Գագիկ Խաչատրյան

Դատարանը պարտավորեցրել է Փաշինյանին և նրա խոսնակին ներողություն խնդրել Խաչատրյաններից

346
(Թարմացված է 17:43 26.01.2021)
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից և մեկ ամիս ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ` հունվարի 25–ին, պարտավորեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա խոսնակ Մանե Գևորգյանին ներողություն խնդրել Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, այժմ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործերով մեղադրվող Գագիկ Խաչատրյանից և նրա որդիներից։ Տեղեկությունը հայտնում է Խաչատրյան ընտանիքի փաստաբանական խումբը։

Ըստ հաղորդագրության` Մանե Գևորգյանը 2020-ի ապրիլին Facebook-ի իր էջում գրել էր, որ Գագիկ Խաչատրյանը որդիների հետ կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ են ղեկավարում։

«Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին հնչեցված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը հիմնավորված համարեց ու հաստատեց, որ ՀՀ հայցվորների հասցեին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով և այդ մասով պահանջը բավարարեց», – գրված է հաղորդագրությունում։

Համաձայն դատավճռի` մինչև հունվարի 30-ը Մանե Գևորգյանը պետք է իր էջում գրառում կատարի` նշելով, որ վարչապետը ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից իր կատարված գրառման համար, ինչպես նաև հավելի, որ իր գրված արտահայտությունները  իրականությանը չեն համապատասխանում: Դատավճռում ասվում է, որ եթե Գևորգյանի էջում հնարավոր չլինի նման գրառում տեղադրել, ներողության տեքստը պետք է տպագրվի  առնվազն 5.000 տպաքանակ և Հայաստանի ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում։

Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել

Խաչատրյանները նյութական վնասի պահանջ չէին ներկայացրել, սակայն ներկայացվել էր դատական ծախսի փոխհատուցման պահանջը, որը բավարարվել էր մասնակի. Փաշինյանից կգանձվի 8.000 դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի և 500.000 դրամ որպես Խաչատրյանների փաստաբանի վարձատրություն:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից և մեկ ամիս ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Գագիկ Խաչատրյանն ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց։

346
թեգերը:
Դատարան, Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), Նիկոլ Փաշինյան, Գագիկ Խաչատրյան
Ըստ թեմայի
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ. դատարանը որոշում կայացրեց
Գագիկ Խաչատրյանն էլ գրավի դիմաց ազատ արձակվեց
«Մի քանի հատոր են կազմում Գագիկ Խաչատրյանի հիվանդությունները». դատական նիստը հետաձգվեց
Կոնստանտին Զատուլին

Ռուսական զենքն ինքն իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին

13
(Թարմացված է 16:25 03.03.2021)
Ռուս պատգամավորը համոզված է, որ ռուսական զենքը փնովելու նպատակը սեփական ձախողումների և բացթողումների պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելն է:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանություններից որոշ մարդիկ և նրանց հետ համաձայնող քաղաքական գործիչներն ուզում են վարկաբեկել ռուսական զենքը, որպեսզի խնդիրը «հիվանդ գլխից առողջ գլխի վրա բարդեն»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակոնֆերանսի ժամանակ։

Նախօրեին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմում պարտվել են ոչ միայն Հայաստանն ու Արցախը, ոչ միայն հայկական բանակը, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ռուսական զենքը:

Զատուլինը հեգնանքով հայտարարեց, որ ռուսերենում շատ ժողովրդական իմաստուն ասացվածքներ կան, որոնք բնութագրում են նման իրավիճակները` սկսած վատ պարողի մասին ասացվածքից։

«Չգիտես ինչու մյուս ռազմաճակատներում ռուսական զենքը լավագույնն է դուրս գալիս կամ առնվազն չի զիջում մնացածներին, իսկ Ղարաբաղի դեպքում, ինչպես պարզվում է, դա այն մակարդակին չէր, որում ընթանում էին մարտական գործողությունները»,-ասաց նա։

«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները

Իրականում խնդիրն այլ տեղ է պետք փնտրել՝ հայկական կողմից ճիշտ հրամանատարության  և ուժերի մոբիլիզացիայի բացակայության մեջ։ Ռուս պատգամավորի տեսանկյունից՝ Փաշինյանն ինքը չի կարողացել դուրս գալ անգամ պարզ իրավական իրավիճակից, որտեղ ինքն անձամբ իրեն հայտարարեց գերագույն գլխավոր հրամանատար, չնայած դրա իրավունքը չուներ՝ պատերազմը Ղարաբաղում էր ընթանում։

 «Այդ ամենն ուղեկցվում է անպատասխանատվությամբ, ոչ կոմպետենտ գործողություններով, ինչպես նաև դավաճանության և հանցավոր հրամանների՝ ստուգման կարիք ունեցող փաստերով։ Օրինակ՝ ի՞նչ կապ ուներ ռուսական զենքը Շուշի քաղաքի նման անառիկ ամրոցի` ապաշնորհ պահվածքի պատճառով կորստի հետ»,-ասաց Զատուլինը։

Նրա խոսքով՝ ռուսական զենքի վարկաբեկումը հիմա պետք է իշխանության որոշ ներկայացուցիչների և նրանց հետ ամեն ինչում համաձայնող պատգամավորներին, որոնք չեն ազատվել արևմտամետ ուղղվածությունից, միայն ժամանակավորապես խլացրել են այն։

 «Ռուսական զենքը նորմալ, վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին։ Ռուսական զենքը, որը չեն ցանկանում օգտագործել, ինքն իրեն չի կրակում»,-կարծում է Զատուլինը։

Նրա համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է ՀՀ վարչապետն այդպիսի հեշտության նմանատիպ մեղադրանքներ հնչեցնում (նկատի ունի Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին՝ խմբ․)։

ՀՀ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան

Հեցնենք, որ փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։ Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

13
թեգերը:
Արման Բաբաջանյան, Նիկոլ Փաշինյան, Իսկանդեր, Արցախյան պատերազմ, Հայաստան, Կոնստանտին Զատուլին
Ըստ թեմայի
Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանին տրամադրված «Իսկանդերը»
Ազգային ժողովի շենք

Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրել Ազգային ժողովի բակում

32
(Թարմացված է 16:28 03.03.2021)
Նռնակները հիշեցնում են «Пламя-2» ստացիոնար լուսային և ձայնային նռնակները, որոնք մարդու վրա ժամանակավոր ազդեցություն են թողնում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իշխանություններն Ազգային ժողովի բակն ու հարակից տարածքը նախապատրաստում են ընդդիմության հանրահավաքին։ Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրում Ազգային ժողովի բակում։

Բաղրամյան պողոտայի հարակից դարպասներից ներս, գետնին տեղադրված նռնակները հիշեցնում են «Пламя-2» ստացիոնար լուսային և ձայնային նռնակները, որոնք մարդու վրա ժամանակավոր ազդեցություն են թողնում։

«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ

Դրանք նախատեսված են հանցագործի վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցություն ապահովելու համար և օգտագործվում են զինված հանցագործներին վնասազերծելու ու անկարգությունները ճնշելու հատուկ գործողություններում:

Նռնակը ամբողջովին հրակայուն է, պատյանը՝ փշրվող: Այն կարող է օգտագործվել պահպանվող օբյեկտների պարագծերի անվտանգության ազդանշանային համակարգում:

Փողոցից երևում է նաև, որ Ազգային ժողովի պատշգամբներում դիպուկահարներ կան։

Հիշեցնենք` այսօր ԱԺ–ում նախատեսված է հարցուպատասխան կառավարության անդամների հետ, որին ներկա է լինելու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմությունը նախապես հայտարարել է, որ այդ նիստին զուգահեռ Բաղրամյան պողոտայում հուժկու հանրահավաք են անցկացնելու, որպեսզի իրենց ձայները լսելի լինեն դահլիճում նստածներին։

Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան

 

32
թեգերը:
նռնակ, ոստիկան, ԱԺ, Հայաստան
Թուրքիայի  ոստիկանություն. արխիվային լուսանկար

 Թուրքիայում «Իսլամական պետության» 10 գրոհային է ձերբակալվել

0
Ձերբակալման օրդեր է տրվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 16 օտարերկրացիների համար, որոնք մասնակցել են զինված հակամարտություններին Սիրիայում և Իրաքում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ստամբուլի Ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Իսլամական պետություն» (ԻՊ, արգելված է մի շարք պետություններում) ահաբեկչական խմբավորման ենթադրյալ գրոհայինների դեմ գործողություններ են իրականացրել, որոնց ընթացքում ձերբակալվել են 10 օտարերկրյա քաղաքացիներ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում Anadolu գործակալությանը։

Հաղորդվում է, որ ձերբակալման օրդեր է տրվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 16 օտարերկրացիների համար, որոնք մասնակցել են զինված հակամարտություններին Սիրիայում և Իրաքում։ Ձերբակալման վայրերում խուզարկությունների ընթացքում մեծ քանակությամբ նյութեր են առգրավվել  թվային կրիչների վրա։

«Իսլամական պետությունն» առաջացել է 2006թ․-ին՝ մի շարք ահաբեկչական խմբավորումների միաձուլման ճանապարհով։ Մինչև 2013թ․-ը այն պատկանում էր շարքային սուննիական ինքնավար զինված խմբավորումների թվին և ներառում էր ոչ ավելի, քան 4000 մարդ։ Խմբավորումը լայն ճանաչում ստացավ 2014թ․-ի ամռանը, երբ գրոհայինները լայնամասշտաբ հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա։ ԻՊ-ը մեծ ուժ հավաքեց Սիրիայի տարածքում գործողությունների ընթացքում, որտեղ պատերազմում էր կառավարության ուժերի դեմ։

«Իսլամական պետություն» խմբավորման անդամները նկարվել են Ադրբեջանում

0
թեգերը:
Ձերբակալություն, «Իսլամական պետություն», Ոստիկանություն, Թուրքիա