Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում

Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, այլև կառավարությունում. վարչապետը կգնա Շիրակ

115
(Թարմացված է 18:48 10.02.2021)
Փաշինյանի խոսքով` գերիների վերադարձի համար որևէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա, գերիների հարցն իշխանության համար առաջնահերթություն է:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետն առաջիկայում կայցելի Շիրակի մարզ՝ հանդիպելու գերիների հարազատների հետ: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում գերիների վերադարձի գործընթացից առկա դժգոհությանը:

«Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաև կառավարությունում,- ասաց նա, -գերիների խնդրի մասին ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա: Ես ոչ մի վայրկյան դրա մասին չեմ մոռանում»:

Փաշինյանը նշեց, որ վերադարձի գործընթացի համար որևէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա, գերիների հարցն առաջնահերթություն է:

Վարչապետը շեշտեց, որ ՌԴ-ն ևս ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացում, քանի որ ՌԴ նախագահը ևս ստորագրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով նախատեսվում է գերիների և այլ պահվող անձանց վերադարձ:

Նշենք, որ այսօր շիրակցի գերիների հարազատները փակել էին մարզ տանող ճանապարհները։

Հիշեցնենք` հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը:

Գեներալ Մուրադովն անդրադարձել է հայ և ադրբեջանցի գերիների վերադարձի մանրամասներին

Այսօրվա դրությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանում պահվող գերիներից 69–ը։

115
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Շիրակի մարզ, ռազմագերի, գերի, ԱԺ, Հայաստան, Վարչապետ
Ըստ թեմայի
«Թող նայեն նրանց աչքերի մեջ». կառավարության առջև անհետ կորածների երեխաները կհավաքվեն
Հայրենիք վերադարձած գերիների մեծ մասը Գյումրիից են. ովքեր են նրանք
Հարությունյանը Մուրադովին է ներկայացրել ադրբեջանական կրակոցների արձանագրությունները
Մհեր Գրիգորյան

Հայտնի է` ինչ են քննարկել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում

4
(Թարմացված է 09:48 28.02.2021)
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների չորրորդը հանդիպումը կկայանա մարտի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը երեկ Մոսկվայում կայացած հերթական հանդիպման ժամանակ առաջարկել են ցուցակագրել երկաթուղային ու ավտոմոբիլային փոխադրումների միջազգային պայմանագրերը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում կայացած աշխատանքային խմբի նիստից հետո։

«Կողմերը քննարկել են երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները, այդ թվում` փոխադրումների ապահովման հարցերի վերաբերյալ՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հսկողության այլ տեսակները։ Կողմերի իրավասու մարմիններին հանձնարարվել է ցուցակագրել ԱՊՀ շրջանակում կնքված միջազգային պայմանագրերը և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են վերոնշյալ փոխադրումների իրականացմանը» - ասել է Օվերչուկը։

Նա հայտնել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների` Լեռնային Ղարաբաղի հարցով հաջորդ հանդիպումը, որն արդեն չորրորդը կլինի, կկայանա մարտի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

Օվերչուկը հավելել է, որ աշխատանքային խումբը որոշել է լրամշակել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով նախատեսված զեկույցի նախագիծը։

Հայտարարության համապատասխան կետը նախատեսում է, որ աշխատանքային խումբը մինչև 2021 թվականի մարտի 1-ը կողմերի հաստատմանը կներկայացնի այն միջոցառումների ցանկն ու իրականացման ժամանակացույցը, որոնք ենթադրում են տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտների վերականգնում և կառուցում, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, կատարման և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնց կատարման համար պահանջվում է հատել այդ երկրների տարածքները։

Աշխատանքային խմբի երրորդ նիստում, որն ավարտվել է երեկ գիշերը, քննարկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի դրույթները:

Հիշեցնենք` 2021թ–ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ընդունվել էր համատեղ հայտարարություն, որով նախատեված է տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակում։

Գործընթացի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի համանախագահները 3 երկրների փոխվարչապետներն են։

Առաջին աշխատանքային հանդիպումը տեղի էր ունեցել 2021թ–ի հունվարի 30-ին:

4
Մանկապարտեզ

Մասնավոր մանկապարտեզների և դպրոցների գլխին սուր է կախված. փակման վտանգ` հանուն բյուջեի

7
(Թարմացված է 01:33 27.02.2021)
Վարչապետը կարծում է, որ բյուջեն կարող են լցվել մասնավոր մանկապարտեզներից և դպրոցներից գանձվող «նոր հարկով»։ Մասնավոր կառույցներն ահազանգում են՝ փակման առաջ են կանգնելու։ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագետների հետ` ներկայացնելով որոշման հավանական հետևանքները։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Նախորդ տարվա իրադարձությունների` կորոնավիրուսի և պատերազմի հետևանքները տնտեսության վրայից «մաքրելու» և այս տարի սպասվող հարկային ճեղքի կրճատման նպատակով կառավարությունը ելքեր է փնտրել ու «գտել»։ Մասնավորապես, որոշվել է, որ պետք է սահմանափակվի ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման հարկային արտոնություններն առողջապահության և կրթության ոլորտներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման համաձայն` կառավարությանը հանձնարարվել է մինչև այս տարվա մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել համապատասխան օրենսդրական փաթեթը։

Ի դեպ, մինչև օրս մասնավոր նախակրթական ու կրթական հաստատություններն էին ազատված ԱԱՀ–ից, այսինքն` որոշումը հենց նրանց համար է։ Մասնավոր մանկապարտեզներն ու դպրոցները, այնտեղ հաճախող երեխաների ծնողները համատարած դժգոհ են այս որոշումից, քանի որ ստացվում է` մասնավոր ուսումնական հաստատությունների վարձը կթանկանա 20 տոկոսով։ Իսկ թե ինչ հետևանքներ կունենա որոշումը մասնավոր հատվածի, ծնողների, ինչպես նաև պետբյուջեն որքանով կավելանա այս հարկումից` Sputnik Արմենիան փորձել է պարզել ոլորտի մասնագետների հետ։

Մասնավոր մանկապարտեզների անորոշ ապագան

«Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցացիայի» հիմնադիր Նելլի Խաչատրյանը հայտնում է` Հայաստանում շուրջ 150 մասնավոր նախադպրոցական հաստատություն կա, որոնք միջինում ունեն 10 աշխատակից։ Նախորդ տարի կորոնավիրուսի հետևանքով դրանց 20 տոկոսն արդեն իսկ փակվել է։ Ավելին, եղածներն էլ վարկեր են վերցրել, որպեսզի փակման չգնան. 2 տարի է պետք, որպեսզի կարողանան նորից ոտքի կանգնել։

«ԻնդիգԱմի» երեխաների զարգացման կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Իրինա Փահլևանյանը վրդովված է, քանի որ չգիտի` ԱԱՀ սահմանելու դեպքում ի՞նչ կլինի իրենց կենտրոնի հետ։ Հարցն այն է, որ նախորդ տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արդեն իսկ մի շարք դժվարություններ են ունեցել, որ արդյունքում էլ «Ինդիգո» և «Ամի» կենտրոնները միավորվել` մեկ մանկական կառույց են ստեղծել։

«Մի խումբ մասնավոր մանկապարտեզների տնօրենների հետ քննարկել ենք այս հարցը. բոլորը նույնն են ասում` ոլորտն էական վնասներ կկրի ԱԱՀ–ով հարկման դեպքում։ 2020-ը շատ ծանր էր մեր ոլորտի համար` մի քանի ամիս պարալիզացված ենք եղել, ամբողջությամբ կորստի տարի էր։ Եվ հիմա, երբ փորձում ենք մեր մեջքն ուղղել, պարզվում է` հաջորդ հարվածն է սպասվում»,–ասաց Փահլևանյանը։

Ինչպես կանխել արտագաղթը, կամ իրավիճակի պատասխանը կգտնեք «Զվարթնոցում»

Նա նշեց նաև, որ բանավոր հարցում են իրականացրել իրենց կենտրոն հաճախողների ծնողների շրջանում. ծնողների մեծ մասն ասել է, որ պատրաստ չեն ավել վճարել, առավել ևս, որ դրա փոխարեն ոչինչ չեն ստանալու։ Այսինքն` ոչ թե ծառայությունների շրջանակն է ընդլայնվելու կամ էլ որակը, այլ միայն վարձավճարը։

Փահլևանյանը կարծում է` եթե հարկման որոշումը կայացվի, ապա շատերն իրենց երեխաներին տանելու են պետական մանկապարտեզներ. գաղտնիք չէ, որ պետական մանկապարտեզները գերծանրաբեռնված են։ Արդյունքում դրանք կոլապսի մեջ կհայտնվեն, մասնավորներից շատերը կփակվեն, կունենանք անգործ մնացած մասնագետներ։

Մասնավոր դպրոցները նույնպես նախանձելի վիճակում չեն

ԿԳՍՄՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալների համաձայն` Հայաստանում կա 1402 դպրոց, որից մասնավորն են 47-ը։ Մասնավոր կրթական հաստատություններում 2020-21 ուսումնական տարում սովորում են 9701 աշակերտ, իսկ աշխատում են 953 ուսուցիչ։ 2018-ի համեմատ` շուրջ 400-ով ավելացել է մասնավոր դպրոցների աշակերտների թիվը, իսկ 2019-ի համեմատ 2020-ին առանձնապես փոփոխություններ չեն եղել։ 

«Արեգնազան» կրթահամալիրի դասվար Արա Աթայանը վստահեցնում է` եթե որոշումն ընդունվի, իրենց կրթահամալիրը կփակվի։ Ավելին, մասնավոր դպրոցների ոլորտը կոչնչանա, քանի որ կմնան 8-10 դպրոց, որոնք կսպասարկեն միայն մեծահարուստների երեխաներին։

«Այս ամենը որևէ տնտեսական արդյունքների էլ չի բերի, քանի որ երեխաների հոսքը դեպի պետական դպրոցներ կավելանա։ Այսինքն` պետությունը կսկսի ծախսել հավելյալ գումարներ այդ երեխաների համար, իսկ որոշման հետևանքով փակվող դպրոցներից այլևս չի ստանա այն հարկերը, որոնք ստանում էր։ Ընդհանուր առմամբ, դա աղետալի կլինի մասնավոր դպրոցների համար»,–ասաց Աթայանը։

Նրա խոսքով` շատ մարդկանց մի քանի թել է կապում Հայաստանի հետ, օրինակ, երեխաների` լավ դպրոցում կրթություն ստանալը. այդ թելը կտրվելուց հետո արտագաղթի հարցն էլ «լուծված կլինի»։ Ավելին, դա շատ մեծ հարված է միջին խավին, քանի որ «Արեգնազան», օրինակ, 570 երեխա է հաճախում, որից 5-6-ն են մեծահարուստի երեխաներ։ Աթայանն ասում է, որ հիմա, երբ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով ծնողների մեծ մասը դիմել է զեղչ ստանալու համար` ինչպե՞ս են 20 տոկոս ավելի վճարելու։

«Արեգնազանում» նույնպես հարցում են արել ծնողներին` գերակշիռ մասը պատրաստ չէ վարձավճարի թանկացման։ Աթայանը վստահ է` օրենքի նախագիծը կրթության վերաբերյալ երկար տարիների  անլուրջ վերաբերմունքի հերթական դրսևորումն է։

Տնտեսությունը կշահի՞, թե կտուժի

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նույնպես կարծում է, որ այս որոշումն ի ցույց է դնում, թե կառավարությունն ինչպես է վերաբերվում կրթության ոլորտին։ Ավետիսյանն ասում է. «Կացինն առել ու տնտեսվարողների վրա են ընկել», որպեսզի անհրաժեշտ չափով հարկեր գեներացնեն։

«Կառավարությունը որոշել է հարկերը քերթել կրթության ոլորտից, սակայն սխալ հաշվարկ են արել։ Հարցն այն է, որ սա տնտեսության այն ոլորտը չէ, որ մեծ շրջանառություն ունի, որտեղից կարելի է հարկեր հավաքել։ Փաստացի թանկացնում են ծառայությունների մատուցման սակագները, ինչից կտուժի հանրակրթության մատչելիությունը»,–ասաց տնտեսագետը։

Ուզում ես զարգանալ՝ գնահատիր անցյալդ

Նրա խոսքով` մեծ հարց է այդ ծառայությունների արդյունքում մենք բյուջեի կրճատո՞ւմ, թե՞ ավելացում կունենանք։ Այդ հաստատություններն արդեն իսկ վճարում են շահութահարկ և եկամտահարկ, իսկ եթե դրանք փակվեն, ապա «տակը մնացած» մի քանի կառույցների ԱԱՀ–ն ի՞նչ խնդիր պետք է լուծի։ Թադևոսյանը նշում է` զրկել մասնավոր կրթության ոլորտին այդ արտոնությունից այն ժամանակ, երբ սոցիալական ծանր վիճակում ենք գտնվում և կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքները չենք թոթափել, անհասկանալի է ուղղակի։

Ծնողները պատրաստ չեն ավելի վճարել

Գայանե Ավետյանը, որի տղան սովորում է մասնավոր դպրոցներից մեկում, նշում է, որ արդեն իսկ ծնողներով հավաքվել ու որոշել են` բողոքի ակցիա են անելու, եթե իրոք նման որոշում կայացվի։ Տիկին Գայանեն ասում է` իր տղան մաթեմատիկայից բավական ուժեղ է, ինչի համար էլ մաթեմատիկական ուղղվածության մասնավոր դպրոց են ուղարկում նրան։

«Ես ու ամուսինս աշխատում ենք, որպեսզի տղաս ստանա այն կրթությունը, ինչ իրեն է պետք։ Տարեկան 1 միլիոն դրամից ավելի գումար ենք վճարում, և դեռ 20 տոկոսո՞վ էլ պետք է ավելանա այդ ծախսը։ Հետաքրքիր է` իսկ կառավարության անդամները հայտնե՞լ են` ինչի հաշվին են նման որոշում կայացնում, արդյո՞ք աշխատավարձերը, թոշակները բարձրացրել են»,–ասաց տիկին Գայանեն։

Մեկ ուրիշ ծնող էլ` Արթուր Սահակյանը, նշում է, որ իրենց 3-ամյա աղջկան մասնավոր մանկապարտեզ են ուղարկում, քանի որ այնտեղ հնարավորություն կա այլ պարապմունքների միջոցով երեխային ավելի երկար ժամանակ զբաղեցնել։

«Ես մրգի կրպակ էի բացել տարիներ առաջ, ու ընտանեկան բիզնեսով էինք զբաղվում։ Նախորդ տարի «տակ տվեցինք», ու կրպակը փակվեց։ Հիմա այլ տեղ աշխատանքի եմ մտել. կինս նույնպես աշխատում է։ Այնպես չէ, որ մեծահարուստ ենք, սակայն քանի որ մասնավոր այդ մանկապարտեզը շատ ենք հավանել, որոշեցինք հանուն երեխայի մեզ մի քիչ նեղություն տալ։ Հիմա հազիվ ենք հասցնում վարձը վճարել (ամսական շուրջ 140 000 դրամ), այսինքն` եթե թանկացնեն, պետական մանկապարտեզ պիտի տանենք»,–ասաց Սահակյանը։

Հավելենք, որ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հայտարարություն էր տարածել վերոհիշյալ որոշման առնչությամբ` ասելով, որ ոչ պետական հանրակրթությունը ՀՀ-ում ծայրահեղ վտանգված է։ Ասոցացիան կառավարությանը կոչ էր արել ոչ պետական հանրակրթական հաստատությունները չներառել օրենսդրական նախատեսվող փոփոխությունների փաթեթում։

7
թեգերը:
դպրոց, ԱԱՀ, նախակրթարան
Ըստ թեմայի
Բյուջեի աճ կամ աղետ. ինչի կարող է հանգեցնել բուժծառայությունների համար ԱԱՀ սահմանելը
Պետությունն էլ չի օգնի հարուստներին․ 2021 թ–ից ԱԱՀ արտոնությունները կկրճատվեն
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքն ունի բազմաթիվ խութեր