ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Լուրերը, թե հայկական կողմը պատրաստվում է հնգօրյա ժամկետում Ադրբեջանին հանձնել Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը, չեն համապատասխանում իրականությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։
Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հանդիպումից հետո տելեգրամյան ալիքներում սկսեցին լուրեր շրջանառվել, որ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին։
«Տիգրանաշենի առնչությամբ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,–ասաց Մուրադյանը։
Տիգրանաշենը (Քյարքի) Արարատի մարզի Պարույր Սևակ խոշորացված համայնքի կազմում է։ Ի դեպ, Տիգրանաշենի միջով անցնում է Հայաստանի հյուսիսը հարավին կապող հիմնական մայրուղին։
Պարույր Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ առողջական խնդիրներ ունի և հարցերին պատասխանել չի կարող։
Հիշեցնենք` օրեր առաջ կրկին լուրեր էին պտտվում, որ Տիգրանաշենը հանձնելու են Ադրբեջանին։
Ադրբեջանին հանձնած ՀՀ տարածքների հարցով դատարան ենք դիմելու. Արծվիկ Մինասյան
Հունվարի 4-ին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հերքել էր դրանք` ասելով, որ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի զինված ուժերի կողմից և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունն ինչ–որ քայլեր է իրականացնում, որպեսզի ՌԴ–ի հետ սահմանները բացվեն, քանի որ գաղտնիք չէ, որ արտագնա աշխատանքի ամենաշատը հենց այնտեղ են գնում։
«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, սակայն չհաջողվեց։ Դրանից հետո ռուսական կողմի հետ նախաձեռնել ենք հարցի մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են»,–ասաց փոխվարչապետը։
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունն այդ մասին 2020-ի դեկտեմբերի 27-ին արդեն իսկ որոշումն ընդունել է, հիմա սպասում են նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել։ Գրիգորյանի խոսքով` կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում:
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար
Նա հույս հայտնեց, որ վերոհիշյալ համակարգը կաշխատի, ու մեր հայրենակիցները հնարավորություն կստանան առանց որևէ սահմանափակումների հատել սահմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց, որ ոչ միայն հիմա, այլև բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։
Նաիրա Զոհրաբյանը հարցրել էր, թե կարո՞ղ ենք եզրակացնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստել է, երբ ասել է, որ առաջարկել է հոկտեմբերի 18-ին շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը` Շուշին թողնելով մեր վերահսկողության տակ։
«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։ Մեկ էլ ասում են, թե հայտարարել եմ` Արցախը Հայաստան է։ Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք դա և պաշտոնապես արձանագրեք»,–ի պատասխան Զոհրաբյանի նշեց վարչապետը։
Նրա խոսքով` ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի եղել, դա միֆ է։ Փաշինյանի վստահեցրեց` միֆ է նաև, որ պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկել։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին
Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։
Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը:
Սակայն Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։