Պատերազմի ժամանակ, ինչպես և խաղաղ կյանքում հրաշքներ լինում են, հատկապես, եթե հավատաս դրան։ Ավելին, երբեմն այնպես է ստացվում, որ նույնիսկ ամենաանհավատները հետո սկսում են հավատալ Աստծուն։
Զորամասերից մեկի քահանան՝ սարկավագ Իշխան Քամալյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ Արցախյան պատերազմի ժամանակ անձամբ է բազմիցս բախվել հրաշքով ավարտվող պատմությունների։
Քամալյանը հոգևոր կյանքով փոքր տարիքից է հետաքրքրվել։ Պապը քահանա է եղել, և հենց նա է Սուրբ գիրքը բացահայտել թոռան համար։ Այդ օրվանից տղան գիտեր, թե կյանքում, որ ուղղությունը պետք է ընտրի։ Քամալյանը գնաց պապի հետքերով։
Քամալյանի հետ տեղի ունեցածն այն դեպքերից է, երբ ասում են՝ Աստծո ձեռքն անպակաս էր։ Վերջին պատերազմի ժամանակ մի օր Զինավան ոստիկաններով ավտոբուս է ժամանում, ոստիկաններին հաշվառման էին կանգնեցնում զինկոմիսարիատում։ Հանկարծ այդ ավտոբուսին անօդաչուի արկ է հարվածում։ Հրաշքով այդ պահին ավտոբուսը դատարկ էր, ավելին՝ արկը չի պայթում։ Ինքը` Քամալյանը, հարվածի պահին ավտոբուսին շատ մոտ էր կանգնած և կարող էր ամենաքիչը ծանր վիրավորում ստանալ...
Քամալյանը նշեց, որ մյուսների հետ էլ նման պատմություններ են եղել։ Օրինակ՝ լեգենդար «Եղնիկներ» զորամասի սարկավագի հետ։ Նրա՝ տնից դուրս գալու պահին շենքի վրա «Սմերչի» հրթիռ է ընկել։ Տունը գրեթե անմիջապես փլուզվել է, բայց սարկավագը հրաշքով ողջ է մնացել։
Նման մի անհավանական պատմություն էլ տեղի ունեցել զորամասերից մեկի քահանա, սարկավագ Դավիդ Հովհաննիսյանի հետ։ Մարտական գործողությունների ընթացքում մի օր Հովհաննիսյանը մեքենան լցնում է պարենով, որը պետք է առաջնագիծ հասցներ։ Մեքենայի վրա կամիկաձե անօդաչուից արձակած արկ է ընկնում։ Բայց չի պայթում, ու Հովհաննիսյանը ողջ է մնում։
Քամալյանի կարծիքով՝ բոլոր այս դեպքերում օրինաչափություն է նկատվում։ Եկեղեցականը համոզված է՝ Աստված է իրենց փրկել։ Նա հիշում է, որ ինքն էլ զինվորների խմբի հետ հաճախ ստիպված է եղել կանգ առնել ճանապարհին որևէ հատվածում և սպասել, մինչև անօդաչուների ձայնը կմարի, որպեսզի կարողանան շարունակել ճանապարհը։ Նույնիսկ նման դեպքերում տպավորություն էր ստեղծվում, որ Աստված իրենց կանգնեցնում է, որ պաշտպանի։
«Պատերազմից հետո ինձ ավելի ուժեղ եմ զգում, այլ կերպ նայում աշխարհին։ Այն ինչ ապրում ես խաղաղ ժամանակ` իռացիոնալ իրականություն է», – ասաց Քամալյանը։
Հարցին՝ արդյոք եղե՞լ են պահեր, երբ վախի զգացում է ունեցել, Քամալյանը պատասխանում է, որ բոլոր զգացողությունները, այդ թվում նաև վախը, տրված են ի վերուստ։ Նա որպես հոգևորական պարզապես պարտավոր էր սառնասրտություն պահպանել նույնիսկ ամենադժվար պահերին, երբ մահվան աչքերին էր նայում։
Քամալյանը պատերազմի 44 օրերին իր զորամասի զինվորների կողքին է եղել։ Նա հնարավոր ամեն կերպ սատարել է նրանց, երբեմն՝ նույնիսկ իր լուռ ներկայությամբ։ Սարկավագը նշում է, որ լինում են պահեր, որ հոգևորականի միայն ներկայությունը մեծ ուժ է տալիս զինվորներին, նրանք տեսնում են, որ միայնակ չեն։
Պատերազմի ցանկացած օրը նա չի կարող մոռանալ, բայց մի դեպք նրա վրա հատկապես ազդել է։ Ծանր մարտերից մեկն էր, նա զինվորների հետ միասին թաքստոցում էր, ոչ ոք չէր խոսում, միայն մի ծանր զգացողություն կար։
«Մեր հայացքները հանդիպեցին, և հայացքներում անծայրածիր հույս ու հավատ էր։ Խաչը դրեցի նրանց գլուխների վրա ու աղոթեցի։ Աստծո օգնությամբ մեզ հետ ոչինչ չպատահեց։ Այդ դրվագն հիշելու եմ ամբողջ կյանքում, այն իմ կյանքում շատ բան փոխեց», – ասաց Քամալյանը։
Հոգևորականը համոզված է, որ իրենց առաքելությունը շատ կարևոր է ոչ միայն պատերազմի, այլև խաղաղ ժամանակ։ Նրանք օգնում են զինվորին, որպեսզի վերջիններս գտնեն իրենց։ Քամալյանի պրակտիկայում եղել են դեպքեր, երբ այլ դավանանք ունեցող կամ անհավատ զիվորներն Աստծուն են դարձել։
Զինվորների ցանկությամբ իրենց զորամասի բակում Սուրբ Սարգսի մատուռ էին սկսել կառուցել։ Պատերազմի պատճառով շինարարությունը կանգնեցվեց, սակայն այն կվերականգնվի արդեն 2021 թվականի ապրիլին։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում հացի, հավի մսի և ձվի գները մոտ ապագայում նույնը կմնան և չեն բարձրանա։ Մի կողմից՝ ձեռնարկությունները դեռ անցած տարի հացահատիկի բավարար պաշար են գնել, ինչն էլ հենց թույլ կտա որոշակի կայունություն պահպանել մոտակա մեկուկես ամսում։ Մյուս կողմից՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և Ռուսաստանի սահմանած արտահանման քվոտան մեր երկրին չի վերաբերի։
Սակայն արդեն գարնանը իրավիճակը կարող է փոխվել ի վնաս սպառողի, եթե հացահատիկի համաշխարհային գներն աճեն կամ շարունակվի ազգային արժույթի արժեզրկումը։
Ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ձեռնարկության (խոշորագույններից մեկն է Հայաստանում) ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ալյուրի և համապատասխանաբար հացի վրա ազդեցություն չի ունենա նաև էլեկտրաէներգիայի գնի առաջիկա բարձրացումը։ Ըստ կանխատեսումների՝ էլեկտրաէներգիայի արժեքը 1 կվտ-ի դիմաց կավելանա 3 դրամով, իսկ դա այն գումարը չէ, որ արտադրողներին ստիպի ապրանքների գները բարձրացնել սպառողի համար։
«Հույս են ներշնչում նաև արտաքին գործոնները։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը փետրվարից նախատեսում է հացահատիկի արտահանման քվոտա սահմանել, ինչի արդյունքում փետրվարին մեկ տոննա ցորենի համար 25 եվրո մաքսատուրք կսահմանվի, որն այնուհետև ևս այդքանով կավելանա նաև մարտին»,-ասաց Նիկողոսյանը։
Փորձագետը պարզաբանեց, որ սահմանված տուրքը թույլ կտա հացահատիկի գները չբարձրացնել Ռուսաստանի ներքին շուկայի համար։ Այդ դասակարգման մեջ է նաև Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ։
Այս պահին Հայաստանում 1 կիլոգրամ ցորենն արժե 188 դրամ։
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ առաջիկա մեկուկես ամսում պետք չէ սպասել նաև ձվի և մսամթերքի թանկացման:
«Մենք մեր պաշարներն ունենք, դեռ հոկտեմբերին ենք գնել՝ պատերազմի և համավարակի հետ կապված։ Այդ պատճառով մոտակա մեկուկես ամսում գների փոփոխություն չի կանխատեսվում։ Չեմ կարող ասել, թե հետո ինչ կլինի, ամեն ինչ կախված է համաշխարհային շուկայի գներից և դրամի կայունությունից»,-ասաց նա։
Ստեփանյանի խոսքով` իրավիճակի անկայունության պատճառը նաև այն է, որ ճանապարհները պարբերաբար փակվում են, մեկ այլ պատճառ է նաև արցախյան հողերի կորուստը։ Այս ամենի հետևանքով է, որ մթերքի գներն անկայուն են ու պարբերաբար տատանվում են։
Իրավիճակը կարող է կայունացնել այլընտրանքային ճանապարհը դեպի Ռուսաստան։ Այս կապակցությամբ Հայաստանի իշխանությունները դեռ 2018 թ․-ին ծրագրում էին լաստանավային անցարան ձեռք բերել, որպեսզի գործի դնեն մուլտիմոդալ փոխադրումների տեսակը, երբ ինչ–ինչ պատճառներով Լարսը փակ լինի։ Այն ժամանակ մասնագետները պնդում էին, որ դա շահավետ կլինի, եթե միայն երկաթգծով տեղափոխելու համար զեղչեր արվեն, քանի որ երկաթուղին թեև անխափան երթևեկություն կապահովի, բայց ավելի երկար ու թանկ է, քան ավտոմոբիլային ճանապարհը։
Ռուսաստանից Հայաստան (Վրաստանով) ավտոմոբիլային ճանապարհով մեկ տոննա ցորեն բերելու համար փոխադրողը միջինը 53-56 դոլար է ծախսում։ Մինչդեռ լաստանավային անցարանով ու երկաթուղով տեղափոխումը 104-108 դոլար է գնահատվում։
Բիզնեսը մեկ խնդրի էլ բախվել է պատերազմից հետո։ Արցախը տարեկան հավաքում էր մոտ 100 հազար տոննա ցորեն (Հայաստանի ւ Արցախի ընդհանուր պահանջարկի մոտ 25 տոկոսը): Ցորենի դաշտերը հիմնականում գտնվում էին ցածրադիր շրջաններում, որոնց մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հիմա այդ հարյուր հազար տոննան ստիպված են լինելու Արցախ մատակարարել Հայաստանից (լինի դա տեղական, թե ներկրված ցորեն)։
Ստեփանյանը համարում է, որ ելքը գյուղատնտեսության զարգացումն է։ Փորձագետը վստահ է, որ Հայաստանում հացահատիկային բույսեր մշակելու համար համապատասխան հողեր կան։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է այդ 25% բացը լրացնել սեփական արտադրանքով և 100 տոկոսով կախված չլինել արտաքին շուկայից։
Դրա համար անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել և ժամանակավոր հարկային համաներում հայտարարել այդ մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող ֆերմերների համար։
Հայաստանում տարեկան սպառվում է 390-420 հազար տոննա հացահատիկ, որից 320-350 տոննան ներկրվում է։ Ինչ վերաբերում է ձվին, ապա ՀՀ–ում տարեկան ավելի քան 600 միլիոն հատ ձու է սպառվում։