Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Կաթողիկոսի վերաբերմունքը բնական է. հոգևորականը՝ վարչապետի հրաժարականի պահանջի մասին

302
(Թարմացված է 14:38 07.01.2021)
Պատմության ընթացքում եկեղեցին արտաքսել է այնպիսի մարդկանց, որոնք ավելի նվազ վնաս են պատճառել մեր երկրին, քան այս դեպքում է։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Սուրբծննդյան պատարագին պետական բարձրաստիճան մի շարք այրերի, այդ թվում՝ վարչապետի չմասնակցելն իրենց որոշումն է։ Լրագրողների հետ զրույցում նման մեկնաբանություն է հնչեցրել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այսօրվա իրավիճակով պայմանավորված՝ հրավերներ կամ շնորհավորանքներ եկեղեցին չի ուղղել պետական այրերին, «հետևաբար նման սպասում էլ չկար, որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը պետք է մասնակցի հրավերին ընդառաջ»։

«Իրենց որոշումն է եղել, մենք եկեղեցու մուտքը որևէ մեկի առջև չենք փակում, քանի դեռ նա հաղորդությունից, եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ։ Կարծում եմ, որ բացատրությունները պետք է փնտրել իրենց պատասխաններում»,- ասել է սրբազանը։

Արդյոք դա արհամարհա՞նք չէր եկեղեցու հանդեպ. լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Մայր աթոռի դիվանապետը նշեց, որ նման արհամարհանք ոչ ոք չի կարող դրսևորել։

«Արհամարհանքն ինքնաբերաբար վերադարձվում է՝ եկեղեցու բնույթի առանձնահատկություններից ելնելով։ Դա նույնն է, որ արհամարհանք դրսևորես Աստծո նկատմամբ։ Ես հակված չեմ այդպիսի մեկնաբանության, այդպիսի բացատրության»,- նշեց նա։

Արշակ սրբազանն անդրադարձել է նաև եկեղեցու դեմ պարբերաբար ուղղորդվող արշավներին՝ նշելով, որ այդ երևույթներն անզեն աչքով էլ նկատելի են։ Նրա խոսքով` դա տարբեր կերպ էր մեկնաբանվում՝ հետհեղափոխական էյֆորիայի պրոցեսներում, իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ դրսևորված, մեղմ ասած, եկեղեցու նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքով և այլն։

Մի՛ տվեք սրբությունը շներին. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել

Անդրադառնալով Telegram-ի ալիքներից մեկում տարածված այն լուրին, թե ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է ուղղորդում եկեղեցու դեմ շարժումը` դիվանապետը դժվարացավ մեկնաբանել՝ նշելով, չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել տեղեկությունը։ Սակայն ըստ սրբազանի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կաթողիկոսի և եկեղեցու դեմ քարոզչություն իրականացրած պետական պաշտոնյաները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել, ենթադրում է, որ իշխանության կողմից որոշակի քաջալերանք կա։

Հոգևորականն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդորով կաթողիկոսի հանդես գալուն և Սիսիանի եկեղեցում տեղի ունեցածին, երբ քահանան չսեղմեց վարչապետի ձեռքը։ Արշակ սրբազանը շեշտեց՝ ինքն էլ է պահանջել վարչապետի հրաժարականը, սակայն այս ամենը չպետք է դիտարկել որպես անձի նկատմամբ վերաբերմունքի արտահայտում։ Նրա խոսքով՝ դա պետք է դիտարկել Հայաստանում ստեղծված վերջին ճգնաժամային իրավիճակի մեջ երկրի թիվ մեկ պատասխանատուի ունեցած թերությունների, անկարողության հետևանք։

«Մեր պատմության ողջ ընթացքում եկեղեցին եկեղեցուց արտաքսել և եկեղեցուց դուրս է դրել այնպիսի անձերի, որոնք շատ ավելի նվազ վնաս են հասցրել երկրին, ժողովրդին, քան այս իրավիճակում այն անձը, որը կրում էր թիվ մեկ պատասխանատվությունն այս գործընթացների համար։  Եվ հանրային ընկալման տեսանկյունից չափազանց անհասկանալի կլիներ, որ եկեղեցին որպես դիտորդ մնար այս իրավիճակում։ Իսկ ինչը վերաբերում է մեր համոզումներին՝ ուղղակի հնարավոր չէր չարձագանքել այդ երևույթին»,- նշեց Արշակ սրբազանը։

Ամենայն հայոց կաթողիկոսը հոգեհանգստյան կարգ մատուցեց Եռաբլուրում

Նա շեշտեց, որ բնական է համարում եկեղեցու, առավել ևս Ամենայն հայոց կաթողիկոսի արձագանքն այս իրավիճակին և վարչապետի հրաժարականի պահանջը։

Նշենք, որ երեկ` հունվարի 6–ին, ՀՀ վարչապետը չէր մասնակցել Սուրբծննդյան պատարագին։ Ավելի ուշ նրա խոսնակը Փաշինյանի բացակայությունը մեկնաբանել էր համաճարակային իրավիճակով։

302
թեգերը:
հոգևորական, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կաթողիկոսը եկեղեցի եկավ մի քանի ոստիկանի ու հավատացյալների մեծ խմբի ուղեկցությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր
Սուրբծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում. լուսանկարներ
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

28
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

28
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները
Հաց ու ձու

ՀՀ–ում հացն ու ձուն դեռ չեն թանկանա, սակայն մի «բայց» կա. ի՞նչ են առաջարկում փորձագետները

67
Առաջին անհրաժեշտության մթերքը՝ հացը, միսն ու ձուն, կարող են թանկանալ առաջին հերթին փոխարժեքի տատանումների պատճառով։ Փորձագետները նախանշվող ճգնաժամից դուրս գալու ուղիներ են առաջարկում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում հացի, հավի մսի և ձվի գները մոտ ապագայում նույնը կմնան և չեն բարձրանա։ Մի կողմից՝ ձեռնարկությունները դեռ անցած տարի հացահատիկի բավարար պաշար են գնել, ինչն էլ հենց թույլ կտա որոշակի կայունություն պահպանել մոտակա մեկուկես ամսում։ Մյուս կողմից՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և Ռուսաստանի սահմանած արտահանման քվոտան մեր երկրին չի վերաբերի։

Սակայն արդեն գարնանը իրավիճակը կարող է փոխվել ի վնաս սպառողի, եթե հացահատիկի համաշխարհային գներն աճեն կամ շարունակվի ազգային արժույթի արժեզրկումը։

Ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ձեռնարկության (խոշորագույններից մեկն է Հայաստանում) ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ալյուրի և համապատասխանաբար հացի վրա ազդեցություն չի ունենա նաև էլեկտրաէներգիայի գնի առաջիկա բարձրացումը։ Ըստ կանխատեսումների՝ էլեկտրաէներգիայի արժեքը 1 կվտ-ի դիմաց կավելանա 3 դրամով, իսկ դա այն գումարը չէ, որ արտադրողներին ստիպի ապրանքների գները բարձրացնել սպառողի համար։

«Հույս են ներշնչում նաև արտաքին գործոնները։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը փետրվարից նախատեսում է հացահատիկի արտահանման քվոտա սահմանել, ինչի արդյունքում փետրվարին մեկ տոննա ցորենի համար 25 եվրո մաքսատուրք կսահմանվի, որն այնուհետև ևս այդքանով կավելանա նաև մարտին»,-ասաց Նիկողոսյանը։

Փորձագետը պարզաբանեց, որ սահմանված տուրքը թույլ կտա հացահատիկի գները չբարձրացնել Ռուսաստանի ներքին շուկայի համար։ Այդ դասակարգման մեջ է նաև Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ։

Այս պահին Հայաստանում 1 կիլոգրամ ցորենն արժե 188 դրամ։

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ առաջիկա մեկուկես ամսում պետք չէ սպասել նաև ձվի և մսամթերքի թանկացման:

«Մենք մեր պաշարներն ունենք, դեռ հոկտեմբերին ենք գնել՝ պատերազմի և համավարակի հետ կապված։ Այդ պատճառով մոտակա մեկուկես ամսում գների փոփոխություն չի կանխատեսվում։ Չեմ կարող ասել, թե հետո ինչ կլինի, ամեն ինչ կախված է համաշխարհային շուկայի գներից և դրամի կայունությունից»,-ասաց նա։

Ստեփանյանի խոսքով` իրավիճակի անկայունության պատճառը նաև այն է, որ ճանապարհները պարբերաբար փակվում են, մեկ այլ պատճառ է նաև արցախյան հողերի կորուստը։ Այս ամենի հետևանքով է, որ մթերքի գներն անկայուն են ու պարբերաբար տատանվում են։

Իրավիճակը կարող է կայունացնել այլընտրանքային ճանապարհը դեպի Ռուսաստան։ Այս կապակցությամբ Հայաստանի իշխանությունները դեռ 2018 թ․-ին ծրագրում էին լաստանավային անցարան ձեռք բերել, որպեսզի գործի դնեն մուլտիմոդալ փոխադրումների տեսակը, երբ ինչ–ինչ պատճառներով Լարսը փակ լինի։ Այն ժամանակ մասնագետները պնդում էին, որ դա շահավետ կլինի, եթե միայն երկաթգծով տեղափոխելու համար զեղչեր արվեն, քանի որ երկաթուղին թեև անխափան երթևեկություն կապահովի, բայց ավելի երկար ու թանկ է, քան ավտոմոբիլային ճանապարհը։

Ռուսաստանից Հայաստան (Վրաստանով) ավտոմոբիլային ճանապարհով մեկ տոննա ցորեն բերելու համար փոխադրողը միջինը 53-56 դոլար է ծախսում։ Մինչդեռ լաստանավային անցարանով ու երկաթուղով տեղափոխումը 104-108 դոլար է գնահատվում։

Բիզնեսը մեկ խնդրի էլ բախվել է պատերազմից հետո։ Արցախը տարեկան հավաքում էր մոտ 100 հազար տոննա ցորեն (Հայաստանի ւ Արցախի ընդհանուր պահանջարկի մոտ 25 տոկոսը): Ցորենի դաշտերը հիմնականում գտնվում էին ցածրադիր շրջաններում, որոնց մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հիմա այդ հարյուր հազար տոննան ստիպված են լինելու Արցախ մատակարարել Հայաստանից (լինի դա տեղական, թե ներկրված ցորեն)։

Ստեփանյանը համարում է, որ ելքը գյուղատնտեսության զարգացումն է։ Փորձագետը վստահ է, որ Հայաստանում հացահատիկային բույսեր մշակելու համար համապատասխան հողեր կան։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է այդ 25% բացը լրացնել սեփական արտադրանքով և 100 տոկոսով կախված չլինել արտաքին շուկայից։

Դրա համար անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել և ժամանակավոր հարկային համաներում հայտարարել այդ մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող ֆերմերների համար։

Հայաստանում տարեկան սպառվում է 390-420 հազար տոննա հացահատիկ, որից 320-350 տոննան ներկրվում է։ Ինչ վերաբերում է ձվին, ապա ՀՀ–ում տարեկան ավելի քան 600 միլիոն հատ ձու է սպառվում։

67
թեգերը:
գին, Միս, ձու, Հաց, Հայաստան
Ըստ թեմայի
Որքան են բարձրացել գները Հայաստանում
ՀԷԿ–երի կորստից ֆինանսական վնասը մոտ 200 մլն դոլարի կարող է հասնել. «ՀԺ»
Հայաստանն Իրանի հետ կարող է համագործակցել առնվազն չորս ուղղություններով. Մակարյան