ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի համար ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները կշարունակվեն առնվազն մինչև 2021 թվականի երկրորդ եռամսյակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (որը համակարգում է տնտեսական կապերը Ռուսաստանի և Եվրասիական միության հետ) աշխատակազմից։
Գազի շուրջ բանակցություններ անցկացնելու առաջարկով փոխվարչապետը դեռևս մարտին դիմել էր ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին:
Նրանց բանակցությունների հերթական «ռաունդը» կայացել է մի քանի օր առաջ Գրիգորյանի մոսկովյան այցի ընթացքում։
«Բանակցությունները դեռ ավարտված չեն, ձեր հարցերին հնարավոր կլինի անդրադառնալ 2021թ. երկրորդ եռամսյակի ընթացքում»,- Sputnik Արմենիային հայտնեցին փոխվարչապետի աշխատակազմից։
Նշենք, որ մարտին գրված նամակում Մհեր Գրիգորյանը Ալեքսեյ Միլլերին առաջարկել էր գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ սկսել՝ հաշվի առնելով, որ էներգառեսուրսների համաշխարհային գները կտրուկ նվազել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Գրիգորյանն առաջարկել էր քննարկել նաև գազի դիմաց ոչ թե դոլարով, այլ ազգային արժույթով վճարելու հնարավորությունները։
Նշենք, որ 2019թ․-ի հունվարի 1-ից Հայաստանը հազար խորանարդ մետր ռուսական գազը ստանում է 165 դոլար սակագնով՝ նախկին 150-ի փոխարեն։
Հիշեցնենք, որ Brent տեսակի նավթի գինը գարնանը նվազել էր մինչև 1 բարելի դիմաց 20 դոլար, այժմ այն կազմում է 50 դոլարից մի փոքր ավելի: Համեմատության համար նշենք, որ 2017-ի նոյեմբերից մինչև համավարակի սկիզբը նավթի գինը գրեթե չէր իջել 60 դոլարից, իսկ առանձին ժամանակաշրջաններում գերազանցել էր 70 դոլարը: Իսկ համաշխարհային շուկաներում բնական գազի գները կապված են նավթի հետ։
Միաժամանակ Գրիգորյանն ավելի վաղ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ էներգակիրները կարող են նորից թանկանալ, և եթե Հայաստանը դրանք ստանա շուկայական գներով, ապա ոչ միշտ կարող է շահավետ լինել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ձմեռային զորակոչի շրջանակներում զորակոչիկներին ՀՀ ԶՈւ ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է ընտրություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընտրությունն անցկացվելու է փետրվարի 2-ին և 3-ին N զորամասի տարածքում։
«Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև հունվարի 30-ը կարող են դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ պատվո պահակախմբում ծառայելու համար զորակոչիկի հասակը պետք է լինի 180-ից 190 սմ, դեմքի և մարմնի երևացող այլ հատվածներում չպետք է լինեն դաջվածքներ և սպիներ, մարմնի զանգվածի ու հասակի հարաբերակցությունը պետք է կանոնավոր լինի։
Ընտրությունը կատարելիս հաշվի են առնում նաև գեղեցիկ և համաչափ դիմագծերը, առանց որևէ շտկման և գունային ճիշտ զգացողությամբ տեսողությունը, ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա շշուկային խոսքն ընկալելու կարողությունը:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգարով՝ Անահիտ Ավանեսյանը նշանակվեց առողջապահության նախարար։ Տեղեկությունը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի
Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ մինչ այս Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։