ԱԳՆ

Թուրքական TRT-ն Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու հայտ չի ներկայացրել․ ԱԳՆ

190
(Թարմացված է 21:30 28.02.2021)
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ մարտի 1-ի հանրահավաքը լուսաբանելու են նաև թուրքական մի շարք ԶԼՄ-ներ։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Թուրքական լրատվամիջոցները մարտի 1-ին Հայաստան գալու և նկարահանումներ իրականացնելու համար հավատարմագրման հայտ չեն ներկայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Արտգործնախարարությունը նման որևէ հայտ չի ստացել»,- ասաց նա։

Այսօր Wargonzo տելեգրամյան ալիքը տեղեկություններ էր տարածել, թե թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում են ժամանել Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը լուսաբանելու։ Ալիքը մասնավորապես գրել էր թուրքական TRT պետական հեռուստաալիքի մասին ու նշել, որ լրագրողներն այժմ հարևան Վրաստանում են աշխատում:

Հավելենք, որ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում տեսանկարահանում իրականացնելու համար պետք է ունենան հատուկ թույլտվություն մեր երկրի արտաքին գերատեսչությունից։

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին` ժամը 18:30-ին, հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։

190
թեգերը:
Աննա Նաղդալյան, հանրահավաք, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարտի 1-ին իշխանության ու ընդդիմության հանրահավաքները գրեթե միաժամանակ կմեկնարկեն
Հնարավոր բախման թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է․ Վանեցյանը՝ առաջիկա հանրահավաքի մասին
ԳՇ պետին հեռացնելու պատճառ չկա, կամ ի՞նչ կլինի, եթե Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ
«Լուսնագնաց-1»-ի մակետը

Հայաստանը տիեզերագնացներ չի ունեցել, բայց փոխարենն ունեցել է «տիեզերանվաճ» գիտնականներ

50
(Թարմացված է 23:16 12.04.2021)
Այնպես է ստացվել, որ Հայաստանը տիեզերագնացության ողջ պատմության ընթացքում այդպես էլ տիեզերագնացներ չունեցավ, բայց հայերն իրենց ավանդը ներդրեցին մարդու կողմից տիեզերքի յուրացման մեջ։

Խորհրդային մարդու առաջին թռիչքը տիեզերք մարդկության պատմության մեջ նշանակալից իրադարձություն դարձավ: Այն հաճախ իր մասշտաբներով համեմատում են Ամերիկայի հայտնագործության հետ: Հայաստանը, ինչպես խորհրդային մյուս հանրապետությունները, մեծ ջանքեր գործադրեց տիեզերքի զարգացման և յուրացման գործում: Sputnik Արմենիան տիեզերք մարդու առաջին թռիչքի 60-ամյակի կապակցությամբ հետաքրքիր փաստեր է հավաքել հայ գիտնականների դերի մասին:

Ավելի լավ, քան NASA–ի մոտ

Հայաստանում սարքեր էին ստեղծվում, որոնք իրենց ցուցանիշներով գերազանցում էին NASA–ի ամերիկյան անալոգները, և այդ հարցում առանցքային դերակատարում ունեցավ Գրիգոր Գուրզադյանը։ ԽՍՀՄ տիեզերագնացության մեջ առանցքային որոշ ուսումնասիրություններ հնարավոր չէ պատկերացնել առանց Գուրզադյանի ստեղծած «Օրիոն» աստղադիտակների:

Գուրզադյանի որդին` «Տիեզերաբանություն և աստղաֆիզիկա» կենտրոնի ղեկավար Վահագն Գուրզադյանը հիշում է, որ մթնոլորտից դուրս տիեզերքի ուսումնասիրման առաջին աշխատանքներն իրականացվել են Սերգեյ Կորոլյովի բալիստիկ հրթիռների կիրառմամբ։ Սակայն այդ միտքը կոնստրուկտորին, կարելի է ասել, տվել է հենց Գուրզադյանը։

«Հայրս Կորոլյովին առաջարկեց ձևափոխել բալիստիկ այդ հրթիռները (որոնք ստացել էին Ф-5-В անվանումը – խմբ.), որպեսզի գլխիկները տեղավորվեն սարքի մեջ»,– ասում է Գուրզադյանը։

Նա նշեց, որ առաջին գործարկումը փետրվարի 15-ին էր՝ գաղտնի տիեզերակայանից։ Այդ օրը արևի խավարում էր, ու գործարկումը ձախողման էր մատնված. հրթիռը պայթեց որոշակի բարձրության վրա` այդպես էլ թիրախին չհասնելով։ Սակայն փորձարկումներն այդքանով չավարտվեցին։ Հետագայում հրթիռը կրկին գործարկվեց ու անցավ անհրաժեշտ փորձարկումները։

Գուրզադյանի հեղինակած աստղադիտակը տեղադրված է «Կոսմոս 309» հետախուզական արբանյակի (գործարկվել է 1969 թվականին Պլեսեցկի տիեզերակայանից) մոդուլի վրա։ Աստղադիտակը կամ ինչպես այն հաճախ անվանում են՝ «հայկական արբանյակը», առաջին անգամ առանձնացել և ինքնավար դիտարկում է իրականացրել։ Այսօր այդ աստղադիտակը պահվում է Երևանի տիեզերքի թանգարանում։

Բացի այդ, Գուրզադյանի աստղադիտակների շնորհիվ ուսումնասիրություններ են իրականացվել և ստացվել թույլ աստղերի՝ աշխարհում առաջին ուլտրամանուշակագույն սպեկտրները։ Առաջինը, ով աստղագիտական դիտարկումներ կատարեց «Օրիոն-1» աստղադիտակով մթնոլորտից դուրս, տիեզերագնաց Վիկտոր Պացաևն էր։

Մեկ այլ առանցքային կերպար էր տիեզերական կենսաբանության և տիեզերական բժշկության հիմնադիրներից մեկը` Նորայր Սիսակյանը։ Ինչպես իր հրապարակման մեջ գրում է Դմիտրի Աբազովը, այսօր կենսաքիմիայի մի քանի նոր ուղղությունների համար պարտական ենք Սիսակյանին: Նա նաև տիեզերագնացների ընտրության և նախապատրաստման գիտական սկզբունքների հիմքը դրեց:

Եվ եթե մեկ այլ հիանալի խորհրդային գիտնական Անդրոնիկ Իոսիֆյանի ղեկավարությամբ XX դարի կեսերին մշակվեց ու գործարկվեց «Օմեգա» արբանյակը (նա նաև հրթիռների համար էլեկտրամեխանիկական սարքեր է ստեղծել), ապա լուսնագնացի ինքնագնաց շասիի գլխավոր կոնստրուկտորը ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանն էր։ Նրա մշակման շնորհիվ 1970 թվականին Լուսին է հասցվել աշխարհում առաջին ավտոմատ «Լուսնագնաց-1» կայանը:

Հայն էլ է այնտեղ եղել

Առանձնահատուկ հարկ է ընդգծել ամերիկահայ տիեզերագնաց Ջեյմս Ֆիլիպ Բաղյանի (Կունդեբաղյան) ավանդը, ով 1989 թվականին իր առաջին թռիչքը կատարեց տիեզերք` այն նվիրելով պատմական հայրենիքին։ Նա նաև բժշկական գիտությունների դոկտոր է, երկար տարիներ աշխատել է Լինդոն Ջեքսոնի անվան տիեզերական կենտրոնում, մասնակցել թռիչքներին անձնակազմի նախապաստրաստմանը։

Գունավոր ու բացառիկ. վերականգնվել է 1962 թ.–ի Յուրի Գագարինի ելույթի տեսաձայնագրությունը

Եվս մեկ թռիչք նա իրականացրել է «Կոլումբիա»–ով և ուղեծրում մնացել շուրջ 9 օր` 218 ժամ` 146 պտույտ կատարելով մոլորակի շուրջ։ Պարգևատրվել է NASA–ի հատուկ մեդալով։

Սրանք տիեզերական ծրագրերի զարգացման և տիեզերքի յուրացման մեջ հսկայական ավանդ ունեցած հայ գիտնականների միայն մի քանիսի անուններն են։

50
թեգերը:
գիտնական, տիեզերք, Հայաստան
Ըստ թեմայի
Կիվիրյանը տիեզերագնացների ջոկատի թեկնածուներից է. «Ռոսկոսմոսն» ընտրել է լավագույններին
Գագարինի թռիչքի 60-ամյակը․ տիեզերագնացները միջազգային տիեզերակայանից շնորհավորել են տոնը
Եկեք ուտենք գագարինավարի. աշխարհի առաջին տիեզերագնացը գերել էր թագուհի Եղիսաբեթ 2-րդին
Դավիթ Գրիգորյանի գերեզմանը

Դավիթ Գրիգորյանը ոչնչացրել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ. նա պարգևատրվեց հետմահու

57
(Թարմացված է 23:04 12.04.2021)
Ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանի ընտանիքին են փոխանցել նրա շքանշանն ու մեդալը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Արցախյան պատերազմի զոհերից Դավիթ Մանվելի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով։ Տեղեկանում ենք Վայոց ձորի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Արցախի ՊԲ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության, խիզախության և բացառիկ քաջության համար:

«Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Դավիթը ոչնչացրել է 12 տանկ, 10 զրահատեխնիկա, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 1 ՏՕՍ համակարգ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ավագ սերժանտ Գրիգորյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին:

Մեդալները հերոսի հարազատներին հանձնելու արարողությանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, N զորամասի ՀՏՄ հրամանատար, լեյտենանտ Էդվին Բալայանը:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ռուս զինվորականները պարգևատրվել են մեդալներով

57
թեգերը:
Զոհ, պարգևատրում, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Արցախի նախագահն Ազիզ Թամոյանին հետմահու պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով
«Տղա՛ս, դու պիտի շարունակես այն, ինչ հայրդ քեզ է ժառանգել». ՀՀ նախագահը պարգևներ է հանձնել
27-ի առավոտյան գնաց ու չվերադարձավ. 31-ամյա փոխգնդապետը պարգևատրվեց հետմահու
Գազատար

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները

0
(Թարմացված է 00:14 13.04.2021)

Ցուրտ ու ձգձգված ձմեռը դատարկեց Եվրոպայի գազային պահեստարանները։ Մնացել է պաշարների մեկ երրորդը։ Ամերիկացիները որոշել են օգտվել դրանից ու մեծ ծավալի հեղուկ գազ առաջարկել։ Սակայն կորոնավիրուսային ճգնաժամը թույլ չի տա, որ Եվրոպան գումար ծախսի անդրօվկիանոսյան թանկ էներգառեսուրսների վրա։ Ստիպված կլինեն ռուսական հումք գնել։ ՌԻԱ Նովոստին պարզել է՝ «Գազպրոմն» ու պետբյուջեն որքան գումար կվաստակեն արտահանումից:

Իրինա Բադմաևա, ՌԻԱ Նովոստի

Եվրոպայի համար անոմալ սառնամանիքներ

Աշնանն ու ձմռանը եվրոպացիներն ավելի քան 65 մլրդ խորանարդ մետր գազ են ծախսել. տասը տարվա կտրվածքով սա ամենաբարձր ցուցանիշն է։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմը»՝ հղում անելով GasInfrastructureEurope-ին։ Նախորդ «ռեկորդը» եղել էր 2018-ին, երբ փետրվար-մարտին Եվրոպայում անոմալ սառնամանիք էր ու ձյան առատ տեղումներ:

Եղանակը չար կատակ խաղաց նաև ջեռուցման այս սեզոնին։ «Գազպրոմը» ստիպված եղավ հունվարին շտապ մեծացնել սառցակալած Եվրոպայի մատակարարումները։ Գերմանիա ուղարկվեց սովորականից 32,4 տոկոսով շատ գազ, Ֆրանսիա ուղարկված գազի ծավալն ավելացվեց 77,3 տոկոսով, Նիդեռլանդներինը՝ 21,2 տոկոսով, իսկ Իտալիայինը՝ 100 տոկոսով։

Բացի այդ, ավելացվեց Ասիայի ուղղությամբ արտահանումը. այնտեղ նույնպես սառնամանիքներ էին։ Արդյունքում շուկայում պակասուրդ առաջացավ, որը սպոտային գների կտրում աճ հրահրեց (ապրանքները, արժեթղթերը կամ արժույթը սպոտային գներով են վաճառվում անհապաղ առաքման պայմաններով)։

Օրինակ` Ասիայում եղավ մի պահ, երբ գնանշումները գերազանցեցին հազար խորանարդի դիմաց հազար դոլար։ Որոշ գործարքներ կնքվեցին 1400-ով։ Եվրոպայում գները հատեցին 300 դոլարի սահմանը։ Դա այն դեպքում, երբ «Գազպրոմի» 2021 թվականի պահպանողական բյուջեում 170-ն է դրված։

Արդյունքում ռուսական արտահանումը դեպի հեռավոր արտերկիր աճեց մինչև 19,5 մլրդ խորանարդ մետր։ Դա գրեթե 46 տոկոսով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։

Փետրվարին եղանակն առանձնապես չլավացավ։ Այդ ամսվա ընթացքում երեք օր շարունակ եվրոպական պահեստարանները տվեցին առավելագույնը՝ օրական ավելի քան մեկ միլիարդ խորանարդ մետր:

Մինչև մարտի 25-ը, երբ ցուրտ սեզոնն ավարտվեց, Հին աշխարհի պահեստարանների միջին զբաղվածությունը նվազեց մինչև 29 տոկոս: Մասնավորապես Գերմանիայում ու Ավստրիայում հասավ 26 տոկոսի, Նիդեռլանդներում՝ 23–ի, Ֆրանսիայում՝ 17–ի։

«Գազպրոմում» արդեն հաշվել են, որ եկող ձմռանը չմրսելու համար եվրոպացիները պետք է 57,3 տոկոսով (գրեթե 24 մլրդ խմ-ով) ավելացնեն պաշարները անցած տարվա համեմատ: Դա համադրելի է 2020 թվականին դեպի Ֆրանսիա ու Նիդեռլանդներ ընդհանուր արտահանման հետ։ Պահեստարանները լցնելու արշավը խոստանում է ամենազանգվածայիններից մեկը դառնալ 2011 թվականից ի վեր։

Ռուսական գազի այլընտրանքը

«Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան հայտնել է, որ 2020 թվականին գազի եվրոպական շուկայում ռուսական հումքի բաժինը շուրջ 33 տոկոս է կազմել: Նրա խոսքով՝ արդեն երրորդ եռամսյակից արտահանման ծավալները հասել են նախաճգնաժամային ցուցանիշներին, իսկ առանձին դեպքերում նույնիսկ գերազանցել են: Ներկրողների հանդեպ բոլոր պարտավորությունները կատարվել են։

Ռուսաստանից բացի, ԵՄ կապույտ վառելիք է մատակարարվում Նորվեգիայից, Կատարից, Ալժիրից, ԱՄՆ-ից ու Նիգերիայից: Գլխավոր սպառողներն են Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան։ Ընդ որում` գերմանացիներն ու բրիտանացիները ռուսական գազը ստանում են «Հյուսիսային հոսքով»։ Այլ տարբերակ չկա։ Իհարկե, կարելի է անցնել հեղուկ բնական գազի, բայց այն ավելի թանկ է: Բացի այդ, դրա համար անհրաժեշտ են հատուկ տերմինալներ, որոնք Գերմանիան, օրինակ, չունի։ Հեղուկացված բնական գազն այնտեղ են հասցնում Բելգիայով ու Նիդեռլանդներով:

Իտալիայում և Մեծ Բրիտանիայում տերմինալներ կան, բայց այնտեղ էլ չեն շտապում հրաժարվել խողովակաշարային գազից։ Ուստի ռուսական էներգառեսուրսների գլխավոր գնորդները չեն սատարում «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ամերիկյան պայքարը։ Ավելին` Գերմանիան ամերիկացիներին առաջարկում էր ֆինանսավորել տերմինալների կառուցումը իրենց հեղուկացված բնական գազն ընդունելու համար, միայն թե նրանք հանգիստ թողնեն «Հյուսիսային հոսք-2»-ը: Անցյալ տարվա ամռանը Բեռլինը պատրաստ էր 1 միլիարդ եվրո վճարել դրա համար։ Բայց Վաշինգտոնն իրենն է պնդում։

ԵՄ-ում ռուսական նախագծի հակառակորդների պակաս չկա՝ Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Ռումինիա, Խորվաթիա։ Այս տարանցիկ երկրները գազի շնորհիվ լավ գումարներ են վաստակում։

Ռուսաստանը պարզում է, թե որքանով է Արևմուտքը պատրաստ կրկին «հրդեհել» Դոնբասը

Ի դեպ, Վարշավան արդեն հայտարարել է, որ մտադիր է 2022 թվականից հրաժարվել ռուսական գազից։ Լեհերը հույսները դրել են Հյուսիսային ծովի նորվեգական շելֆում կառուցվող Baltic Pipe խողովակաշարի վրա։ Մնացածը կլինի ամերիկյան հեղուկացված բնական գազը։

Ամերիկացիները, իհարկե, ուրախությամբ կլրացնեին եվրոպական պահեստարանները, հատկապես հիմա, երբ Ասիայում մարել է աժիոտաժային պահանջարկը։ Մարտին Հին աշխարհը նրանցից գնել է 11 միլիարդ խորանարդ մետր՝ երկու անգամ ավելի շատ, քան հունվարին ու փետրվարին ։ ԱՄՆ-ն ապահովել է Արևմտյան Եվրոպայի ուղղությամբ մատակարարումների 30 տոկոսը։ Ավելին` այժմ ծովերում և օվկիանոսներում ամերիկյան հեղուկացված բնական գազով 70 լցանավ կա։

Ո՞վ կլցնի եվրոպական պահեստարանները

Ճգնաժամը դեռ չի անցել, իսկ հեղուկացված բնական գազն առաջվա պես թանկ է խողովակաշարային գազից։ Բացի այդ, «Գազպրոմը», ի տարբերություն մրցակիցների, կարող է արագ մեծացնել արդյունահանումն ու օրական մատակարարումները։ Ընկերությունը սեփական պահեստարաններն ունի Եվրոպայում։

Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեևը նշում է, որ արևմտաեվրոպական ուղղությունը գերակա է, քանի որ «Հյուսիսային հոսքի» փոխհատուցելիությունը դեռ հարցականի տակ է։

«Ցուրտ ու ձգձգված ձմեռը լավ պահանջարկ ապահովեց, որը կարող է ավելի արագ աճել, քան պահեստարանների հզորությունները, ինչն էլ իր հերթին արդեն աշնանը գների բարձրացման կհանգեցնի», — ասում է նա։

VYGONConsulting–ի՝ Ռուսաստանի վառելիքային-էներգետիկ համալիրի զարգացման հարցերով անկախ խորհրդատուի կարծիքով՝ «Գազպրոմն» այս տարի կարող է գազի արտահանումը դեպի հեռավոր արտերկիր հասցնել մինչև 210 միլիարդ խորանարդ մետրի: Դա 17 տոկոսով շատ է, քան 2020-ի ցուցանիշը, և գրեթե հինգուկես տոկոսով շատ, քան «մինչկորոնավիրուսային» 2019-ի ցուցանիշը։

Օրինակ` առաջին եռամսյակում «Գազպրոմի» արտահանումն աճել է 30,7 տոկոսով։ «Ընդ որում՝ նախկինում մատակարարն իր տարեկան բյուջեն հաշվարկում էր` ելնելով 170 դոլար/հազ խմ սակագնից։ Բայց հետո ծրագրերը վերանայվեցին։ Հիմա տարեկան 200 դոլար է նախատեսվում։ Բանն այն է, որ երկարաժամկետ պայմանագրերը հիմնականում կապված են եվրոպական սպոտային գների հետ։ Բացի այդ, բարձրացել են նավթային գնանշումները, որոնցից կախված են գազի գները։ Ուստի լիովին իրատեսական է, որ «Գազպրոմը» սպառողներին համոզի իր ծրագրերի հիմնավորված լինելը»,– ասում է TeleTrade տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնտեսագետ Մարկ Գոյխմանը:

ԱՄՆ-ն որոշել է անտեսանելի վրեժ լուծել Ռուսաստանից

Ի դեպ, գազը շարունակում է թանկանալ նաև ջեռուցման սեզոնի ավարտից հետո։ Հիմա TTF–ի (Title Transfer Facility Natural Gas Price Index) նիդեռլանդական հանգույցում սպոտային գինը 252 դոլար է (1000 խմ-ի համար), որը 2018-ից ի վեր առավելագույն ցուցանիշն է։

VYGON Consulting-ում նշում են, որ արդյունքում հեռավոր երկրներ մատակարարվող գազի շնորհիվ «Գազպրոմի» հասույթն այս տարի կավելանա 1,7 անգամ՝ հասնելով 42 մլրդ դոլարի: Ինչը շատ տեղին է պետբյուջեի համար։

0
թեգերը:
Եվրոպա, ԱՄՆ, գազ, Ռուսաստան