ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է հայ գերիների վերադարձին առնչվող հարցերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն` հավելելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր։
«Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտների ստեղծման անթույլատրելիության վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Երկուստեք ընդգծվել է ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այվազյանն առանձնահատուկ կարևորել է այլատյացության դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի բազմապատկումը:
Գերիների հարցը լուծել է պետք. Թաթոյանը հանդիպել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
Զրույցի ընթացքում նախարար Արա Այվազյանը և Ֆիլիպ Ռիքերը վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու գործնական ջանքերը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին:Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրեն Հովհաննես Մադոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի կազմում գործող ՊՇՌ-ի, մանրէաբանության, վիրուսաբանության և գենետիկային լաբորատորիայում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին:
«Բժշկական անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը: Միաժամանակ, մանրամասն խոսվել է ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերից, կատարման ընթացքից, ընդլայնման հնարավորություներից և արդյունքներից»,–նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը ներկայացրել են նոր մտահղացումները, քննարկել առաջիկա անելիքներն ու նոր ծրագրերը:
Լենա Նանուշյանն բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, շեշտադրել ծրագրերի ընդլայնման և արդյունավետ համագործակցության շարունակականության կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջից։
«Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի մշակութային կյանքում կոմպոզիտորի ներդրած նշանակալի ավանդը՝ Հայկ Մարությանը քաջառողջություն է մաղթել նրան»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Վլադիլեն Բալյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ստեղծագործական ավյուն ու լավատեսություն մաղթել ամենատարբեր ոլորտներում քաղաքի ներկան կերտող սերնդին:
Հիշեցնենք` Երևանի ավագանու որոշմամբ` կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:
Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը