ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ նախարարությունում որևէ փաստաթուղթ չկա և եղածն ապատեղեկատվություն է։ Բադասյանն այդ մասին հայտարարեց` իջնելով և հանդիպելով նախարարության առջև հավաքված իրավապաշտպանների հետ։
Telegram–ի հայաստանյան որոշ ալիքներ ավելի վաղ հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հունվարի 11-ին Մոսկվայում փաստաթղթեր ստորագրել, որոնք իբր պետք է «ամրագրեն Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքների փոխանցումը», Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային միջանցքի բացումը, ինչպես նաև Արցախից զորքերի դուրսբերումը:
«Վերջին շրջանում Telegram–ի մի շարք անհայտ ծագման ալիքներ են ի հայտ եկել, որոնց միջոցով էլ ապատեղեկատվություն է տարածվում։ Հասարակությունում էլ հուզումներ և անհանգստություններ են առաջանում, սակայն ես կոչ եմ անում բոլորին չվստահել նման ալիքների տարածած լուրերին։ Նման պայմանագիր գոյություն չունի արդարադատության նախարարությունում»,–ասաց Բադասյանը։
Նրա խոսքով` նախարարությունում որևէ փաստաթուղթ, որը կարող է միջազգայնորեն որակվել որպես պայմանագիր, գոյություն չունի և չի ստացվել։
«Թող մեր աչքերի մեջ նայեն և ասեն` փաստաթուղթ չկա». իրավապաշտպանները նախարարության մոտ են
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հարցին, թե որպես կառավարության անդամ արդյոք տեղյակ է նման փաստաթղթի գոյության մասին` Բադասյանը պատասխանեց, որ եթե լիներ փաստաթուղթ, ապա ինքը պետք է տեղակացված լիներ։ «Կառավարությունում նման հարց չի քննարկվել, և ես որևէ տեղեկատվություն չունեմ նման փաստաթղթի մասին»,–ասաց Բադասյանը։
Լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ուներ ստորագրել նոյեմբերի ինի փաստաթուղթը` Բադասյանը պատասխանեց, որ արդեն իսկ պարզաբանումներ հնչել են և եթե անհրաժեշտություն լինի, նորից պարզաբանումներ կլինեն։
Հիշեցնենք, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եռաբլուրում լրագրողներից մեկը հարց ուղղեց. «Պարոն Փաշինյան, Շուշին, ըստ Ձեզ, ադրբեջանակա՞ն է»։
Վարչապետը ճշտեց՝ որտեղ է ինքն այդպիսի բան ասել, ու երբ լրագրողը նշեց՝ Ազգային ժողովում, պատասխանեց, որ այդ հարցին կպատասխանի ուղիղ եթերում, երբ լրագրողը թղթի վրա իրեն կփոխանցի իր խոսքերի բառացի մեջբերումը ԱԺ ելույթից։
Հնչեց նաեւ հարց՝ ռազմագերիների վերաբերյալ, որն անպատասխան մնաց։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։
Ծաղիկներ դնելուց հետո պաշտոնյաները հեռացան Եռաբլուրից։
Նշենք, որ հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյանների ուղեկցությամբ քիչ առաջ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։
Հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 29-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Հայոց բանակի ստեղծման օրն այս տարի կնշվի առանց ավանդական մեծ հանդիսությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ հունվարի 28-ին նախատեսված չեն մեծ տոնակատարություններ, համերգներ։ Սակայն փոքրիկ միջոցառումներ կլինեն երկրի բոլոր զորամասերում։