ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ու հետպատերազմյան ընթացքում զինվորական բնույթի հանցագործությունների փաստերով հարուցվել է 882 քրեական գործ, մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց: Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` որոշ մանրամասներ ներկայացնելով քրեական գործերից։
Հարուցված քրեական գործերի շարքում է նաև Արցախի 5 շրջանները հանձնելու դիմաց ՀՀ վարչապետին առաջարկված 5 մլրդ դոլարի մասին հրապարակումների հիման վրա հարուցված գործը, որի քննությունն ԱԱԾ–ում շարունակվում է:
Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է հայերենին տիրապետող ադրբեջանցիներին անձնագրային բաժանմունքների պետերի միջոցով 1400 հայկական անձնագիր բաժանելու, 400 ադրբեջանցիների կողմից Նախիջևանից Քաջարանով Արցախ անցնելու, 2018թ-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից թուրքերից և ադրբեջանցիներից 48 մլն ԱՄՆ դոլար ստանալու մասին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների հիման վրա։ Դատախազությունը հայտնում է, որ Իսագուլյանը հրաժարվել է իր հայտնած հանգամանքների վերաբերյալ բացատրություն տալուց, իսկ նրա նշած տեղեկություններն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում չեն հաստատվել: Քրեական գործի հարուցումը մերժվել է, փոխարենը հարուցվել է այլ քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով:
Հայաստանն ունեցել է պատերազմի ընթացքում Ղարաբաղը ճանաչելու բոլոր հիմքերը. Նալբանդյան
Քննչական մարմինների քննության առարկա են դարձել նաև հրապարակային գրառումներում և տեսանյութերում առկա պնդումներն այն մասին, որ Շուշի քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումներին անհիմն նահանջելու հրաման է տրվել և որ Շուշին դիտավորությամբ ու պլանավորված կերպով է հանձնվել Ադրբեջանին։ Բացի այդ որոշ հրապարակումներում էլ նշվում է, որ զինվորականները դիրքերը լքել են ինքնակամ, առանց հրամանի։ Նույն գործի շրջանակում, ըստ դատախազության, ուսումնասիրվում է նաև Արցախի նախագահի ձայնագրությունն ու ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի` դեկտեմբերի 12-ի հարցազրույցը։
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը ևս ուսումնասիրվում է` նյութեր նախապատրաստելու համար։
Մի քանի քրեական գործեր են քննվում նաև ՀՀ ՊՆ-ի կարիքների համար տարբեր զենք-զինամթերք, ռազմական հանդերձանք և պարագաներ, սննդամթերքի ձեռքբերման գործարքներ իրավաչափության, դրանց իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակություններ, խարդախություններ կատարելու, պաշտոնեական կեղծիքների, իշխանազանցության կամ պաշտոնեական անգործության դեպքերի առթիվ:
ԱԱԾ-ում մի քանի քրեական գործ էլ հարուցվել է պատերազմի առաջին իսկ օրվանից առանձին քաղաքացիական, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումներում խուճապային, պատերազմի ելքի կանխորոշված լինելու, դիմադրությունը շարունակելու անիմաստության մասին լուրեր ու խուճապ տարածելու փաստով:
Ղարաբաղում պատերազմից հետո արժե մտածել կանոնների փոփոխությունների մասին. լեհ մայոր
Մեկ քրեական գործ հարուցվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու փաստի առթիվ։
Հարուցված քրեական գործերը հանձնվել են նախաքննության` ՀՀ Քննչական կոմիտեին, Հատուկ քննչական ծառայությանը, Ազգային անվտանգության ծառայությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանն ու ու Ռուսաստանը պետք է մշտապես հասկանան, որ այն ճանապարհներով, որով ընթանում են Թուրքիան ու Ադրբեջանը, տարածաշրջանում անհնար է երկարատև խաղաղության հասնել։
Այս մասին Sputnik Արմենիայի հարթակում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել Է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։
Ռուս քաղաքական գործչի խոսքով՝ եթե պատկերավոր խոսենք, աա հերթական անգամ վիշապի ատամներ են ցանել, որոնք ապագայում կարող են ծիլեր տալ։ Ղարաբաղում հետպատերազմական և ընդանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի համատեքստում Զատուլինը նշում է, որ չափազանց շատ հարցեր են մնացել կադրից դուրս, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցը։
«Հաղթանակի էյֆորիան Ադրբեջանի հետ չար կատակ է խաղում։ Հենց Ադրբեջանն է վիշապի ատամներ ցանում։ Հաղթանակի շքահանդեսներ, հիշողություններ Էնվեր Փաշայի մասին, որոնք շքահանդեսի ժամանակ հնչեցրեց Թուրքիայի նախագահը և առհասարակ Ադրբեջանում ավելի ու ավելի աճող թուրքական ցուցադրական ներկայությունը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, չստիպել նրան վերանայել հարաբերությունները ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հետ»,-ասաց Զատուլինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր զարգացնում է հարաբերությունները այդ երկու երկրների հետ, սակայն Մոսկվան երկարաժամկետ անհանգստության հիմքեր ունի։
«Թե՛ Թուրքիայի պետական ալիքում հրապարակված քարտեզները՝ Կովկասի, Ղրիմի, Պովոլժիեի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ թուրքական հավակնություններով, թե՛ Թուրքիայի նախագահի ազգականի պարծենկոտ հայտարարություններն այն մասին, որ իրենց անօդաչուները կարող են պայքարել ռուսական ՀՕՊ համակարգերի դեմ՝ այս ամենը մի որոշակի խճանկար է դառնում»,-ավելացրել է Պետդումայի պատգամավորը։
Միաժամանակ, իհարկե, Զատուլինի համար բարդ է խոսել ամբողջ Ռուաստանի անունից, որտեղ, նա կարծում է, «ռուս-ադրբեջանական հարաբերությունների շատ երգիչներ կան»։ Նա նշել է նաև մարդկանց անուններ, որոնք «հունից դուրս են գալիս»՝ փորձելով ապացուցել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ համագործակցության ամբողջ «հմայքը»։ Դրանք են՝ Սերգեյ Մարկովը, Իգոր Կորոտչենկոն և Մաքսիմ Շեվչենկոն։ Ընդ որում՝ եթե առաջինը դա անում է քիչ թե շատ քաղաքակիրթ կերպով, ապա մյուս երկուսի գործողությունները հեռու են քաղաքակրթությունից։
«Այնպես որ մենք այստեղ ոչ միայն հայկական լոբբի ունենք, ինչպես ընդունված է կարծել ադրբեջանական մամուլում։ Եթե կարդանք այդ մամուլը, ապա օրինակ անձամբ իմ մասին կարող եմ ասել, որ ես ջուր չեմ խմում։ Ես միայն հայկական կոնյակ եմ խմում ամեն օր և հսկայական քանակով»,-ասում է պատգամավորը։
Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա՝ շփման գծի ողջ երկայնքով։ Առաջնագծի մարտական գործողություններից բացի, ադրբեջանական բանակը զանգվածային հրթիռահրետանային ռմբակոծման է ենթարկել Արցախի խաղաղ բնակավայրերը ՝ առավելագույն վնաս պատճառելով բնակչությանը։ Հարվածների արդյունքում զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում, ավերվել են Արցախի բազմաթիվ բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Ռազմական գործողությունները տևել են 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրա համաձայն լիակատար հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեղեկություններով` եթե անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքը խախտելով ստորագրի Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, ապա բանակը չի ենթարկվի այդ որոշմանը։ Նա իր կարծիքը լրագրողներին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ։
«Բանակը հասկանում է, որ այստեղ անձի հարց չէ, քանի որ Օնիկ Գասպարյանն էլ այն պարկեշտ մարդկանցից է, որի համար աթոռը կարևոր չէ, նա լուծում է բանակի հարցը։ Իրեն կարող են խոստանալ պաշտոններ, բայց երբ ինքը դուրս գա, կորպուսի բոլոր հրամանատարներին փոխելու, ամբողջ ռազմական ուժը փչացնելու հնարավորություն կտա, ինչպես դա փչացրեց Նիկոլ Փաշինյանը` իր իշխանության առաջին օրերին մտնելով բանակ, կոռուպցիա փնտրելով, Քառօրյա պատերազմի հանձնաժողով ստեղծելով։ Այժմ փաստարկն այն է, որ բանակը չի ենթարկվելու, իսկ եթե ենթարկվի, կնշանակի, որ Արմեն Սարգսյանն իր ստորագրությամբ քանդում է բանակը»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով`բանակը չպետք է ենթարկվի անօրինական հրամաններին։
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը` Մանուկյանը նշեց, որ համոզված է` Սարգսյանի վրա ճնշումներ են եղել։
«Նախագահի հետ հանդիպումից տպավորություն ստացա, որ մտահոգված էր օրենքի կատարումով։ Մտահոգված էր նաև, որ իր ստորագրած փաստաթուղթը բորբոքվածություն կարող է առաջացնել հասարակության շրջանում»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ ընդդիմության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։


