ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցերը։
«Դատարանը հունվարի 15-ին է բավարարել մեր բոլոր հայցերը։ Շինծու բոլոր քրեական գործերը կարճվել են հիմքերի բացակայության պատճառով, աշխատանքից ազատելու` նախարարի հրամանը ճանաչել է անվավեր, պարտավորեցրել է վճարել պարապուրդի համար և կայացրել աշխատանքի վերականգնելու որոշում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վիրաբյանը։
Սակայն նա դեռ չգիտի` կվերադառնա նախկին աշխատանքին, թե ոչ։
«Անկեղծ եմ ասում` չգիտեմ։ Սա ինձ համար ավելի շատ բարոյական կողմ էր։ Բնականաբար, այն նախարարի հետ, որն ինձ ազատել էր, աշխատել չի լինի։ Բայց փաստ է, որ դատարանը մեր բոլոր հայցերը բավարարել է»,– շեշտեց նա։
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նախարարությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու։
Հիշեցնենք` Ամատունի Վիրաբյանը պաշտոնից ազատվեց 2020 թվականի սեպտեմբերի 8–ին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով։ Ստացված տեղեկության համաձայն` Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում։ Արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։ Ըստ գերատեսչության` «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի դեպքում արձանագրվել է շահութահարկի գծով պարտավորություն և ստուգման ակտով հստակ արձանագրվել է, որ ի թիվս այլնի, խախտվել է նաև «Շահութահարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և նույն հոդվածի 2-րդ մասի «դ» և «զ» ենթակետերը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Բաղրամյան պողոտայում այսօր նախատեսված հանրահավաքի ժամանակ որևէ սադրանք չի լինելու` ընդդիմությունը սադրանքների չի գնալու։ Սաղաթելյանը հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ոստիկանության հաղորդագրությանը։
Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` ասելով, որ տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16։00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։
Նշենք, որ դրանից հետո մամուլում, սոցցանցերում լուսանկարներ հայտնվեցին, որ ԱԺ դարպասները զոդում են, իսկ դարպասների ողջ երկայնքով ոստիկանական հսկողությունն ավելացել է։
«Ես ստացել եմ բազմաթիվ նամակներ, թե` մենք չենք գալիս ձեր ճառերը լսելու, դուք գործողություն չեք անում։ Այդ մարդիկ ուզում ենք, որ մենք հորթով այս կամ այն շենքերը գրավենք։ Սակայն շենքն իշխանությունը չի` երկիրը չպետք է տանենք ցնցումների»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` Փաշինյանն օրեցօր կորցնում է իր իշխանությունը։
Նշենք, որ քիչ հետո ԱԺ պետք է ժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանին մասնակցելու։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը»,–գրված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։


