ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանում այսօր գրանցված երկրաշարժի հետևանքով Մեծամորի ատոմային էլեկտրակայանը չի տուժել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։
«Կապ հաստատել ենք ՀԱԷԿ–ի հետ, ամեն բան կարգին է։ Անհանգստանալու կարիք չկա»,– ասաց նա։
Նշենք, որ երկրաշարժը զգացվել էր նաև Արմավիրի մարզում, այդ թվում` Մեծամոր քաղաքում, որտեղ գտնվում է ատոմակայանը։
Ներկա պահին ՀԱԷԿ–ը գտնվում է ակտիվ աշխատանքային վիճակում։ Ատոմայականի կանգ` վերազինման աշխատանքների հետ կապված, նախատեսված է 2021թ–ի մայիսից։ Ատոմակայանը չի աշխատի շուրջ 140 օր։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի, Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ այս օրերին չի հանդիպել։ Այս մասին Մանուկյանը հայտնեց լրագրողներին այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպված ընդդիմության ճամբարում։
Խոսելով իշխանության հայտարարած ռազմական հեղաշրջման փորձի մասին` Վազգեն Մանուկյանն ասաց. «Հեղաշրջում նշանակում է, երբ զորքը մտնում է մայրաքաղաք, և կա՛մ վերցնում է իշխանությունը, կա՛մ իշխանությունը փոխում է, տալիս ընդդիմության ձեռքը։ Այդպիսի բան Հայաստանում տեղի չի ունեցել»։
Իշխանության նման որակումները Մանուկյանը համարում է ԳՇ պետին համբերությունից հանելու փորձ։
«Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից հանել։ Հիմա ինքը փորձում է անօրինական ձևով համբերությունից հանել Գասպարյանին, ինչը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին։ Թե դա ինչ սրացում կառաջացնի նրանց միջև, ես չեմ կարող կանխագուշակել։ Բայց իրավիճակ սրողը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է»,– ասաց Մանուկյանը։
Ինչ է ծրագրում այս իրավիճակում ընդդիմությունը հարցին ընդդիմության միասնական թեկնածուն պատասխանեց, որ «պլան Բ»–ի կարիք չկա և որ «պլան Ա»–ն առայժ իրեն լիովին արդարացնում է։
«Գրեթե չի մնացել Հայաստանում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն` ինքը կորցնում է իր հենարանները, և որևիցե «պլան–Բ»–ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Ասեմ նաև, որ «պլան–Բ»–ն ոչ թե դու ես իրականացնում, այլ ժողովուրդն ինքը։ Բախում է տեղի ունենում, ինչ–որ անհամաձայնություն է տեղի ունենում, ինքն իրեն բռնկվում է»,– ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 20–ին Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում Վազգեն Մանուկյանը նշել էր, որ Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու, ուստի պետք է կոտրել այն հենարանները, որը նա ունի, և դա իրենց պլան Ա–ն է։ Մակայն միշտ ունեն պլան Բ–ն.
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
«Մենք պետք է պատրաստ լինենք ապստամբելով, կայծակնային արագությամբ վերցնել իշխանությունը։ Մենք այժմ իրականացնելու ենք պլան Ա–ն` միշտ պատրաստ լինելով պլան Բ–ին»,-ասել էր նա։
Երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը չի պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է զինված ուժերի աղբյուրը։
Երեկվանից Գասպարյանի մոտ են գնում տարբեր պաշտոնյաներ ՝ նրան համոզելու, որ հեռանա պաշտոնից։ Նրա հետ արդեն իսկ հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկը։
«Գասպարյանը որոշում է կայացնում ՝ հենվելով բացառապես հրամանատարների և ԳՇ վարչությունների ղեկավարների կարծիքի վրա։ Նա հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը ՝ կառավարությունը պետք է հեռանա»,–ասել է մեր աղբյուրը։
Զինվորականները ներկայումս պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, ընդհուպ ձերբակալվելու հնարավոր փորձերին: Sputnik Արմենիային զինվորականների հնարավոր ձերբակալության մասին լուրը հաստատել է նաև գլխավոր դատախազության աղբյուրը. գեներալներին ձերբակալելու նպատակով հատուկ նշանակության ուժերի «գրոհը» լրջորեն քննարկվել է ի սկզբանե:
Զինված ուժերում մեր զրուցակիցը նաև նշում է, որ եթե իշխանությունը ուժ կիրառի ցուցարարների դեմ, ապա բանակը չի զբաղեցնի ուղղակի դիտորդի դեր։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։