Նորատ Տեր–Գրիգորյանց

Հոգնել են բարձիթողի վիճակից. Տեր–Գրիգորյանցը մեկնաբանել է ԳՇ– Փաշինյան «հակամարտությունը»

342
(Թարմացված է 15:48 06.03.2021)
Հայկական բանակի հիմնադիրներից Նորատ Տեր-Գրիգորյանցն ասել է, որ ստեղծված իրավիճակում կողմերից ոչ մեկին չի աջակցում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերը նախատեսված չեն հեղաշրջման համար, դրանք ապահովում են երկրի անվտանգությունը դրսից նախաձեռնված հարձակման ժամանակ։ Sputnik Արմենիայի հետ  զույցում այս մասին ասաց  ԽՍՀՄ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, անկախ Հայաստանի զինված ուժերի ստեղծողներից գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ մեկնաբանելով երկրում տիրող իրավիճակը։

«Հայաստանի զինված ուժերը ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում և ՌԴ-ում, պարզապես նախատեսված չեն այդ գործի (հեղաշրջման,–խմբ.) համար։ Այն, ինչ Գլխավոր շտաբի պետը գրել է, կարծում եմ` նրանք պարզապես հոգնել են բարձիթողի վիճակից ու այլանդակությունից, երբ վերադաս մարմինները հանկարծակի հանում են ռազմական գեներալներին, սպաներին պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ», - ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ պատճառով բանակը մերկացվում է, խախտվում է բարոյական ու մարտական ոգին, վիճակը, մարտունակությունը։ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ ամենայն հավանականությամբ, Գլխավոր շտաբի պետը հոգնել է նման իրավիճակից, դրա համար էլ նա հանդես է եկել այդ հայտարարությամբ։

Տեր-Գրիգորյանցը նաև ընդգծեց, որ բանակը քաղաքականությամբ չի զբաղվում։ Բացի այդ, նա պարզաբանել է, որ ինքն այդ իրավիճակում ոչ մեկին չի աջակցում։

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

342
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Զինված ուժեր, Նորատ Տեր–Գրիգորյանց
Ըստ թեմայի
«Ուզում են գլխատել ԶՈւ–ն». ակցիայի մասնակիցները գնացին նախագահական
«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են
Նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի Գասպարյանի ազատման հարցով դիմելու ՍԴ. Արա Զոհրաբյան
Սահմանադրական դատարան

Ռոբերտ Քոչարյանի` ՍԴ ներկայացրած դիմումը հրապարակային չի քննարկվի. որոշում կայացվեց

9
(Թարմացված է 12:20 23.03.2021)
Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ ներկայացրած դիմումը հրապարակային քննարկելու հարցը դրվեց քվեարկության, ձայները բաշխվեցին հավասար։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի (սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը քննարկել գրավոր ընթացակարգով։

Նշենք, որ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը մինչև դիմումի քննարկումը սկսելն առաջարկել էր հրապարակային քննարկել դիմումները։

Հարցը դրվեց քվեարկության, և ձայները բաշխվեցին 4։4 հարաբերակցությամբ։ Այսպես, ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Հրայր Թովմասյանը և Արայիկ Թունյանը կողմ էին դիմումի հրապարակային քննությանը, իսկ դատավորներ Էդգար Շաթիրյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանն ու ՍԴ նախագահ Արման Դիլանյանը դեմ էին դրան։

Նշենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ներկա չէր նիստին, քանի որ նա Մարտի 1-ի գործով տուժածների իրավահաջորդն է եղել մինչև դատավոր նշանակվելը, ինչը նշանակում է, որ անհնար է նրա` այս դիմումով նիստերին մասնակցելը։

Քանի որ ձայները բաշխվեցին հավասար, ՍԴ նախագահը որոշեց, որ գրավոր ընթացակարգով պետք է անցնի դիմումների քննությունը։ 

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Ուսուցիչներին ևս աշխատավարձի կրճատում է սպառնում. Արման Թաթոյանը կդիմի ՍԴ

Վենետիկի հանձնաժողովը հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

9
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Սահմանադրական դատարան
Ըստ թեմայի
Նախագահը դիմել է ՍԴ` օրենքի սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով
Պատգամավորը բացատրել է` ինչու ՍԴ դիմելը չի փոխի ԳՇ պետի ազատման գործընթացը
Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը նախագահը չի ստորագրելու և չի դիմելու ՍԴ
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ինչու են պայմանագրային զինծառայողները դուրս եկել դիրքից. որոշ մանրամասներ արդեն հայտնի են

47
(Թարմացված է 12:19 23.03.2021)
Զինծառայողները գնացել են 1.5 կմ հեռավորության վրա տեղակայված մարտական դիրք, եղանակի վատթարացման պատճառով ստիպված մնացել այնտեղ, իսկ հաջորդ օրը վերադառնալիս մոլորվել են:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Միջդիրքային տարածքում երկու զինծառայողների կորչելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի երկու շարքային պայմանագրային զինծառայողների հետ միջդիրքային տարածքում մարտի 21-ին կապն ընդհատվել էր, եղանակային ծանր պայմաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նրանք հայտնաբերվել էին մարտի 22-ին: Նրանցից մեկի կյանքը, ցավոք, փրկել չէր հաջողվել, մյուսը, որի վիճակը գնահատվում է ծանր, անհրաժեշտ բուժօգնությունն է ստանում Կենտրոնական զինվորական հոսպիտալում:

Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ, զինծառայողների կորչելու մասին տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ՀՀ ՊՆ Վայքի ՌՈ բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր:

Ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ մարտի 20-ին, ժամը 09-ի սահմաններում, նրանք ծխախոտ և վառելիք բերելու նպատակով դուրս են եկել մարտական դիրքից և գնացել մոտ 1.5կմ հեռավորության վրա տեղակայված մարտական դիրք, եղանակի վատթարացման պատճառով ստիպված մնացել այնտեղ, իսկ հաջորդ օրը վերադառնալիս խիստ ձնաբքի պայմաններում մոլորվել են՝ չհասնելով հենակետ:

Դեպքի առթիվ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը` ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում)՝ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ պարզելու դեպքի ամբողջական հանգամանքները, մարտական հերթապահության իրականացման պայմանների, զինծառայողների անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների անբավարարության, դրանում համապատասխան պաշտոնատար անձանց հնարավոր պաշտոնեական անփութության, հանցավոր թերացումների առկայությունը:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) 8-րդ կայազորային քննչական բաժին:

47
թեգերը:
ՀՀ դատախազություն, զինծառայող, Հայաստան