Հասան Ռոհանին ու Նիկոլ Փաշինյանը. արխիվային լուսանկար

Եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ձեռնտո՞ւ է Իրանին Նախիջևանի միջանցքի բացումը

723
(Թարմացված է 11:39 09.01.2021)
Իլհամ Ալիևը հայտարարում է Նախիջևանի միջանցքի բացման մասին` վստահեցնելով, որ դրանից օգտվելու է նաև Իրանը։ Մասնագետները, սակայն, կարծում են, որ դա ո՛չ Իրանի, ո՛չ էլ Հայաստանի շահերից չի բխում։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Նախիջևանի միջանցքի բացումը կարող է թուլացնել Իրանի ազդեցությունն ինչպես Նախիջևանում, այնպես էլ ցամաքային Ադրբեջանում. Իրանին դա ձեռնտու չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե արդեն Նախիջևանի միջանցքի բացմանն ուղղված կոնկրետ աշխատանքներ են իրականացվում։

Ալիևը նշել էր, թե այդ ճանապարհից կօգտվեն ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Իրանը։

«Իրանն այս պարագայում կկորցնի իր ազդեցությունը Նախիջևանի վրա, քանի որ մինչև հիմա Նախիջևանը տնտեսական առումով մեծ կախում ունի Իրանից։ Հարցն այն է, որ Իրանն առանձին է դիտարկում Ադրբեջանն ու Նախիջևանը, առանձին է մշակում իր քաղաքականությունը երկուսի հանդեպ էլ։ Այսինքն` Նախիջևանով միջանցքի բացմամբ` Իրանի ազդեցությունը կարող է թուլանալ»,–ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` իրանական իշխանությունները, սակայն, չեն հավատում նման տարբերակի։ Փաստն այն է, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև չկա բարձր քաղաքական վստահություն։ Իսկ եթե չկա այդ վստահությունը, եթե չկա քաղաքական փոխգործակցությունը, ապա Նախիջևանով միջանցք բացելու ծրագիրը քննարկելը, ըստ իրանագետի, անհեռատես քայլ է։ Բացի այդ` Վարդանյանը կարծում է, որ նման մեգածրագրերը քննարկելը դեռ իրատեսական չէ, քանի դեռ չեն լուծվում, օրինակ, գերիների հարցը, սահմանային վեճերը...

Սա սուվերեն միջանցք էլ չէ, սա մեր տարածքն է. «Իմ քայլը»՝ Սյունիք-Նախիջևան ճանապարհի մասին

Սակայն, մյուս կողմից, Իրանը փորձում է իր ներկայությունն ապահովել ընթացող գործողություններում` գոնե հետպատերազմական շրջանում։ Իրանում դժգոհություն կա, որ դուրս են մնացել տարածաշրջանային գործընթացներից և հարավային Կովկասում Իրանի ազդեցությունը վտանգվել է։

«Նախիջևանի միջանցքը որոշակի հնարավորություն կտա այդ առումով, սակայն Իրանն էլ փորձում է առաջարկել իր միջանցքը։ Խոսքը Նախիջևանի, Թուրքիայի և Հայաստանի վերևի եռանկյունու մասին է, որը Իրանը 1930-ականներին Թուրքիային է հանձնել։ Դա տնտեսապես ավելի ձեռնտու է, քանի որ տեղանքն ավելի լավ է և բարդ ռելիեֆային պայմաններ չկան` հեշտ է կառուցել ինչպես ցամաքային, այնպես էլ երկաթուղային ճանապարհ»,–ասաց Վարդանյանը։

Նա նկատեց` հայկական կողմից, սակայն, տնտեսական առումով չի ներկայացվել որևէ հաշվարկ` ձեռնտո՞ւ է, թե ոչ Նախիջևանով միջանցք բացելը։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ նշում է, որ մեծ զարմանք կապրի, եթե Նախիջևանի միջանցքի բացման ծրագիրն իրականություն դառնա։ Շեշտում է` այդ նախագիծը, ըստ էության, պանթուրքիզմի ծրագրի իրականացումն է, և այդ տեսանկյունից այն ոչ միայն Հայաստանի համար է վտանգավոր, այլ նաև տարածաշրջանի երկրների, այդ թվում` Իրանի։

«Չեմ կարծում, որ դա կարող է իրագործվել ու դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Իրանի համար։ Մեծ ուրախությամբ են Ադրբեջանում և Թուրքիայում եռակողմ հայտարարության 9-րդ կետն ընդունել։ Միջանցք բացելը դրական իրարանցում է առաջացրել Թուրքիայում և Ադրբեջանում, և չեմ կարծում, որ այն, ինչ իրենց է ձեռնտու, մեզ էլ է ձեռնտու»,–ասաց Սաֆրաստյանը։

Նա նշեց, որ, օրինակ, կասկածում է, թե հնարավոր կլինի ապահովել Հայաստանից կամ դեպի Հայաստան ուղարկվելիք ապրանքների անվտանգությունը։ Սաֆրաստյանը հիշեց, որ խորհրդային տարիներին, երբ գնացքով Երևանից Բաքու են գնացել, ճանապարհն անվտանգ չի եղել։ Այսինքն` երբ Նախիջևանի տարածք են մտնելիս եղել, խորհուրդ են տվել միջանցքներում կամ պատուհանների մոտ չկանգնել, քանի որ դրսից քարերով հարվածում էին գնացքի ուղևորներին։ Ուստի, ըստ նրա, պետք է շատ զգուշավոր մոտեցում ցուցաբերել Նախիջևանով միջանցք բացելու ծրագրին։

Թուրքիայում կարծում են, թե Հայաստանին դա ավելի շատ է պետք․ Սաֆրաստյան

Հիշեցնենք, որ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության 9-րդ կետի` ՀՀ-ն պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ 2 ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:

723
թեգերը:
Նախիջևան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան
Ըստ թեմայի
Առանց մեկնաբանության. Պեսկովը` Նախիջևանից Ադրբեջան տրանսպորտային միջանցք բացելու մասին
Ինչ գին ենք վճարելու Ադրբեջանը Թուրքիային կապող Նախիջևանի միջանցքի դիմաց
Հայաստանը պատրաստ է ապահովել կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև. վարչապետի խոսնակ
Արա Այվազյան

Եթե խաղաղություն, ապա միայն՝ արժանապատիվ. Արա Այվազյանն այցելել էր Եռաբլուր

1
Օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են, և մոտ ժամանակներս ակնկալվում է նրանց այցը տարածաշրջան։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Եթե խաղաղություն, ապա միայն արժանապատիվ ձևով։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

«Եթե խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, ոչ թե հաղթողներ կամ պարտվողներ։ Եթե խաղաղություն, ապա միայն արժանապատիվ»,–ասաց Այվազյանը։

Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ արտգործնախարարը նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և արտգործնախարարները նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն, և առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը։

«Օրերս համանախագահները հանդիպել են, ակնկալում ենք նրանց առաջիկա այցը տարածաշրջան»,-նշեց Այվազյանը։

Արտգործնախարարը մանրամասներ չհայտնեց նախատեսվող այցի մասին, միայն նշեց, որ այն համապատասխան ընթացակարգով տեղի կունենա։

1
Նավասարդ Կճոյան

Ի՞նչ է արել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր «Բենթլիի» վաճառքից ստացած գումարը

7
(Թարմացված է 12:00 28.01.2021)
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը խոսեց Կճոյանի «Բենթլիի» ու եկեղեցուն ուղղված մեղադրանքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վաճառել է իր «Բենթլի» ավտոմեքենան ու գումարը բաժանել կարիքավորներին։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը`պատասխանելով բարձրաստիճան եկեղեցականների կոռումպացված լինելու հարցին։

«Յուրաքանչյուր անձի կարելի է մեղադրանք առաջադրել։ Բայց պետք է այդ մեղադրանքները փաստվեն, պետք է այդ մեղադրանքները հաստատվեն։ Այդ ժամանակ կարելի է խոսել ու մեղադրանքներ ներկայացնել ընդհուպ նաև եկեղեցուն, եկեղեցու ղեկավարությանը։ Իմ կողքին կանգնած է Նավասարդ սրբազանը։ Նա «Բենթլի» ավտոմեքենա է նվեր ստացել, որը հետագայում վաճառել է, գումարը նվիրել կարիքավորներին»,– ասաց Գարեգին Բ–ն։

Նա նաև լրագրողներին մեղադրեց, որ գրելով եկեղեցականների մասին` չեն գրում, որ եկեղեցականներն այսօր կարիքավորի կարգավիճակում շարունակում են իրականացնել իրենց առաքելությունն անմռունչ կերպով։

Նրա խոսքով` բարվոք վիճակում ապրող մեկ–երկու հոգևորական կա։

Հիշեցնենք` 2011 թվականին լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Կճոյանը շրջում է «Բենթլիով», որի շուկայական միջին գինն այն ժամանակ տատանվում էր 180-200 հազար դոլարի սահմանում: Կճոյանը ԶԼՄ–ներից մեկին ասել էր, թե «Բենթլին» նվեր է ստացել իր սանիկից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա վաճառել է թանկարժեք ավտոմեքենան։

7
թեգերը:
կաթողիկոս, ավտոմեքենա, Նավասարդ Կճոյան, Հայաստան