ՀՀ ԱԺ

Ռազմական դրությունը Հայաստանում շարունակվում է. խորհրդարանը մերժեց ընդդիմության առաջարկը

124
(Թարմացված է 19:03 26.11.2020)
Քվեարկությունից առաջ իրենց դիրքորոշումներով հանդես եկան խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ԱԺ-ը 36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ ձայներով քիչ առաջ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը՝ Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու մասին:

Քվեարկությունից առաջ իրենց դիրքորոշումներով հանդես եկան խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ռազմական դրության չեղարկումով ընդդիմության հաջորդ քայլը լինելու է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը, և, որ ընդդիմությունը դա չի էլ թաքցնում:

«Նիկոլ Փաշինյանն այլևս չկա, Նիկոլ Փաշինյանն այլևս ուրվական է, որ ճանկռտելով կառչել է իր աթոռից՝ ահաբեկելով բոլոր նրանց, ովքեր համարձակություն կունենան ասելու, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ հայտարարություններ են արվել, այդ թվում ՀՀ ամենաբարձր մակարդակով մինչև պատերազմը, պատերազմից հետո ու անգամ եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր առաջ:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական դրությունը չեղարկելուց

«Հասկանում եմ, որ մարդկանց ահ եք ներշնչել, որ հեսա նախկինները գալու են: Նախկինները չեն գալու: Ես ամեն ինչ անելու եմ, որ նախկինները չգան, բայց դուք էլ չեք մնալու»,- հայտարարեց Մարուքյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել ռազմական դրությունը չեղարկելու իրենց նախաձեռնությանը:

Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր գործընկերներին կոչ արեց թեթևացնել բանակի՝ առանց այդ էլ ծանր հոգսը:

«Այս ռեժիմը եթե փոխում ենք, գլխավոր շտաբը չի կարող հերթափոխներ իրականացնել, հանգիստը կազմակերպել: Մենք հիմա զորակոչ ունենք մեր առջև: Պաշտպանության բանակի ճակատագիրն ի՞նչ է լինելու: Մենք միասին պիտի լուծենք»,- ասաց նա: Իսկ ընդդիմությանն առաջարկեց միասին փնտրել ու գտնել ճգնաժամը հաղթահարելու ուղին՝ որոշ ժամանակ հրաժարվելով ռազմական դրության ռեժիմը չեղարկելու նախագծից:

Նշենք` «Լուսավոր Հայաստանն» ԱԺ-ին առաջարկել էր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի առաջին քայլը ռազմական դրության վերացումն է, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածն արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

124
թեգերը:
Հայաստան, ռազմական դրություն, ԱԺ
Ըստ թեմայի
Քարվաճառում տեղադրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս. Թովմասյան
Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան
ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը
Արխիվային լուսանկար

Զարմանալի դեպք «Զվարթնոցում». դիվանագիտական համարանիշները հանել, թղթե համարներ են տեղադրել

144
(Թարմացված է 23:25 15.01.2021)
Փաստի առթիվ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

shamshyan.com-ը գրում է, որ Բելգիայի քաղաքացին, որն աշխատում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ֆինանսների, պայմանագրերի և աուդիտի բաժի պետ, նկատել է, որ իրեն ամրակցված Skoda մակնիշի ավտոմեքենայի դիվանագիտական համարանիշներն ավտոմեքենայի վրայից գողացել են։

Փոխարենը ավտոմեքենայի վրա տեղադրել են թղթից պատրաստված նույն համարանիշները:

Փաստի առթիվ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Արտառոց դեպք Երևանում. անհայտ անձինք ներխուժել են «թաղման բյուրո»

144
թեգերը:
ավտոմեքենա, Դիվանագետ
Ըստ թեմայի
Արտառոց դեպք Երևանում. անհայտ անձինք ներխուժել են «թաղման բյուրո»
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 14–ամյա աղջիկը նետվել է «կարմիր կամրջից»
Արտառոց դեպք Երևանում. հայտնի ՍՊԸ–ի 37–ամյա առաքիչն ածելիով կտրել է պարանոցը
Արտառոց դեպք Տավուշում. անտառապահը կացնով կտրել է համագյուղացու ականջը
Ռեջեփ Թայիփ Էրդողան. արխիվային լուսանկար

Ինչպես կարող են Երևանն ու Մոսկվան դիմակայել թուրքական էքսպանսիային. փորձագետների կարծիքներ

216
(Թարմացված է 22:57 15.01.2021)
Ադրբեջանում Թուրքիայի աճող ռազմական ներկայության ֆոնին Հայաստանին ապագա սպառնալիքների չեզոքացման մեխանիզմներ են անհրաժեշտ։ Անկարա–Բաքու տանդեմի հետ մրցելը մեր հանրապետության ուժերից վեր է, բայց ելք, այնուամենայնիվ, կա։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Անկարայի ու Բաքվի ահագնացող ռազմական համագործակցությունը հասկանալի պատճառներով բավական լուրջ մտահոգություն է առաջացնում հայկական կողմի մոտ։ Արցախյան մարտական գործողություններում մեծաթիվ թուրք զինվորականների մասնակցությունը, սպառազինության և ռազմատեխնիկայի ակտիվ մատակարարումները, իսկ այժմ էլ Ադրբեջանում ռազմաբազաներ կառուցելու` թուրքերի անթաքույց մտադրությունները փաստորեն թույլ են տալիս խոսել միասնական ռազմաքաղաքական միավորի ստեղծման մասին (ի դեմս թուրք–ադրբեջանական տանդեմի)։

Ակնհայտ է, որ փոքր Հայաստանն այդ սպառնալիքին հակազդել չի կարող, հատկապես հիմա` իր ռազմական ներուժի զգալի մասի կորստից հետո։ Ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքում մրցելը փոքր հանրապետության ուժերից վեր է, նշանակում է ոչինչ չասել։

Նման պայմաններում Երևանի համար հուսալի ռազմական «հովանու» առկայությունն առավել քան երբևէ արդիական է դառնում, ինչն էլ նոր կարևորություն է հաղորդում Ռուսաստանի հետ ռազմավարական միությանը։ Հասկանալի է, որ միայն սպառազինության, նույնիսկ ամենաժամանակակից սպառազինության մատակարարմամբ, խնդիրը լուծել հնարավոր չէ։ Իրավիճակը զենքից զատ բազմաթիվ խնդիրների լուծում է պահանջում։

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Վասիլի Կաշինի կարծիքով` հայ–ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակում նախևառաջ պետք է խոսել փոխգործակցության քաղաքական մեխանիզմների մասին։ Նա կարծում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմական և ռազմաքաղաքական ոլորտում տեղեկատվության ավելի ամբողջական փոխանակման կարիք ունեն։

«Պլանավորման միասնության և ծրագրերի և մտադրությունների թափանցիկության անհրաժեշտություն կա։ Անհրաժեշտ է նաև շարժվել անձնակազմի վերապատրաստման համակարգերի և նյութատեխնիկական աջակցության ինտեգրման ուղղությամբ, ինչպես նաև զորքերի օպերատիվ համատեղելիության բարձրացման ուղիներ մշակել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կաշինը։

Կարևոր հարց է նաև այն, թե Հայաստանն ինքն ինչ է ցանկանում անել իր ԶՈւ–ի հետ, ինչպիսին է տեսնում այն, ինչ խնդիրներ դնում նրա առջև։ Եվ արդյո՞ք Հայաստանի ղեկավարության ներսում այդ հարցի վերաբերյալ միասնական կարծիք կա։ Մինչև այդ միասնականությունը չլինի, դժվար է որևէ տեղ շարժվել։

Անկախ Հայաստանի ԶՈւ–ն ստեղծողներից մեկը` գեներալ–լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը, մեզ հետ զրույցում հիշեց, որ դեռևս 90-ականներին որոշ զինվորականներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում համատեղ զինված ուժեր ստեղծելու գաղափար էին հնչեցնում։

Նա պատմեց, որ երբ 1995 թվականին Հայաստանից Մոսկվա վերադարձավ, դրանից մի քանի ամիս անց նրան առաջարկեցին գեներալ Լև Ռոխլինի (որն այդ ժամանակ Պետդումայի պատգամավոր էր ընտրվել և գլխավորում էր պաշտպանության հանձնաժողովը) խորհրդականի պաշտոնը։ Ռոխլինը և այն ժամանակվա պաշտպանության նախարար Պավել Գրաչովը ի թիվս այլ հարցերի բարձրացնում էին նաև Հայաստանի, Բելառուսի և Ուկրաինայի հետ (այսինքն այն պետությունների, որոնց այն ժամանակ Մոսկվան լրջորեն դիտարկում էր որպես բուֆերային) համատեղ ուժերի ստեղծման հարցը։

«Մենք խոսում էինք այն մասին, որ պետք է զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծել և ամուր զինել բուֆերային երկրները` Հայաստանը, Բելառուսը, այն ժամանակ այդ ռազմավարության մեջ ուզում էին ընդգրկել նաև Ուկրաինան։ Սակայն Հայաստանի որոշ ղեկավարների մոտ մեր առաջարկը պատշաճ արձագանք չստացավ։ Նրանք թերահավատորեն վերաբերվեցին դրան և խորտակեցին առաջարկը», – պատմեց Տեր–Գրիգորյանցը։

Ադրբեջանը ստացավ Արցախի մեծ մասը, բայց կորցրեց ինքնիշխանությունը. Կնյազև

Նրա խոսքով` դեռ այն ժամանակ Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում էր Թուրքիայից եկող սպառնալիքը։ Գեներալը կարծում է, որ կարելի էր Վարշավյան պայմանագրի երկրների միացյալ ԶՈւ–ի անալոգ ձևավորել։ Թեպետ ավելի քիչ երկրների մասնակցությամբ, բայց գրեթե նույն սկզբունքով։

Մինչդեռ Կաշինն այդ հարցի վերաբերյալ փոքր–ինչ այլ տեսակետ ունի։ Ըստ նրա` միասնական բանակի ստեղծումն անհնար է առանց միասնական արտաքին քաղաքականության ստեղծման։ Սակայն դա Հայաստանի միջազգային կարգավիճակի հարց է։

«Միասնական բանակն առանց միասնական արտաքին քաղաքականության` նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանի որոշակի գործողություններ վերահսկելու հնարավորությունը չունենալով, այնուամենայնիվ պետք է մասնակցի զինված հակամարտությանը։ Մեկն առանց մյուսի չի լինում», – ասում է Կաշինը։

Եվ եթե նայենք նույն Եվրամիությանը, ապա սկզբում տեղի է ունենում միասնական քաղաքականության ձևավորում (Հայաստանի և Ռուսաստանի դեպքում դա առկա է ԵԱՏՄ–ի տեսքով), այնուհետև միայն միասնական արտաքին քաղաքականության։ ԵԱՏՄ–ում նման բան չկա, ԵՄ–ում այն սաղմնային տեսքով է, նշում է փորձագետը։ ԵՄ–ն ամենազարգացած ինտեգրման օրինակ է, իսկ միասնական բանակ ստեղծելու մասին խոսակցություններն այնտեղ ընթանում են տասնամյակներ շարունակ, սակայն գործնականում այդ ուղղությամբ ոչինչ չի արվել։ Հայաստանի և Ռուսաստանի միասնական արտաքին քաղաքականության ձևավորումը, Կաշինի տեսանկյունից, կնշանակի, որ Երևանն ի վիճակի չի լինի նույն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին առնչվող գրեթե ոչ մի ինքնուրույն որոշում կայացնել։ Փորձագետը համոզված չէ, որ հայ հասարակությանը դա դուր կգա, և այն որևէ աջակցություն կստանա։

Ինչպես խելքի բերել բանակն ու զինանոցը. սուղ միջոցներ, պահանջված զենք և չավարտված պատերազմ

216
թեգերը:
Նորատ Տեր–Գրիգորյանց, Թուրքիա, զորք, Մոսկվա, Երևան
Ըստ թեմայի
Հետպատերազմյան իրավիճակի «հմայքը». այս իշխանությունը կարո՞ղ է որակապես նոր բանակ ստեղծել
Փաշինյանի համար դժվար է, բայց ընդդիմության համար էլ հեշտ չէ․ քաղաքագետը գնահատել է ուժերը
Իսրայելի օրինակը մեզ համար չէ՞. արևելագետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
Կառլեն Խաչատրյան

Ինչո՞վ է զբաղված ՏՄՊՊՀ-ն և ինչո՞ւ դեղատներն անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում

0
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում թվարկել է այն հնարավոր գործոնները, որոնք ձևավորում են դեղորայքի շուկայում գների թռիչքային աճը։
«Դեղորայքի թանկացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն չեմ բացառում նաև սպեկուլյատիվ գործոնները». Կառլեն Խաչատրյան

Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։

«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։

Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։

«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։

Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։

«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են:

0
թեգերը:
գին, Կառլեն Խաչատրյան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Դեղ
Ըստ թեմայի
«Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի». Եռաբլուրում ծաղիկները ձյունից շատ էին ու անիմաստ թանկ
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Գները նվազեցրել և բարձրացրել են. ձվի շուկայում գործող 7 ընկերություն է տուգանվել