Սահմանազատում

Սահմանը պետք է գծեն Հայաստանի և Ադրբեջանի մասնագետները. փորձագետը՝ GPS–ի աշխատանքի մասին

698
(Թարմացված է 16:40 15.01.2021)
GPS–ը նավիգացիոն համակարգ է, նախքան այն կիրառելն անհրաժեշտ է պարզել, թե որ կոորդինատներով պետք է անցնի սահմանը, իսկ դա երկար բանակցությունների և անշտապ աշխատանքի առարկա է՝ երրորդ կողմի միջնորդությամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահմանները պետք է որոշի հատուկ միջպետական հանձնաժողովը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ–ի գիտատեխնիկական բաժնի նախկին ղեկավար Հայկ Ավդալյանը։

Նրա խոսքով`  բնակչության լայն շերտերը քիչ են տեղեկացված Սյունիքում կատարվողից։ Պետական մարմինները պետք է մարդկանց (հատկապես սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին) մանրամասն տեղեկություն տրամադրեն։

«Գոյություն ունեն դելիմիտացիա և դեմարկացիա տերմինները։ Որպես հիմք այսօր ընդունել են խորհրդային ժամանակների ռազմական քարտեզները և հիմա դեմարկացիայի նախնական աշխատանքներ են տարվում։ Ապագայում այն պետք է ճշգրտվի, պետք է բանակցությունների հիման վրա երկարատև աշխատանք տարվի», – ասաց Ավդալյանը։

Նա նշեց, որ պետք է շատ հստակ իրականացվի կոորդինատների «խորհրդային» համակարգերի տրանսֆորմացիա ներկա  կոորդինատների համակարգի։ Այլապես հարյուրավոր և հազարավոր մետրերի շեղումներ կարող են լինել։ Խորհրդային քարտեզի վրա սահմանային գիծը կա, որն անհրաժեշտ է արդեն անցկացնել տեղանքում։

GPS համակարգը գեոդեզիական սարքերի այսօրվա շուկայում զարգացած տեխնոլոգիա է։ Այն կարող է մինչև մի քանի սանիտիմետր ճշտություն ապահովել։ Կարևոր է, թե ինչ կոորդինատներ են այնտեղ մտցվում։ Այսինքն՝ այն պարզապես նավիգացիոն համակարգ է (կան նաև այլ GLONASS, Galileo համակարգեր)։ ԶԼՄ–ներում հաճախ է խոսվում GPS–կոորդինատների մասին, սակայն նման հասկացություն չկա։

Գորիսում մատաղ են արել ու բաժանել շուռնուխեցիներին ու ռուս սահմանապահներին. լուսանկարներ

«Մենք GPS–ի օգնությամբ տեղում կարող ենք հստակ պարզել սահմանները, սակայն այլ հարց է, թե արդյո՞ք մեզ բավարարում են խորհրդային քարտեզները», – ասաց Ավդալյանը։

Մասնագետները նաև չգիտեն, թե հայկական կողմից կոնկրետ ո՞վքեր են ներգրավված սահմանների ճշգրտման աշխատանքներում։ Ավդալյանը համոզված է, որ նման մարդիկ կան, այլապես ուղղակի սարսափելի է պատկերացնելը, որ միայն ադրբեջանցիներն են որոշում սահմանագծերը։  Եթե հայ մասնագետներ տեղում չլինեն, չի բացառվում, որ ադրբեջացիները փորձեն խորամանկության դիմել և GPS սարքերում իրենց ձեռնտու տվյալներ մուտքագրել։

Խորհրդային ժամանակներում, և այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը սահմանակից էր Արցախի հետ, սահմանների խնդրին ուշադրություն չէր դարձվում։ Ուստի այդ սահմանները կարող են անցնել տների միջով, կիսել լճերը և այլն։ Բայց ընդհանրապես սահմանները պետք է ինչ–որ կետերով անցնեն, ճշգրտված օբյեկտներով, որպեսզի ոչ ոք չտուժի։

«Դա արվում է բանակցությունների միջոցով։ Հատուկ միջպետական հանձնաժողովում պետք է ներառվեն բոլոր այն մարմինները, որոնք պետք է ապահովեն անվտանգությունն ու մարդկանց կեցության պայմանները։ Դրանք են քարտեզագիրները, գեոդեզիստները, բնապահպանները, պատմաբանները և այլն։ Նրանք պետք է որոշեն, թե կարող է սահմանը կոնկրետ վայրում ոտնահարել մարդկանց իրավունքը», – ասաց Ավդալյանը։

Ըստ նրա` կողմերը պետք է համատեղեն բոլոր նյութերը, փաստաթղթերը, քարտեզները, տիեզերական նկարները։ Այդ ամենը պետք է ուսումնասիրվի, ընտրվի ամենանպատակահարմար տարբերակը։

Սկզբում պետք է դելիմիտացիա իրականացվի, այն պետք է ընդունեն երկու կողմերը` երրորդ չեզոք կողմի միջնորդությամբ (օրինակ՝ ԵԱՀԿ ներկայացուցչի)։ Միայն դրանից հետո կարող է իրականացվել դեմարկացիա։

Ինչ վերաբերում է Google, Yandex և այլ քարտեզներին, ապա դրանք սիրողական քարտեզներ են։ Դրանք որևէ աշխատանքի համար հիմք չեն կարող հանդիսանալ։ Հայաստանում կան սարքավորումներ, մասնագետներ, նրանք կարող են իրականացնել համապատասխան աշխատանքը։ Սակայն բուն գործընթացը բավականին երկար է և բարդ։

Ուշադիր եղեք՝ էրեխեքը ճանապարհը չանցնեն․ ինչպես են Շուռնուխում «դիմավորել» ադրբեջանցիներին

«Շտապել չի կարելի, այդ թվում՝ որոշումների ընդունման հարցում։ Անհրաժեշտ է տարբեր տարիների նյութեր հավաքել, մեկտեղել տիեզերական պատկերներով նկարները, մասնագետների հրավիրել, քննարկել հանձնաժողովի շրջանակում և այլն։ Վեճերի և բանակցությունների միջոցով կողմերը ընդհանուր հայտարարի կգան», – նշեց Ավդալյանը։

Սակայն ընդհանուր առմամբ սահմանը պետք է որոշվի բանակցությունների միջոցով և առավելագույնս մոտ լինի բնական պատնեշներին (ջրհավաք ավազաններ, գետեր, հողատարածքներ)։ Վիճահարույց կետերի առաջացման դեպքում հնարավոր է ապագա սահմանների տարբեր հատվածներում տարածքների «փոխանակում» իրականացնել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

698
թեգերը:
Արցախ, Սյունիք, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Դելիմիտացիա, Դեմարկացիա, Սահման
Ըստ թեմայի
Փոխնախարարը կոչ է անում զգուշանալ զինծառայողների համար կազմակերպվող դրամահավաքներից
Ծուռ հայելիների թագավորություն. հոգեբանը մեկնաբանում է վարչապետի գործողությունները
«Փոս են փորել, թաղել ու տեղը չեն ասում». ծնողները պահանջում են իշխանության պատասխանը
Կաթողիկոսն ու վարչապետը

Հայ առաքելական եկեղեցին շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը

3
(Թարմացված է 11:34 28.01.2021)
Ամենայն հայոց կաթողիկոսը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց եկեղեցու դիրքորոշումը։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Երկիրը երբեք նման ծանր վիճակում, չի եղել։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։

«Երկիրը երբեք նման ծանր վիճակում, չի եղել, հայրենիքի նման կորուստ երբեք չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել։ Անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ երբեք այսքան տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի համար։ Եվ այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պիտի գտնվեր և իր խոսքը պիտի ասեր»,– ասաց կաթողիկոսը` պատասխանելով Հայ առաքելական եկեղեցու` քաղաքական պահանջներ ու մասնավորապես ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ բարձրացնելու հարցին։

Վեհափառը շեշտեց` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հարցում եկեղեցու դիրքորոշումը չի փոխվել։

Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին Գարեգին Բ–ն ուղերձ հղեց` հայտնելով, որ հանդիպել է Փաշինյանի հետ ու հորդորել, որ վայր դնի լիազորությունները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նույնպես դիմել է Փաշինյանին` հորդորելով հրաժարվել վարչապետի պաշտոնից։

3
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին Սյունիք է գործուղում
Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր
«Պարոն Փաշինյան, Շուշին, ըստ Ձեզ, ադրբեջանակա՞ն է». վարչապետը բառացի մեջբերում պահանջեց
Օնիկ Գասպարյան

Թշնամին մեր տան դարպասների մոտ է. Օնիկ Գասպարյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել

27
(Թարմացված է 11:13 28.01.2021)
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը նշում է, որ բանակն այսօր հաճախ քննադատության է արժանանում, բայց չպիտի վհատվի։ Զինվորը, սպան, գեներալը, նրա խոսքով, գլուխը կարող է խոնարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ ուղերձ է հղել` նշելով, որ յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ:

ԳՇ պետն ընդգծում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը և, 44 օր հերոսաբար դիմակայելով, կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ:

Գասպարյանն արձանագրում է, որ անհավասար պայքարում հայկական զինուժը, ցավոք, նույնպես կրեց անդառնալի կորուստներ, բայց, նրա համոզմամբ, հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռականությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը:

Փոքրերն ուզում են զինվոր դառնալ, մեծերը հիշում են մեր բանակի նվաճումները. հարցում Երևանում

ԳՇ պետի խոսքով` այսօր բանակը հաճախ քննադատության է արժանանում, բայց չպիտի վհատվի։ Զինվորը, սպան, գեներալը, նրա խոսքով, գլուխը կարող է խոնարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև։

«Հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը։ Մեր հայրենակիցներն անսահման հավատով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք տրված երդմանն ու կատարեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը»,– ասված է ուղերձում։

Գասպարյանը նշում է նաև, որ բանակն այսօր ավելի մեծ աջակցության կարիք ունի և, որքան էլ դժվար լինի, շարունակում է կատարել հայրենիքի պաշտպանության գործը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնագծերում, ձեռնարկելով գործուն միջոցներ մարտունակության վերականգնման ուղղությամբ:

Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում

«Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տարբեր ուժերի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վիրավորողներին հավաստիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը։ Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից»,– եզրափակում է ԳՇ պետը:

Հիշեցնենք`ՀՀ ՊՆ–ն հայտարարել էր, որ Բանակի օրվա առթիվ այսօր` հունվարի 28-ին, տոնական զանգվածային միջոցառումներ չեն իրականացվելու։

Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում. Գարեգին Բ

27
թեգերը:
Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր
Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան
Հայոց բանակի ստեղծման օրը կանցնի առանց տոնական հանդիսությունների