Տարոն Սիմոնյան

4 տարի, 8 ամիս, 19 оր, 12 ժամ հետո Ադրբեջանը կարող է ՌԴ-ից պահանջել հեռանալ Արցախից

226
(Թարմացված է 10:38 09.02.2021)
Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ նախագահից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում Հայաստանը մի շարք մարտահրվերներին պատրաստվելու համար:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը այսօր հերթական նիստում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին հիշեցրեց, որ 4 տարի, 8 ամիս, 19 оր և 12 ժամ. սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի նախագահը կարող է եռակողմ հայտարարության հիման վրա պահանջել, որ ՌԴ-ն իր խաղաղապահ ուժերը դուրս բերի Արցախի տարածքից:

«Սա նաև այն ժամանակն է, որ մենք պետք է օգտագործենք նման հավանական զարգացումներին պատրաստ լինելու համար: Ես ուզում եմ հասկանալ` արդյո՞ք այս ժամանակը մենք արդյունավերտ օգտագործում ենք, թե՞ ոչ»,- Միրզոյանին հարց ուղղեց Սիմոնյանը՝ հավելելով, որ նիստի օրակարգում ընդգրկված 16 հարցերից և ոչ մեկը համարժեք չէ չէ Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին:

ԱԺ նախագահը համաձայնեց մարտահրավերներին ադեկվատ արձագանքելու անհրաժեշտության մասին դիտարկմանը, բայց հավելեց, որ դրանով զբաղվում են ՀՀ-ի այլ ինստիտուտներ:

«Ձեր մատնանշած հարցը պետք է ուղղել վերաբերելի գերատեսչությունների ղեկավարներին: ԱԺ-ն իր զանազան գործընթացներով իր դերակատարումը ևս ունի, բայց բարեբախտաբար, թե դժբախտաբար ԱԺ այլ առօրյա պարտականությունները ոչ ոք չի չեղարկել: Մենք չենք կարող զբաղվել միայն մեկ հարցով»,- ասաց Միրզոյանը:

Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում են «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու, Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու , «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու, «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու, «Կրթության մասին» և «Բարձրագույն կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրինագծերի փաթեթները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրություն հարցը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

226
թեգերը:
Ռուսաստան, Արցախ, Ադրբեջան, Արարատ Միրզոյան, Տարոն Սիմոնյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը տարածաշրջանում տարանցման կետ կդառնա. վրացի փորձագետը նշել է պայմանները
Հայկական կողմից ևս նման դեպք է եղել. ԱԱԾ–ն` ազատ արձակված ադրբեջանցի զինծառայողների մասին
Հայաստանը պետք է մտածի Ռուսաստանի հետ շատ ավելի խորը համագործակցության մասին. Քոչարյան
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 1 մարտի, 2021

Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան

9
(Թարմացված է 20:38 01.03.2021)
Եզդիական համայնքի ներկայացուցիչը նշեց` վարչապետի հրաժարականը պահանջում է առաջին արցախյանի ժամանակ իր ընտանիքից ընկած տղաների անունից, իսկ հիմա` անհայտ կորած իր քրոջ տղայի անունից։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Եզդիական համայնքի այն անձինք, որոնք սեպտեմբերի 27-ին կանգնած էին հայոց բանակի կողքին, միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց եզդիական համայնքի ներկայացուցիչ Այսեր Իսոյանը։

«Եզդիական ջոկատը այսօր դեռ հերթափոխում է սահմանին։ ՊՆ–ի կազմում եզդիական առանձին ստորաբաժանում կստեղծվի, որը ցույց կտա, որ եզդին հայոց հարցի պահանջատերն է։ Մենք` 100 000 եզդիներս, կանգնած ենք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, սպայական և հրամանատարական կազմի կողքին»,–ասաց նա։

Իսոյանը հիշեցրեց, երբ զոհված եզդիներից մեկին հողին են հանձնում, ծածկում են երկու դրոշով` ՀՀ–ի և եզդիների, քանի որ երկուսն էլ իրենց համար նույն խորհրդանիշն ունեն։ Իսոյանի խոսքով` հայ–եզդիական հզոր բանակը հարվածելու է ՀՀ իշխանության քթին։

«Ես Փաշինյանի հրաժարականը պահանջում եմ առաջին արցախյանի ժամանակ իմ ընտանիքից ընկած տղաների անունից, իսկ հիմա` անհայտ կորած իմ քրոջ տղայի անունից։ Հավաքի քեզ նմաններին ու գնա»,–ասաց Իսոյանը։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

9
թեգերը:
հանրահավաք, եզդի, ընդդիմություն
Ըստ թեմայի
Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան
Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով
Մենք պետք է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնենք. Մելքումյան
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը

Փաշինյանը գնում է արտահերթ ընտրության. հայտնի է կարգախոսը

57
(Թարմացված է 20:20 01.03.2021)
ՀՀ վարչապետը մարտահրավեր նետեց խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի իր ելույթում հայտարարեց, որ ընդունում է ընդդիմության մարտահրավերը` գնալու արտահերթ ընտրությունների։

Հայտնի է անգամ, թե ինչ կարգախոսով իշխող քաղաքական ուժը կմասնակցի ընտրություններին։

«Մենք անգամ կարգախոսներ էինք մտածել, և այդ կարգախոսներից մեկը հետևյալն էր. «Վերջ թավիշին»»,– ասաց Փաշինյանը` իր մարտահրավերը նետելով խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։

Վարչապետը նաև հայտարարեց, որ ժողովուրդն է իրեն ընտրել վարչապետ, ժողովուրդն էլ կարող է իրեն պաշտոնանկ անել։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

57
թեգերը:
ընդդիմություն, Ընտրություններ, Հայաստան, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
2021թ.–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե. Փաշինյան
Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով
Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի մասնակիցները երթով անցնում են Ամիրյան փողոցով. տեսանյութ