Արմեն Սարգսյանն ու Սերգեյ Լավրովը

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ. ՀՀ նախագահը 2 խնդրի մասին է խոսել

319
(Թարմացված է 16:48 21.11.2020)
Հայաստանի նախագահն ասել է, որ այսօր ունենք երկու խնդիր, որոնք պետք է ոչ միայն լուծել, այլև հետևողական լինել, որ դրանք ավելի մեծ խնդիր չդառնան։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարի և նրա հետ Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստան եք եկել դժվար ժամանակ: Շատ դժվար, կարելի է ասել՝ ճգնաժամային ժամանակահատված է: Մեծ խնդիրներ կան տնտեսական ոլորտում, հետպատերազմյան դժվար իրավիճակ է, մեր խնդիրները նաև հոգեբանական են, ցավոք, նաև կա կորոնավիրուսը և շատ այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ևս դժվար է»։

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարարին առաջին հերթին այն ամենի համար, ինչ նա անում է Հայաստանի, տարածաշրջանի համար այս բոլոր տարիներին։

Президент Армении Армен Саркисян встретился с министром иностранных дел России Сергеем Лавровым (21 ноября 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA
Սերգեյ Լավրովն ու Արմեն Սարգսյանը

Հայաստանի նախագահը խնդրել է իր և մեր ժողովրդի շնորհակալությունը փոխանցել ՌԴ նախագահին՝ հատկապես այս դժվարին օրերին ցուցաբերած աջակցության համար:

«Կապ չունի, թե որտեղ են հայերը ապրում, նրանք գիտեն, որ եթե չլինեին Ձեր և Վլադիմիր Վլադիմիրովիչի ջանքերը, այսօր կշարունակեինք երիտասարդ կյանքեր կորցնել,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Պատերազմական գործողությունների առաջին օրերին գիտեինք, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, անձամբ նախագահի բոլոր ջանքերն ուղղված էին դրանց դադարեցմանը: Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում»:

Հայաստանի նախագահն ասել է, որ այսօր ունենք երկու խնդիր, որոնք պետք է ոչ միայն լուծել, այլև հետևողական լինել, որ դրանք ավելի մեծ խնդիր չդառնան։

«Առաջինը՝ համատեղ հայտարարության համաձայն՝ պատերազմական գործողությունների դադարեցումը ոչ միայն իրագործվի, այլև շարունակվի հաջորդող տարիներին,-նշել է նախագահը։ -Հայաստանի համար դա շատ կարևոր է, կենսական նշանակություն ունի։ Եվ երկրորդը, որն ինձ շատ անհանգստացնում է, կապված է մեր երկրում կայունության հետ։ Չնայած դժվարություններին, ճգնաժամային իրավիճակին, միշտ հնարավոր է գտնել լուծումներ: Մեր երեխաները, բարեկամները և ոչ բարեկամները հետևելու են, թե ինչպես է Հայաստանը դուրս գալիս այս իրավիճակից։ Եթե նա դուրս գա արժանապատվորեն, միասնական, այդ դեպքում կարող ենք ասել, որ մենք ուժեղ ազգ ենք»։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Բանակցությունները, որոնք այսօր ընթանում են այստեղ, թույլ են տալիս դիտարկել մեր կապերի բոլոր ոլորտները և պայմանավորվել այն հարցի շուրջ, թե ինչպես դրանք խորացնել, ինչպես ավելի արդյունավետ դարձնել նախ և առաջ մեր քաղաքացիների համար։

Президент Армении Армен Саркисян встретился с министром иностранных дел России Сергеем Лавровым (21 ноября 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA
ՀՀ նախագահի և ՌԴ արտգործնախարարի հանդիպումը

Լավրովի խոսքով` ՌԴ նախագահ Պուտինը խնդրել է անձամբ ՀՀ նախագահին փոխանցել իր շնորհակալությունն այն գնահատանքի համար, որ հայտնել են Սարգսյանն ու Հայաստանի քաղաքական գործիչների և հասարակ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը՝ կապված նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետ։

«Ինչպես ասացիք, դա թույլ տվեց կանգնեցնել պատերազմը: Հրադադարն առաջին անգամ, այդքան պայմանավորվածություններից հետո իսկապես գործում է, քանի որ կա կրակի դադարեցման դիտարկման մեխանիզմ. դա Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնությունն է, խաղաղապահ գործողությունների իրականացումն է՝ նրանք արդեն կատարում են իրենց գործողությունները՝ ինչպես ապահովելով ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելով։ Պուտինի կարգադրությամբ ստեղծվում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որն ամենաարագ կերպով օգնելու է լուծել բնակչության հումանիտար հարցերը։ Մենք այս հարցում ակտիվորեն ներգրավում ենք նաև միջազգային կազմակերպություններին՝ վաղուց աշխատում է Կարմիր խաչը, նաև ՄԱԿ-ի կազմակերպությունները»,– նշել է ՌԴ արտգործնախարարը։

Հանրապետության նախագահն ու ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգի այլ հարցերի:

Նշենք, որ այսօր Հայաստան էր ժամանել Ռուսաստանի կառավարական պատվիրակությունը, որի կազմում են եղել ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք:

319
թեգերը:
Արմեն Սարգսյան, Սերգեյ Լավրով, Հայաստան
Ըստ թեմայի
Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն խաղաղապահներին առնչվող փաստաթղթեր են ստորագրել
Փոթորիկ մի բաժակ ջրում․ ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ռուսական դրոշի հետ կապված լուրը
Լավրովը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ԼՂ–ի հուշարձանների հետ չի վարվի Հալեպում եղածների պես
Բողոքի ակցիա Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով. 2 դեկտեմբերի, 2020

Ընդդիմությունը կոչ է անում փակել Երևանի փողոցները

16
(Թարմացված է 19:57 02.12.2020)
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում նախանշված է համապետական հանրահավաք:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող բողոքի երթի կազմակերպիչները Երևանի Հանրապետության հրապարակում հանդես եկան հայտարարությամբ, որտեղ քաղաքացիներին կոչ արեցին Երևանի տարբեր փողոցներում վաղը՝ ժամը 18:00-ին, անհնազանդության ակցիաներ իրականացնել:

«Իրականացնելով անհնազանդության ակցիաներ, փակելով փողոցներ, ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանը տեղ չունի մեր երկրում: Ժամը 18:00-ին ապակենտրոն սկզբունքով փակում ենք փողոցները»,- հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Նա նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք, որի ընթացքում, նրա խոսքով, բոլորը կտեսնեն, թե իրենց շարքերը որքան են ավելացել:

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով ու հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին արցախյան ռազմաճակատներում հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել։

16
թեգերը:
ընդդիմություն, Բողոքի ակցիա, Հրաժարական
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Դուք ծառայում եք Ադրբեջանին. ոստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիայի մասնակիցներին
Բողոքի ակցիա` կառավարության մոտ. Փաշինյանը չլսեց անհետ կորած զինվորների ծնողներին
Հացադուլավորները հարգել են կաթողիկոսի հորդորն ու դադարեցրել բողոքի ակցիան
Բողոքի ակցիա

Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները

32
(Թարմացված է 19:41 02.12.2020)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ներկայացրել է, թե ինչ հրատապ խնդիրներ պետք է լուծի անցումային կառավարությունը:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Նոր իշխանությունը՝ նոր բանակցողը, պետք է կարողանա վերացնել եռակողմ հայտարարության տակ դրված ականները: Ընդդիմության հերթական բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով` այդ խնդիրը կարող է իր վրա վերցնել անցումային կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո:

«Անցումային կառավարությունը կփորձի լուծել մի քանի խիստ կարևոր օրակարգային խնդիրներ, որոնցից առաջինը ռազմագերիների վերադարձի հարցն է, քանի որ այս իշխանությունն ուղղակիորեն չի կարող այդ հարցով զբաղվել: Կարևորագույն հարց է նաև փրկել այն, ինչ դեռ հնարավոր է փրկել Հայաստանի տարածքային ամբողջականությունից»,- ասաց Զոհրաբյանը՝ վկայակոչելով երեկ Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութը, որտեղ ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի շինություններից մեկի վրա բարձրացվել էր Ադրբեջանի դրոշը:

«Ես ուզում եմ հասկանալ, եթե եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը կանգնում են հրադադարի պահին հաստատված սահմանների վրա, այդ դեպքում ինչո՞ւ հանձնվեց Բերձորը, ինչո՞ւ հանձնվեց Սոթքը: Այստեղ խնդիրներ կան, որ ուղղակի պիտի կարողանա նոր բանակցողը, նոր իշխանությունը վերցնել այն ականները, որ դրված են եռակողմ հայտարարության տակ»,- ասաց Զոհրաբյանը:

Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով

Անդրադառնալով Սոթքի հանքի խնդրին՝ պատգամավորը հայտնեց, որ երբ նոյեմբերի 25-ին ահազանգով մեկնել են Սոթք, այնտեղ հայտնվել են ադրբեջանցի զինծառայողներից ընդամենը 1.5 մետր հեռավորության վրա:

Այս պահին նրանք սպասում են իշխանության պաշտոնական հայտարարությանը, թե հանքավայրի քանի տոկոսն է արդեն լինելու ադրբեջանական կողմում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

32
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, իշխանափոխություն, Նաիրա Զոհրաբյան, Եռակողմ հայտարարություն
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել
«Հանուն Արցախի ու Հայաստանի փրկության». ընդդիմությունը համապետական հանրահավաք է անելու
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին

«Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում

0
(Թարմացված է 19:54 02.12.2020)
Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց մեծ եռագույն դրոշ ծածանելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները բողոքի ակցիայից հետո Երևանի կենտրոնական փողոցներով երթ իրականացրին։

Երթի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր»։

Բազմամարդ երթը մեկնարկեց Ազատության հրապարակից և Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եկան ՀՀ կառավարության շենքի մոտ։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում կայացավ ընդդիմադիր կուսակցությունների հերթական բողոքի ակցիան` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բողոքի ակցիան ավարտվեց Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց «Նիկոլ Դավաճան» վանկարկումներով ու  հրապարակի կենտրոնում մեծ եռագույն դրոշ ծածանելով:

0
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Երևան, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին
«Նոյեմբերի 10-ը պիտի հայրենադավության օր հռչակվի». Նաիրա Զոհրաբյանը նոր նախագիծ է մշակում