ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
«Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:
Նշենք, որ փետրվարի 9-ին Հայաստան վերադարձան ևս 5 գերիներ, որոնցից 4-ը Գյումրուց էին, մեկը` Մասիսից։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։
«Աստված ինձ տուն բերեց»․ 23-ամյա գյումրեցին հայրենիք վերադարձած գերիների թվում է
Հիշեցնենք` հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը:
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա քրոջ դուստրը` Արմինե Սահակյանը։
Նշենք, որ Աշոտ Մինասյանի հայրական տունը գտնվում է Սիսիանի Լծեն գյուղում։
Մեր զրուցակցի խոսքով` այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն որպես հայրական օջախ վերածվել էր Արցախյան պատերազմին մասնակցած որդիների թանգարանի։ Կողոպուտի մասին նրանց զանգել, տեղեկացրել է հարևանը։
«Ջարդել են ամեն ինչ և տարել են հրամանատարի` առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Տարել են նաև զոհված մորեղբորս` Աղվանի Մինասյանի շքանշանները ու նրա մատանին, որը պահում էինք որպես մասունք։ Աղվանի նկարները գցել են գետնին և քայլել վրայով»,–ասաց հրամանատարի ազգականը` հավելելով, որ հնարավոր է` դիտավորյալ արված քայլ է` վախեցնելու, լռեցնելու նպատակ են ունեցել։
Սահակյանը նշեց, որ տան ամեն ինչը խառնել, թափել են գետնին, տանը եղած օղիները մասամբ խմել, մասամբ բացել ու թափել են։ Սենյակներից մեկի վարագույրը մասամբ այրված է եղել, նա ենթադրում է, որ գուցե փորձել են այրել տունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԱԳՆ-ում մեր աղբյուրը: Նրա խոսքով` այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ–Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով: Այլ կերպ ասած՝ ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն ինչ-որ հարցում իրեն ճիշտ չի դրսևորել:
Թե ինչ սխալների մասին է խոսքը, պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում եմ:
Mediaport Տելեգրամ- ալիքի տեղեկություններով, սակայն , ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով, ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:
Նշենք, որ Մարիան Քլարկ–Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է ընդամենը 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016–2020 թթ․, որպես ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։