ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիության խնդրի մասին խոսել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։
«Այս առնչությամբ Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի իր գործընկերոջը՝ վերոհիշյալ հարցը օրակարգում մշտապես բարձր պահելու համար: ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և մտքեր փոխանակել համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր։ Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի պատվիրակության վերջերս Հայաստան կատարած այցը։ Մտքեր են փոխանակվել այցի արդյունքներով ձեռնարկվելիք հետագա քայլերի շուրջ։
ԱԳ նախարարը տեղյակ չէ, թե Ադրբեջանի հետ ինչ պայմանավորվածության մասին է նշել փոխվարչապետը
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում»,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի կողմից աջակցության ջանքերը:
Հավելենք, որ Բեռնար Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով և այցելել է նաև Արցախ:
Քուշները նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաև իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է զգուշավորություն դրսևորել հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում։ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը։
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հորդորել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները։ Գերագույն հոգևոր խորհուրդն այժմ էլ վերահաստատում է առկա կացության հանգուցալուծման շուրջ Մայր Աթոռի արտահայտած դիրքորոշումները։
«Օրհասական վիճակի լրջագույն ցուցիչ դիտարկելով հայրենիքի անվտանգության երաշխավոր հանդիսացող հայոց բանակի որդեգրած մտահոգ կեցվածքը՝ կոչ ենք անում ԱԺ-ին և իշխանության մյուս կառույցներին՝ անհրաժեշտ հետևություններն անել և պատասխանատվության բարձր գիտակցությամբ գործել ի սեր հայրենիքի»,–նշված է խորհրդի հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, հորդորում են ժողովրդին պահպանել հանդարտություն, վարվել խոհեմությամբ, օրինահարգությամբ և ամենայն պատասխանատվությամբ՝ չդադարելով լինել նախանձախնդիր և հետևողական հայրենիքի շահերի պաշտպանության գործում։ Հորդորում են իրավապահներին` զերծ մնալ խաղաղ ցույցերի և հավաքների ժամանակ բռնություններից և անհամաչափ ուժի կիրառությունից։
Խորհուրդն արձանագրել է նաև, որ պատերազմի հետևանքով հայրենիքում տիրում է քաղաքական ծանր իրադրություն, որն օրեցօր խորացնում է տնտեսական, սոցիալական և հասարակական խնդիրները։ Բացի այդ, խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած քայլերի անարդյունավետության, հասարակական-քաղաքական կարևորագույն հարցերի վերաբերյալ խնդրահարույց դիրքորոշումների առնչությամբ։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։