Արթուր Դավթյան

Արցախից ՀՀ ապօրինի զենք է բերվել. քայլեր են արվում հնարավոր բռնությունները կանխելու համար

114
(Թարմացված է 14:15 07.12.2020)
Դատախազությունը զգուշացնում է, որ հանցավոր արարքներ կատարած անձինք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր գրություններ է հասցեագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին և ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին։ Դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դրանց նպատակն է անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Արցախից Հայաստան ապօրինի զենքի տեղափոխման դեպքերը, նաև դրանց գործադրմամբ հնարավոր նախապատրաստվող հանցագործությունները կանխելու և բացահայտելու, այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու համար։

Նշվում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին մասնակցության նպատակով մեծ թվով անձանց տարբեր զինատեսակների և ռազմամթերքի տրամադրումը լուրջ վտանգներ է ստեղծել ռազմական գործողությունների ավարտից հետո դրանց ապօրինի շրջանառության համար: Դատախազության դիտարկմամբ՝ դրա վկայությունն են Արցախից դեպի Հայաստան ապօրինաբար զենք և ռազմամթերք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը, դրանցով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերը։

«Ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց հետ կապված հանցագործությունները, հրապարակային ելույթներում, այդ թվում նաև 2020թ դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպված հավաքում հնչեցված՝ որոշակի գործողություների անխուսափելիության կամ թույլատրելիության մասին դիրքորոշումներով համեմված հայտարարությունները, ստեղծում են զենքի ապօրինի գործադրմամբ հանցավոր դրսևորումների ռիսկեր և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների, այդ թվում նաև զանգվածային հավաքներին մասնակցող, կյանքի և առողջության պաշտպանությանը, հասարակական կարգին սպառնացող վտանգներ»,- նշված է հաղորդագրութնան մեջ։

Միաժամանակ դատախազությունը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ հանցավոր հնարավոր դրևորումներից, բռնություններով կամ բռնության գործադրման կոչերով զուգորդվող գործողությունների դիմելուց կամ դրանցում ներգրավվելուց: Հակառակ դեպքում հանցավոր արարքներ կատարող բոլոր անձինք օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն քրեական պատասխանատվության:

114
թեգերը:
Զենք, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները
ՔՊ–ի գրասենյակից զինվորական համազգեստ ու զենք չի բաժանվել. քրգործի հարուցումը մերժվել է
Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն
Արխիվային լուսանկար

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

13
(Թարմացված է 23:31 02.03.2021)
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ  վիրավորների մեջ երեխաներ կան:

Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է

13
թեգերը:
երեխա, Տուժածներ, Արմավիրի մարզ, վթար
Ըստ թեմայի
Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածները երիտասարդ տղաներ են
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Էդմոն Մարուքյան

Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան

205
(Թարմացված է 22:52 02.03.2021)
Ավելի վաղ Մարուքյանը Փաշինյանից ապացույց էր պահանջել առ այն, որ Սերժ Սարգսյանն իրոք Օնիկ Գասպարյանին հրաման է տվել պահանջել գործող վարչապետի հրաժարականը։ Մարուքյանը վստահ է, որ նման ապացույց իրականում չկա։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վեճ են ունեցել, դրանից է ծագել խնդիրը։ Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ես վստահ եմ, որ նախկինները կապ չունեն, ներկաների միջև վեճ է եղել։ Ի՞նչ է եղել․ Փաշինյանը որոշել է պատերազմի ամբողջ պատասանատվությունը գցի բանակի վրա, ԳՇ-ն հայտարարություն է արել, իսկ փողոցի ընդդիմությունը դա անմտորեն կապել է իր հետ՝ դրանով «պադստավկա անելով» ԳՇ-ին ու օգնելով Փաշինյանին։ ԳՇ-ն ոչ մեկի կողմը չէր բռնել, բայց քանի որ փողոցի ընդդիմությունը համարեց, որ բանակն իրենց է միանում, Փաշինյանը դա օգտագործեց՝ ասելով, որ ահա, Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը», - ասաց Մարուքյանը։

Ավելի վաղ Մարուքյանը Փաշինյանից ապացույց էր պահանջել առ այն, որ Սարգսյանն, իրոք, Գասպարյանին հրաման է տվել պահանջել գործող վարչապետի հրաժարականը։ Մարուքյանը վստահ է, որ նման ապացույց իրականում չկա։

«Մեկն ասում է՝ Քոչարյան-Սարգսյանն է հրամաններ տալիս ԳՇ-ին, մյուսն ասում է՝ Էրդողան-Ալիևն են հրամաններ տալիս Փաշինյանին։ Անիմաստ հո խոսելով չէ՞։ Մարդու խոսքը գին ունի՞, թե՞ չէ։ Ապացույցներ թող ներկայացնեն», - ասաց նա։

ԼՀԿ առաջնորդը անիմաստ է համարում այն մտավախությունը, թե արտահերթ ընտրությունները կարող են բախումների բերել կամ/և կեղծվել։

«Բախումներ հիմա փողոցներում էլ կան։ ԼՀԿ-ն ունի չորս հազար հանձնաժողովի անդամ, նույնքան ունի ԲՀԿ-ն, մենք կարող ենք վերահսկել իրավիճակը։ Գումարած դրան՝ ՀՀԿ-ի ժամանակ էլ էին վարչական ռեսուրս կիրառում, բայց ես ո՞նց ընտրվեցի։ Մարդիկ ՀՀԿ-ի համար ձայներ էին բերում, բայց ես կարողացա ընտրվել»,-հիշեցրեց նա։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմն էլ էր արդեն գնում Սերժ Սարգսյանի ճանապարհով, այսինքն՝ մահվան գնով պահելու էր իր աթոռը, իսկ պատերազմից հետո նա ավելի է կառչել աթոռից։

Հիշեցնենք` ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց, նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

205
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ընդդիմություն, Սերժ Սարգսյան, Հայաստան, Էդմոն Մարուքյան
Ըստ թեմայի
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Իշխանությունը մտադիր է Գլխավոր շտաբը մտցնել ՊՆ կազմի մեջ. Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանին
Զինված մարդիկ

ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից

17
Երբ ԱՄՆ Ազգային հետախուզությունը հրապարակեց լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մասին զեկույցը, Սպիտակ տունը նոր ռազմավարություն հայտարարեց․ ԱՄՆ–ն պնդում է, որ Եմենում պատերազմը պետք է դադարեցվի, մարդու իրավունքները՝ պաշտպանվեն։ Ի՞նչ պատասխան կտա Էր Ռիադը։

Սոֆյա Մելնիչուկ, Գալիա Իբրահիմովա, ՌԻԱ Նովոստի

Չարտոնագրված արքայազնը

Ինչպես սպասվում էր, հերթական հայտարարություններն ընդամենը լրացնում են ամերիկյան իշխանությունների՝ ուրբաթ հնչեցրած մտադրությունները։ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը հայտնեց վիզայի սահմանափակումների՝ այսպես կոչված «Խաշուկջիի արգելքի» մասին, որ վերաբերում է 76 սաուդցիների, որոնք, ինչպես ենթադրում են, «մասնակցել են արտասահմանում դիսիդենտների ահաբեկմանը, այդ թվում՝ Խաշուկջիի սպանությանը»։ Անհատական պատժամիջոցները վերաբերելու են նաև Ընդհանուր հետախուզության ծառայության պետ Ահմադ ալ Ասիրիին։

Հետախուզության զեկույցում ասվում է, որ սաուդյան իշխանությունների կոշտ քննադատի` «The Washington Post» թերթի հեղինակի հանդեպ դաժան հաշվեհարդարին մասնակցել է թագաժառանգ արքայազնը՝ Մուհամմեդ բեն Սալմանը։ Նրա հավանությամբ են լրագրողին առևանգել, երբ նա մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք, այնուհետև մասնատել են, և մարմնի մնացորդներն այլևս ոչ ոք չի տեսել։ Թագավորության ԱԳՆ-ում կտրականապես հերքել են մեղադրանքները։

Սակայն արքայազնի դեմ անհատական պատժամիջոցներ չեն սահմանել, թեև նոր նախագահ Ջո Բայդենը նախընտրական բանավեճերի ժամանակ խոստացել էր Էր Ռիադը դարձնել աշխարհից լքված երկիր։

Եվ այնուամենայնիվ Բայդենը․ ի՞նչը խանգարեց Թրամփին, որ ռևանշ վերցնի

«Կարծում եմ` պետք է հասկանալ, որ ամբողջ երկրի հետ հարաբերություններն առավել առաջնային են, քան մեկ մարդու հետ հարաբերությունները»,-այդ թեմայով այսպես էր արտահայտվել Բլինկենը։ Նրա խոսքով՝ վարչակազմը վերանայում է Սաուդյան Արաբիայի հետ կապերը, սակայն դրանք այնուամենայնիվ կարևոր են, և ԱՄՆ-ն հատկապես շահագրգռված է այդ հարցում։ «Մենք նվիրված ենք թագավորության պաշտպանությանը»,-ավելացրել է Բլինկենը և պարզաբանել` նպատակն այն է, որ Էր Ռիադն ավելի շատ համապատասխանի Նահանգների խնդիրներին և արժեքներին։

Պետքարտուղարն ընդգծել էր` Սպիտակ տան համար սկզբունքային է, որ Էր Ռիադը սահմանազատի ամերիկացիներից ստացվող օգնությունն ու իրավիճակը Եմենում, որտեղ սաուդցիները աջակցում են նախագահ Աբու-Ռաբու Մանսուր Հադիի կառավարությանը՝ ընդդեմ հուսիթների շիայական շարժման։ Այլ կերպ ասած՝ Վաշինգտոնն ուզում է համոզվել, որ երրորդ երկրներն ամերիկյան զենքը չեն օգտագործում մարտի դաշտում։

Հարձակողական պաշտպանություն

Երկու պետությունների հարաբերությունների հիմքում ամերիկացիների հասանելիությունն է նավթին՝ թագավորության պաշտպանությունն ապահովելու պարտավորության դիմաց։ Սաուդյան Արաբիան ամերիկյան սպառազինության ամենախոշոր գնորդն է։

Համագործակցությունն ապահովում է երկու կկողմերի ռազմավարական շահերը։ Սակայն արժեքների հարցում, ինչպիսիք են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, պետությունների ուղիները բաժանվում են։

Բարաք Օբամայի նախագահության վերջին տարիներին դաշինքը բախվեց կարծիքների տարբերության, ինչպես դա նկարագրում էր Սալման արքայի անձնական խորհրդականը։ Դրանք վերաբերում էին Իրանի՝ տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի գլխավոր մրցակցի հանդեպ ԱՄՆ-ի մոտեցմանը։ Բացի այդ, թեև երկու երկրների հետախուզական ծառայությունները հաջողությամբ համագործակցում էին անվտանգության ոլորտում, այդուհանդերձ միապետության քննադատների դեմ պայքարի սաուդյան մեթոդները Միացյալ Նահանգներում հավանության չէին արժանանում։ Դրան ավելացավ նաև Եմենի խնդիրը։ Սպիտակ տունն անհանգստանում էր այն ռազմական գործողությունների զոհերի թվով, որտեղ հավանաբար նաև ամերիկյան զենք է շրջանառվել։

Երբ Սպիտակ տուն եկավ Դոնալդ Թրամփը, հարաբերությունները ջերմացան։ Մինչդեռ նախքան պաշտոնը ստանձնելը նա Մերձավոր Արևելքի այդ դաշնակցի հանդեպ առանձնապես համակրանք չէր ցուցաբերում․ ասում էր, որ «հաստատ թագավորության երկրպագու չէ», իսկ ԱՄՆ-ն «չպետք է օգնի սաուդյան ահաբեկիչներին»։

Պետք չէ բաց դռները թակել. Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին

Ինչևէ, առաջին պաշտոնական այցը Թրամփը կատարեց հենց Էր Ռիադ, իսկ նրա ժամկետի վերջում Պետդեպարտամենտը ահաբեկչական կազմակերպություն հռչակեց հուսիթներին։ Նախկին նախագահը թագաժառանգ արքայազնի հետ հիմնականում սերտ հարաբերություններ էր պահպանում փեսայի և խորհրդականի՝ Ջարեդ Քուշների միջոցով։ Խաշուկջիի սպանության մասին զեկույցը պատրաստ էր դեռևս նախորդ վարչակազմի օրոք, պարզապես չէին հրապարակում։

«Թրամփը խաղադրույք կատարեց դաշնակիցների ներդրումների վրա՝ Վաշինգտոնի պարտավորությունները նվազեցնելու համար։ Գործընկերները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, պետք է ավելի շատ սպառազինություն գնեին և իրենց վրա վերցնեին տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը»,-բացատրում է ՄՄՀՊԻ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Հեռանկարային ամերիկյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մաքսիմ Սուչկովը։ ԱՄՆ–ն ի պատասխան ռազմաքաղաքական հովանավորություն էր ապահովում և կանաչ լույս տալիս դաշնակիցների համար կարևոր նախաձեռնություններին։

«Հիմա Թրամփի հակառակորդները ինչ էլ ասեն, հարաբերությունների այդպիսի ձևաչափը երկու կուսակցություններն էլ ինքնըստինքյան ընդունում էին։ Երբ սպանեցին Խաշուկջիին, դեմոկրատները քննադատության ալիք թափեցին հանրապետականների վրա։ Մեղադրեցին Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումներն արհամարհելու, սաուդցիների և Եմենում նրանց դաշնակիցների (որոնց Օբամայի օրոք դեմոկրատներն իրենք էին հավանություն տալիս) դաժան գործողության հանդեպ անուշադրության համար և կշտամբեցին «բարի քիմիայի» համար, որը ձևավորվել էր նախագահի փեսա Քուշների և արքայազնի միջև»,-թվարկում է Սուչկովը։

Դեմոկրատների կարծիքով, ավելացնում է նա, դա Մուհամմեդ բեն Սալմանի մոտ անպատժելիության զգացողություն առաջացրեց, և նա համոզվեց, որ ցանկացած հարց Վաշինգտոնի հետ կարելի է փողով լուծել։

Ամերիկա-իրանյան առճակատման գերին. ԱՄՆ-ի հաղթանակներն ու պարտություններն Իրաքում

Նոր վարչակազմի օրոք ուղղության փոփոխություն էին սպասում, և առաջին քայլերն արդեն արված են։ Բայդենը հայտնեց Եմենում հարձակողական գործողությունների աջակցության դադարեցման մասին, այդ թվում՝ զենքի արտահանման հաշվին։ Հայտնում էին, որ դա կվերաբերի երեք հազար հատ GBU-39 գերճշգրիտ ռումբերի՝ դեկտեմբերին հաստատված մատակարարմանը (290 միլիոն դոլար արժողությամբ), ինչպես նաև յոթ հազար Paveway IV ռումբերի մատակարարմանը (478 միլիոն դոլար արժողությամբ)։ Վաշինգտոնը հայտարարեց, որ պատրաստվում է Եմենի հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Բացի այդ, փետրվարին հուսիթներին հանեցին ահաբեկչական խմբավորումների ցանկից։

Նոր շրջադարձ

Եվ այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերությունների լիակատար վերանայման մասին խոսել չի կարելի։ «Կկշտամբեն, թուքումուր կտան, բայց համագործակցության վերագնահատում տեղի չի ունենա»,-կարծում է Մերձավոր Արևելքի մասնագետ Ալեքսեյ Խլեբնիկովը։ Ըստ նրա` խոսքն ավելի շուտ «վերակալիբրման» մասին է, այսինքն՝ ռազմավարական առումով ոչինչ չի փոխվի։

Նրա հետ համաձայն է Ռուսլան Մամեդովը՝ Միջազգային հարաբերությունների Ռուսաստանյան խորհրդի մերձավորարևելյան նախագծերի մենեջերը։ Նրա խոսքով` շտկումների կարիք վաղուց կար։

«Դեռևս Օբամայի ժամանակներից ամերիկացիներն աճում են սեփական էներգետիկայի առումով, աշխարհում նավթի արդյունահանման հարցում առաջին տեղն են դուրս եկել և հիմա ավելի քիչ ունեն Սաուդյան Արաբիայի կարիքը,-ասում է փորձագետը,-նոր վարչակազմում որոշ մարդիկ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության այլ տեսլական ունեն։ Խոսքը դրա վերահավասարակշռման մասին է․ որպեսզի հիմնվեն մի քանի տարածաշրջանային տերությունների վրա և մի փոքր ազատեն իրենց ձեռքերը»։

Մամեդովն ընդգծում է, որ ներտարածաշրջանային դինամիկայում շատ բան կախված է իրանական միջուկային գործարքից։ Էր Ռիադը ԱՄՆ գլխավոր գործընկերներից է Թեհրանի հետ հարաբերություններում։ Եթե կոշտ մոտենան Սաուդյան Արաբիային, դա ինքնըստինքյան ձեռնտու կլինի Իրանին։ Եվ հանուն Խաշուկջիի սպանության հետևում կանգնած մարդկանց պատժելու ԱՄՆ այդպիսի քայլ չէր անի։

Ալեքսեյ Խլեբնիկովը պարզաբանում է` գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որը կնքվեց 2015թ․-ին, ծոցի միապետությունների համար «վերջին կաթիլը» դարձավ: Վերջին տասը տարվա ընթացքում տարածաշրջանում մի քանի իրադարձություն տեղի ունեցավ։ Թունիսի և Եգիպտոսի ապստամբությունները, որոնցից հետո առանց ԱՄՆ-ի աջակցության նախագահները զրկվեցին իրենց պաշտոններից, այնուհետև Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումը և, որպես հետևանք, Կահիրեին տրվող ամերիկյան ռազմական օգնության դադարեցումը:

Եվ վերջապես Իրանի հետ գործարքը։ Այդ ամենը, քաղաքագետի խոսքով, թագավորություններին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային դրդեց դիվերսիֆիկացնել դիվանագիտական պորտֆոլիոն և ամրապնդել կապերը մյուս տերությունների, օրինակ՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ։

Մոսկվան նույնպես սպառազինություն է վաճառում Էր Ռիադին․ 2019-ին սկսվել են առաջին խմբաքանակների մատակարարումները՝ ըստ 2017թ․-ի պարտավորությունների։ Այդ ժամանակ թագավորությունը Ռուսաստանի հետ հուշագիր էր կնքել ՏՕՍ-1Ա համակարգերի, «Կորնետ-ԷՄ» հակատանկային համալիրների, ԱԳՍ-30 նռնականետների և Կալաշնիկովի ԱԿ-103 ինքնաձիգների արտադրության տեղայնացման մասին: 2021թ․-ի սկզբին հայտնեցին, որ սաուդցիները կարող են ձեռք բերել նաև ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներ և Սու-35 կործանիչներ:

Մամեդովը հիշեցնում է` պակաս կարևոր չէ նաև այն, որ երկրները համակարգում են նավթային շուկայի քաղաքականությունը։

«Էր Ռիադի և Մոսկվայի հարաբերություններում կարևոր է հաշվի առնել նաև ՕՊԵԿ+ գործարքի ազդեցությունը։ Նա թույլ է տվել երկու կողմերին շատ գումար վաստակել։ Դա շատ պրագմատիկ դասավորություն է, բոլորն էլ օգուտ են ստանում՝ դու ինձ, ես քեզ»։

Սակայն, նրա խոսքով, Վլադիմիր Պուտինի այցերը Սաուդյան Արաբիա կամ թագավոր Սալմանի այցերը Ռուսաստան հաճախ դիտարկվում էին որպես գործիք Վաշինգտոնի հետ խաղերում։

Մամեդովը կարծում է` միապետությունը կարող է ամերիկացիների համար խնդիրներ ստեղծել տարածաշրջանում։ Սակայն բոլորն էլ հասկանում են, որ ԱՄՆ-ն չափազանց կարևոր է Էր Ռիադի համար, իսկ նման զորավարժությունները միայն ուշադրություն գրավելու միջոց են։

«Սաուդյան Արաբիայում կարծում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կախված չեն նրանից, թե այս պահին ով է Սպիտակ տանը, նրանց կարծիքով՝ երկու երկրների կապերը հաստատուն են, ձևավորվել են տասնամյակների ընթացքում և կդիմանան ցանկացած տատանման»,-եզրափակում է փորձագետը։

Տասնամյակների դաշինքը շատ բանի վրա է անդրադարձել․ գրեթե ամբողջ սաուդյան էլիտան կրթություն է ստանում ԱՄՆ-ում, սաուդյան ռիալը կապված է դոլարին, սպառազինությունն ու զինվորականների ուսուցումը հիմնականում ամերիկյան են։ Դա փոխելու համար երկար տարիներ են պետք։ Ուստի արտաքին քաղաքական կապերի դիվերսիֆիկացիան ավելի շուտ մարտավարական քայլ է, բազմակողմանի ուղղություն, որը համապատասխանում է նոր, բազմաբևեռ աշխարհի պահանջներին։

17
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, ԱՄՆ, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա
Ըստ թեմայի
ԵԱՏՄ–ն Իրանին ընձեռում է տնտեսական քաղաքականության հնարավորություն Չինաստանի ուղղությամբ
Հաջողվե՞ց համաձայնության հասնել Թուրքիայում ռուսական С-400-ների արտադրության հարցում
IDEX 2021. ինչով կզարմացնի Աբու Դաբիում ռուսական ռազմարդյունաբերական ոլորտը
Էրդողանի «շպագատը». պատրա՞ստ է արդյոք Հայաստանը Անկարայում հնարավոր փոփոխություններին