ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով և երկկողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմամբ մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել միջպետական համագործակցությունը»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։
Նախագահ Սարգսյանը կարևորել է պատմական և քաղաքակրթական ամուր հենք ունեցող Հայաստանի և Սերբիայի բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը:
Հանրապետության նախագահն Ալեքսանդր Վուչիչին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Սերբիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Առաջիկա 13 օրերին մեր երկիրը շարունակելու է մնալ պատային վիճակում։ Այս կարծիքին է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Facebook-ի իր էջում նա գրառում է կատարել՝ ամփոփելով ստեղծված իրավիճակը։
Մարուքյանը վստահ է, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմելու է Սահմանադրական դատարան՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկության վերաբերյալ։ Սա, ըստ նրա, ակնհայտ է, քանի որ նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տեսնում է խնդիր` կապված Սահմանադրության հետ։ Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունն օգտագործելու համար նախագահն ունի եռօրյա ժամկետ։
Սահմանադրական դատարանը գործը պետք է քննի նախագահի դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։
«Ստացվում է, որ երկիրը ևս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ, որտեղ գլխավոր դերակատարը` վարչապետը, որևէ լայնախոհ, պատասխանատու և պետականամետ քայլ չի կատարում առանց այն էլ պրկված մթնոլորտը լիցքաթափելու եւ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար»,- գրում է Մարուքյանը։
Նա շեշտում է, որ երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետևանքներով։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:
Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը երեկ Մոսկվայում կայացած հերթական հանդիպման ժամանակ առաջարկել են ցուցակագրել երկաթուղային ու ավտոմոբիլային փոխադրումների միջազգային պայմանագրերը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում կայացած աշխատանքային խմբի նիստից հետո։
«Կողմերը քննարկել են երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները, այդ թվում` փոխադրումների ապահովման հարցերի վերաբերյալ՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հսկողության այլ տեսակները։ Կողմերի իրավասու մարմիններին հանձնարարվել է ցուցակագրել ԱՊՀ շրջանակում կնքված միջազգային պայմանագրերը և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են վերոնշյալ փոխադրումների իրականացմանը» - ասել է Օվերչուկը։
Նա հայտնել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների` Լեռնային Ղարաբաղի հարցով հաջորդ հանդիպումը, որն արդեն չորրորդը կլինի, կկայանա մարտի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։
Օվերչուկը հավելել է, որ աշխատանքային խումբը որոշել է լրամշակել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով նախատեսված զեկույցի նախագիծը։
Հայտարարության համապատասխան կետը նախատեսում է, որ աշխատանքային խումբը մինչև 2021 թվականի մարտի 1-ը կողմերի հաստատմանը կներկայացնի այն միջոցառումների ցանկն ու իրականացման ժամանակացույցը, որոնք ենթադրում են տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտների վերականգնում և կառուցում, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, կատարման և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնց կատարման համար պահանջվում է հատել այդ երկրների տարածքները։
Աշխատանքային խմբի երրորդ նիստում, որն ավարտվել է երեկ գիշերը, քննարկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի դրույթները:
Հիշեցնենք` 2021թ–ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ընդունվել էր համատեղ հայտարարություն, որով նախատեված է տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակում։
Գործընթացի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի համանախագահները 3 երկրների փոխվարչապետներն են։
Առաջին աշխատանքային հանդիպումը տեղի էր ունեցել 2021թ–ի հունվարի 30-ին: