Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը կարող է դատի տալ Հայաստանին. պատճառը Փաշինյանի ստորագրությունն է

566
(Թարմացված է 12:52 19.11.2020)
Եռակողմ համաձայնագիրը 26 տարվա ընթացքում միակ փաստաթուղթն է, որում Հայաստանը՝ ի դեմս վարչապետի, ընդունել է, որ հակամարտության կողմ է ու զորքեր է տեղակայել Արցախում:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը կարող է դատի տալ Հայաստանին ու պահանջել միլիոնների փոխհատուցում: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Սա միակ փաստաթուղթն է, որտեղ Հայաստանը՝ ի դեմս ՀՀ վարչապետի, ընդունել է, որ ինքը ոչ միայն հակամարտության կողմ է, այլ նաև զորքեր է տեղակայել Արցախում: Սա նշանակում է, որ 1993-94թթ-ից սկսած մեր 26 տարվա արտաքին քաղաքականությունը պատռել ենք, ջուրն ենք գցել մի հայտարարությամբ»,- ասաց Սիմոնյանը:

Նա շեշտեց, որ ՄԱԿ-ի` ԼՂ-ին վերաբերող 4 բանաձևերում նշված է, որ ԼՂ-ում տեղակայված են հայկական ուժեր, որոնք Արցախինն են և ոչ թե Հայաստանինը:

«Հենց սա է հիմք տալիս Ադրբեջանին ու նաև Թուրքիային, որ դատական գործընթացներով ֆինանսական փոխհատուցում պահանջեն իբր թե օկուպացված տարածքների համար: Ես չգիտեմ` այս փաստաթղթի տակից մեր արտաքին գերատեսչությունը ոնց է պատկերացնում, որ պետք է դուրս գա»,- ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը նման փաստաթղթից հրաժարվելու միակ ելքը համարում է այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի` ինքն այն ստորագրել սպառնալիքի ներքո, և նոր վարչապետը հայտարարի, որ Հայաստանը կանգնեցվել է փաստի առաջ և ուզում է ամբողջ գործընթացն իրականացնել իրավական ճանապարհով:

Սպառնալիքը, Սիմոնյանի մեկնաբանությամբ, եղել է բացահայտ՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու ահաբեկիչների կողմից՝ կա՛մ ստորագրում եք փաստաթուղթը, կա՛մ վերցնում ենք Ստեփանակերտը: Տարոն Սիմոնյանը շեշտեց, որ Վիեննայի միջազգային կոնվենցիայով՝ այն միջազգային փաստաթղթերը, որոնք կնքվում են ուժի սպառնալիքի ներքո, առոչինչ են, և դրանցից չի կարող բխեցվել որևէ գործողություն:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

566
թեգերը:
Տարոն Սիմոնյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Կառավարության կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում. Փաշինյան
Փաշինյանի «ճանապարհային քարտեզն» ուշացած է ու հնացած. վերլուծում են փորձագետները
Փաշինյանի անլուրջ վերաբերմունքով մենք չեն կարող երկրում վիճակ փոխել. Գեղամ Մանուկյան
Акция протеста (30 ноября 2020). Еревaн

Ոստիկանները բարձրացան ավտոբուսի վրա՝ բերման ենթարկելու Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

2
Քաղաքացիներից մի քանիսը բարձրացել էին փակված փողոցի պատճառով կանգնած ավտոբուսի վրա՝ «Նիկոլ, դավաճան» վանկարկելով։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Մի քանի տասնյակ քաղաքացիներ Մաշտոցի պողոտայում փողոց են փակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ոստիկանները սկսել են նրանց բերման ենթարկել։

Քաղաքացիներից մի քանիսը բարձրացել էին փակված փողոցի պատճառով կանգնած ավտոբուսի վրա՝ «Նիկոլ դավաճան» վանկարկելով։ Ոստիկանները բարձրացան ավտոբուսի վրա՝ բերման ենթարկելու տղաներին։

Նրանց իջեցնելուց հետո մարդկանց միջև սկսվեց հրմշտոց, որի ժամանակ տուժեցին նաև մեդիայի ներկայացուցիչներ, նրանցից մի քանիսին ոստիկանները փորձում էին անգամ բերման ենթարկել։ Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը միջադեպը մեկնաբանեց՝ ասելով․ «Պահի տակ ա ստացվել»։

2
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Ինչպես է Փաշինյանի «հիվանդագին ինքնասիրությունը» խափանել նախկին նախագահների ծրագրերը

10
(Թարմացված է 18:13 01.12.2020)
Արցախի ու Հայաստանի նախկին նախագահները որոշել էին Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություններ անել, բայց նա խափանել է այդ ծրագրերը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Արցախի ու Հայաստանի բոլոր նախկին նախագահները պատրաստ են եղել իրենց աջակցությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Facebook-ում գրառում է արել, որում, անդրադառնալով Արցախի պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի այսօրվա հայտարարությանը, ի հավելումն հայտնում է, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել առ այն, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով պետք է հանդես գային նաև ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որպեսզի Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ, Մուսինյանի մեկնաբանությամբ, չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն, և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա:

«Ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար,- գրում է Մուսինյանը և շարունակում,- Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը, և նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը, դրանով խափանելով նաև Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը»:

Մուսինյանը նշում է, որ Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը, որը նույն պատճառով այն ժամանակ չէր հրապարակվել: Բայց այսօր ՀԱԿ խոսնակն այն ներկայացնում է ընթերցողների ուշադրությանը.

«Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես որ, Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը. Լևոն Տեր-Պետրոսյան»:

Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ. Նիկոլ Փաշինյան

Մուսինյանը հիշեցնում է, որ այդ ամենը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից:

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ հայտարարությամբ էին հանդես եկել նաև Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Նրանք հայտնել էին, որ հոկտեմբերի 18-ին Արայիկ Հարությունյանը դիմել է իրենց աջակցությանը։ Պատերազմական գործողությունների դադարեցման հարցում Արցախի նախագահները կարևորել էին նաև Հայաստանի պաշտոնաթող նախագահների աջակցությունը:

Հոկտեմբերի 19-ին, անսալով նրանց խորհրդին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ է պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին: Սակայն վարչապետ Փաշինյանը պատճառաբանել է, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, թե հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Փաշինյանի խոսքով՝ նա նշել է, որ փոխանցում է ոչ միայն իր տեսակետը, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից:

Փաշինյանը նշել է, որ զանգահարել է ՌԴ նախագահին, ասել, որ համաձայն է պատերազմը դադարեցնել:

«Ասաց, որ մինչև առավոտ կքննարկի Ալիևի հետ ու ետ կզանգի: Հաջորդ օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաև Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի անունից»,–գրել է նա:

Վարչապետը հավելել է, որ այդ ամենը կարևոր չի եղել այդ պահին, որովհետև ինքը կայացրել էր իր որոշումը և պատրաստվում էր այն տանել մինչև վերջ:

«Մենք կարող ենք այդ թուղթը պատռել և գցել մի կողմ, բայց...». Նիկոլ Փաշինյան

10
թեգերը:
Նախագահ, Հայաստան, Արցախ, Արկադի Ղուկասյան, Լևոն Տեր–Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Արշակ Զաքարյանը հացադուլ հայտարարեց. նա պահանջում է պատասխանատվության ենթարկել Փաշինյանին
Ոստիկանությունը բերման է ենթարկել 33 քաղաքացու. նրանք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան