ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սիսիանի հրապարակում հավաքված սյունեցիների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր այցի նպատակը նրանց հետ շփվելն է։
«Ամենակարևոր բանը, որ ուզում եմ ասել, հետևյալն է` ես եկել եմ պարզաբանութմներ տալու, թե Սյունիքի սահմանների երկայնքով ինչ է տեղի ունենում»,– ըմբռնման համար շնորհակալություն հայտնելով հավաքվածներին` ասաց նա։
Բայց մինչ բուն թեմային անցնելը Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմի զոհերի հիշատակը, ապա ժողովրդին խնդրեց իր ելույթի ընթացքում ծափեր, կոչեր չհնչեցնել` հիշեցնելով, որ Հայաստանում այսօր սուգ է հայտարարված։
«Այսօր շատ է խոսվում այն մասին, թե այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, դա Սյունիքը հանձնելու պրոցես է, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես։ Իրականում ուղիղ հակառակն է»,– ասաց վարչապետը։
Այդ պահին բազմության միջից ինչ–որ մեկը բղավեց` հերիք է խաբես, արա՛, ինչի հետևանքով հավաքվածների շարքերում աղմուկ ու իրարանցում սկսվեց, բայց վարչապետը հանդարտության կոչ արեց ու շարունակեց խոսքը։
«Մենք մեր սահմանապահ զորքերը կանգնացնում ենք Հայաստանի սահմանին` դրանով մեր անվտանգության աստիճանը ուժեղացնելով։ Որովհետև դրանով մեր սահմանն այն անվտանգային համակարգի սահմանն է դառնում, որի անդամն ենք մենք»,– ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով սահմանների որոշման խնդրին` ՀՀ վարչապետը հայտնեց, որ ՀՀ վարչական շրջանների նկարագրությունը տրվել է 2010թ–ին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
«Այդ օրենքով, օրինակ, Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև որպես Ադրբեջանի հետ սահման»,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ այսօրվա խնդրահարույց սահմանները 2010թ–ին ՀՀ կառավարությունը ներկայացրել է որպես Ադրբեջանի հետ սահման։
«Բա այն ժամանակ ինչու՞ չեն ասել, որ սա Արցախի Հանրապետության հետ սահմանն է»,– ասաց նա։
Փաշինյանը նշեց նաև, որ շատ է քննարկվում, թե ինչու պատերազմի ընթացքում ՀԱՊԿ–ը չի միջամտել։
«Որովհետև մեր օրենքով գրված է, որ մեր սահմանը սա է։ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է։ ՀԱՊԿ–ը մեզ ասում է, որ ձեր սահմանը սա է և դուք եք նկարագրել այն։ Մենք ձեր սահմանից դուրս ո՞նց կարանք միջամտություն անենք»,– ասաց նա` վստահեցնելով, որ եթե ռազմական ոտնձգություններ սկսվեն այս սահմանից ներս, ՀԱՊԿ–ն արդեն կմիջամտի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր Սյունիք է այցելելու։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երեկ գրառում էր արել Facebook–ի էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Մարդիկ վաղ առավոտյան շարժվել էին դեպի Սյունիքի դարպասներ, սակայն պարզվել էր, որ ոստիկաննությունն արդեն փակել է ճանապարհը` արգելելով նրանց առաջ շարժվել։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ վարչապետը Սյունիք է հասել ուղղաթիռով։
Նշենք, որ ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որը հիշատակեց Փաշինյանը, 2010թ–ին ոչ թե ընդունվել է, այլ լրացումների ու փոփոխությունների ենթարկվել։ Բուն օրենքն ընդունվել է 1995թ–ի նոյեմբերի 7–ին։
Ընդ որում` դրանում Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի մի շարք բնակավայրեր, այդ թվում` Փաշինյանի հիշատակած Սյունիքի Տեղ գյուղն արդեն իսկ ներկայացված են որպես Ադրբեջանին սահմանամերձ։
Ինչ վերաբերում է վարչապետի հիշատակած օրենքի փոփոխություններին, այդ նախագիծը խորհրդարան է ներկայացվել 2009թ–ի դեկտեմբերի 8-ին։ 2010թ–ի ապրիլին ընդգրկվել է նստաշրջանի օրակարգ, ապրիլի 29–ին օրենքն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, հունիսի 24-ին` երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Նշենք, որ օրենքին կողմ է քվեարկել ԱԺ 77 պատգամավոր, դեմ`5, ձեռնպահ`2։ Դեմ քվեարկողներն են ՀՀԿ–ից Հակոբ Հակոբյանը, Վիկտոր Դալլաքյանը, «Ժառանգությունից»` Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը։
Օրենքը հեղինակել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։ Նախագիծը հիմնական զեկուցմամբ ԱԺ–ում ներկայացրել է կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը։
Խորհրդարանի ընդունած օրենքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2010թ–ի հուլիսի 14–ին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանն ու ու Ռուսաստանը պետք է մշտապես հասկանան, որ այն ճանապարհներով, որով ընթանում են Թուրքիան ու Ադրբեջանը, տարածաշրջանում անհնար է երկարատև խաղաղության հասնել։
Այս մասին Sputnik Արմենիայի հարթակում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել Է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։
Ռուս քաղաքական գործչի խոսքով՝ եթե պատկերավոր խոսենք, աա հերթական անգամ վիշապի ատամներ են ցանել, որոնք ապագայում կարող են ծիլեր տալ։ Ղարաբաղում հետպատերազմական և ընդանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի համատեքստում Զատուլինը նշում է, որ չափազանց շատ հարցեր են մնացել կադրից դուրս, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցը։
«Հաղթանակի էյֆորիան Ադրբեջանի հետ չար կատակ է խաղում։ Հենց Ադրբեջանն է վիշապի ատամներ ցանում։ Հաղթանակի շքահանդեսներ, հիշողություններ Էնվեր Փաշայի մասին, որոնք շքահանդեսի ժամանակ հնչեցրեց Թուրքիայի նախագահը և առհասարակ Ադրբեջանում ավելի ու ավելի աճող թուրքական ցուցադրական ներկայությունը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, չստիպել նրան վերանայել հարաբերությունները ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հետ»,-ասաց Զատուլինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր զարգացնում է հարաբերությունները այդ երկու երկրների հետ, սակայն Մոսկվան երկարաժամկետ անհանգստության հիմքեր ունի։
Թուրքիայում «Իսլամական պետության» 10 գրոհային է ձերբակալվել
«Թե՛ Թուրքիայի պետական ալիքում հրապարակված քարտեզները՝ Կովկասի, Ղրիմի, Պովոլժիեի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ թուրքական հավակնություններով, թե՛ Թուրքիայի նախագահի ազգականի պարծենկոտ հայտարարություններն այն մասին, որ իրենց անօդաչուները կարող են պայքարել ռուսական ՀՕՊ համակարգերի դեմ՝ այս ամենը մի որոշակի խճանկար է դառնում»,-ավելացրել է Պետդումայի պատգամավորը։
Միաժամանակ, իհարկե, Զատուլինի համար բարդ է խոսել ամբողջ Ռուաստանի անունից, որտեղ, նա կարծում է, «ռուս-ադրբեջանական հարաբերությունների շատ երգիչներ կան»։ Նա նշել է նաև մարդկանց անուններ, որոնք «հունից դուրս են գալիս»՝ փորձելով ապացուցել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ համագործակցության ամբողջ «հմայքը»։ Դրանք են՝ Սերգեյ Մարկովը, Իգոր Կորոտչենկոն և Մաքսիմ Շեվչենկոն։ Ընդ որում՝ եթե առաջինը դա անում է քիչ թե շատ քաղաքակիրթ կերպով, ապա մյուս երկուսի գործողությունները հեռու են քաղաքակրթությունից։
«Այնպես որ մենք այստեղ ոչ միայն հայկական լոբբի ունենք, ինչպես ընդունված է կարծել ադրբեջանական մամուլում։ Եթե կարդանք այդ մամուլը, ապա օրինակ անձամբ իմ մասին կարող եմ ասել, որ ես ջուր չեմ խմում։ Ես միայն հայկական կոնյակ եմ խմում ամեն օր և հսկայական քանակով»,-ասում է պատգամավորը։
Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա՝ շփման գծի ողջ երկայնքով։ Առաջնագծի մարտական գործողություններից բացի, ադրբեջանական բանակը զանգվածային հրթիռահրետանային ռմբակոծման է ենթարկել Արցախի խաղաղ բնակավայրերը ՝ առավելագույն վնաս պատճառելով բնակչությանը։ Հարվածների արդյունքում զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում, ավերվել են Արցախի բազմաթիվ բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Ռազմական գործողությունները տևել են 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրա համաձայն լիակատար հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 10-ին։ Հայկական կողմը համաձայնել է մի շարք տարածքային զիջումների։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեղեկություններով` եթե անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքը խախտելով ստորագրի Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, ապա բանակը չի ենթարկվի այդ որոշմանը։ Նա իր կարծիքը լրագրողներին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ։
«Բանակը հասկանում է, որ այստեղ անձի հարց չէ, քանի որ Օնիկ Գասպարյանն էլ այն պարկեշտ մարդկանցից է, որի համար աթոռը կարևոր չէ, նա լուծում է բանակի հարցը։ Իրեն կարող են խոստանալ պաշտոններ, բայց երբ ինքը դուրս գա, կորպուսի բոլոր հրամանատարներին փոխելու, ամբողջ ռազմական ուժը փչացնելու հնարավորություն կտա, ինչպես դա փչացրեց Նիկոլ Փաշինյանը` իր իշխանության առաջին օրերին մտնելով բանակ, կոռուպցիա փնտրելով, Քառօրյա պատերազմի հանձնաժողով ստեղծելով։ Այժմ փաստարկն այն է, որ բանակը չի ենթարկվելու, իսկ եթե ենթարկվի, կնշանակի, որ Արմեն Սարգսյանն իր ստորագրությամբ քանդում է բանակը»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով`բանակը չպետք է ենթարկվի անօրինական հրամաններին։
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը` Մանուկյանը նշեց, որ համոզված է` Սարգսյանի վրա ճնշումներ են եղել։
«Նախագահի հետ հանդիպումից տպավորություն ստացա, որ մտահոգված էր օրենքի կատարումով։ Մտահոգված էր նաև, որ իր ստորագրած փաստաթուղթը բորբոքվածություն կարող է առաջացնել հասարակության շրջանում»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ ընդդիմության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։


