Էջմիածնում։ Եղել է պատգամավոր 1999-2007 թվականներին։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ 2015 թվականի փետրվարին նա ձերբակալվել է հարկերից խուսափելու մեաղադրանքով։
Նույն թվականի մայիսին նա ազատ է արձակվել։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի -Sputnik. Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության տեքստը, որը վերաբերում է Սյունիքի մարզի ճանապարհների առանձին հատվածների անվտանգության ապահովմանը, թաքցնում են հասարակությունից:
Sputnik Արմենիան դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին և մի շարք նախարարությունների՝ խնդրելով լույս սփռել այդ «համաձայնագրի» վրա։
Ստացված պատասխանները ներկայացնելուց առաջ հակիրճ նկարագրենք իրադարձությունների զարգացման ժամանակագրությունը։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարություն ստորագրեցին Արցախում հրադադարի հաստատման մասին։ «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմերը, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:
Սակայն շուտով պարզ դարձավ, որ հայ զինծառայողներն ու կամավորները հրահանգով հետ են քաշվում նաև Սյունիքի մարզին սահմանակից Արցախի Քաշաթաղի շրջանից։
2020-ի դեկտեմբերի 18-ին Sputnik Արմենիայի նկարահանող խումբն ականատես եղավ, թե ինչպես են Կապան քաղաքի անմիջական հարևանությամբ «գծում» փաստացի սահմանը։ Ոչ մի խելամիտ բացատրություն չհնչեց, թե ինչու են զորքերը բերվում խորհրդային (ենթադրաբար) սահման։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, օրինակ, հայտարարեց, որ փաստաթղթերի (առանց հստակեցման` թե որ) հիման վրա բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման/սահմանագծման շուրջ։
Իսկ բառացիորեն մեկ շաբաթ անց Փաշինյանը զարմացրեց միանգամայն հակառակ հայտարարությամբ. «Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող գործընթացները չի կարելի սահմանազատում և սահմանագծում համարել» ։
Կարճ ժամանակ անց ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ ռուս սահմանապահները ՀՀ Սյունիքի մարզի Ադրբեջանին սահմանակից ավտոճանապարհի խնդրահարույց հատվածներում կապահովեն անվտանգությունը: Սակայն ոչինչ չասվեց ո՛չ փաստաթղթի ստորագրման, ո՛չ էլ հայկական զորքերի նախկին դիրքերից դուրս բերման պատճառների մասին։
Ի վերջո, 2021–ի հունվարի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ սահմանապահ զորքերի տեղակայման (ինչը չի նշանակում սահմանագծում կամ սահմանազատում) ու անվտանգության համար հիմք են ընդունվել 1975-1976 թթ. 50 000 մասշտաբով քարտեզները։
Նույն օրը Փաշինյանը խոստովանեց, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին հրաման է տվել ՀՀ զինված ուժերին հեռացնել նախկինում ազատագրված տարածքներից, «բայց դրան որոշակի գործընթացներ են նախորդել»: Ընդ որում, նա ասաց, որ Սյունիքից «ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել, քանի որ Սյունիքի ներկայիս տարածքը գրանցված է «Հայաստանի վարչական բաժանման մասին» 2010 թվականի օրենքով:
Հերթական սկանդալը` Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված, ծագեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «գաղտնի հուշագրի» հրապարակման կապակցությամբ։

Երկու էջ տեքստում (առանց ստորագրությունների ու կնիքների) նշված էր, թե իբր «Հայկական կողմը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին դուրս է բերում իր զինված կազմավորումներն Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի ու Կուբաթլուի շրջանների տարածքից»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փորձեց հերքել այդ հայտարարությունը` նշելով, որ առանց ռուսական միջնորդության որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, բայց արդյունքում պատահաբար խոսեց «Գորիս- Դավիթ- Բեկ հատվածի վերաբերյալ պայմանավորվածության մասին, քանի որ այնտեղ ճանապարհը վիճելի տեղերով է անցնում»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը փորձեց հղկել փոխվարչապետի ասածը՝ հղում անելով դեկտեմբերին արված հայտարարությունը։ Բովանդակության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ չեն ներկայացվել։
Մարտի 3-ին Ավինյանը հերթական անգամ խուսափեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք գոյություն ունի Ադրբեջանի հետ ստորագրված առանձին փաստաթուղթ Սյունիքի մարզում սահմանազատման վերաբերյալ:
Պարզաբանելու համար, թե ինչի մասին են պայմանավորվել կողմերը, Sputnik Արմենիան հարցումներ է ուղարկել ՀՀ վարչապետի, փոխվարչապետների աշխատակազմերին, պաշտպանության նախարարությանը, ԱԱԾ-ին, ԱԳՆ-ին, արդարադատության նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդրելով Սյունիքի վերաբերյալ փաստաթղթի/պայմանավորվածության /հուշագրի տեքստը տրամադրել։
Ձեր հարցումը վերահասցեագրվել է Պաշտպանության նախարարություն, որտեղից էլ կստանաք պատասխանը:
Ի պատասխան Ձեր՝ 08.03.2021 թ-ի հարցման, հայտնում ենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Ձեր կողմից նշված՝ Գորիս-Դավիթ Բեկ / Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի վերաբերյալ պայմանավորվածությունների մասին հրապարակային մեկնաբանությունները հիմնված են ՀՀ Պաշտպանության նախարարության՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի հայտարարության վրա։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կամ նրա գրասենյակը չեն հանդիսանում Ձեր կողմից մատնանշված և հայցվող տեղեկատվության տնօրինողը։
Ի պատասխան Ձեր՝ 08.03.2021 թ-ի հարցման, տեղեկացնում ենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նրա գրասենյակը չեն հանդիսանում Ձեր կողմից հայցվող տեղեկատվության տնօրինողը։
Ի պատասխան Ձեր հարցման (ՀՀ ԱԳՆ մուտքագրվել է 09.03.2021 թ.), հայտնում ենք, որ նման փաստաթուղթ արտաքին գործերի նախարարությունում առկա չէ։
Ի պատասխան Ձեր կողմից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված հարցման, հայտնում ենք, որ վերջինիս մեջ նշված բովանդակությամբ փաստաթուղթ ՀՀ ԱԱԾ-ում առկա չէ։
Ի պատասխան Ձեր՝ 2021թ. մարտի 8-ի թիվ Մ/13073-2021 գրության, հայտնում եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ են՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ), իսկ տեղեկատվություն տնօրինող են տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը չի հանդիսանում Ձեր կողմից հայցվող տեղեկատվության՝ Գորիս-Դավիթ Բեկ/Կապան-Ճակատեն ճանապարհատվածների անվտանգությանը վերաբերող եռակողմ փաստաթղթի տնօրինող, ուստի չի կարող տրամադրել սույն փաստաթղթի տեքստը:
Տեղեկացնում ենք, որ Ձեր հայցած տեղեկատվությունը դուրս է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիազորությունների շրջանակից։
ՊՆ–ն (առայժմ) չի կարող պատասխանել մեր հարցմանը, որն ուղարկվել է մարտի 8-ին և տեղեկացրել, որ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։ Մենք կհրապարակենք այն ստանալուց հետո.
Ամենայն հավանականությամբ, վերոնշյալ փաստաթուղթը/ համաձայնագիրը/ հուշագիրը / պայմանավորվածությունը խորհրդարանում վավերացում չի պահանջում (չնայած ընդդիմությունը դրանում կասկածում է)։ Հաստատ է մի բան ՝ այն թաքցնելը տարբեր ենթադրություններ է ծնում։
Ինֆլյացիայի բարձր մակարդակը վտանգավոր է հատկապես սոցիալապես խոցելի, բնակչության աղքատ խմբերի համար, իսկ հարուստները, որպես կանոն, դրանից շահում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
«Հարուստները հիմնականում կապիտալի սեփականատերերն են, շահույթ ստացողներն են իրենց անշարժ գույքից, ակտիվներից, արժեթղթերից, արտասահմանյան բիզնեսներից, այնպես որ պետք է հասկանալ` այդ բարձր գնաճը ո՞ւմ համար է վտանգավոր, ո՞ւմ համար՝ ընդհակառակը»,- ասաց նա։
Նրա խոսքով` հատկապես մտահոգիչ է ներմուծվող պարենային ապրանքների` շաքարավազի, ձեթի, նաև մսամթերքի, ձկնեղենի, ընդեղենի, այսինքն` առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը։
«Թանկացումների գլխավոր ալիքը կապված է դրամի արժեզրկման, փոխարժեքի շուրջ 10 տոկոս անկման հետ, որը ինչ-որ տեղ անհասկանալի է, եթե նկատի ունենանք այն, որ ուղղակի տրամաբանության մեջ չտեղավորվող վարքագիծ է որդեգրում այսօրվա կառավարությունը. ինչ է անում` պարտք է վերցնում ու գցում ռեզերվ»,- նշեց Մարգարյանը։
Տնտեսագետի դիտարկմամբ` ներկայումս արտաքին պահուստները հատում են 3 միլիարդ դոլարի շեմը, սակայն քայքայված տնտեսության վերականգմանն ուղղված ծրագրեր չկան։
ՀՀ Կենտրոնական բանկն ուզում է կանխել գնաճը․ ինչո՞վ է վտանգավոր «դոլարային» իրարանցումը



