ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գերիների անհապաղ վերադարձի հարցը և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացի խնդիրները ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ հանդիպմանը։ Թաթոյանը Facebook–ի իր էջում հայտնում է, որ Լաքոտի հետ հանդիպել է այսօր` հունվարի 21-ին։
Հանդիպման ժամանակ պաշտպանը շեշտել է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։
Նա դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի գործընթացը:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման գործընթացին՝ նշելով, որ այն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:
Գլխավոր գործոններից է այն, որ այդ գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով, ինչպես նաև ցեղասպանության հռետորաբանությամբ։ Բայց այդ, ոչ միայն չի դադարում, այլ նաև նոր զարգացումներ է ստանում հայատյացությունն ու թշնամանքի հրահրումը։
Հետևաբար այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի: Ավելին, նա ընդգծել է, որ նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, այլ նաև պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, դրա վտանգավոր դրսևորումների համար:
Հանդիպմանը կողմերը քննարկել են մարդու իրավունքներին առնչվող այլ հարցեր ևս։
Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Բաղրամյան պողոտայում այսօր նախատեսված հանրահավաքի ժամանակ որևէ սադրանք չի լինելու` ընդդիմությունը սադրանքների չի գնալու։ Սաղաթելյանը հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ոստիկանության հաղորդագրությանը։
Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` ասելով, որ տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16։00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։
Նշենք, որ դրանից հետո մամուլում, սոցցանցերում լուսանկարներ հայտնվեցին, որ ԱԺ դարպասները զոդում են, իսկ դարպասների ողջ երկայնքով ոստիկանական հսկողությունն ավելացել է։
«Ես ստացել եմ բազմաթիվ նամակներ, թե` մենք չենք գալիս ձեր ճառերը լսելու, դուք գործողություն չեք անում։ Այդ մարդիկ ուզում ենք, որ մենք հորթով այս կամ այն շենքերը գրավենք։ Սակայն շենքն իշխանությունը չի` երկիրը չպետք է տանենք ցնցումների»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` Փաշինյանն օրեցօր կորցնում է իր իշխանությունը։
Նշենք, որ քիչ հետո ԱԺ պետք է ժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանին մասնակցելու։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը»,–գրված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։


