ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Երևանում ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի վնասվածք ստանալու կապակցությամբ։
Նշենք, որ զանգվածային լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկատվություն էր տարածվել, որ ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիցներից մեկի ոտքը։
«Հայտնում ենք, որ հիշյալ քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Նշենք, որ սոցցանցերում բողոքի ակցիայի մասնակից օգտատերերը հայտնել էին, որ վնասվածք ստացած ցուցարարը սփյուռքահայ Ռազմիկ Արապեանն է, որը վերջերս է հայրենադարձվել և հաստատվել հայրենիքում։
«Նիկոլ, ինչի՞ց ես վախենում». Փաշինյանն անխոչընդոտ մտավ կառավարական շենք
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարության 3-րդ շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաև ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին։ Քաշքշուկի արդյունքում Սաղաթելյանի բերանից սկսել է արյուն գալ։ Ի վերջո, ոստիկանները նրան հանգիստ են թողել։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Փետրվարի 28-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի զոհերի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Առաջիկա 13 օրերին մեր երկիրը շարունակելու է մնալ պատային վիճակում։ Այս կարծիքին է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Facebook-ի իր էջում նա գրառում է կատարել՝ ամփոփելով ստեղծված իրավիճակը։
Մարուքյանը վստահ է, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմելու է Սահմանադրական դատարան՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկության վերաբերյալ։ Սա, ըստ նրա, ակնհայտ է, քանի որ նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տեսնում է խնդիր` կապված Սահմանադրության հետ։ Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունն օգտագործելու համար նախագահն ունի եռօրյա ժամկետ։
Սահմանադրական դատարանը գործը պետք է քննի նախագահի դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։
«Ստացվում է, որ երկիրը ևս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ, որտեղ գլխավոր դերակատարը` վարչապետը, որևէ լայնախոհ, պատասխանատու և պետականամետ քայլ չի կատարում առանց այն էլ պրկված մթնոլորտը լիցքաթափելու եւ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար»,- գրում է Մարուքյանը։
Նա շեշտում է, որ երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետևանքներով։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:
Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։