ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից և ճգնաժամից դուրս գալու միակ տարբերակը շարունակում է մնալ արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը պարտվելու են արտահերթ ընտրություններում։
Մարուքյանին նյարդայնացնում է, որ վերջին օրերին իրեն քննադատում են ու կեղծ տեղեկություններ տարածում միայն այն պատճառով, որ փորձում է ստեղծված իրավիճակից ելքեր գտնել։
«Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ահռելի գումարներ են ծախսում տարբեր Telegram ալիքներում կեղծ տեղեկություններ տարածելու համար, հետո այդ տեղեկությունները գրում են նույն աղբյուրից ֆինանսավորվող իրենց լրատվամիջոցները։ Ընդ որում՝ դա ժողովրդից գողացած փողն է», - նշեց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք մինչ այժմ հույս ունեն, որ տանկերը, բանակը պետք է մտնի քաղաք և վերցնի իշխանությունը։ Դա ռազմական հեղաշրջում կլիներ, բայց հիմա դա չկա ու չի էլ լինելու։
Մարուքյանն ասում է`առանց այն էլ պատերազմում մեծ թվով մարդիկ են զոհվել, իսկ արտահերթ ընտրությունների ցանկացած այլընտրանք բերելու է մարդկային զոհերի։
Նա շեշտում է, որ արտահերթ ընտրություններին դեմ են իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք հասկանում են, որ կպարտվեն։
Մարուքյանն ընդգծեց, որ կան նաև ընդդիմադիր ուժեր, որոնք ուղղակի պատրաստ չեն ընտրություններին, բայց մի բան միանշանակ է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակից պետք է դուրս գալ։
Ավելի վաղ Մարուքյանը հայտարարել էր, որ ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը պետք է անի վարչապետը՝ հետ վերցնելով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության վերաբերյալ որոշումը։
Նա վստահ է, որ ընդհանրապես մի կողմ պետք է քաշվել բանակից և թողնել, որ զինվորականներն իրենց գործով զբաղվեն․ բանակը պետք է ապաքինվի, ոտքի կանգնի։
Ասել էր, որ ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կստորագրի հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։
Գլխավոր շտաբի ներկա ղեկավարության հետ կաշխատի, թե ոչ, կորոշի արդեն արտահերթ ընտրություններով ձևավորված նոր իշխանությունը։
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Մարուքյանը վստահ է, որ սա լավագույն առաջարկն է, որ մինչև հիմա արվել է վարչապետին, նա պնդեց, որ ավելի լավը չի էլ լինելու։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնը, ինչպես և շատ այլ մշակութային կառույցներ, վերապրել է կոոնավիրուսի և կարանտինային սահմանափակումների հետևանքները։ Թատրոնը հանդիսատեսի համար փակ է եղել, սակայն ամբողջ տարվա ընթացքում Facebook-ում թատրոնի պաշտոնական էջում հեռարձակվել են խաղացանկային ներկայացումները։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը պատմեց, որ համավարակի պատճառով ստիպված են եղել դադարեցնել 2020թ․-ի համար նախատեսվող բոլոր նոր բալետային և օպերային բեմադրությունների նախապատրաստական աշխատանքներն ու փորձերը։
«Եվ քանի որ մենք միայն վերջերս ենք սկսել մեր սովորական աշխատանքային ռեժիմին վերադառնալ, աստիճանաբար վերսկսում ենք աշխատանքը նոր բեմադրությունների վրա և կարող ենք սկսել իրատեսորեն ծրագրել դրանց ներկայացման ժամկետները»,-ասաց նա։
Օրբելյանը հիշեցրեց, որ արվեստում նո բարձունքների հասնելու համար պետք է կանոնավոր աշխատելու և ելույթ ունենալու հնարավորություն ունենալ։ Այդ առումով համավարակն իր շտկումներն է մտցրել։ Տուժել են աշխարհի բոլոր թատրոնները և դերասանները, բացառություն չէ նաև Հայաստանի Օպերային թատրոնն իր թատերախմբով, որը չէր կարողանում ելույթ ունենալ և անգամ փորձ անել։
Նա ընդգծեց․ շնորհիվ այն բանի, որ իրենց տեսագրել էին բալետների և օպերաների մեծ մասը, թատրոնը կարողացել է ցուցադրել հայկական «Անուշ», «Ալմաստ» օպերաները, Արամ Խաչատրյանի բալետները («Գայանե», «Դիմակահանդես», «Սպարտակ») և Կարեն Խաչատրյանի «Չիպոլինոն», Շառլ Ազնավուրի կենսագրության և երաժշտության վրա հիմնված «La Boheme» բալետային ներկայացումը և մի շարք այլ խաղացանկային ներկայացումներ։ Դրանք հեռարձակվել են Facebook-ում՝ թատրոնի պաշտոնական էջում։
Կոնստանտին Օրբելյանը շահել է դատն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության
«Հավատում եմ, որ ամբողջ աշխարհում մարդիկ, որոնք որևէ պատկերացում չունեին հայկական օպերայի կամ մեր բալետի մասին, կարողացան ինտերնետում տեսնել մեր հիասքանչ ներկայացումներն ու համերգները։ Չէ՞ որ մենք աշխարհի միակ թատրոնն ենք, որի խաղացանկում այսքան հայկական գլուխգործոցներ կան»,-ասաց նա։
Այժմ թատերախումբն աշխատում է Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային տարբերակի վրա՝ թատրոնի առաջատար մենակատարների մասնակցությամբ, բեմադրվում է «Պայացներ» օպերան, նախատեսվում է «Սիրո ըմպելիքը» և «Գյուղական պատիվ» օպերաների համերգային կատարումը։ Բացի այդ, բանակցություններ են ընթանում Խաչատրյանի «Սպարտակ» բալետի վերականգնման հնարավորության համար։
Օրբելյանն ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանում չէ, և այս ամբողջ ընթացքում ստիպված է եղել թատերախմբի հետ աշխատել դրսից, կամ, ինչպես ընդունված է ասել COVID-19-ի դարաշրջանում՝ հեռավար։ Այն հարցին, թե որքանով են համատեղելի թատրոնն ու հեռավար աշխատանքը, Օրբելյանը պատասխանեց․ «Մեր օրերում ամեն ինչ հնարավոր է»։
Նա ընդգծեց, որ այս ամբողջ ընթացքում աշխարհը վկա դարձավ, թե ինչպես են նախագահները առցանց ռեժիմով երկրներ ղեկավարում։
«Ռոմանսիադա» միջազգային մրցույթում հաղթել է Կառլեն Մանուկյանը
«Կարանտինի պատճառով լիակատար լոքդաունի շրջանում թատրոնում ոչինչ տեղի չէր ունենում, քանի որ բոլորը ստիպված էին տանը մնալ։ Թատրոնը հիմնականում փակ էր բոլորի համար, բացի տեխնիկական-ադմինիստրատիվ աշխատակազմի մի քանի հոգուց։ Այն ժամանակ թատրոնի գործունեությունն անցավ առցանց ռեժիմի»,-ասաց Օրբելյանը։
Նա նշեց, որ հեռակա ղեկավարելը միանգամայն հնարավոր, ավելին՝ շատ արդյունավետ, ինչի մասին խոսում է համավարակի շրջանում Facebook-ում բոլոր հրապարակումների վեց միլիոնանոց ընդգրկումը և թատրոնի հանդեպ շոշափելիորեն մեծացած հետաքրքրությունը։
«Հիմա էլ, երբ թատրոնն աստիճանաբար անցնում է լիարժեք աշխատանքի (ճիշտ է՝ որոշ սահմանափակումներով), ամեն բան արվում է իմ լիարժեք վերահսկողությամբ»,-պարզաբանեց նա։
Օրբելյանը տեղեկացրեց, որ պատվաստվելուց անմիջապես հետո կվերադառնա Երևան։
Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ Արցախյան պատերազմի օրերին իրենց ամբողջ թիմը աջակցել է բանակին, յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով։ Կոլեկտիվի աշխատակիցները մասնակցել են քողարկող ցանցերի պատրաստմանը։ Մի քանի տեսահոլովակ է ձայնագրվել թատրոնի մեներգիչների և նվագախմբի մասնակցությամբ՝ այդ սոսկալի օրերին հայրենիքի համար կռվողների մարտական ոգին բարձրացնելու համար։ Նա հիշեցրեց, որ դեռևս պատերազմից առաջ թատրոնի արտիստները ելույթ էին ունենում տարբեր զորամասերում, զինվորները հաճախ էին ներկա գտնվում ներկայացումներին։
«Մենք կշարունակենք հատուկ միջոցառումների կազմակերպումը զինվորականների և նրանց ընտանիքների համար, առավելագույնս ներգրավելով նրանց մեր թատրոնի կյանքում։ Մենք պարտավոր ենք մշտապես լինել մեր զինվորների և նրանց ընտանիքների կողքին»,-ասաց նա։
Օրբելյանը նշեց, որ իդեալական պայմաններում 2021թ․-ի համար նոր բեմադրություններ, հիանալի ելույթներ և հրավիրված փայլուն մենակատարներ կցանկանար։ Սակայն ամեն բան կախված է համաճարակաբանական իրավիճակից։
Խոսելով Հայաստանում օպերային և բալետային արվեստի ժողովրդականացման ճանապարհային քարտեզի մասին, նա նշեց, որ դա շատ բարդ հարց է, քանի որ տեղաշարժման սահմանափակումները դեռ որոշ ժամանակ գործելու են։
«Միակ բանը, որ կարող ենք անել՝ հուսալ և աղոթել, որ համավարակը վերջանա և մենք կարողանանք բացել համերգային դահլիճները բոլոր երկրներում։ Հուսով եմ՝ կկարողանամ վերականգնել կապերս պրոդյուսերների հետ ամբողջ աշխարհում, որպեսզի կարողանամ մեր հրաշալի թատերախումբը հյուրախաղերի ուղարկել»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ Օրբելյանի լիազորությունները որպես թատրոնի տնօրեն դադարեցվել էին 2019թ․-ի մարտի 29-ին՝ այն ժամանակվա մշակույթի նախարարի ժ․պ․ Նազենի Ղարիբյանի որոշմամբ, ինչն առաջացրել էր թատրոնի աշխատակիցների և շարքային քաղաքացիների դժգոհությունը։ Ընդ որում՝ Օրբելյանը շարունակում էր մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 2020թ․-ի փետրվարին նրան վերականգնեցին տնօրենի պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Sputnik Արմենիային հայտնի է դարձել, որ Արցախյան պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ստացած զինծառայողները հաշմանդամություն կարգ ստանալու համար ժամերով հերթ են կանգնում Արմավիրի մարզի սոցապ ծառայությունում։
«Բոլորին նույն ժամին են կանչել, հերթում կային նաև քաղաքացիական անձինք: Տղաները՝ հենակներով, ձողերը ոտքերի մեջ, ժամերով ստիպված կանգնել են», –Sputnik Արմենիային ասել է զինծառայողներից մեկի ծնողը։
Նշենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ավելի վաղ ասել էր, որ համապատասխան հանձնաժողովերը կայցելեն վիրավոր զինծառայողների տուն` նրանց չստիպելով սոցապ ծառայություն անձամբ գնալ։
Sputnik Արմենիայի հարցմանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը պատասխանել էր, որ զինծառայողների բժշկասոցիալական փորձաքննությունն, ըստ անհրաժեշտության, շարունակվում է կազմակերպվել իրենց գտնվելու վայրում՝ տանը կամ բժշկական կենտրոնում։ Խնդիրն այն է, որ որոշ զինծառայողներ մերժում են իրենց տուն գալու առաջարկը։
«Բոլոր այն զինծառայողները, ովքեր ունեն կարիք և ցանկություն տանը փորձաքննվելու, կապ են հաստատում նախարարության հետ՝ գործընթացն իրենց գտնվելու վայրում կազմակերպելու համար։ Նախարարությունը չի կարող առանց անձանց ցանկության նրանց տուն այցելել», – ասել է Մանուչարյանը։
Արձագանքելով Արմավիրի մարզի սոցապ ծառայությունում մարտի 22–ին գոյացած հերթին` նա ասել է, որ Արմավիրում այդ օրը բժշկասոցիալական փորձաքննություն է անցել 18 անձ, որոնց թվում եղել են նաև պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներ, ովքեր նախապես ցանկություն չեն հայտնել գործընթացն այլ վայրում կազմակերպելու։
«Թեպետ արվում է ամենը տարածքային կենտրոններում գործընթացն արագ ու սահուն կազմակերպելու համար, բայց ընթացիկ աշխատանքներով պայմանավորված՝ հնարավոր է այդ օրը փորձաքննվող անձինք ստիպված են եղել փոքր-ինչ սպասել», – ասել է խոսնակը։
«Ողջ եմ, ուրեմն հաղթել եմ». 3 վերջույթը կորցրած փոխգնդապետը մարզում է զինհաշմանդամներին
Նշենք, որ Sputnik Արմենիային դիմած զինծառայողին սոցապից չեն տեղեկացրել, որ հնարավոր է տնայց կազմակերպել։ Մանուչարյանն ասաց, որ հատկապես ծանր վիրավորում ստացած զինծառայողների դեպքում նախարարությունը հետամուտ է լինում, որ նրանք իրազեկվեն և խոստացավ խնդիրը փոխանցել համակարգողներին, որպեսզի այն շտկվի։
Պատերազմի ավարտից ավելի քան 4 ամիս անց զինվորական հոսպիտալում դեռ բուժվող զինվորներ կան
Նշենք, որ համաձայն սոցապ նախարարության տվյալների` մինչ այժմ տանը կամ ԲԿ-ում փորձաքննվել է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած ավելի քան 200 զինծառայող։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է COVID-19-ի դեմ: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պատվաստումից հետո Պուտինն իրեն լավ է զգում, վաղը նա լիարժեք աշխատանքային օր է ունենալու»,- հայտնել է Պեսկովը:
ՌԴ նախագահը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է պատվաստվել։
Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը չի տարածի պատվաստման բուն ընթացակարգի լուսանկարերն և տեսանյութերը: Նա նշել է, որ Պուտինն արդեն շատ բան է անում ռուսական պատվաստանյութերի առաջխաղացման համար։ Նախագահի աշխատակազմից չեն ասել, թե հատկապես որ դեղամիջոցից է օգտվել Պուտինը, բայց ընդգծել են, որ խոսքը ռուսական երեք պատվաստանյութերից մեկի մասին է:
Նշենք, որ ՌԴ–ն արտադրում է երեք պատվաստանյութ` Սպուտնիկ Վ, ԷպիՎակԿորոնա և ԿովիՎակ։



